ԳԼՈՒԽ 14
«Օրհնություն, մինչև որ էլ տեղ չլինի»
1, 2. ա) Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը ճիշտ ընտրություն կատարել։ բ) Ո՞ր մարգարեության կատարումը մեզ օրհնություններ կբերի։
ՄԵՆՔ ապրում ենք դատաստանի և օրհնության, կրոնական անկման և հոգևոր վերականգնման ժամանակներում։ Անկասկած, ուզում ես ունենալ այն օրհնությունները, որը կբերի հոգևոր վերականգնումը հիմա և ապագայում։ Իսկ ինչպե՞ս կարող ես համոզված լինել, որ այդ օրհնություններն անպայման կլինեն։ Այս հարցի պատասխանը գտնում ենք այն մարգարեության մեջ, որը իր մեծ կատարումն ունեցավ 1914-ին, երբ սկսվեցին «վերջին օրերը» (2 Տիմոթեոս 3։1)։ Մաղաքիան մարգարեացել էր. ««Հանկարծակի իր տաճար կգա ճշմարիտ Տերը [Եհովան], որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք փափագով սպասում եք։ Նա կգա»,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (Մաղաքիա 3։1)։
2 Այս մարգարեությունը, որը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար, գտնվում է 12 մարգարեական գրքերից վերջինում։ Ավարտելով այդ գրքերի ուսումնասիրությունը՝ ուշադրություն դարձնենք Մաղաքիայի խոսքերին։ Նրա գիրքը կարևոր հորդոր է պարունակում, ինչի շնորհիվ դու և Եհովայի մյուս ծառաները կստանաք այնքան «օրհնություն.... մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղաքիա 3։10)։ Այժմ մանրամասնորեն քննենք Մաղաքիա 3-րդ գլուխը։
ՀՈԳԵՎՈՐ ՄԱՔՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
3. Ինչո՞ւ հին Իսրայել ազգի փոխարեն ընտրվեց «Աստծու Իսրայելը»։
3 Մաղաքիայի օրերից մոտ հինգ դար անց Եհովան իր ներկայացուցչի՝ Քրիստոսի (Աստծու «[աբրահամական] ուխտի պատգամաբերի») միջոցով եկավ Երուսաղեմի տաճար, որպեսզի դատի իր ժողովրդին, որի հետ ուխտի մեջ էր։ Ընդհանուր առմամբ այդ ազգը արժանի չեղավ, որ Եհովան շարունակեր իր հաճությունը ցույց տալ վերջինի հանդեպ, ուստի Աստված մերժեց նրան (Մատթեոս 23։37, 38)։ Այդ մասին է վկայում այն, ինչ տեղի ունեցավ 70 թ.-ին։ Մենք բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ Աստված ընտրեց մի հոգևոր ժողովրդի՝ «Աստծու Իսրայելին», որը կազմված էր լինելու 144 000 հոգուց ու հավաքվելու էր բոլոր ազգերից (Գաղատացիներ 6։16; Հռոմեացիներ 3։25, 26)։ Բայց Մաղաքիայի մարգարեությունն այսքանով չի ավարտվում։ Այն վերաբերում է նաև մեր օրերին, և դրա կատարումից է կախված, թե արդյոք դու կստանաս այնքան օրհնություն, «մինչև որ էլ տեղ չլինի»։
4. Ի՞նչ հարցի պետք է պատասխան տրվեր, երբ 1914 թ.-ին Հիսուսը թագավոր դարձավ։
4 Աստվածաշնչյան մարգարեության կատարումը հաստատում է, որ 1914 թ.-ին Հիսուս Քրիստոսը նշանակվեց Եհովայի երկնային Թագավորության Թագավոր։ Այնուհետև եկավ ժամանակը որոշելու, թե քրիստոնյաների որ խումբն է արժանանալու Աստծու հավանությանը։ Ո՞վ էր փաստելու, որ մաքուր է հոգևոր առումով։ Այս հարցի պատասխանը գտնելու համար կարող ենք ուշադրություն դարձնել Մաղաքիայի խոսքերին. «Ո՞վ կդիմանա նրա գալու օրվան, ո՞վ կանգուն կմնա, երբ նա հայտնվի։ Չէ՞ որ նա զտողի կրակի պես կլինի» (Մաղաքիա 3։2)։ Ե՞րբ և ինչպե՞ս Եհովան եկավ իր «տաճար»՝ դատելու։
5, 6. ա) Երբ Եհովան եկավ իր հոգևոր տաճարը ստուգելու, ի՞նչ գտավ այսպես կոչված քրիստոնյաների մեծամասնության մեջ։ բ) Աստծու օծյալ քրիստոնյաները ինչի՞ կարիքն ունեին։
5 Հստակ է, որ Աստված չեկավ քարից պատրաստված մի տաճար։ Ճշմարիտ երկրպագության համար նախատեսված վերջին քարե տաճարը ավերվել էր 70 թ.-ին։ Եհովան եկավ հոգևոր տաճար՝ մի կառույց, որը հնարավորություն է տալիս մարդկանց երկրպագելու Աստծուն ու Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա մոտենալու նրան (Եբրայեցիներ 9։2–10, 23–28)։ Քրիստոնյա աշխարհի եկեղեցիները չէ, որ կազմում էին այս հոգևոր տաճարը, քանի որ նրանք կրոնական համակարգի մի մասն էին, որը մեղավոր է արյունահեղությունների և հոգևոր պոռնկություն անելու մեջ։ Ավելին, այդ եկեղեցիները կեղծ ուսմունքներ էին սովորեցնում։ Եհովան «պատրաստակամորեն վկայություն տվեց» նրանց դեմ, և նրա դատավճիռն, ինչ խոսք, արդար էր (Մաղաքիա 3։5)։ Սակայն Աստծու Թագավորության հաստատումից հետո ի հայտ եկավ ճշմարիտ քրիստոնյաների մի խումբ, որը ծառայում էր Աստծու հոգևոր տաճարի գավիթներում և խիստ փորձությունների ներքո փաստում էր իր նվիրվածությունը։ Այդուհանդերձ, նույնիսկ սուրբ ոգով օծված այս քրիստոնյաները պետք է ինչ-որ առումով մաքրվեին։ 12 մարգարեների գրքերում նշվում է այդ զտման մասին։ Այդ գրքերը պարունակում են հուսադրող խոստումներ Աստծու ժողովրդի հոգևոր և ֆիզիկական վերականգնման մասին։ Մաղաքիան կանխագուշակել էր, որ ի հայտ էր գալու մի ժողովուրդ, որին Եհովան զտելու էր «ինչպես ոսկին ու արծաթը»։ Նրանք «Եհովայի համար դառնալու էին մի ժողովուրդ, որն արդարությամբ է նվիրաբերման զոհ մատուցում» (Մաղաքիա 3։3)։
6 Գոյություն ունեն համոզիչ փաստեր, որ 1914 թ.-ից մինչև 1919 թ. առաջին կեսը Եհովան մաքրել է իր օծյալ քրիստոնյաներին՝ զտելով նրանց երկրպագությունը, սովորությունները և ուսմունքներըa։ Այդ զտումը մեծ օգուտներ բերեց թե՛ նրանց և թե՛ «մեծ բազմությանը», ով հետագայում միացավ օծյալների խմբին (Հայտնություն 7։9)։ Որպես մեկ խումբ՝ այս քրիստոնյաները շարունակում են «արդարությամբ նվիրաբերման զոհ մատուցել», ինչը «հաճելի է Եհովային» (Մաղաքիա 3։3, 4)։
7. Ո՞ր հարցերը կօգնեն մեզ տեսնելու, թե ինչ անուն ունենք Աստծու մոտ։
7 Այս խոսքերը ճշմարիտ են Աստծու ժողովրդի պարագայում, սակայն ի՞նչ կարելի է ասել անձամբ քո մասին։ Հարցրու ինքդ քեզ. «Կարիք կա՞ ինչ-որ բան փոխելու մտածելակերպիս ու արարքներիս մեջ։ Պե՞տք է արդյոք «զտեմ» վարքագիծս, ինչպես որ Եհովան զտեց իր օծյալներին»։ Ինչպես արդեն նշվեց, 12 մարգարեները ընդգծել են, թե Աստծուն որ մտածելակերպը և արարքներն են տհաճ, և թե որ հատկություններն ու գործերն են նրան հաճելի։ Նրանց խոսքերը կօգնեն քեզ ավելի լավ հասկանալու, թե ինչ է Եհովան «պահանջում քեզանից» (Միքիա 6։8)։ Այո՛, «քեզանից»։ Այս բառը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրս պետք է հարցնի իրեն. «Պետք չէ՞ արդյոք, որ ես որևէ հարցում փոփոխություն անեմ կամ «մաքրվեմ»»։
«ՍՏՈՒԳԵՔ ԻՆՁ, ԽՆԴՐԵՄ»
8. Ի՞նչ հրավեր է Եհովան տալիս իր ժողովրդին։
8 Տեսնենք, թե ինչ է ասում Եհովան Մաղաքիայի միջոցով։ 3-րդ գլխի 10-րդ համարում մեզ ջերմ հրավեր է տրվում. «Բոլոր տասանորդները ամբար բերեք, որպեսզի տանս մեջ ուտելիք լինի, և դրանով ստուգեք ինձ, խնդրեմ,— ասում է Զորքերի Տեր Եհովան,— արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի»։ Թեև այս հրավերը տրվել է Աստծու ժողովրդին, սակայն քո կարծիքով՝ այն վերաբերո՞ւմ է նաև քեզ։
9. Ի՞նչ զոհեր ու տասանորդներ կարող ես մատուցել Եհովային։
9 Ինչպե՞ս կարող ես «տասանորդներ» բերել Եհովային։ Ինչ խոսք, մեզնից չի պահանջվում բառացի զոհեր ու տասանորդ բերել, ինչպես նշված էր Օրենքում։ Այսօր Աստված մեզնից հոգևոր զոհեր է ակնկալում։ Ինչպես տեսանք նախորդ գլխից, Պողոսը վկայության գործը զոհ անվանեց (Օսեե 14։2)։ Հետո առաքյալը նշեց մեկ ուրիշ զոհի մասին, որը կարող ենք մատուցել Եհովային։ Նա գրեց. «Մի՛ մոռացեք բարին գործել և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբրայեցիներ 13։15, 16)։ Ուստի պարզ է, որ Մաղաքիա 3։10-ում նշված «տասանորդները» մեր հոգևոր ու նյութական զոհերն են։ Որպես մկրտված քրիստոնյա՝ դու արդեն քեզ ամբողջովին նվիրել ես Եհովային, այնուամենայնիվ դու կարող ես քո տասանորդը տալ Աստծուն, այսինքն՝ քո ժամանակը, էներգիան, միջոցները օգտագործել Եհովային ծառայելու համար։
10. Ինչպե՞ս կարող ես «ստուգել» Եհովային։
10 Որքա՜ն տեղին է, որ մեր խորհրդանշական տասանորդները նվիրվածությունից ու սիրուց մղված ենք տալիս Եհովային։ Մենք չենք կորցնում նաև հրատապության զգացումը։ Եհովայի մեծ օրը արագորեն մոտենում է, և այդ օրը «ահազդու» է (Հովել 2։1, 2, 11)։ Խոսքը մարդկանց կյանքերի մասին է։ Աստված յուրաքանչյուրիս հրավիրում է «ստուգել» իրեն։ Կարձագանքե՞ս այդ հրավերին։ Ինչ խոսք, մահկանացու մարդկանցից ոչ մեկը չի համարձակվի ստուգել Եհովային այն իմաստով, որ ասես Աստված արժանի չէ մեր վստահությանը (Եբրայեցիներ 3։8–10)։ Այդուհանդերձ, մենք կարող ենք խոնարհաբար ու պատշաճ կերպով ստուգել նրան։ Ինչպե՞ս։ Եհովան օրհնություններ է խոստացել մեզ։ Երբ հնազանդվում ես նրան, ստուգում ես Աստծուն՝ ասես հարցնելով. «Կօրհնի՞ արդյոք նա ինձ»։ Ի պատասխան՝ Աստված պարտավորվում է օրհնել, չէ՞ որ նա միշտ իր խոսքի տերն է։ Եվ այն բանի շնորհիվ, որ Աստված թույլ է տալիս ստուգել իրեն, ամրանում է մեր համոզվածությունը, որ նա առատապես կօրհնի մեզ։
11, 12. Եհովայի ժողովրդի վրա թափված ի՞նչ օրհնություններ ես անձամբ տեսել։
11 Դու տեսնում ես, թե ինչպես է Եհովայի ժողովուրդը առատաձեռնորեն նյութական և հոգևոր զոհեր մատուցում։ Եհովան էլ իր հերթին օրհնություններ է թափում իր ծառաների վրա, «մինչև որ էլ տեղ չլինի»։ Օրինակ՝ դա երևում է այն բանից, որ 20-րդ դարի սկզբից Եհովայի վկաների թիվը արագորեն աճում է։ Դու նաև ականատես ես եղել, թե ինչպես է մեծացել «Աստծու խորունկ գաղտնիքների» հասկացողությունը (1 Կորնթացիներ 2։10; Առակներ 4։18)։ Իսկ այժմ մտածիր, թե ինչպես են այդ փոփոխություններն անդրադարձել անձամբ քեզ վրա։
12 Գուցե նախկինում որևէ եկեղեցի էիր հաճախում կամ նոր էիր սկսել այցելել Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին։ Այդ ժամանակ հասկանո՞ւմ էիր աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները։ Այժմ քո սկզբնական գիտելիքները համեմատիր ներկայիս գիտելիքների հետ։ Հիշիր այն խոր ուսմունքները, որոնք սկսեցիր հասկանալ, ինչպես նաև մարգարեությունները, որոնք կատարվում են մեր օրերում։ Մտածիր, թե ինչպես առաջադիմեցիր՝ աստվածաշնչյան սկզբունքները քո կյանքում կիրառելով։ Այո՛, դու մեծ հաջողությունների հասար։ Ուստի Պետրոս առաքյալի խոսքերը կարող ես քեզ վերագրել. «Մենք մարգարեական խոսքի հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունենք» (2 Պետրոս 1։19)։ Դու «Եհովայից ուսուցանվեցիր» ու պատկանում ես մի ժողովրդի, որն ունի իսկական քրիստոնեական դավանանք և ուզում է ծառայել Եհովային հավիտյան (Եսայիա 54։13)։ Դու բոլոր հիմքերն ունես մտածելու, որ Աստված առատապես օրհնել է քեզ։
ՔՈ ԱՆՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ԳՐՔՈՒՄ
13. Ինչպե՞ս է հնարավոր, որ անհատի անունը գրվի Աստծու հիշատակի գրքում։
13 Եհովայի այլ օրհնությունների մասին խոսվում է Մաղաքիա 3։16-ում. «Այդ ժամանակ Եհովայից վախեցողները խոսում էին իրար հետ՝ յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ, իսկ Եհովան ուշադիր լսում էր։ Եվ նրա առաջ հիշատակի գիրք էր գրվում Եհովայից վախեցողների ու նրա անվան շուրջ խորհրդածողների մասին»։ Թե՛ օծյալները, թե՛ մեծ բազմության անդամները աստվածավախ են։ Ի՜նչ մեծ պատիվ է լինել Եհովայի վկա և պատկանել այն երջանիկ ժողովրդին, որը խորհրդածում է Աստծու անվան շուրջ ու այն հռչակում ամենուր։ Որքա՜ն ենք ուրախանում այն բանի գիտակցումից, որ Եհովան հիշում է մեր հավատարմությունը (Եբրայեցիներ 6։10)։
14. Ինչպե՞ս են 12 մարգարեներն օգնում տեսնելու, թե ինչպիսի գործերն ու մտածելակերպն է Եհովան ատում։
14 Ի՞նչ կարող ես անել, որպեսզի քո անունն էլ լինի «հիշատակի գրքում», որը մինչ օրս շարունակում է գրվել Եհովայի առաջ։ Հիշենք 12 մարգարեների իմաստուն հորդորները։ Մենք իմացանք, թե Եհովային ինչպիսի վարքը, մտածելակերպն ու հատկություններն են տհաճ։ Մարգարեները նախազգուշացնում են հեռու մնալ այն գործերից, որոնք հակասում են Աստծու արդար չափանիշներին և կարող են կործանարար լինել մեզ համար, օրինակ՝ «պիղծ գործերից» և «պոռնկության ոգուց» (Օսեե 4։12; 6։9)։ Աստված գարշում է նրանցից, ովքեր դավաճանում են իրենց կողակցին և անհավատարիմ են ընտանիքի մյուս անդամների հանդեպ (Մաղաքիա 2։15, 16)։ Եհովայից ներշնչված մարգարեները անընդհատ շեշտում են, որ Աստված ատում է ամեն տեսակ բռնություն (Ամոս 3։10)։ Նրանց միջոցով Եհովան նշում է, որ կարևոր է խուսափել ֆինանսական հարցերում անարդարություն կամ անազնվություն դրսևորելուց (Ամոս 5։24; Մաղաքիա 3։5)։ Բացի այդ, 12 գրքերը հստակ ընդգծում են, որ իշխանություն ունեցող մարդիկ չպետք է թույլ տան, որ իրենց որոշումների վրա ազդեն եսասիրական նկատառումներն ու կողմնապահությունը (Միքիա 7։3, 4)։
15. Ի՞նչ օրհնություններ կստանաս՝ հետևելով 12 մարգարեների հորդորներին։
15 Մարգարեները, սակայն, պարզապես զգուշացումներ չեն տալիս մեզ։ Նրանք նաև ընդգծում են, թե ինչու է օգտակար հետևել Աստծու չափանիշներին։ Այդպես մեր փոխհարաբերությունը Եհովայի հետ կամրանա (Միքիա 4։5)։ Մեր ժողովը ավելի ամուր և ակտիվ կլինի, քանի որ նրանում արդարությունն է ծաղկում։ Մեր ամուսնական միությունը ավելի պինդ ու միավորված կլինի, հոգևորի վրա կենտրոնացած (Օսեե 2։19; 11։4)։ Արդար ու ազնիվ լինելով՝ մենք կշահենք մեր շրջապատի մարդկանց վստահությունը։ Եհովայի ողորմությունն ընդօրինակելով՝ կշարունակենք կարեկցանք ու սիրառատ բարություն դրսևորել, ու հավատակիցները նույն կերպ կվարվեն մեզ հետ (Միքիա 7։18, 19)։ Այո՛, մենք շրջապատված կլինենք հոգևոր մարդկանցով, որոնք սիրում են ճշմարտությունը և խաղաղության են հետամուտ լինում։ Եվ որ ամենակարևորն է, Եհովան մեր ընկերը կլինի (Զաքարիա 8։16, 19)։ Այո՛, այս բոլոր օրհնությունները դու արդեն ունես։
16. Ի՞նչ է այսօր ակնհայտ, և դա ի՞նչ կնշանակի, երբ գա Եհովայի մեծ օրը։
16 Զարմանալի չէ, որ այսօր «արդարի ու ամբարշտի տարբերությունը»՝ կեղծ ու ճշմարիտ քրիստոնյայի միջև տարբերությունը, ակնհայտ է ավելի քան երբևէ (Մաղաքիա 3։18)։ Մինչ ջանում ենք ապրել Եհովայի չափանիշներով, այս չար աշխարհը ավելի ու ավելի է մխրճվում չարության մեջ։ Եվ այդ տարբերությունը վճռորոշ կլինի, երբ «Եհովայի մեծ օրը» գա (Սոփոնիա 1։14; Մատթեոս 25։46)։
17. Այս գիրքը ապագայի հետ կապված ի՞նչ օգուտ կարող է տալ քեզ։
17 Կասկած չկա, որ 12 մարգարեների հորդորները մնայուն արժեք ունեն։ Դժվարությունների բախվելիս ու որոշումներ կայացնելիս հետևիր այս գրքի խորհուրդներին։ Այդպես վարվելով՝ ցույց կտաս, որ ուզում ես սովորել Եհովայի ճանապարհները և «քայլել նրա ուղիներով» (Միքիա 4։2)։ Սակայն նրա ուղիներով քայլելը չի սահմանափակվում ներկայով։ Դու, անկասկած, ուզում ես, որ քո անունը մեկընդմիշտ գրվի Եհովայի հիշատակի գրքում։ 12 մարգարեների գրքերը կօգնեն քեզ այս հարցում։
ՀԱՎԱՏ, ՈՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ Է ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ
18. Ի՞նչ կարևոր պահանջի մասին է խոսվում Հովել 2։32-ում, և ի՞նչ հարց բարձրացրեց Պողոսը այդ պահանջի վերաբերյալ։
18 Նշելով, թե ինչ է պետք Աստծու հավանությունը միշտ ունենալու համար՝ Հովելը գրեց. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32)։ Թե՛ Պետրոս, թե՛ Պողոս առաքյալները մեջբերել են այս կարևոր պահանջը (Գործեր 2։21; Հռոմեացիներ 10։13)։ Տրամաբանելով Հովելի խոսքերի շուրջ՝ Պողոսը հետևյալ հարցը բարձրացրեց. «Ինչպե՞ս կանչեն նրան, ում չեն հավատում» (Հռոմեացիներ 10։14)։ Անկասկած, ցանկանում ես կանչել Եհովայի անունը ու հավատ ընծայել նրան հիմա՛ և հավիտյան։
19. Ի՞նչ է նշանակում կանչել Եհովայի անունը։
19 Եհովայի անունը կանչելը այդ անունը իմանալուց և օգտագործելուց ավելին է նշանակում (Եսայիա 1։15)։ Ինչպես ընդգծում է Հովել 2։32 համարի համատեքստը, կարևոր է անկեղծ զղջումը և հավատն առ այն, որ Եհովան պատրաստ է ներելու (Հովել 2։12, 13)։ Կանչել Եհովայի անունը նշանակում է անկեղծորեն ջանալ ճանաչել, վստահել, հնազանդվել նրան ու մեր կյանքում նրա կամքը կատարելը առաջին տեղում դնել։ Այո՛, Եհովային ծառայելը ամենակարևոր բանն է մեզ համար։ Իսկ դա երկարատև ու երջանիկ կյանքի գրավականն է, ինչը իրոք կարող ենք օրհնություն համարել Աստծու կողմից (Մատթեոս 6։33)։
20. Ի՞նչ հիանալի օրհնություններ են սպասում նրանց, ովքեր հավատ են դրսևորում։
20 Եհովան Ամբակումի միջոցով ասաց. «Արդարն իր հավատարմության շնորհիվ կապրի» (Ամբակում 2։4)։ Թող այս խոսքերը խոր արմատներ գցեն քո մտքում ու սրտում, քանի որ հենց դա է Աստվածաշնչի գլխավոր ճշմարտություններից մեկը։ Պողոսը երեք անգամ մեջբերեց այս համարը իր նամակներումb (Հռոմեացիներ 1։16, 17; Գաղատացիներ 3։11, 14; Եբրայեցիներ 10։38)։ Այս համարի համաձայն՝ մենք պետք է հավատ դրսևորենք Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ, որը տրվեց մեր մեղքերի համար։ Հիսուսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ.... հավիտենական կյանք ունենա»։ Նաև կարդում ենք. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի» (Հովհաննես 3։16, 36)։ Միայն Քրիստոսի զոհի շնորհիվ կարող ենք բուժվել, քանի որ նա է մեր Փրկիչը։ Գրելով, թե ինչ է լինելու Սատանայի չար աշխարհին Եհովայի օրվա ընթացքում՝ Մաղաքիան ավելացնում է. «Իսկ ձեզ՝ իմ անունից վախեցողներիդ համար, արդարության արևը կշողա, և նրա շողերում բուժում կլինի»։ Այո՛, Հիսուսը «կշողա»՝ բուժելով մարդկանց։ Խոսքը հոգևոր բուժման մասին է, որը տեղի է ունենում այսօր։ Որքա՜ն անձկագին ենք սպասում այն ժամանակվան, երբ նոր աշխարհում լիովին բուժված կլինենք նաև ֆիզիկապես (Մաղաքիա 4։2)։
21. Ինչո՞ւ ես վստահ, որ Եհովան կարող է իրագործել իր կամքը։
21 Շատ կարևոր է հավատալ նաև, որ Աստված կարող է իրագործել իր կամքը։ Միքիայի օրերում դժվար էր վստահել մարդկանց։ Մարգարեն գրեց. «Մի՛ հավատացեք ընկերոջը, մի՛ վստահեք մտերիմ ընկերոջը»։ Այդուհանդերձ, Միքիայի համար դժվար չէր ապավինել Եհովային, և այս հարցում նա լավ օրինակ է մեզ համար. «Իսկ ես արթնությամբ կսպասեմ Եհովային» (Միքիա 7։5, 7)։ Ի տարբերություն փոփոխական մարդկանց՝ Եհովան ուզում է և կարող է իրագործել իր նպատակը հանուն իր գերիշխանության արդարացման և հավատ ընծայողների հավիտենական բարօրության։
22. Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր կանչում են Եհովայի անունը։
22 Դու վստահությամբ կարող ես միանալ Ամբակումի խոսքերին. «Կցնծամ Եհովայով, կուրախանամ իմ փրկության Աստծով» (Ամբակում 3։18)։ Հովել մարգարեն ցույց է տալիս, թե ինչու նրանք, ովքեր հավատով կանչում են Եհովայի անունը, բոլոր հիմքերն ունեն ուրախ լինելու. նրանք «կփրկվեն»։ Նույն միտքը նշում է նաև Պողոս առաքյալը (Հովել 2։32; Հռոմեացիներ 10։13)։ Ի՞նչ իմաստով «կփրկվեն»։ Հավատ ընծայելով՝ դու արդեն փրկվել ես, կամ՝ ազատվել ես Սատանայի նենգություններից և այն բոլոր տառապանքներից, որ կրում են անարդարները (1 Պետրոս 1։18)։ Ավելին, դու կարող ես համոզվածությամբ սպասել փրկությանը, երբ այս ամբարիշտ աշխարհը կկործանվի։ Դրանից հետո կվայելես այն անթիվ-անհամար օրհնությունները, որոնց մասին գրել են 12 մարգարեները։
ԴՐԱԽՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ
23, 24. ա) Ինչպե՞ս են 12 մարգարեները նկարագրում դրախտը։ բ) 12 մարգարեների գրքերը ինչպե՞ս են օգնում քեզ պատկերացնելու ապագան։
23 «Եհովայից վախեցողներին» անվերջ օրհնություններ են սպասում (Մաղաքիա 3։16)։ 12 մարգարեներից մի քանիսը վառ կերպով նկարագրել են դրախտային կյանքը, նկարագրություններ, որոնք քո սիրտը ուրախությամբ ու սպասելիքներով են լցնում։ Օրինակ՝ Միքիան գրեց. «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4։4)։ Այո՛, Աստծու Թագավորության ներքո դու կապրես լիակատար ապահովության մեջ ու կվայելես քո աշխատանքի արդյունքը։
24 Սպասել այն ժամանակին, երբ այլևս չեն լինի հիվանդություններ, ցավ, վիշտ ու մահ, չի նշանակում ապրել դատարկ երազանքներով։ Միայն պատկերացրու, թե որքան կուրախանան նրանք, ովքեր հարություն կառնեն և հնարավորություն կունենան հասնելու կատարելության։ Նրանք իրենց աչքերով կտեսնեն, թե ինչ մասշտաբով են կատարվում Օսեե 13։14 համարի խոսքերը. «Գերեզմանի ձեռքից կփրկագնեմ, մահվանից կազատեմ նրանց։ Ո՞ւր են քո խայթոցները, Մա՛հ։ Ո՞ւր է քո ավերմունքը, Գերեզմա՛ն»։ Պողոսը այս համարը կիրառեց երկնային հարության պարագայում (1 Կորնթացիներ 15։55–57)։
25. Ի՞նչ զգացումներ կունենանք նոր աշխարհում։
25 Ապագա երկրային հարությունը չպետք է համարենք անիրականանալի երազանք (Զաքարիա 8։6)։ Երբ Ամոսն ու Միքիան մարգարեացան, որ Աստծու ժողովուրդը վերադառնալու է գերությունից, գուցե այնքան էլ հեշտ չէր դրան հավատալ։ Սակայն, ինչպես գիտենք, դա իրականություն դարձավ (Ամոս 9։14, 15; Միքիա 2։12; 4։1–7)։ Գերությունից վերադարձած իսրայելացիները մտաբերում էին. «Մենք ասես երազում լինեինք։ Այդ ժամանակ մեր բերանը ծիծաղով լցվեց, և մեր լեզուն ուրախությունից ցնծաց.... Եհովան մեծ բաներ արեց մեզ համար։ Մենք ուրախանում ենք» (Սաղմոս 126։1–3)։ Մենք նման զգացումներ կունենանք նոր աշխարհում, երբ մեզ հեղեղեն օրհնություններն այնքան, «մինչև որ էլ տեղ չլինի»։
Եհովայի ծառաները ճշմարտությունն ու արդարությունը սիրող մարդիկ են
26. Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր ապրում են՝ իրենց մտքում պահելով Եհովայի օրը։
26 Երբ «Եհովայի օրը» երկիրը մաքրվի չարությունից, «թագավորությունը Եհովային կպատկանի» լիակատար իմաստով (Աբդիա 15, 21)։ Ի՜նչ հրաշալի օրհնություններ են սպասում այդ Թագավորության երկրային հպատակներին։ Դու կարող ես լինել այն մարդկանց թվում, որոնց մասին խոսվում է Մաղաքիա 3-րդ գլխում։ Եհովան ասում է. «Նրանք իմը կլինեն։ Ես կկարեկցեմ նրանց, ինչպես որ մարդն է կարեկցում իր որդուն, որը հնազանդվում է նրան» (Մաղաքիա 3։17)։ Այսպիսով՝ քո հավատարմությունը, որը քեզ փրկության հույս է տալիս, բազում օրհնությունների դուռ կբացի քո առաջ, «օրհնություն, մինչև որ էլ տեղ չլինի»։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։
a Լրացուցիչ տեղեկության համար տե՛ս «Դիտարանի» 2013 թ. հուլիսի 15-ի համարը, էջ 11։
b Պողոսը մեջբերել է հունարեն «Յոթանասնից» թարգմանությունից, որում բառերի ձևակերպումը փոքր-ինչ տարբերվում է եբրայերեն տեքստից։