Եհովան երկայնամիտ Աստված է
«Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով» (Ելից 34:6):
1, 2. ա) Անցյալում ո՞ւմ է օգուտ բերել Եհովայի երկայնամտությունը։ բ) Ինչպե՞ս կբացատրեիք «երկայնամտություն» բառի իմաստը։
ԹԵԵՎ նրանք բոլորն էլ տարբեր հանգամանքներում էին գտնվում, այնուհանդերձ օգուտներ քաղեցին Եհովայի այդ նույն գեղեցիկ հատկությունից՝ երկայնամտությունից։ Դրանք Նոյի ժամանակակիցներն էին, Մովսեսի գլխավորությամբ անապատով անցնող իսրայելացիները, ինչպես նաև այն հրեաները, որոնք ապրում էին Հիսուսի՝ երկրի վրա գտնվելու ժամանակ։ Աստծո կողմից երկայնամտության դրսևորումը ոմանց համար կյանքի գին ունեցավ։ Եհովայի այդ հատկությունը մեզ համար նույնպես կարող է նման արժեք ունենալ։
2 Ի՞նչ է երկայնամտությունը։ Ե՞րբ է Եհովան ցույց տալիս այդ հատկությունը և ինչո՞ւ։ «Երկայնամտություն» բառն իր մեջ կրում է հետևյալ իմաստը. սխալ բանին կամ սադրանքին համբերել և միաժամանակ շարունակել հուսալ, որ խաթարված հարաբերությունները կբարելավվեն։ Ուստի կարելի է ասել, որ այս հատկութունը դրսևորելն աննպատակ չէ։ Այս հատկությունը դրսևորողը, մասնավորապես, փնտրում է տհաճ կացություն ստեղծողի բարօրությունը։ Այնուամենայնիվ, երկայնամիտ լինել՝ չի նշանակում մատների արանքով նայել սխալին։ Երբ հասնում են երկայնամիտ լինելու նպատակին, կամ երբ այլևս հանդուրժելու հիմք չկա, այդ հատկության ցուցաբերման անհրաժեշտությունը վերանում է։
3. Ինչո՞ւ է Եհովան երկայնամտություն դրսևորում ու մինչև ե՞րբ է այդպես վարվելու։
3 Թեպետև մարդիկ կարող են երկայնամիտ լինել, բայց Եհովան է հանդիսանում այս հատկության դրսևորման գլխավոր օրինակը։ Այն ժամանակից ի վեր, ինչ խաթարվեցին Եհովայի և իր ստեղծած մարդկանց միջև հարաբերությունները, մեր Արարիչը համբերություն է դրսևորել ու միջոց է ապահովել, որպեսզի զղջամիտ մարդիկ կարողանան բարելավել իրենց հարաբերությունները նրա հետ (Բ Պետրոս 3:9; Ա Յովհաննէս 4:10): Բայց երբ Աստծո երկայնամտությունը հասնի իր նպատակին, նա դուրս է գալու գիտակցաբար մեղանչողների դեմ՝ դրանով իսկ վերջ դնելով ներկա ամբարիշտ համակարգին (Բ Պետրոս 3:7):
Ներդաշնակ է Աստծո հիմնական հատկություններին
4. ա) Ինչպե՞ս է երկայնամտության գաղափարն արտահայտված Եբրայերեն գրություններում (տեսեք նաև ծանոթագրությունը)։ բ) Ինչպե՞ս է Նաում մարգարեն նկարագրում Եհովային, և այդ նկարագրությունը ի՞նչ է երևան հանում Եհովայի երկայնամտության մասին։
4 Եբրայերեն գրություններում «երկայնամտություն» հասկացությունը արտահայտվում է երկու եբրայերեն բառերով, որոնք բառացի նշանակում են՝ «ռնգերի երկարություն» և Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» մեջ թարգմանվել են հետևյալ իմաստով. «չշտապել բարկանալ»։a Խոսելով Աստծո երկայնամտության մասին՝ Նաում մարգարեն ասաց. «Տէրը երկայնամիտ է [«չի շտապում բարկանալ», ՆԱ] եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին» (Նաում 1:3): Այստեղից երևում է, որ Եհովայի երկայնամտությունը թուլության նշան չէ և իր սահմաններն ունի: Այն փաստը, որ ամենակարող Աստված «չի շտապում բարկանալ» և միևնույն ժամանակ «մեծազոր» է, ցույց է տալիս, որ նրա երկայնամտությունը արդյունք է նպատակային զսպվածության: Նա իշխանություն ունի պատժելու, բայց կանխամտածված կերպով ետ է կանգնում անմիջապես այդ քայլին դիմելուց, որպեսզի մեղավորը հնարավորություն ունենա փոխվելու (Եզեկիէլ 18:31, 32): Ուստի՝ Եհովայի երկայնամտությունը սիրո արտահայտություն է և ցույց է տալիս, թե ինչպիսի իմաստությամբ է նա գործածում իր զորությունը:
5. Ինչպե՞ս է Եհովայի երկայնամտությունը ներդաշնակ իր արդարությանը։
5 Եհովայի երկայնամտությունը ներդաշնակ է նաև իր արդարությանը։ Նա Մովսեսին ներկայացավ՝ որպես «Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» (Ելից 34:6): Տարիներ անց Մովսեսը երգով փառաբանեց Եհովային. «Նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32:4): Այո՛, Եհովայի ողորմածությունը, երկայնամտությունը և արդարությունը միասին են դրսևորվում՝ իրար ներդաշնակ:
Եհովայի երկայնամտությունը Ջրհեղեղից առաջ
6. Երկայնամտություն արտահայտող ի՞նչ նշանակալի քայլ է արել Եհովան Ադամի ու Եվայի հետնորդների համար։
6 Եդեմի պարտեզում ըմբոստանալով Աստծո դեմ՝ Ադամն ու Եվան խզեցին իրենց սիրառատ Արարչի՝ Եհովայի հետ ունեցած թանկագին հարաբերությունները (Ծննդոց 3:8–13, 23, 24): Այս օտարացումը տարածվեց նաև իրենց սերունդների վրա, որոնք ժառանգեցին մեղքը, անկատարությունը և մահը (Հռովմայեցիս 5։17–19)։ Թեպետ առաջին մարդիկ գիտակցաբար մեղանչեցին իր դեմ, Եհովան, այնուամենայնիվ, նրանց թույլ տվեց երեխաներ ունենալ։ Հետագայում նա սիրով քայլեր ձեռնարկեց, որպեսզի Ադամի ու Եվայի հետնորդները կարողանային հաշտվել իր հետ (Յովհաննէս 3։16, 36)։ Պողոս առաքյալը բացատրեց. «Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ։ Այժմ, որ մենք արդարացուած ենք նրա արեամբ, որչա՜փ եւս առաւել նրանով փրկուած պիտի լինենք այդ բարկութիւնից. որովհետեւ, եթէ, մինչ թշնամի էինք, հաշտուեցինք Աստծու հետ նրա Որդու մահուամբ, որչա՜փ եւս առաւել, երբ արդէն հաշտուած ենք, փրկուած պիտի լինենք նրա կեանքով» (Հռովմայեցիս 5։8–10)։
7. Ինչպե՞ս է Եհովան երկայնամտություն ցուցաբերել նախքան Ջրհեղեղը, և ինչո՞ւ էր արդարացված նախաջրհեղեղյան սերնդի ոչնչացումը:
7 Եհովան երկայնամտություն ցուցաբերեց Նոյի օրերում: Ջրհեղեղից դեռ ավելի քան մեկ դար առաջ «Աստուած տեսաւ երկիրը, եւ ահա ապականուած էր, որովհետեւ ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ» (Ծննդոց 6։12)։ Բայցևայնպես որոշ ժամանակ Եհովան երկայնամտություն հանդես բերեց մարդկության նկատմամբ: Նա ասաց. «Իմ հոգին մարդի վերայ միշտ չ’մնայ, այն պատճառով որ նա մարմին է. այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին» (Ծննդոց 6։3)։ Այդ տարիները հավատարիմ Նոյին հնարավորություն տվեցին կին և երեխաներ ունենալ և, տեղեկանալով Աստծո պատվերին, տապան կառուցել ու նախազգուշացնել վերահաս ջրհեղեղի մասին իր ժամանակակիցներին։ Պետրոս առաքյալը գրեց. «Աստծու համբերատարութիւնը [հատկություն, որը կապված է երկայնամտության հետ] երկարաձգւում էր.... մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում։ Այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից» (Ա Պետրոս 3։20): Բացի Նոյի ընտանիքից, ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա քարոզչությանը (Մատթէոս 24։38, 39)։ Սակայն Եհովան, պատվիրելով Նոյին տապան կառուցել և ծառայել թերևս մի քանի տասնամյակ որպես ‘արդարության քարոզիչ’, այն օրերի մարդկանց մեծ հնարավորություն ընձեռեց զղջալու, թողնելու իրենց չարագործությունները և ծառայելու իրեն (Բ Պետրոս 2։5; Եբրայեցիս 11։7)։ Այդ չար սերնդի վերջնական ոչնչացումը լրիվ արդարացված էր։
Օրինակելի երկայնամտություն Իսրայելի հանդեպ
8. Ինչպե՞ս Եհովան երկայնամտություն ցուցաբերեց իսրայել ժողովրդի հանդեպ:
8 Եհովայի երկայնամտությունը իսրայելացիների հանդեպ 120 տարուց շատ ավելի երկար տևեց։ Նրանց՝ որպես Աստծո ընտրյալ ժողովրդի ավելի քան 1 500 տարվա պատմության մեջ համեմատաբար քիչ են եղել ժամանակներ, երբ իրենք Աստծո երկայնամտությունը ծայրաստիճան փորձի չեն ենթարկել։ Ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ հրաշքով ազատվեցին Եգիպտոսի գերությունից, նրանք դարձան դեպի կռապաշտության՝ դրանով իսկ անասելի անարգանք հասցնելով իրենց Փրկչին (Ելից 32։4; Սաղմոս 106։21)։ Հետագա տասնամյակների ընթացքում իսրայելացիները գանգատվում էին այն կերակրից, որը Եհովան հրաշքով տալիս էր նրանց անապատում, տրտնջում էին Մովսեսի, Ահարոնի և հենց իր՝ Եհովայի դեմ, պոռնկություն գործեցին հեթանոսների հետ և նույնիսկ մասնակցեցին Բահաղի պաշտամունքին (Թուոց 11։4–6; 14:2–4; 21:5; 25:1–3; Ա Կորնթացիս 10:6–11): Եհովան արդարացիորեն կարող էր ոչնչացնել իր ժողովրդին, բայց դրա փոխարեն երկայնամտություն ցուցաբերեց (Թուոց 14։11–21)։
9. Ինչպե՞ս է Եհովան ապացուցել, որ երկայնամիտ Աստված է եղել դատավորների և թագավորների ժամանակներում։
9 Դատավորների ժամանակներում իսրայելացիները բազմիցս կռապաշտության էին դիմում, Եհովան էլ չէր պաշտպանում նրանց՝ թողնելով թշնամիների դեմ անօգնական: Բայց երբ զղջում ու իրեն օգնության էին կանչում, նա երկայնամտություն էր ցուցաբերում և դատավորներ ուղարկում՝ փրկելու նրանց (Դատաւորաց 2։17, 18)։ Թագավորների բավական երկարատև կառավարման շրջանում նրանցից քչերը բացարձակ նվիրվածություն հանդես բերեցին Եհովայի հանդեպ։ Բայց նույնիսկ հավատարիմ թագավորների օրոք ժողովուրդը հաճախ ճշմարիտ պաշտամունքին զուգակցում էր կեղծը։ Երբ Եհովան մարգարեներ էր ուղարկում՝ նախազգուշացնելու ժողովրդին իրենց անհավատարմության համար, նրանք սովորաբար նախընտրում էին լսել կաշառակեր քահանաներին ու սուտ մարգարեներին (Երեմիա 5։31; 25։4–7)։ Ավելին, իսրայելացիները հետապնդում էին Եհովայի հավատարիմ մարգարեներին և դեռ մի քանիսին էլ սպանեցին (Բ Մնացորդաց 24։20, 21; Գործք 7։51, 52)։ Այդուհանդերձ, Եհովան շարունակում էր երկայնամիտ լինել (Բ Մնացորդաց 36։15)։
Եհովայի երկայնամտությունը չի սպառվել
10. Ե՞րբ Եհովայի երկայնամտությունը հասավ իր սահմանին։
10 Պատմությունը, այնուամենայնիվ, վկայում է, որ Աստծո երկայնամտությունը սահման ուներ։ Մ.թ.ա. 740–ին նա ասորեստանցիներին թույլ տվեց հաղթել Իսրայելի տասցեղյան թագավորությանը և նրա բնակիչներին գերության տանել (Դ Թագաւորաց 17։5, 6)։ Իսկ հաջորդ դարավերջին նա թույլ տվեց բաբելոնացիներին ներխուժել Հուդայի երկցեղյան թագավորություն և ավերել Երուսաղեմն իր տաճարի հետ միասին (Բ Մնացորդաց 36։16–19):
11. Նույնիսկ իր ժողովրդին պատժելիս ինչպե՞ս է Եհովան երկայնամտություն ցուցաբերել:
11 Թեև Եհովան պատժեց Իսրայելին ու Հուդային, այնուամենայնիվ չդադարեց երկայնամիտ լինել։ Երեմիա մարգարեի միջոցով նա կանխագուշակեց իր ընտրյալ ժողովրդի վերականգնումը։ Եհովան ասաց. «Հէնց որ լրացաւ եօթանասուն տարին Բաբիլոնի համար, ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խօսքը, որ ձեզ ետ բերեմ այս տեղը։ Եւ ես կ’գտնուիմ ձեզ համար.... եւ ետ կ’դարձնեմ ձեր գերութիւնը եւ կ’ժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ» (Երեմիա 29։10, 14)։
12. Մեսիայի գալու հետ կապված՝ Աստված ինչպե՞ս առաջնորդեց հրեա մնացորդի վերադարձը Հուդա։
12 Աքսորյալ հրեաներից մի մնացորդ իսկապես վերադարձավ Հուդա և վերականգնեց Եհովայի երկրպագությունը Երուսաղեմում՝ նրա վերակառուցված տաճարում։ Եհովայի նպատակների իրագործման մեջ այս մնացորդը «Տիրոջ կողմից եկած ցօղին պէս» էր լինելու, որը թարմություն և բարգավաճում է բերում։ Նրանք նաև լինելու էին քաջ և ուժեղ, «ինչպէս առիւծն անտառի անասունների [«գազաններուն», Արևմտ. Աստ.] մէջ» (Միքիա 5։7, 8)։ Այս վերջին համեմատությունը թերևս կատարվել է Մակաբայեցիների իշխանության շրջանում, երբ հրեաները, Մակաբայեցի ընտանիքի առաջնորդության ներքո, դուրս վռնդեցին թշնամիներին Ավետյաց երկրից և տաճարը վերանվիրեցին, քանի որ այն պղծվել էր։ Այսպիսով՝ երկիրն ու տաճարը պահպանվեցին, որպեսզի մեկ այլ հավատարիմ մնացորդ կարողանար ողջունել Աստծո Որդուն, երբ նա կհայտնվեր որպես Մեսիա (Դանիէլ 9։25; Ղուկաս 1։13–17, 67–79; 3:15, 21, 22):
13. Նույնիսկ այն բանից հետո, երբ հրեաները սպանեցին իր Որդուն, Եհովան ինչպե՞ս շարունակեց նրանց հանդեպ երկայնամիտ լինել։
13 Նույնիսկ այն բանից հետո, երբ հրեաները սպանեցին իր Որդուն, Եհովան երեք ու կես տարի շարունակեց նրանց հանդեպ երկայնամիտ լինել՝ բացառիկ հնարավորություն ընձեռելով նրանց կանչվելու և մաս կազմելու Աբրահամի հոգևոր սերնդին (Դանիէլ 9։27)։b Նախքան մ.թ. 36–ը և դրանից հետո որոշ հրեաներ ընդունեցին այդ հրավերը, այնպես որ, ինչպես ավելի ուշ Պողոսն ասաց, ‘շնորհով ընտրված մի մնացորդ կար’ (Հռովմայեցիս 11։5, Արևմտ. Աստ.):
14. ա) Մ.թ. 36–ին ո՞ւմ հրաշալի հնարավորություն ընձեռվեց՝ դառնալու Աբրահամի հոգևոր սերնդի մի մասը։ բ) Ինչպե՞ս Պողոսն արտահայտվեց այն մասին, թե ինչպես է Եհովան ընտրում հոգևոր Իսրայելի անդամներին։
14 Մ.թ. 36–ին առաջին անգամ Աբրահամի հոգևոր սերնդի մաս դառնալու հրաշալի հնարավորություն ընձեռվեց նրանց, ովքեր ո՛չ հրեաներ էին, ո՛չ էլ պրոզելիտներ։ Եհովան իր շնորհը տվեց բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքեցին այդ հրավերին, ինչպես նաև նրանց հանդեպ երկայնամտություն ցուցաբերեց (Գաղատացիս 3։26–29; Եփեսացիս 2։4–7)։ Եհովայի ողորմած երկայնամտության ետևում, որի միջոցով նա ամբողջացնում է հոգևոր Իսրայելին մաս կազմողների թիվը, ընկած են իր իմաստությունն ու նպատակները, որոնց վերաբերյալ Պողոսը իր խոր երախտագիտությունն է արտահայտում. «Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան։ Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, եւ անզննելի՝ նրա ճանապարհները» (Հռովմայեցիս 11։25, 26, 33; Գաղատացիս 6:15, 16):
Երկայնամտություն հանուն իր անվան
15. Հիմնականում ինչո՞ւ է Աստված երկայնամտություն ցուցաբերում, և ո՞րն է այն հարցը, որի լուծման համար ժամանակ է պահանջվում:
15 Ինչո՞ւ է Եհովան երկայնամտություն ցուցաբերում: Հիմնականում այն պատճառով, որ փառաբանվի իր սուրբ անունը ու արդարացվի իր գերիշխանությունը (Ա Թագաւորաց 12։20–22)։ Սատանան հարց բարձրացրեց Եհովայի իշխելու կերպի մասին։ Ամբողջ ստեղծագործությունն էր նայում, և ժամանակ էր պահանջվում այդ խնդրին բավարար լուծում տալու համար (Յոբ 1։9–11; 42:2, 5, 6): Այդ պատճառով էր, որ, երբ իր ժողովուրդը ճնշվում էր Եգիպտոսում, Եհովան ասաց փարավոնին. «Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում» (Ելից 9։16, ԷԹ)։
16. ա) Ինչպե՞ս է Եհովայի երկայնամտությունը հնարավոր դարձրել, որ հանուն իր անվան մի ժողովուրդ կազմավորվի։ բ) Ինչպե՞ս է Եհովայի անունը սրբացվելու և գերիշխանությունը՝ արդարացվելու։
16 Պողոս առաքյալը մեջբերեց Եհովայի՝ փարավոնին ուղղված խոսքերը, երբ բացատրում էր Աստծո երկայնամտության դերը Իր սուրբ անվան փառաբանման մեջ։ Ապա գրեց. «Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին. եւ որ յայտնի ցոյց տա իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար. որ մեզ էլ կանչեց, ոչ թէ միայն Հրեաներից, այլ հեթանոսներից էլ. Ինչպէս եւ ասում է Ովսէի գրքում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ» (Հռովմայեցիս 9։17, [22–24, ԱԹ], 25): Քանի որ Եհովան երկայնամտություն էր ցուցաբերում, նա կարող էր ազգերի միջից «ժողովուրդ առնէ[լ] իր անունի համար» (Գործք 15։14, ԱԹ)։ Իրենց Առաջնորդի՝ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ այս «սուրբերը» ժառանգորդներն են այն Թագավորության, որի միջոցով Եհովան սրբացնելու է իր մեծ անունը ու արդարացնելու է իր գերիշխանությունը (Դանիէլ 2։44; 7։13, 14, 27; Յայտնութիւն 4։9–11; 5։9, 10)։
Եհովայի երկայնամտությունը փրկարար է
17, 18. ա) Ի՞նչ անելով մենք ակամա կքննադատենք Եհովային իր երկայնամտության համար։ բ) Մեզ հորդոր է տրվում ինչպե՞ս դիտել Եհովայի երկայնամտությունը։
17 Այն ժամանակից, ինչ մարդկությունը մեղքի չարաբաստիկ գիրկն է ընկել, մինչև այսօր Եհովան իրեն դրսևորել է որպես երկայնամիտ Աստված։ Ջրհեղեղից առաջ նրա երկայնամտությունը թույլ տվեց, որ մարդիկ ինչպես հարկն է նախազգուշացվեն, ինչպես նաև փրկության միջոց կառուցվի։ Բայց երբ նրա համբերությունը հասավ իր սահմանին, սկսվեց ջրհեղեղը։ Նմանապես և այսօր Եհովան մեծ երկայնամտություն է ցուցաբերում, ինչը գուցե ավելի երկար է տևում, քան ոմանք ակնկալում են: Ինչևէ, սա հուսահատվելու պատճառ չէ: Եթե հուսահատվեինք, ապա դա հավասարազոր կլիներ Աստծուն քննադատելուն իր երկայնամիտ լինելու համար: Պողոսը հարցրեց. «Նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չ’գիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում» (Հռովմայեցիս 2։4, ԱԹ)։
18 Մեզանից ոչ ոք չի կարող ստույգ իմանալ, թե Աստված դեռ ինչքան պետք է մեր նկատմամբ երկայնամտություն հանդես բերի, որպեսզի վստահ լինենք, որ նա հավանում է մեզ ու փրկություն կտա։ Պողոսը խորհուրդ է տալիս, որ ‘ահով և դողով մենք մեր փրկության համար աշխատենք’ (Փիլիպպեցիս 2։12)։ Պետրոս առաքյալը գրեց իր հավատակիցներին. «Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3։9)։
19. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել Եհովայի երկայնամտությունից:
19 Ուստի եկեք անհամբեր չլինենք Եհովայի գործելակերպի առնչությամբ, այլ, դրա փոխարեն, հետևենք Պետրոսի խորհրդին՝ ‘Տիրոջ համբերատարությունը փրկություն համարենք’։ Ո՞ւմ փրկության մասին է խոսքը։ Մեր, և, ավելի լայն իմաստով, այն անհամար մարդկանց, ովքեր դեռ կարիք ունեն լսելու «արքայութեան այս Աւետարանը» (Բ Պետրոս 3։15; Մատթէոս 24:14): Սա կօգնի մեզ բարձր գնահատել Եհովայի՝ առատաձեռնորեն ցուցաբերած երկայնամտությունը և կմղի մեզ ինքներս երկայնամիտ լինելու ուրիշների հանդեպ:
[ծանոթագրություններ]
a «Քիթ» կամ «ռունգ» թարգմանված բառը (’աֆ) եբրայերենում հաճախ փոխաբերական իմաստով է կիրառվում բարկությունը նշելու համար։ Պատճառն այն է, որ զայրացած մարդը ծանր է շնչում կամ փնչացնում է։
b Այս մարգարեության լրացուցիչ բացատրության մասին կարող եք կարդալ «Ուշադրութիւն ընծայեցէ՛ք Դանիէլի մարգարէութեան» գրքում (էջ 191–194)՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչ է նշանակում «երկայնամտություն» բառը Աստվածաշնչում:
• Ինչպե՞ս է Եհովան երկայնամիտ եղել Ջրհեղեղից առաջ, բաբելոնյան գերությունից հետո և առաջին դարում։
• Ի՞նչ կարևոր պատճառներով է Եհովան երկայնամտություն ցուցաբերել:
• Ինչպե՞ս պետք է դիտենք Եհովայի երկայնամտությունը։
[նկար 9–րդ էջի վրա]
Ջրհեղեղից առաջ Եհովայի ցուցաբերած երկայնամտությունը մարդկանց զղջալու հրաշալի հնարավորություն ընձեռեց
[նկար 10–րդ էջի վրա]
Բաբելոնի անկումից հետո Եհովայի երկայնամտությունը օգուտ բերեց հրեաներին
[նկար 11–րդ էջի վրա]
Առաջին դարում Եհովայի երկայնամտությունը օգուտ բերեց թե՛ հրեաներին և թե՛ ոչ հրեաներին
[նկարներ 12–րդ էջի վրա]
Այսօր Եհովայի երկայնամտությունը օգուտ է բերում քրիստոնյաներին