Աստվածաշնչի գիրք համար 32. Հովնան
Գրողը՝ Հովնան
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 844թ.
1. Ի՞նչ հարցերի է պատասխանում «Հովնան» գիրքը և ի՞նչ է ցույց տալիս Եհովայի ողորմության վերաբերյալ։
ՀՈՎՆԱՆԻՆ, որն ապրել է մ.թ.ա. իններորդ դարում, կարելի է իսկական միսիոներ կոչել։ Ինչպե՞ս նա ընդունեց Եհովայից ստացած այդ նշանակումը։ Ի՞նչ նոր իրադարձություններ էին նրան սպասում։ Ինչպիսի՞ն կլիներ նրա տարածքի մարդկանց արձագանքը։ Դրական արդյունք կունենա՞ր նրա քարոզչությունը։ Հովնանի անունը կրող հետաքրքրիր գիրքը պատասխանում է այս հարցերին։ Գիրքը գրվել է մի այնպիսի ժամանակ, երբ Եհովայի ընտրյալ ազգը, խախտելով նրա հետ կապած ուխտը, կռապաշտության մեջ էր ընկել, և Հովնանի մարգարեությունը ցույց է տալիս, որ Աստծու ողորմությունը չի դրսևորվում միայն մեկ ազգի նկատմամբ, նույնիսկ եթե այդ ազգը Իսրայելն է։ Բացի այդ, գիրքը փառաբանում է Եհովայի մեծ ողորմությունն ու սիրառատ բարությունը և ցույց է տալիս, որ անկատար մարդիկ հաճախ գթասիրտ չեն, անհամբեր են ու թերահավատ։
2. Ի՞նչ է հայտնի Հովնանի մասին, և մոտավորապես ո՞ր տարում նա մարգարեացավ։
2 «Հովնան» անունը (եբրայերեն՝ Յոնահ) նշանակում է «աղավնի»։ Հովնանի հայրը մարգարե Ամաթին էր՝ Զաբուղոնի ցեղին պատկանող տարածքի Գեթքոփեր քաղաքից (Գալիլեա)։ 2 Թագավորներ 14։23–25-ում կարդում ենք, որ Իսրայելի Հերոբովամ թագավորը ընդլայնեց Իսրայելի սահմանները, ինչպես որ այդ մասին Եհովան Հովնանի միջոցով հայտնել էր։ Ելնելով այս տեղեկությունից՝ Հովնանի մարգարեանալու մոտավոր ժամանակը կարելի է համարել մ.թ.ա. 844-ը՝ այն տարին, երբ Հերոբովամ II-ը գահ բարձրացավ Իսրայելում՝ շատ տարիներ առաջ, նախքան Ասորեստանը, որի մայրաքաղաքը Նինվեն էր, կսկսեր իշխել Իսրայելի վրա։
3. Ի՞նչն է փաստում, որ Հովնանի գրած տեղեկությունները վավերական են։
3 Կասկած չկա, որ Հովնանի գրած տեղեկությունները վավերական են։ «Մեր հավատի.... Կատարելագործողը՝ Հիսուսը», հիշատակեց Հովնանին՝ նրա մասին խոսելով որպես իրական անձնավորության, և Աստծու ոգուց ներշնչված՝ բացատրեց «Հովնան» գրքում նշված երկու իրադարձությունների մարգարեական նշանակությունը՝ այդպիսով ցույց տալով, որ գրքում ճշմարիտ մարգարեություններ են արձանագրված (Եբր. 12։2; Մատթ. 12։39–41; 16։4; Ղուկ. 11։29–32)։ Հրեաները «Հովնան» գիրքը միշտ դասել են կանոնական գրքերի շարքում և այն համարել պատմական արձանագրություն։ Արձանագրության հավաստի լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ Հովնանը սեփական սխալների ու թերությունների մասին անկեղծորեն է խոսում և անգամ չի փորձում թաքցնել դրանք։
4. Ի՞նչ ձուկ էր թերևս կուլ տվել Հովնանին, և ո՞ր տեղեկությունն է բավարար մեզ համար։
4 Իսկ ի՞նչ կարելի է ասել Հովնանին կուլ տված «մեծ ձկան» մասին։ Բազում ենթադրություններ են արվել այն բանի վերաբերյալ, թե ինչ ձուկ կարող էր դա լինել։ Մարդուն ամբողջությամբ կուլ տալ կարող է, օրինակ, կաշալոտը։ Նույնը կարելի է ասել նաև սպիտակ մեծ շնաձկան մասին։ Բայց Աստվածաշունչը ընդամենը ասում է. «Եհովան մի մեծ ձուկ ուղարկեց, որ կուլ տա Հովնանին» (Հովն. 1։17)։ Թե ինչ ձուկ էր դա, ոչինչ չի ասվում այդ մասին։ Հնարավոր չէ ստույգ որոշել՝ արդյոք դա կաշալոտ է եղել, սպիտակ մեծ շնաձուկ, թե դեռևս չհայտնաբերված ծովային կենդանիa։ Մեզ համար լիովին բավարար է Աստվածաշնչի տված այն տեղեկությունը, որ դա եղել է «մի մեծ ձուկ»։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
5. Ինչպե՞ս է Հովնանը արձագանքում իր հանձնարարությանը, և ի՞նչ է լինում արդյունքը։
5 Հովնանին հանձնարարվում է գնալ Նինվե, բայց նա փախչում է (1։1–16)։ «Եհովայի խոսքը եղավ Ամաթի որդի Հովնանին, և նրան ասվեց. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և հայտարարիր, որ նրա չար գործերն ինձ են հասել»» (1։1, 2)։ Արդյոք Հովնանին հաճելի՞ է այս նշանակումը։ Ամենևի՛ն։ Նա փախչում է հակառակ ուղղությամբ և Թարսիս (նույնացնում են Իսպանիայի հետ) գնացող մի նավ է նստում։ Հովնանի նավը մի մեծ փոթորկի մեջ է ընկնում։ Ծովայինները վախենում են, և «յուրաքանչյուրը սկսում է օգնության կանչել իր աստծուն», մինչ Հովնանը քնած է նավի ամենացածր տեղում (1։5)։ Հովնանին արթնացնելուց հետո նրանք վիճակ են գցում՝ փորձելով իմանալ, թե ում պատճառով է այդ աղետը։ Վիճակը Հովնանի վրա է ընկնում։ Այդ ժամանակ նա հայտնում է նրանց, որ եբրայեցի է, երկրպագում է Եհովային և որ փախչում է աստվածատուր հանձնարարությունից։ Մարգարեն նրանց ասում է, որ իրեն վերցնեն ու ծովը գցեն։ Նրանք շարունակում են ջանք թափել, որ անցնեն փոթորկի միջով և որ նավը հետ բերեն ցամաք, սակայն ի վերջո Հովնանին ծովն են գցում։ Ծովի մոլեգնությունը սկսում է դադարել։
6. Ի՞նչ է անում «մեծ ձուկը» Հովնանին։
6 «Մեծ ձուկը» կուլ է տալիս նրան (1։17–2։10)։ «Եհովան մի մեծ ձուկ է ուղարկում, որ կուլ տա Հովնանին, և Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում է մնում» (1։17)։ Նա ջերմեռանդորեն աղոթում է Եհովային ձկան փորից։ «Գերեզմանի փորից» Հովնանը օգնության է կանչում և ասում, որ այն, ինչ երդվել է, կանի, քանի որ «փրկությունը Եհովայից է» (2։2, 9)։ Եհովայի հրամանով ձուկը Հովնանին փսխում է ցամաքի վրա։
7. Որքա՞ն արդյունավետ է լինում Հովնանի քարոզչությունը Նինվեում։
7 Քարոզչությունը Նինվեում (3։1–4։11) Եհովան նորից է պատվեր տալիս Հովնանին։ Վերջինս այլևս չի խուսափում իր նշանակումից և գնում է Նինվե։ Նա ոտքով անցնում է քաղաքի փողոցներով և հայտարարում. «Եվս քառասուն օր, և Նինվեն կտապալվի» (3։4)։ Նրա քարոզչությունը արդյունքներ է բերում։ Նինվեով զղջման ալիք է անցնում, և ժողովուրդը հավատ է ընծայում Աստծուն։ Թագավորը հրամայում է, որ թե՛ մարդիկ, թե՛ անասունները ծոմ պահեն և քրձով ծածկվեն։ Եհովան ողորմածաբար խնայում է քաղաքը։
8. Ինչպե՞ս է արձագանքում Հովնանը այն բանին, որ Եհովան ողորմություն է դրսևորում քաղաքի հանդեպ, և ինչպե՞ս է Եհովան բացահայտում մարգարեի հակասական էությունը։
8 Հովնանը չի կարողանում հանդուրժել դա։ Նա Եհովային ասում է, որ սկզբից էլ գիտեր, որ նա ողորմություն է դրսևորելու և այդ պատճառով փախավ Թարսիս։ Հովնանը մեռնել է ուզում։ Խիստ վրդովված՝ նա իր համար տաղավար է շինում քաղաքի արևելյան կողմում, որ նստի ու տեսնի, թե ինչ է լինելու։ Եհովան շշադդում է աճեցնում, որ այն ստվեր գցի իր մռայլ մարգարեի գլխին։ Հովնանի ուրախությունը կարճ է տևում։ Հաջորդ առավոտ Եհովան այնպես է անում, որ մի որդ փչացնի բույսը, ու մարգարեն այլևս չի կարողանում պաշտպանվել արևելյան տոթակեզ քամուց և բարկ արևից։ Եվ կրկին Հովնանը մեռնել է ուզում։ Ինքնավստահորեն նա արդարացնում է իր բարկությունը։ Եհովան ցույց է տալիս, թե որքան հակասական է Հովնանը. նա ափսոսում է մեկ դդմենին, բայց բարկանում է, որ Եհովան խղճաց Նինվե մեծ քաղաքին։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
9. Հովնանի ինչպիսի՞ տրամադրվածությունն ու գործելակերպը պետք է նախազգուշացում լինեն մեզ համար։
9 Հովնանի գործելակերպը և դրա հետևանքները պետք է նախազգուշացում լինեն մեզ համար։ Նա փախավ՝ խուսափելով Աստծուց ստացած իր առաջադրանքը կատարելուց։ Փոխարենը՝ պետք է կատարեր իր հանձնարարությունը և վստահ լիներ, որ Աստված կաջակցի իրեն (Հովն. 1։3; Ղուկ. 9։62; Առակ. 14։26; Ես. 6։8)։ Նինվեի հակառակ ուղղությամբ գնալով՝ Հովնանը բացասական մտքերի ազդեցության տակ վախեցավ ծովայիններին ասելուց, որ ինքը «երկնքի Աստված Եհովայի» ծառան է։ Նա կորցրել էր համարձակությունը (Հովն. 1։7–9; Եփես. 6։19, 20)։ Երբ Եհովան ողորմություն դրսևորեց Նինվեի հանդեպ, Հովնանը եսասիրաբար դա անձնական վիրավորանք համարեց։ Փորձելով արդարանալ՝ նա Եհովային ասաց, թե սկզբից գիտեր, որ այդպես պետք է լինի. այդ դեպքում ինչո՞ւ Եհովան նրան ուղարկեց Նինվե՝ մարգարեանալու։ Հովնանը հանդիմանվեց իր անհարգալից ու դժգոհ վերաբերմունքի համար, իսկ մենք պետք է դաս քաղենք այս դեպքից, չքննադատենք Եհովային ու սխալ չփնտրենք նրա գործելակերպի մեջ, որ ողորմություն է դրսևորում կամ վարվում է այնպես, ինչպես ինքն է ուզում (Հովն. 4։1–4, 7–9; Փիլիպ. 2։13, 14; 1 Կորնթ. 10։10)։
10. «Հովնան» գրքում ինչպե՞ս են աչքի ընկնում Եհովայի սիրառատ բարությունն ու ողորմությունը։
10 «Հովնան» գրքում ամենից առավել աչքի են ընկնում Եհովայի այնպիսի վեհ հատկություններ, ինչպիսիք սիրառատ բարությունն ու ողորմությունն են։ Սիրառատ բարությունից մղված՝ Եհովան իր մարգարեին ուղարկեց զգուշացնելու Նինվեի բնակիչներին վերահաս կործանման մասին։ Բայց երբ նրանք հետ կանգնեցին իրենց չար ճանապարհից, նա պատրաստակամորեն ողորմեց նրանց։ Աստծու ողորմության շնորհիվ Նինվեն շարունակեց գոյություն ունենալ երկու հարյուր տարուց ավելի՝ մինչև մոտավորապես մ.թ.ա. 632-ը, երբ քաղաքը կործանվեց մարերի և բաբելոնացիների կողմից։ Եհովան գթաց նաև Հովնանին՝ դուրս բերելով նրան փոթորկալից ծովից, և շշադդում աճեցրեց, որպեսզի «թշվառ վիճակից հանի նրան»։ Հովնանի համար արևից պաշտպանող դդմենին աճեցնելով և հետո այն չորացնելով՝ Եհովան ցույց տվեց, որ ինքն է որոշում, թե ինչպես ողորմություն ու բարություն գործադրել (Հովն. 1։2; 3։2–4, 10; 2։10; 4։6, 10, 11)։
11. Ո՞րն է «Հովնան մարգարեի նշանը»։
11 Մատթեոս 12։38–41 համարներում կարդում ենք այն մասին, թե Հիսուսն ինչպես է կրոնական առաջնորդներին ասում, որ նրանց միայն «Հովնան մարգարեի նշանը» կտրվի։ Հովնանը «նշան» դարձավ նինվեցիների համար այն առումով, որ նախքան Նինվե գնալը նա ազատվել էր «գերեզմանի փորից», որտեղ անցկացրել էր երեք օր ու գիշեր (Հովն. 1։17; 2։2; 3։1–4)։ Նմանապես և Հիսուսը երեք ոչ լրիվ օր գերեզմանի մեջ լինելուց հետո հարություն առավ։ Երբ նրա աշակերտները վկայություն տվեցին հարության մասին, Հիսուսը նշան դարձավ այդ ժամանակվա սերնդի համար։ Հաշվի առնելով հրեաների ժամանակի հաշվման համակարգը, ինչպես նաև, թե ինչ է հայտնի Հիսուսի մահվան ու հարության ժամանակի վերաբերյալ՝ կարելի է եզրակացնել, որ «երեք օր ու երեք գիշեր» ժամանակահատվածը հավանաբար ոչ լրիվ երեք օրեր ենb։
12. ա) Ուրիշ ի՞նչ Հիսուսն ասաց նինվեցիների ու իր սերնդակից հրեաների մասին։ բ) Ինչպե՞ս հայտնվեց «Հովնանից էլ մեծը», և ի՞նչ կապ նա ունի Եհովայի Թագավորության ու փրկության հետ։
12 Շարունակելով զրույցը՝ Հիսուսը Նինվեի բնակիչների զղջումը հակադրեց հրեաների կարծրասրտությանը և բացահայտ ատելությանը, որ դրսևորել էին իր հանդեպ ծառայության ընթացքում։ Ահա թե ինչ ասաց նա. «Նինվեի մարդիկ հարություն կառնեն այս սերնդի հետ դատաստանի ժամանակ և կդատապարտեն նրան, քանի որ իրենք զղջացին, երբ լսեցին, թե ինչ էր քարոզում Հովնանը. բայց Հովնանից էլ մեծն է այստեղ» (տե՛ս նաև Մատթեոս 16։4 և Ղուկաս 11։30, 32)։ «Հովնանից էլ մեծն է այստեղ». ի՞նչ էր Հիսուսն ուզում ասել այս խոսքերով։ Նա իրեն նկատի ուներ որպես բոլոր ժամանակների մեծագույն մարգարեի, որին Եհովան ուղարկել էր քարոզելու. «Զղջացե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթ. 4։17)։ Բայցևայնպես, այդ սերնդին պատկանող հրեաների մեծամասնությունը մերժեց «Հովնան մարգարեի նշանը»։ Իսկ ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքն այսօր։ Թեև մեծամասնությունը չի լսում Եհովայի նախազգուշացումները, սակայն ողջ աշխարհում հազարավոր մարդիկ ականջ են դնում Աստծու Թագավորության բարի լուրին, որի մասին քարոզել է «մարդի Որդի» Հիսուսը։ Ինչպես որ զղջամիտ նինվեցիները օրհնվեցին Հովնանի քարոզչության շնորհիվ, այնպես էլ այս մարդիկ կարող են օրհնվել ու մտնել հավիտենական կյանքի դռնով, որը բացվել է Եհովայի առատաձեռնության ու ողորմության շնորհիվ, քանի որ «փրկությունը Եհովայից է» (Հովն. 2։9)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 99, 100 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 593 (անգլ.)։