Պահպանիր հոգևոր առողջությունդ, մինչ ծառայում ես օտարախոս դաշտում
«Քո խոսքերը սրտիս մեջ եմ պահել» (ՍԱՂ. 119։11)։
ԵՐԳ 142, 92
1–3. ա) Անկախ հանգամանքներից՝ ի՞նչը պետք է մեզ համար առաջնային լինի։ բ) Ի՞նչ դժվարություններ են ունենում նոր լեզու սովորողները, և ի՞նչ հարցեր են ծագում (տես հոդվածի սկզբի նկարը)։
ՀԱԶԱՐԱՎՈՐ Եհովայի վկաներ այսօր ակտիվորեն մասնակցում են այն գործին, որը նկարագրված է Հայտնություն 14։6-ում, ըստ որի՝ բարի լուրն ազդարարվում է «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի»։ Նոր լեզո՞ւ ես սովորում։ Միսիոնե՞ր ես կամ մեկ այլ երկի՞ր ես տեղափոխվել՝ ելնելով այնտեղի կարիքներից, կամ գուցե քո իսկ երկրում սկսել ես օտարախոս ժողով հաճախել։
2 Լինելով Աստծու ծառաներ՝ բոլորս պետք է առաջնահերթություն տանք թե՛ մեր, թե՛ մեր ընտանիքի անդամների հոգևոր առողջությանը (Մատթ. 5։3)։ Սակայն զբաղված գրաֆիկի պատճառով երբեմն գուցե դժվար լինի արդյունավետ անձնական ուսումնասիրություն անել։ Բայց սա միակ դժվարությունը չէ, որ ունենում են օտարախոս դաշտում ծառայողները։
3 Բացի նոր լեզու սովորելուց, օտարախոս դաշտում ծառայողները նաև պետք է ջանք թափեն, որ իրենց սիրտը կանոնավորաբար սնեն հոգևոր պինդ կերակուրով (1 Կորնթ. 2։10)։ Ինչպե՞ս կարող են նրանք դա անել, եթե ամբողջովին չեն հասկանում այն լեզուն, որով խոսում է ժողովը։ Եվ ինչո՞ւ պետք է ծնողները հավաստիանան, որ Աստծու Խոսքը հասնում է իրենց երեխաների սրտին։
ԵՐԲ ՀՈԳԵՎՈՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
4. Ի՞նչը կարող է վտանգի ենթարկել մեր հոգևոր առողջությունը։ Բեր օրինակ։
4 Աստծու Խոսքը օտար լեզվով լիովին չհասկանալու պատճառով մեր հոգևոր առողջությունը կարող է վտանգի ենթարկվել։ Մ. թ. ա. 5-րդ դարում, երբ Նեեմիան եկավ Երուսաղեմ և իմացավ, որ Բաբելոնից վերադարձած հրեաներից ոմանց երեխաները եբրայերեն չեն խոսում, շատ անհանգստացավ (կարդա Նեեմիա 13։23, 24)։ Այս երեխաները չէին կարող հավատ զարգացնել Եհովա Աստծու հանդեպ, քանի որ լիովին չէին հասկանում Աստծու Խոսքը (Նեեմ. 8։2, 8)։
5, 6. Ի՞նչ խնդիր են նկատել օտարախոս դաշտում ծառայող որոշ ծնողներ, և ո՞րն է այդ խնդրի պատճառը։
5 Օտարախոս դաշտում ծառայող որոշ ծնողներ նկատել են, որ ճշմարտության հանդեպ իրենց երեխաների հետաքրքրությունը նվազել է։ Լեզուն լավ չհասկանալու պատճառով նրանք լիարժեք օգուտ չեն քաղել ժողովի հանդիպումների հոգևոր ծրագրից, քանի որ այնտեղ հնչած մտքերը չեն հասել նրանց սրտին։ Պեդրոն,[1] ով իր ընտանիքի հետ Հարավային Ամերիկայից տեղափոխվել է Ավստրալիա, ասում է. «Հոգևոր թեմաները պետք է հասնեն սրտիդ և զգացմունքներ առաջացնեն» (Ղուկ. 24։32)։
6 Երբ մենք որևէ բան ենք կարդում օտար լեզվով, մեր սիրտը նույն ձևով չի արձագանքում, ինչպես մայրենի լեզվով կարդալիս։ Բացի այդ, չկարողանալով օտար լեզվով ազատ շփվել, հնարավոր է, հոգևոր և մտային առումով սպառվենք։ Ուստի, մինչ վառ ենք պահում օտարախոս դաշտում ծառայելու մեր ցանկությունը, պետք է պահպանենք նաև մեր հոգևոր առողջությունը (Մատթ. 4։4)։
ՆՐԱՆՔ ՊԱՀՊԱՆԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
7. Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին բաբելոնացիները, որպեսզի Դանիելն ընդունի իրենց մշակույթն ու կրոնը։
7 Երբ Դանիելն ու նրա ընկերները գերեվարվեցին Բաբելոն, բաբելոնացիները փորձեցին այնպես անել, որ նրանք ընդունեն իրենց մշակույթը։ Թագավորը հանձնարարեց գլխավոր պալատականին, որ նրանց սովորեցնի «քաղդեացիների գիրն ու լեզուն»։ Վերջինս այս երիտասարդ հրեաներին նաև բաբելական անուններ տվեց (Դան. 1։3–7)։ Դանիելին տվեց մի անուն՝ իրենց գլխավոր Աստծու՝ Բելի պատվին։ Դրանով Նաբուգոդոնոսոր թագավորը հավանաբար ցանկանում էր Դանիելին ցույց տալ, իբրև թե Բաբելոնի աստվածը իրեն է ենթարկել նրա Եհովա Աստծուն (Դան. 4։8)։
8. Ի՞նչն օգնեց Դանիելին օտար երկրում պահպանել իր հոգևոր առողջությունը։
8 Ապրելով արքունիքում՝ Դանիելը պետք է սնվեր թագավորի ընտիր կերակուրներով։ Սակայն նա «իր սրտում որոշեց», որ «չի պղծի իրեն» դրանցով (Դան. 1։8)։ Քանի որ նա սուրբ գրքերը ուսումնասիրում էր մայրենի լեզվով, օտարության մեջ կարողացավ պահպանել իր հոգևոր առողջությունը (Դան. 9։2)։ Բաբելոն գալուց 70 տարի անց էլ նա դեռ հայտնի էր իր եբրայական անունով (Դան. 5։13)։
9. Աստծու Խոսքը ի՞նչ ազդեցություն էր թողել 119-րդ սաղմոսը գրողի վրա։
9 119-րդ սաղմոսը գրողը ենթարկվում էր պալատականների արհամարհական վերաբերմունքին (Սաղ. 119։23, 61)։ Սակայն Աստծու Խոսքը ուժ էր տալիս նրան դիմանալու և որպես Աստծու ծառա իր ինքնությունը չկորցնելու։ Նա թույլ էր տվել, որ Աստծու խոսքերը հասնեին մինչև իր սրտի խորքը (կարդա Սաղմոս 119։11, 46)։
ՊԱՀՊԱՆԻՐ ՔՈ ՀՈԳԵՎՈՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
10, 11. ա) Աստվածաշունչ ուսումնասիրելիս ի՞նչը պետք է լինի մեր նպատակը։ բ) Ինչպե՞ս կարող ենք հասնել մեր նպատակին։ Բեր օրինակ։
10 Չնայած որ գուցե զբաղված լինենք աստվածապետական և այլ գործերով, պետք է ժամանակ տրամադրենք անձնական ուսումնասիրությանը և ընտանեկան երկրպագությանը (Եփես. 5։15, 16)։ Սակայն մեր նպատակը չպետք է լինի ընդամենը կարդալը և ժողովի հանդիպումներին մասնակցելու համար մեկնաբանություններ պատրաստելը։ Մենք պետք է թույլ տանք, որ Աստծու Խոսքը հասնի մեր սրտին ու զորացնի մեր հավատը։
11 Այս նպատակին հասնելու համար պետք է հավասարակշռված լինենք և ոչ միայն մտածենք ուրիշների, այլև մեր իսկ հոգևոր կարիքների մասին (Փիլիպ. 1։9, 10)։ Երբ պատրաստվում ենք ծառայությանը, ժողովի հանդիպումներին կամ մեզ հանձնարարված ելույթին, հաճախ չենք մտածում, թե մեր կարդացածը ինչ օգուտ կարող է տալ անձամբ մեզ։ Պատկերացնենք օրինակով։ Խոհարարը նախքան իր պատրաստած կերակուրները մատուցելը համտեսում է դրանք։ Սակայն նա չի կարող ապրել միայն համտեսելով։ Եթե ուզում է առողջ լինել, պետք է իր համար էլ սննդարար կերակուր պատրաստի և ուտի։ Նույն ձևով էլ մենք պետք է սնենք մեր սիրտը հոգևոր կերակուրով, որը համապատասխան կլինի մեր անձնական կարիքներին։
12, 13. Ինչո՞ւ են օտարախոս դաշտում ծառայողներից շատերը օգտակար համարում իրենց մայրենի լեզվով ուսումնասիրելը։
12 Օտարախոս դաշտում ծառայողներից շատերը օգտակար են համարում Աստվածաշունչը կանոնավորաբար իրենց մայրենի լեզվով ուսումնասիրելը (Գործ. 2։8)։ Նույնիսկ միսիոներներն են գիտակցում, որ իրենց նշանակման մեջ հոգևորապես ամուր մնալու համար չեն կարող բավարարվել պարզապես ժողովի հանդիպումների ժամանակ իրենց լսածով։
13 Ալենը, ով մոտ ութ տարի պարսկերեն է սովորում, ասում է. «Երբ պարսկերենով պատրաստվում եմ ժողովին, հակված եմ լեզվի վրա կենտրոնանալու։ Այդ ժամանակ հիմնականում միայն ուղեղս է աշխատում, և կարդացածս միշտ չէ, որ սրտիս է հասնում։ Այդ պատճառով ժամանակ եմ հատկացնում, որ Աստվածաշունչը և մյուս հրատարակությունները կանոնավորաբար իմ մայրենի լեզվով ուսումնասիրեմ»։
ՀԱՍԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ ՍՐՏԻՆ
14. Ինչի՞ն պետք է ուշադիր լինեն ծնողները և ինչո՞ւ։
14 Քրիստոնյա ծնողները պետք է ուշադիր լինեն, որ Աստծու Խոսքը հասնի իրենց երեխաների մտքին ու սրտին։ Երեք տարուց ավել օտարախոս դաշտում ծառայելուց հետո Սերժը և նրա կինը՝ Մյուրիելը, նկատեցին, որ իրենց 17 տարեկան որդին ուրախությամբ չի մասնակցում աստվածապետական գործունեությանը։ Մյուրիելն ասում է. «Նա դժկամությամբ էր գնում այլ լեզվով քարոզելու։ Սակայն մինչ այդ սիրում էր մայրենի լեզվով՝ ֆրանսերենով քարոզել»։ Սերժը պատմում է. «Երբ հասկացանք, որ դա խանգարում է, որ մեր որդին հոգևորապես առաջադիմի, որոշեցինք վերադառնալ մեր նախկին ժողով»։
15. ա) Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ ծնողները որոշեն տեղափոխվել իրենց երեխաների մայրենի լեզվով անցկացվող ժողով։ բ) 2 Օրենք 6։5–7-ը ի՞նչ հորդոր է տալիս ծնողներին։
15 Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ ծնողները որոշեն վերադառնալ այն ժողով, որտեղ խոսում են իրենց երեխաների համար հասկանալի լեզվով։ Նախ նրանք պետք է մտածեն, թե իրականում ունեն բավարար ժամանակ ու միջոցներ իրենց երեխաների սրտում Եհովայի հանդեպ սեր սերմանելու և միևնույն ժամանակ նրանց օտար լեզու սովորեցնելու համար։ Կամ գուցե նկատեն, որ իրենց երեխաները անտարբեր են հոգևոր գործերի կամ տվյալ օտարախոս դաշտում ծառայելու նկատմամբ։ Նման իրավիճակներում հնարավոր է ծնողները որոշեն վերադառնալ այն ժողով, որտեղ խոսում են իրենց երեխաների համար հասկանալի լեզվով, մինչև որ երեխաները հոգևորապես ամրանան (կարդա 2 Օրենք 6։5–7)։
16, 17. Ինչպե՞ս են որոշ ծնողներ կարողացել հոգևորապես կրթել իրենց երեխաներին՝ շարունակելով ծառայել օտարախոս դաշտում։
16 Որոշ ծնողներ միջոցներ են գտել, թե ինչպես կրթեն իրենց երեխաներին մայրենի լեզվով և միևնույն ժամանակ այցելեն օտարախոս ժողով կամ խումբ։ Չարլզը, որն ունի երեք աղջիկ՝ 9, 12 և 13 տարեկան, ընտանիքով այցելում է լինգալա լեզվով խոսող խումբ։ Նա ասում է. «Մենք որոշեցինք երեխաների հետ ուսումնասիրությունը և ընտանեկան երկրպագությունը անել մեր մայրենի լեզվով։ Բայց նաև դասեր և խաղեր ենք կազմակերպում լինգալայով, որ այդ լեզուն սովորելը նրանց համար հաճելի ու հետաքրքիր լինի»։
17 Քեվինը, ով երկու աղջիկ ունի՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ 8, կերպեր է գտել, թե ինչպես լրացնի երեխաների հոգևոր կարիքները, որոնք օտարախոս ժողովում դժվարանում են հասկանալ ծրագիրը։ Նա ասում է. «Ես ու կինս մեր աղջիկների հետ ուսումնասիրություն ենք անում նրանց մայրենի լեզվով՝ ֆրանսերենով։ Նաև նպատակ ենք դրել ամիսը մեկ անգամ հաճախել ֆրանսիական ժողով և մեր արձակուրդները օգտագործել մասնակցելու մեր մայրենի լեզվով անցկացվող համաժողովներին»։
18. ա) Հռոմեացիներ 15։1-ին և 2-րդ համարների սկզբունքը ինչպե՞ս կարող է օգնել որոշելու, թե ինչը ավելի շատ կնպաստի ձեր երեխայի բարօրությանը։ բ) Ի՞նչ գործնական միջոցների են դիմել այլ ծնողներ (տես ծանոթագրությունը)։
18 Ինչ խոսք, ամեն ընտանիք ինքը պետք է որոշի, թե ինչը ավելի օգտակար կլինի երեխաների հոգևոր առողջության համար[2] (Գաղ. 6։5)։ Մյուրիելը, ում մասին նշվեց վերևում, ասում է, որ ինքն ու իր ամուսինը որոշեցին իրենց որդու հոգևոր բարօրության համար զոհել իրենց նախասիրությունները (կարդա Հռոմեացիներ 15։1, 2)։ Հետ նայելով՝ Սերժը մտածում է, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել։ Նա ասում է. «Երբ տեղափոխվեցինք ֆրանսախոս ժողով, մեր որդին սկսեց հոգևորապես ծաղկել ու մկրտվեց։ Նա այժմ ռահվիրա է։ Նույնիսկ մտածում է նորից օտարախոս դաշտում ծառայելու մասին»։
ԹՈՂ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՀԱՍՆԻ ՔՈ ՍՐՏԻՆ
19, 20. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը Աստծու Խոսքի հանդեպ։
19 Սիրուց մղված՝ Եհովան իր Խոսքը՝ Աստվածաշունչը, մատչելի է դարձրել հարյուրավոր լեզուներով, որպեսզի «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան» (1 Տիմոթ. 2։4)։ Նա գիտի, որ մարդկանց հոգևոր կարիքները ավելի լավ կբավարարվեն, եթե նրանք Աստվածաշունչը կարդան իրենց սրտի լեզվով։
20 Ինչպիսին էլ որ լինեն մեր հանգամանքները, եկեք վճռենք սնել մեր սիրտը հոգևոր պինդ կերակուրով։ Կանոնավորաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը մեր սրտի լեզվով՝ կպահպանենք թե՛ մեր հոգևոր առողջությունը, թե՛ մեր ընտանիքի, և ցույց կտանք, որ Աստծու Խոսքն իսկապես թանկ է մեզ համար (Սաղ. 119։11)։
^ [1] (պարբերություն 5) Անունները փոխված են։
^ [2] (պարբերություն 18) Տես «Դիտարանի» 2002 թ. հոկտեմբերի 15-ի համարում «Երեխա մեծացնել օտարության մեջ. դժվարություններ ու պարգևատրություններ» հոդվածը, որտեղ քննարկվում են աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կարող են օգտակար լինել ձեր ընտանիքին։