Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
«ԴԱՆԻԵԼԻ մարգարեությունը» Աստվածաշնչի ամենահետաքրքիր գրքերից է,— ասվում է մի աստվածաշնչային բառարանում։— Նրա էջերը լի են հավիտենական ճշմարտություններով» («Holman Illustrated Bible Dictionary»)։ Դանիելն իր պատմությունը սկսում է այն բանի հիշատակումով, որ մ.թ.ա. 618–ին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը գալիս է Երուսաղեմի վրա և այն պաշարում։ Նա «Իսրայէլի որդկանցից» ոմանց իր հետ տանում է Բաբելոն (Դանիէլ 1։1–3)։ Վերջիններիս մեջ է նաև պատանի Դանիելը, որը, հավանաբար, դեռ քսան տարեկան էլ չկա։ Գրքի վերջին համարներից երևում է, որ Դանիելը, որն արդեն գրեթե 100 տարեկան է, դեռևս գտնվում է Բաբելոնում։ Աստված նրան խոստանում է. «Հանգստացիր, եւ կ’կանգնես օրերի վերջին քո վիճակումը» (Դանիէլ 12։13)։
«Դանիէլ» գրքի առաջին մասը գրված է ժամանակագրական կարգով երրորդ դեմքով, իսկ վերջին մասը՝ առաջին դեմքով։ Այն գրվել է Դանիելի կողմից և պարունակում է մարգարեություններ համաշխարհային տերությունների վերելքի և անկման մասին, ինչպես նաև իրադարձություններ, որոնք տեղի են ունենում մեր օրերում։a Տարեց մարգարեն հետադարձ հայացք է նետում իր անցած կյանքին և պատմում է դրվագներ, որոնք հորդորում են մեզ լինել աստվածավախ ու անարատ։ Դանիելի պատգամը կենդանի է և զորեղ (Եբրայեցիներ 4։12)։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԴԵՊՔԵՐԻ ՇԱՐԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՐԳԻՑ
Մ.թ.ա. 617 թվականն է։ Երիտասարդ Դանիելն ու նրա երեք ընկերները գտնվում են բաբելոնական արքունիքում։ Երեք տարի թագավորի պալատում կրթվելու ընթացքում նրանք պահում են իրենց անարատությունը Աստծու հանդեպ։ Մոտ ութ տարի անց Նաբուգոդոնոսոր թագավորը խորհրդավոր երազ է տեսնում։ Դանիելը պատմում է երազի բովանդակությունը և տալիս մեկնությունը։ Թագավորն ընդունում է, որ Եհովան է «աստուածների Աստուածը եւ թագաւորների Տէրը եւ գաղտնիքներ յայտնողը» (Դանիէլ 2։47)։ Սակայն կարճ ժամանակ անց Նաբուգոդոնոսորը կարծես թե մոռանում է այդ ճշմարտությունը։ Երբ Դանիելի երեք ընկերները հրաժարվում են երկրպագել հսկա արձանին, թագավորը նրանց գցում է կրակով բորբոքված հնոցը։ Ճշմարիտ Աստվածը ազատում է նրանց, և Նաբուգոդոնոսորը ստիպված ընդունում է, որ «չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել» (Դանիէլ 3։29)։
Նաբուգոդոնոսորը մեկ ուրիշ հատկանշական երազ է տեսնում։ Նա տեսնում է մի հսկայական ծառ, որը կտրում են և թույլ չեն տալիս, որ այն աճի։ Դանիելը բացատրում է երազը։ Այն մասամբ կատարվում է, երբ Նաբուգոդոնոսորը խելագարվում է, իսկ որոշ ժամանակ հետո ապաքինվում։ Շատ տասնամյակներ անց Բաղդասար թագավորը մեծ խնջույք է կազմակերպում իր մեծամեծների՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Խնջույքի ժամանակ նա օգտագործում է Եհովայի տաճարից բերված անոթները. դա անհարգալից վերաբերմունք է Եհովայի հանդեպ։ Հենց այդ գիշեր Բաղդասարը սպանվում է, և թագավորությունն անցնում է «Մարաց Դարեհին» (Դանիէլ 5։30, 31)։ Դարեհի օրոք Դանիել մարգարեն, որն արդեն ավելի քան 90 տարեկան է, նախանձ պալատականների թշնամանքի թիրախ է դառնում. վերջիններս խորհում են սպանել նրան։ Սակայն Եհովան ազատում է նրան «առիւծների ձեռիցը» (Դանիէլ 6։27)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։11–15 — Բուսական կերակո՞ւրն էր պատճառը, որ չորս հրեա երիտասարդների «դէմքը աւելի լաւ» էր։ Ո՛չ։ Ոչ մի սննդակարգ չի կարող տասը օրվա ընթացքում այդ աստիճան փոխել մարդու արտաքին տեսքը։ Եհովան էր պատճառը, որ երիտասարդ հրեաների դեմքն ավելի էր լավացել։ Նա օրհնեց նրանց իրեն ապավինելու համար (Առակաց 10։22)։
2։1 — Ե՞րբ Նաբուգոդոնոսորը երազ տեսավ հսկայական արձանի մասին։ Աստվածաշունչն ասում է, որ դա «Նաբուգոդոնոսորի թագաւորութեան երկրորդ տարին» էր։ Նա թագավոր դարձավ մ.թ.ա. 624–ին։ Ուրեմն նրա թագավորության երկրորդ տարին մ.թ.ա. 623 թվականն է. այդ ժամանակ նա դեռ չէր գրավել Հուդան, և Դանիելն էլ Բաբելոնում չէր, ուստի չէր կարող մեկնել Նաբուգոդոնոսորի երազը։ «Երկրորդ տարին» ակներևաբար պետք է հաշվել մ.թ.ա. 607–ից, երբ Բաբելոնը ավերեց Երուսաղեմը և դարձավ աշխարհակալ ուժ։
2։32, 39 — Ի՞նչ իմաստով էր արծաթի թագավորությունը ցածր ոսկե գլխից, և պղնձի թագավորությունը՝ արծաթի թագավորությունից։ Մարա–Պարսկական կայսրությունը, որը ներկայացվում էր արձանի արծաթե մասով, ցածր էր Բաբելոնից՝ ոսկե գլխից, այն իմաստով, որ ի տարբերություն Բաբելոնի՝ չէր նվաճել Հուդան։ Հաջորդ աշխարհակալ ուժը Հունաստանն էր, որը ներկայացվում էր պղնձով։ Հունաստանը ցածր էր Մարա–Պարսկաստանից, ինչպես որ պղինձը՝ արծաթից։ Թեև Հունական կայսրությունը տարածքով ավելի մեծ էր, նա չունեցավ Աստծու ժողովրդին գերությունից ազատելու առանձնաշնորհումը, ինչպես որ Մարա–Պարսկաստանը։
4։8, 9 — Արդյո՞ք Դանիելը մոգ էր դարձել։ Ո՛չ։ «Մոգերի իշխան» արտահայտությունը պարզապես նշանակում է, որ Դանիելը «Բաբիլոնի բոլոր իմաստունների վերայ գլխաւոր իշխան» էր (Դանիէլ 2։48)։
4։10, 11, 20–22 — Ի՞նչ էր խորհրդանշում Նաբուգոդոնոսորի երազի հսկայական ծառը։ Այդ ծառը երկու իմաստ ունի։ Առաջին՝ այն ներկայացնում էր Նաբուգոդոնոսորին՝ որպես աշխարհակալ տերության թագավորի։ Սակայն, քանի որ իշխանությունը հասնում էր մինչև «երկրի ծայրը», ծառը պետք է խորհրդանշեր մի ավելի մեծ, վերին բան։ Դանիէլ 4։17–ը երազը կապում է «Բարձրյալի»՝ մարդկանց վրա ունեցած իշխանության հետ։ Ուստի ծառը նաև խորհրդանշում էր Եհովայի գերիշխանությունը հատկապես երկրի նկատմամբ։ Եվ այսպես, երազը երկու իմաստ ունի. այն վերաբերում է Նաբուգոդոնոսորի իշխանությանը և Եհովայի գերիշխանությանը։
4։16, 23, 25, 32, 33 — Որքա՞ն տևեցին «յոթ ժամանակները»։ Եթե հաշվի առնենք, թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան Նաբուգոդոնոսոր թագավորի արտաքինում, ապա «յոթ ժամանակները», ամենայն հավանականությամբ, շատ ավելի երկար տևեցին, քան պարզապես բառացի յոթ օր։ Նրա դեպքում այդ ժամանակները նշանակում էին յոթ տարի (ամեն տարին՝ 360 օր), ընդհանուր հաշվով՝ 2 520 օր։ Ավելի մեծ իմաստով՝ «յոթ ժամանակները» 2 520 տարիներ են (Եզեկիէլ 4։6, 7)։ Դրանք սկսվեցին մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի կործանումով և ավարտվեցին 1914–ին, երբ Հիսուսը երկնքում գահ բարձրացավ որպես թագավոր (Ղուկաս 21։24)։
6։6–10 — Քանի որ Եհովային աղոթելու համար հատուկ դիրք ընդունելու կարիք չկա, ապա մի՞թե Դանիելը խելամիտ վարված չէր լինի, եթե այդ 30 օրվա ընթացքում գաղտնի աղոթեր։ Այն, որ Դանիելը օրը երեք անգամ աղոթում էր, բոլորին էր հայտնի։ Ահա թե ինչու դավադիրները թագավորին առաջարկեցին հրովարտակ արձակել, որով կարգելվեր աղոթելը։ Եթե Դանիելը թեկուզ մի փոքր փոփոխություն աներ աղոթելու հետ կապված, ապա դա կդիտեին որպես զիջում սկզբունքների հարցում և կհամարեին, որ նա այլևս բացարձակորեն նվիրված չէ Եհովային։
Դասեր մեզ համար
1։3–8. Դանիելի և նրա ընկերների՝ Եհովային հավատարիմ մնալու վճռականությունը ակնհայտ ձևով ցույց է տալիս, որ նրանց ծնողները մեծ ջանքեր էին թափել իրենց որդիներին դաստիարակելու համար։ Երբ աստվածավախ ծնողները հոգևորը դնում են առաջին տեղում և իրենց զավակներին նույնը սովորեցնում, ապա շատ հավանական է, որ վերջիններս կդիմադրեն դպրոցում և այլուր առաջացող գայթակղություններին և փորձություններին։
1։10–12. Դանիելը հասկացավ, որ «ներքնապետը» վախենում է թագավորից, ուստի չպնդեց, որ նա կատարի իր խնդրանքը։ Նա մոտեցավ «Մելսարին [«սեղանապետին», ծնթ.]», որը գուցե այնքան էլ խիստ չէր։ Դժվար իրավիճակներում մենք նույնպես պետք է գործենք խորաթափանցությամբ, հասկացողությամբ և իմաստությամբ։
2։29, 30. Դանիելի պես՝ մենք պետք է ողջ պատիվը Եհովային տանք այն բոլոր գիտելիքների, հատկությունների և ունակությունների համար, որ ձեռք ենք բերել նրա տված հոգևոր միջոցառումներից օգտվելով։
3։16–18. Քիչ հավանական է, որ երեք հրեաները պատասխանեին այդպիսի համոզվածությամբ, եթե նախկինում սննդի հետ կապված զիջումների գնացած լինեին։ Մենք նույնպես պետք է ջանանք «ամեն ինչում հավատարիմ» լինել (1 Տիմոթեոս 3։11)։
4։24–27. Թագավորության բարի լուրը, այդ թվում նաև Աստծու դատաստանական պատգամները հռչակելու համար պահանջվում են այնպիսի հավատ ու քաջություն, ինչպիսին որ Դանիելը դրսևորեց, երբ Նաբուգոդոնոսորին հայտնեց, թե ինչ է տեղի ունենալու նրա հետ և թե ինչ պետք է անի, որպեսզի իր «խաղաղությունը երկայն լինի»։
5։30, 31. «Բաբելոնի թագավորի մասին առակն» իրականացավ (Եսայիա 14։3, 4, 12–15)։ Բանսարկու Սատանան, որի հպարտությունը նման է բաբելոնական թագավորների ցուցաբերած հպարտությանը, նույնպես խայտառակ վախճան կունենա (Դանիէլ 4։30; 5։2–4, 23)։
ԴԱՆԻԵԼԻ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ
Մ.թ.ա. 553–ին, երբ Դանիելին տրվում է առաջին երազ–տեսիլքը, նա արդեն 70–ն անց է։ Մարգարեն տեսնում է չորս մեծ գազաններ, որոնք խորհրդանշում են իրար հաջորդող աշխարհակալ ուժերը՝ սկսած իր օրերից մինչև մեր օրերը։ Մի տեսիլքում նրան երևում է երկնային մի տեսարան, որտեղ «մարդու նման մեկին» տրվում է «յաւիտենական իշխանութիւն» (Դանիէլ 7։13, 14)։ Երկու տարի անց Դանիելը տեսնում է մի տեսիլք Մարա–Պարսկաստանի, Հունաստանի և մի քաղաքական կառույցի մասին, որը դառնում է «մի պնդերես թագավոր» (Դանիէլ 8։23)։
Մ.թ.ա. 539 թվականն է։ Բաբելոնը կործանվել է։ Քաղդեացիների թագավորության վրա իշխում է «Մարաց Դարեհը»։ Դանիելը Եհովային աղոթում է իր հայրենիքի վերականգնման մասին։ Մինչ նա աղոթում է, Եհովան ուղարկում է Գաբրիել հրեշտակին, որպեսզի վերջինս մարգարեին «իմացնի» Մեսիայի գալստյան մասին (Դանիէլ 9։20–25)։ Մ.թ.ա. 536–535 թվականներն են։ Իսրայելացիների մի խումբ վերադարձել է Երուսաղեմ։ Թշնամիները, սակայն, հակառակվում են տաճարի կառուցման գործին։ Դանիելն անհանգստացած է։ Նա այդ մասին ջերմեռանդորեն աղոթում է Եհովային, և Աստված մի բարձր դասի հրեշտակ է ուղարկում նրա մոտ։ Դանիելին զորացնելուց և քաջալերելուց հետո հրեշտակը հայտնում է մի մարգարեություն, համաձայն որի՝ գերիշխանության համար պայքար է ընթանում հյուսիսի թագավորի և հարավի թագավորի միջև։ Երկու թագավորների բախումը սկսվում է այն ժամանակ, երբ Ալեքսանդր Մակեդոնացու թագավորությունը բաժանվում է նրա չորս զորավարների միջև, և շարունակվում է մինչև «մեծ իշխան Միքայելի վեր կենալը» (Դանիէլ 12։1)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
8։9 — Ի՞նչ է խորհրդանշում «փառաւորը»։ Այստեղ «փառաւորը» խորհրդանշում է օծյալ քրիստոնյաների երկրային վիճակը անգլո–ամերիկյան համաշխարհային ուժի ժամանակներում։
8։25 — Ո՞վ է «իշխանաց Իշխանը»։ «Իշխան» թարգմանված եբրայերեն սար բառը հիմնականում նշանակում է «պետ», «գլխավոր»։ «Իշխանաց Իշխան» տիտղոսը վերաբերում է միայն Եհովա Աստծուն։ Նա իշխաններ հանդիսացող բոլոր հրեշտակների, այդ թվում նաև «Միքայելի՝ առաջին իշխաններից մեկի» Գլխավորն է (Դանիէլ 10։13)։
9։21 — Ինչո՞ւ է Դանիելը Գաբրիել հրեշտակին անվանում «մարդ»։ Պատճառն այն է, որ Գաբրիելը ներկայացավ նրան մարդու տեսքով, ինչպես որ երևացել էր ավելի վաղ տրված տեսիլքում (Դանիէլ 8։15–17)։
9։27 — Ո՞ր ուխտը «զորացվեց շատերի համար» մինչև 70–րդ շաբաթ տարիների վերջը, այսինքն՝ մ.թ. 36 թվականը։ Օրենքի ուխտը վերացվեց մ.թ. 33–ին, երբ Հիսուսին ցցին գամեցին։ Սակայն Եհովան աբրահամական ուխտը «զորացրեց», այսինքն՝ ուժի մեջ պահեց Իսրայել ազգի համար մինչև մ.թ. 36–ը։ Դրանով նա հատուկ բարեհաճություն դրսևորեց հրեաների հանդեպ այն բանի հիման վրա, որ նրանք Աբրահամի հետնորդներն էին։ Աբրահամական ուխտը շարունակում է ուժի մեջ մնալ «Աստծու Իսրայելի» հետ կապված (Գաղատացիներ 3։7–9, 14–18, 29; 6։16)։
Դասեր մեզ համար
9։1–23; 10։11. Դանիելը «ցանկալի» մարդ էր իր խոնարհության, Աստծու հանդեպ նվիրվածության, Գրությունները խորությամբ ուսումնասիրելու և աղոթքում հարատևելու շնորհիվ։ Այս նույն հատկություններն օգնեցին նրան հավատարիմ մնալ Աստծուն մինչև մահ։ Եկեք վճռենք հետևել Դանիելի օրինակին։
9։17–19. Նույնիսկ եթե աղոթում ենք Աստծու նոր աշխարհի գալստյան համար, որտեղ «արդարություն պիտի բնակվի», մի՞թե մեր գլխավոր մտահոգությունը չպիտի լինի Եհովայի անվան սրբացումը և նրա գերիշխանության արդարացումը։ Այո՛, մենք չպիտի աղոթենք միայն նրա համար, որ մեր անձնական տառապանքներն ու դժվարությունները վերջ գտնեն (2 Պետրոս 3։13)։
10։9–11, 18, 19. Ընդօրինակելով Դանիելի մոտ եկած հրեշտակին՝ մենք պետք է քաջալերենք և զորացնենք միմյանց՝ օգնության ձեռք մեկնելով և մխիթարական խոսքեր ասելով։
12։3. Այս վերջին օրերում «իմաստունները»՝ օծյալ քրիստոնյաները, «փայլում են ինչպես լուսատուներ» և «դեպի արդարություն են առաջնորդում շատերին», այդ թվում նաև «ուրիշ ոչխարների» «մեծ բազմությանը» (Փիլիպպեցիներ 2։15; Հայտնություն 7։9; Հովհաննես 10։16)։ Օծյալները լիովին «կփայլեն աստղերի պես» Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում, երբ Քրիստոսի հետ փրկանքի բոլոր օգուտները կիրառեն հնազանդ մարդկության նկատմամբ։ «Ուրիշ ոչխարները» պետք է հավատարմորեն և ամբողջ սրտով թիկունք կանգնեն օծյալներին՝ աջակցելով նրանց ամեն ինչում։
Եհովան «օրհնում է իրենից վախեցողներին»
Ի՞նչ է «Դանիէլ» գիրքը մեզ սովորեցնում այն Աստծու մասին, որին երկրպագում ենք։ Այդ մասին կիմանանք, եթե քննենք գրքում պարունակված մարգարեությունները. դրանցից շատերն արդեն կատարվել են, մյուսներն էլ անպայման կկատարվեն։ Դրանք վառ կերպով ցույց են տալիս, որ Եհովան կատարո՛ւմ է իր խոսքը (Եսայիա 55։11)։
Իսկ ի՞նչ ենք սովորում Աստծու մասին «Դանիէլ» գրքի մնացած հատվածից։ Չորս հրեա երիտասարդները, որոնք հրաժարվեցին ձուլվել բաբելոնական արքունիքի նիստուկացին, ստացան «գիտություն, հանճար և իմաստություն» (Դանիէլ 1։17)։ Ճշմարիտ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին և կրակով բորբոքված հնոցից ազատեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին։ Դանիելը ազատվեց առյուծների գուբից։ Այո՛, Եհովան «օգնություն և վահան» է նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են իր վրա։ Նա «օրհնո՛ւմ է իրենից վախեցողներին» (Սաղմոս 115։9, 13)։
[ծանոթագրություն]
a «Դանիէլ» գրքի համար առ համար քննարկումը տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքում (ռուս., արևմտ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 18–րդ էջի վրա]
Ինչո՞ւ էր Դանիելը «ցանկալի» մարդ