«Ամէն բանի ժամանակ կայ»
«Ամէն բանի ժամանակ կայ. եւ ժամանակ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան» (Ժողովող 3։1)։
1. Ինչպիսի՞ դժվարություն ունեն անկատար մարդիկ, և դրա պատճառով որոշ հարցերում ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում։
ՄԱՐԴԿԱՆՑ շուրթերից հաճախ են դուրս թռչում ափսոսանքի խոսքեր։ Ետադարձ հայացք ձգելով կատարվածին՝ նրանք իրենց մտքում ասում են՝ պետք է մի փոքր սպասեի, կամ էլ՝ ափսո՜ս, պետք է ավելի շուտ արած լինեի...։ Նման օրինակները խոսում են այն մասին, որ մարդիկ իրենց անկատարության պատճառով դժվարանում են որոշել, թե երբ է որևէ բան անելու ամենահարմար ու պատեհ ժամանակը։ Այս կարողության պակասը մարդկային շատ փոխհարաբերությունների խզման, ինչպես նաև մեծ հիասթափությունների պատճառ է դարձել։ Եվ ամենացավալին այն է, որ դրա հետևանքով թուլացել է ոմանց հավատը Եհովայի և իր կազմակերպության հանդեպ։
2, 3. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ իմաստուն կլինի ընդունել ժամանակների վերաբերյալ Եհովայի կայացրած որոշումը։ բ) Ի՞նչ հավասարակշռված տեսակետ մենք պետք է ունենանք Աստվածաշնչի մարգարեությունների կատարման վերաբերյալ։
2 Ի տարբերություն մարդկանց՝ Եհովան այնքան իմաստություն և խորագիտություն ունի, որ ցանկության դեպքում կարող է նախօրոք իմանալ, թե ինչո՛վ է ավարտվելու այս կամ այն խնդիրը. ‘նա առաջուց գիտի վերջինը’ (Եսայիա 46։10)։ Ուստի, կարող է առանց սխալվելու ընտրել իր անելիքի բարեպատեհ ժամանակը։ Իսկ մենք, ժամանակը որոշելու մեր թերի կարողությանը վստահելու փոխարեն, լավ է ընդունենք ժամանակների վերաբերյալ Եհովայի կայացրած որոշումը։
3 Օրինակ՝ հասուն քրիստոնյաները հավատարմորեն սպասում են Եհովայի կողմից նշանակված՝ Աստվածաշնչի որոշակի մարգարեությունների իրականացման ժամանակին։ Նրանք շարունակում են ծառայել Աստծուն՝ իրենց մտքում պահելով մի սկզբունք, որն արձանագրված է Երեմիայի Ողբերը 3։26 համարում. «Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը» (համեմատեք Ամբակում 3։16)։ Միաժամանակ նրանք վստահ են, որ Եհովայի հայտարարած դատավճիռը, «եթէ ուշանայ էլ.... անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ» (Ամբակում 2։3)։
4. Ինչպե՞ս պետք է Ամովս 3։7 և Մատթէոս 24։45 խոսքերն օգնեն մեզ՝ համբերությամբ սպասելու Եհովային։
4 Իսկ արդյոք ինչպե՞ս վարվել, եթե չենք հասկանում Աստվածաշնչի որոշ հատվածներ, կամ եթե մեզ համար լիովին պարզ չեն «Դիտարան» ընկերության կողմից տրված որոշ բացատրություններ։ Իմաստուն կլինի, եթե սպասենք հարցերը պարզելու Եհովայի սահմանած ժամանակին։ «Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին» (Ամովս 3։7)։ Հրաշալի խոստում է, այնպես չէ՞։ Պարզապես պետք է հասկանալ, որ Եհովան հայտնում է իր խորհուրդները միայն այն դեպքում, երբ ինքն է դա հարմար գտնում։ Այդ նպատակով նա լիազորել է «հաւատարիմ եւ իմաստուն ծառային», որ «իր ժամին [հոգևոր] կերակուր տա» իր ժողովրդին (Մատթէոս 24։45)։ Ուրեմն ոչ մի պատճառ չունենք մտահոգվելու կամ վրդովվելու, երբ որոշ հարցեր ամբողջովին չեն պարզաբանվում։ Փոխարենը կարող ենք վստահ լինել, որ եթե համբերությամբ սպասենք, Եհովան ճիշտ ժամանակին՝ «իր ժամին» հավատարիմ ծառայի միջոցով կտա այն, ինչ մեզ անհրաժեշտ է։
5. Ի՞նչ օգուտներ կարելի է քաղել Ժողովող 3։1—8 խոսքերի քննարկումից։
5 Սողոմոն իմաստուն թագավորը խոսեց քսանութ բաների մասին, որոնցից յուրաքանչյուրն իր «ժամանակն» ունի (Ժողովող 3։1—8)։ Հասկանալով Սողոմոնի խոսքերի իմաստը՝ կկարողանանք ավելի ճիշտ որոշել մեր ընտրած գործերի ճիշտ ժամանակը՝ ելնելով Աստծո տեսանկյունից (Եբրայեցիս 5։14)։ Իսկ դա իր հերթին կօգնի մեզ համապատասխան ձևով վարվելու։
«Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ»
6, 7. ա) Ի՞նչն է այսօր մարդկանց «լալու» հիմնական պատճառը։ բ) Ինչպե՞ս է աշխարհը ջանում ազատվել այն տխուր իրավիճակից, որում հայտնվել է ինքը։
6 Թեև կա և «լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ», ո՞վ չի նախընտրում երկրորդը առաջինից (Ժողովող 3։4)։ Ցավոք, մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որը հիմնականում միայն լալու առիթներ է մեզ տալիս։ Զանգվածային լրատվական միջոցներում հանդիպող նորությունները հիմնականում հուսահատեցնող են։ Զարհուրելի է լսել, թե ինչպես են դեռահասները սպանում իրենց դասընկերներին, ինչպես են ծնողները բռնանում իրենց երեխաների վրա, ահաբեկիչները սպանում կամ խեղում իրենց անմեղ զոհերին, և ինչպես են բնական կոչված աղետները մարդկանց մահվան ու նրանց ունեցվածքի ոչնչացման պատճառ դառնում։ Սովահար, դուրս ընկած աչքերով երեխաներին, իրենց բնակավայրերից տեղահանված գաղթականներին ցույց տվող կադրերը չեն «լքում» հեռուստացույցի էկրանը։ Նախկինում մեզ համար բոլորովին անծանոթ արտահայտությունները, ինչպիսիք են՝ էթնիկական մաքրում, ՁԻԱՀ (ՍՊԻԴ), բակտերիոլոգիական պատերազմ, Էլ–նինյո, բոլորին անհանգստություն են պատճառում՝ ամեն մեկին՝ յուրովի։
7 Այո՛, այսօրվա աշխարհում տիրապետող են ողբերգական իրականությունն ու տառապանքը։ Սակայն, իրավիճակի լրջությունը երևի թե նվազեցնելու նպատակով, մեզ մատուցվում են օրեցօր ավելի թեթևամիտ ու անճաշակ, շատ հաճախ նաև անբարո ու վայրի զվարճություններ՝ դրանով շեղելով մեր ուշադրությունը, որպեսզի անտեսենք ուրիշների թշվառ գոյությունն ու կրած տառապանքը։ Իսկ այդ զվարճությունների բերած անմիտ կատակներն ու դատարկ ծիծաղը չի կարելի շփոթել իսկական ուրախության հետ։ Ուրախությունը Աստծո սուրբ հոգու պտուղն է, որը Սատանայի աշխարհը պարզապես ի վիճակի չէ տալու (Գաղատացիս 5։22, 23; Եփեսացիս 5։3, 4)։
8. Քրիստոնյաներն այսօր առավել ինչի՞ն պետք է նախընտրությունը տան՝ լացի՞ն, թե՞ խնդությանը։ Բացատրեցե՛ք։
8 Տեսնելով աշխարհի այս ողբալի վիճակը՝ հասկանում ենք, որ այսօր ծիծաղելու ժամանակը չէ։ Ժամանակը չէ միայն զվարճությունների ու հաճույքի համար ապրելու և թույլ տալու, որ «ուրախությունները» իշխեն մեր հոգևոր նպատակների վրա (համեմատեք Ժողովող 7։2—4)։ «Անոնք որ աշխարհիկ գործով կը զբաղին», պետք է լինեն «որպէս թէ միայն անով չեն զբաղիր»,— գրում է Պողոս առաքյալը։ Ինչո՞ւ։ «Վասն զի այս աշխարհի կերպարանքը կ’անցնի» (Ա Կորնթացիս 7։31, Արևմտ. Աստ.)։ Ճշմարիտ քրիստոնյաներն իրենց կյանքի ամեն մի օրն անց են կացնում այն բանի գիտակցումով, թե որքան լուրջ ժամանակներում են ապրում (Փիլիպպեցիս 4։8)։
Չնայած «լալուն»՝ իսկապես երջանի՛կ են
9. Ի՞նչ իրավիճակ էր տիրում երկրի վրա Ջրհեղեղից առաջ, և այն այսօր ի՞նչ նշանակություն ունի մեզ համար։
9 Համաշխարհային ջրհեղեղին նախորդող ժամանակներում ապրող մարդիկ կորցրել էին իրականության աչքերին սթափ նայելու ունակությունը։ Նրանք շարունակում էին ապրել իրենց առօրյա կյանքով և բոլորովին միտք չունեին «լալու» կամ տխրելու այն չարության համար, որ «շատացել էր.... երկրի վերայ». նրանք սառն անտարբերությամբ էին նայում, երբ «երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ» (Ծննդոց 6։5, 11)։ Հիշատակելով այդ տխուր փաստը՝ Հիսուսը մեր օրերի մարդկանց մասին մարգարեացավ. «Ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին,— նախազգուշացրեց նա,— երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, – այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ» (Մատթէոս 24։38, 39)։
10. Անգէ մարգարեի օրերում ապրող իսրայելացիները ինչպե՞ս ցույց տվեցին, որ իրենք կարևորություն չեն տալիս Եհովայի սահմանած ժամանակներին։
10 Ջրհեղեղից շուրջ 1 850 տարի հետո՝ Անգե մարգարեի օրերում, իսրայելացիներից շատերը հոգևորին վերաբերող հարցերում նմանօրինակ անտարբերություն դրսևորեցին։ Զբաղված լինելով իրենց անձնական հետաքրքրություններով՝ նրանք չէին նկատել, որ ժամանակն էր Եհովայի շահերը առաջնային տեղում դնելու։ Այդ մասին Անգէ 1։1—5–ում կարդում ենք. «Ժողովուրդն ասում է. Ժամանակը չէ եկել՝ Տիրոջ տունը շինուելու ժամանակը։ Եւ Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը, ասելով. Ձեզ համար ժամանա՞կ է արդեօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ։ Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»։
11. Ինչպիսի՞ հարցեր տեղին կլինի, որ տանք ինքներս մեզ։
11 Ինչպես որ Անգեի օրերում իսրայելացիները Եհովայի առջև պատասխանատվություններ ու առանձնաշնորհումներ ունեին, այնպես էլ մենք՝ Եհովայի վկաներս, այսօր ունենք։ Հետևաբար, լավ կանենք, եթե ողջ լրջությամբ քննենք, թե ինչ ընթացք ենք բռնել կյանքում։ Արդյոք մեզ հուզո՞ւմ է աշխարհում տիրող այն իրավիճակը, որում հայտնվել է մարդկությունը և այն, թե ներկա իրավիճակն ինչ նախատինք է բերում Աստծո անվանը։ Ցավո՞ւմ ենք, երբ մարդիկ ժխտում են Աստծո գոյությունը կամ ընդգծված կերպով արհամարհում նրա արդար սկզբունքները։ Արդյո՞ք մեր արձագանքը նման է 2 500 տարի առաջ Եզեկիելի տեսիլքում ներկայացված այն անհատների արձագանքին, որոնք, ինչպես կարդում ենք Աստվածաշնչում, նշան ունեին իրենց ճակատներին. «Տէրը ասեց նորան [գրագրի թանաքաման ունեցող մարդուն]. Անց կաց քաղաքի միջովը այսինքն Երուսաղէմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար» (Եզեկիէլ 9։4)։
12. Ինչո՞ւմն է կայանում Եզեկիէլ 9։5, 6 խոսքերի կարևորությունն այսօրվա մարդկանց համար։
12 Այս արձանագրության կարևորությունը պարզ է դառնում այն հրահանգից, որը տրվեց «ապականիչ գործիք» ունեցող վեց տղամարդկանց. «Գնացէք նորա ետեւից քաղաքի միջովը եւ զարկէք, ձեր աչքերը չ’խնայեն, եւ չ’ողորմէք։ Ծերին, երիտասարդին, եւ կոյսին ու երեխային ու կանանցը սպանեցէք փչացրէք, բայց ամեն ով, որ վերան նշանը լինի՝ նորան մի մօտենաք, եւ իմ սրբարանիցն սկսեցէք» (Եզեկիէլ 9։5, 6)։ Մոտալուտ այս մեծ նեղությունից մեր փրկությունը կախված է նաև այն բանից, թե որքանով ենք գիտակցում, որ այսօր ապրում ենք հատկապես «լալու» ժամանակներում։
13, 14. ա) Հիսուսն ո՞ւմ համարեց երջանիկ։ բ) Արդյո՞ք սա համապատասխան նկարագրություն է Եհովայի վկաների համար. եթե այո, ապա՝ ինչո՞ւ։
13 Ինչ խոսք, բարոյալքված այս աշխարհի վրա «ողբալը» Եհովայի վկաներին չի խանգարում ուրախություն վայելել։ Ընդհակառակը՝ նրանք ամենաերջանիկ մարդիկ են աշխարհում։ Հիսուսը տվեց իսկական երջանկության չափանիշը, երբ ասաց. «Երանի՜ հոգով աղքատներին [«նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», ՆԱ],.... սգաւորներին,.... հեզերին,.... նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան,.... ողորմածներին,.... նրանց, որ սրտով մաքուր են,.... խաղաղարարներին,.... նրանց, որ հալածւում են արդարութեան համար» (Մատթէոս 5։3—10)։ Փաստերը շատ են՝ ապացուցելու, որ այս նկարագրությունը ավելի շուտ համապատասխանում է Եհովայի վկաներին, քան որևէ այլ կրոնական կազմակերպության։
14 Հատկապես 1919–ին՝ ճշմարիտ երկրպագության վերականգնումից ի վեր, Եհովայի ուրախ ժողովուրդը «ծիծաղելու» շատ պատճառներ ունի։ Նրանց ուրախությունը նման է մ.թ.ա. վեցերորդ դարում Բաբելոնի գերությունից ետ վերադարձածների ուրախությանը. «Երբ որ Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, երազ տեսնողների պէս կը լինինք։ Այն ժամանակ մեր բերանը կ’լեցուի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով.... Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք» (Սաղմոս 126։1—3)։ Բայց և այնպես, հոգևոր այդ ցնծության մեջ Եհովայի վկաները իմաստությամբ են վարվում՝ գիտակցելով ժամանակների լրջությունը։ Երբ նոր աշխարհը կհաստատվի երկրի վրա, և մարդիկ «ձեռք [կ]բերեն ճշմարիտ կեանքը», այն ժամանակ ծիծաղը մեկընդմիշտ կփոխարինի լացին (Ա Տիմոթէոս 6։19; Յայտնութիւն 21։3, 4)։
«Գրկելու ժամանակ, եւ գրկելուց հեռանալու ժամանակ»
15. Ինչո՞ւ են քրիստոնյաները զգուշություն ցուցաբերում ընկերներ ընտրելու հարցում։
15 Քրիստոնյաները զգուշություն են ցուցաբերում ընկերներ ընտրելու հարցում։ Նրանք հիշում են Պողոսի խոսքերը. «Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը» (Ա Կորնթացիս 15։33)։ Ինչպես ժամանակին նկատել է Սողոմոն իմաստուն թագավորը՝ «իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։
16, 17. ա) Եհովայի վկաներն ինչպե՞ս են վերաբերվում ընկերությանը, ժամադրությանն ու ամուսնությանը վերաբերող հարցերին և ինչո՞ւ։
16 Եհովայի ծառաներն ընկեր են ընտրում այն անհատներից, որոնք նույնպես սիրում են Եհովային ու նրա արդարությունը։ Իրենց ընկերներին գնահատելու և նրանց ընկերակցությունը մեծ ուրախությամբ վայելելու հետ մեկտեղ՝ Վկաները խոհեմաբար հեռու են մնում այսօր շատ երկրներում սովորական դարձած, այսպես կոչված, ազատամտությունից։ Իսկ ինչ վերաբերվում է ժամադրությանը, ապա, որպես անմեղ զվարճություն ընդունելու փոխարեն, նրանք դա համարում են դեպի ամուսնություն առաջնորդող լուրջ քայլ, որը կարելի է ձեռնարկել ֆիզիկապես, մտային և հոգևոր առումներով դրան պատրաստ լինելու դեպքում։ Ամուսնական կապով մեկընդմիշտ միանալու համար անհրաժեշտ է նաև, որպեսզի զույգերից յուրաքանչյուրը, Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, լինի ազատ (Ա Կորնթացիս 7։36)։
17 Ոմանք նման մոտեցումը համարում են հնացած, նահապետական սովորություն։ Սակայն դա չի կարող պատճառ հանդիսանալ, որ Եհովայի վկաները ընկերներ ընտրելու կամ ժամադրություններին ու ամուսնությանը վերաբերվող հարցերում առաջնությունը տան իրենց հասակակիցների կարծիքներին։ Նրանք լավ գիտեն, որ «իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից [իր գործադրողների կողմից՝ տողատակի ծանոթագրություն]» (Մատթէոս 11։19)։ Եհովան ամեն ինչ շատ ավելի լավ գիտի, ուստի նրա Վկաները լրջորեն են մոտենում նրա խորհրդին՝ ամուսնանալ «միայն Տիրոջով» (Ա Կորնթացիս 7։39; Բ Կորնթացիս 6։14)։ Հեռու լինելով այն սխալ տեսակետից, թե ապահարզանը կամ ժամանակավոր բաժանումը միշտ էլ հնարավոր են, նրանք, առանց շտապողականություն հանդես բերելու, ժամանակ են հատկացնում համապատասխան զույգ գտնելուն, քանի որ ամուսնությունից հետո իրենց կյանքում գործելու է Եհովայի օրենքը. «Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթէոս 19։6; Մարկոս 10։9)։
18. Ի՞նչը կարող է հիանալի հիմք ծառայել երջանիկ ամուսնության համար։
18 Ամուսնությունը երդում է, որը պետք է պահել ողջ կյանքի ընթացքում, ուստի պետք է զգուշությամբ պատրաստվել այդ երդումը տալուն։ Հարկավոր է սթափ մտածել. «Արդյո՞ք ուզում եմ այսպիսի կին տեսնել կողքիս, և դրա զուգահեռ հարցը տալ՝ իսկ ե՞ս. արդյո՞ք համապատասխան ամուսին եմ նրա համար, կարո՞ղ եմ հոգալ նրա հոգևոր կարիքները, որն այնքան կարևոր է։ Ամուսնության մտադրություն ունեցող երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում Եհովայի առջև հոգևորապես հասուն լինելու և Աստծո հաճությանն արժանացող ամուր ընտանիք կազմելու հարցում։ Հազարավոր քրիստոնյա զույգեր միաբերան կարող են հաստատել, որ լիաժամ ծառայությունը հիանալի ելակետ է երջանիկ ամուսնության համար, քանի որ այն օգնում է շեշտը դնել առաջին հերթին տալու և ոչ՝ վերցնելու վրա։
19. Ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ մնում ամուրի։
19 Քրիստոնյաներից ոմանք, փնտրելով նախ և առաջ Թագավորության շահերը, ‘հեռու են մնում գրկելուց’՝ որոշելով մնալ ամուրի (Ժողովող 3։5)։ Ուրիշները հետաձգում են ամուսնությունն այնքան ժամանակ, մինչև որ զգում են, որ արդեն բավականին հասուն են համապատասխան զույգ գտնելու համար։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն ամուրի քրիստոնյաների մասին, որոնք ամուսնական կյանքի են ձգտում և ուզում են վայելել նրա բերած օրհնությունները, սակայն համապատասխան զույգ դեռևս չեն գտել։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովայի սիրտը հրճվում է՝ տեսնելով, թե ինչպես են այդ անհատները կողակցի ընտրության հարցում հավատարիմ մնում աստվածային սկզբունքներին։ Իրենց դրսևորված հավատարմության համար անչափ կարևոր են մեր գնահատանքն ու մեր քաջալերանքը, որին նրանք իրո՛ք արժանի են։
20. Ինչո՞ւ են նույնիսկ ամուսնացած զույգերը երբեմն ‘հեռու մնում գրկելուց’։
20 Կարիք կա՞ արդյոք, որ ամուսնացած զույգերն էլ երբեմն ‘հեռու մնան գրկելուց’։ Ամենայն հավանականությամբ՝ այո, ինչպես հետեվում է Պողոսի խոսքերից. «Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թէ այսուհետեւ ժամանակը կարճ է։ Նրանք, որ կին ունեն, այնպէս ապրեն, որպէս թէ՝ ունեցած չլինէին» (Ա Կորնթացիս 7։29)։ Հետևաբար, ամուսնության պարգևած ուրախություններն ու օրհնությունները երբեմն պետք է երկրորդական տեղում լինեն աստվածապետական պատասխանատվությունների կողքին։ Այս հարցում հավասարակշռված տեսակետ ունենալը ոչ թե կթուլացնի ամուսնական կապը, այլ՝ ընդհակառակը, կամրացնի, քանի որ միշտ կհիշեցնի ամուսիններին, որ Եհովան այն «օղն» է, որն ամուր է պահում նրանց փոխհարաբերությունը (Ժողովող 4։12)։
21. Ինչո՞ւ չի կարելի քննադատել ամուսնացած զույգերին երեխաներ ունենալու կամ չունենալու հարցում։
21 Կան նաև զույգեր, որոնք որոշել են զավակներ չունենալ, որպեսզի կարողանան ավելի ազատորեն ծառայել Աստծուն։ Դա կարելի է զոհաբերություն համարել նրանց կողմից, և Եհովան անպայման վարձահատույց կլինի։ Ի դեպ, Աստվածաշունչը թեպետև խրախուսում է հանուն Թագավորության ավետիսի ամուրի մնալը, սակայն անզավակ մնալու վերաբերյալ ուղղակիորեն ոչ մի հրահանգ չի տալիս (Մատթէոս 19։10—12; Ա Կորնթացիս 7։38; համեմատեք Մատթէոս 24։19 և Ղուկաս 23։28—30)։ Ուստի, յուրաքանչյուր զույգ իր անձնական որոշումը պետք է կայացնի՝ հիմնվելով իր հանգամանքների, սեփական խղճի ու զգացումների վրա։ Ինչպիսի որոշում էլ որ նրանք կայացնեն, երբեք չպետք է նրանց քննադատել։
22. Ո՞ր կարևոր հարցում է մեզ անհրաժեշտ կողմնորոշվել։
22 Այո՛, «ամէն բանի ժամանակ կայ. եւ ժամանակ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան»։ Նույնիսկ «պատերազմի ժամանակ, եւ խաղաղութեան ժամանակ» կա (Ժողովող 3։1, 8)։ Հաջորդ հոդվածում կբացատրվի, թե ինչո՛ւ է մեզ համար կարևոր կողմնորոշվել, թե դրանցից ո՛ր մեկի ժամանակն է այսօր։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ «ամէն բանի ժամանակ կայ»։
◻ Ինչո՞ւ է այսօր գլխավորապես «լալու ժամանակ»։
◻ Ինչո՞ւ են քրիստոնյաները, չնայած իրենց «արցունքներին», իսկապես երջանիկ։
◻ Ի՞նչ իմաստով է այսօր որոշ քրիստոնյաների համար «գրկելուց հեռանալու» ժամանակը։
[նկար 18–րդ էջի վրա]
Թեև քրիստոնյաները «լալիս» են աշխարհում տիրող իրավիճակի համար...
[նկար 19–րդ էջի վրա]
...նրանք իրականում ամենաերջանիկ մարդիկ են աշխարհում։
[նկար 20–րդ էջի վրա]
Լիաժամ ծառայությունը հիանալի հիմք է երջանիկ ամուսնության համար։