Աստվածաշնչի գիրք համար 34. Նաում
Գրողը՝ Նաում
Գրվելու վայրը՝ Հուդա
Գրության ավարտը՝ նախքան մ.թ.ա. 632թ.
1. Ինչո՞վ է հայտնի հին Նինվեն։
«ՆԻՆՎԵԻ դեմ ուղղված պատգամը» (Նաում 1։1)։ Այս չարագուշակ խոսքերով է սկսվում Նաումի մարգարեությունը։ Բայց ի՞նչը մղեց մարգարեին հայտարարելու քաղաքի կործանման մասին։ Ի՞նչ է հայտնի հին Նինվեի մասին։ Նրա ողջ պատմությունը Նաումն ամփոփել է երկու բառի մեջ՝ «արյունահեղ քաղաք» (3։1)։ Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի դիմաց՝ Տիգրիսի արևելյան ափին գտնվող երկու բլուրների վրա, կանգնած է եղել հին Նինվե քաղաքը։ Այն շրջապատված էր հսկայական պարիսպներով ու խրամներով և ասորեստանյան կայսրության պատմության վերջում նրա թագավորանիստ քաղաքն էր։ Քաղաքի պատմությունը սկիզբ է առնում Նեբրովթի օրերից, որը «հզոր որսորդ էր ընդդեմ Եհովայի.... Նա գնաց Ասորեստան և սկսեց կառուցել Նինվեն» (Ծննդ. 10։9–11)։ Այսպիսով՝ Նինվեն տխրահռչակ սկիզբ է ունեցել։ Նա հատկապես մեծ համբավ է ձեռք բերել կայսրության վերջին փուլում Սարգոնի, Սենեքերիմի (Սինաքերիբի), Ասարհադոնի ու Աշուրբանիպալի օրոք։ Պատերազմների ու նվաճումների շնորհիվ Նինվեն հարստացավ և հայտնի դարձավ անմարդկային դաժանությամբ, որը նրա թագավորները դրսևորում էին գերիների հանդեպa։ Ահա թե ինչ է գրել Կ. Կերամը իր գրքում. «Նինվեն գլխավորապես չի մոռացվել այն պատճառով, որ նրա անվան հետ կապված են սպանություններ, կողոպուտներ, ճնշում, բռնություն թույլերի վրա, պատերազմներ և ամեն տեսակ սարսափներ, տիրակալների արյունահեղ փոփոխություններ, տիրակալներ, որոնք գահի վրա մնում էին միայն տեռորի ուժով և որոնց գրեթե երբեք չի հաջողվել մեռնել իրենց մահով, սակայն նրանց տեղը գրավում էին ավելի վատթար բռնակալներ»b։
2. Ի՞նչ կրոն էին դավանում Նինվեում։
2 Իսկ ի՞նչ կրոն էին դավանում Նինվեում ու շրջակա տարածքներում։ Այնտեղ երկրպագում էին բազմաթիվ աստվածների, որոնց մեծ մասը բաբելոնական ծագում ուներ։ Նրա տիրակալները ավերման ու կոտորածի դուրս գալուց առաջ աղոթում էին այդ աստվածներին, իսկ անհագ քրմերը շարունակ արշավանքներ էին հրահրում՝ ավարից վարձատրություն ստանալու ակնկալիքով։ «Հին քաղաքներ» գրքում գրված է. «Նրանք աստվածացնում էին ուժը և իրենց աղոթքներն ուղղում էին միայն քարե վիթխարի կուռքերին՝ առյուծներին ու ցուլերին, որոնց վիթխարի վերջույթները, արծվի թևերը և մարդկային գլուխները խորհրդանշում էին ուժ, քաջություն ու հաղթանակ։ Պատերազմը ժողովրդի հիմնական զբաղմունքն էր, իսկ քրմերը ջանում էին հավերժ վառ պահել պատերազմի կրակը։ Նրանք հիմնականում ապրում էին այդ արշավանքներից ստացած ավարով և իրենց նշանակված բաժինը ստանում էին, նախքան ուրիշները դրանից բաժին կառնեին, քանզի այս թալանիչ ժողովուրդը խիստ կրոնամոլ էր»c։
3. ա) Ի՞նչ առումով է «Նաում» անունը համապատասխան։ բ) Ո՞ր ժամանակահատվածում է գրի առնվել «Նաում» գիրքը։
3 Թեև «Նաում» գիրքը կարճ է, բայց շատ հետաքրքիր է։ Մարգարեի մասին մեր ունեցած միակ տեղեկությունը ամփոփված է գրքի բացման խոսքերում՝ «Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը»։ «Նաում» անունը (եբրայերեն՝ Նախում) նշանակում է «մխիթարիչ»։ Ինչ խոսք, նրա պատգամը Նինվեի դեմ չէր կարելի անվանել մխիթարական, սակայն Աստծու ժողովրդին այն հուսալի ու հարատև ազատություն էր խոստանում անողոք ու հզոր թշնամու ձեռքից։ Այն հանգամանքը, որ Նաումը ակնարկ անգամ չի արել ժողովրդի մեղքերի մասին, նույնպես մխիթարական է։ Թեև Ելկեսի տեղը կոնկրետ հայտնի չէ, սակայն հավանական է՝ մարգարեությունը գրվել է Հուդայում (Նաում 1։15)։ Նինվեի կործանումը, որի մասին մարգարեանում է Նաումը, և որը տեղի ունեցավ մ.թ.ա. 632թ.-ին, դեռ առջևում էր, և այդ իրադարձությունը Նաումը համեմատում է դրանից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցած Նով-Ամոնի (Թեբե, Եգիպտոս) կործանման հետ (3։8)։ Ուստի Նաումն իր մարգարեությունը պետք է որ գրած լինի այդ իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածում։
4. Ի՞նչ յուրօրինակ առանձնահատկություններ ունի «Նաում» գիրքը։
4 Գիրքը գրված է յուրօրինակ ոճով։ Այն զերծ է ավելորդ բառերից։ Գրքի կենդանի նկարագրությունը ու ռեալիզմը ներդաշնակորեն միահյուսվում են Աստծուց ներշնչված գրվածքների մնացած մասին։ Բացառիկ են Նաումի նկարագրական, հուզական ու դրամատիկ շեշտերով լի լեզուն, ինչպես նաև նրա օգտագործած արտահայտությունների վեհությունը, փոխաբերությունների պարզությունը և դիպուկ դարձվածաբանությունը (1։2–8, 12–14; 2։4, 12; 3։1–5, 13–15, 18, 19)։ Ակներևաբար, առաջին գլխի մեծ մասը գրված է եղել բանաստեղծական մի ձևով, որն անվանում են ակրոստիքոս (1։8, ծնթ. (անգլ.))։ «Նաում» գիրքը հարուստ ոճով է գրված, քանի որ հեղինակը մեկ թեմա է զարգացնում. նա նողկանք է զգում Իսրայելի նենգ թշնամու հանդեպ։ Նա հասկանում է, որ Նինվեի կործանումն անխուսափելի է։
5. Ի՞նչն է փաստում Նաումի մարգարեության վավերականությունը։
5 Նաումի մարգարեության վավերականության մասին է խոսում այն փաստը, որ նրանում գրվածը ճշգրտորեն կատարվել է։ Բացի Եհովայի մարգարեից, ուրիշ ո՞վ կարող էր համարձակվել հայտարարել, որ աշխարհակալ Ասորեստանի գոռոզ մայրաքաղաքը պիտի բացվի «գետի դարպասների» առջև, նրա պալատը պիտի հալվի, և ինքը պիտի դառնա «դատարկություն, ամայություն» ու «անմարդաբնակ դարձած» քաղաք (2։6–10)։ Մարգարեությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ այն իսկապես գրվել է Աստծու ներշնչմամբ։ Բաբելոնի թագավոր Նաբուպալասարը նկարագրել է բաբելա-մարական զորքերի կողմից Նինվեի գրավումը. «Քաղաքը [նրանք դարձրին] փլատակների ու (ավերակների) կույտ»d։ Նինվեն այնպես էր ավերվել, որ անգամ քաղաքի տեղը դարեր շարունակ մոռացության էր մատնվել։ Սրա հետ կապված որոշ քննադատներ նույնիսկ ծաղրել են Աստվածաշունչը՝ ասելով, թե նման քաղաք գոյություն չի էլ ունեցել։
6. Ի՞նչ է հայտնաբերվել Նինվե քաղաքի տեղում, որը փաստում է «Նաում» գրքի ճշգրտությունը։
6 «Նաում» գրքի վավերականությունը հաստատող լրացուցիչ փաստեր ի հայտ եկան, երբ 19-րդ դարում հայտնաբերվեց Նինվե քաղաքի տեղը, և սկսվեցին պեղումները։ Ըստ հաշվարկների՝ անհրաժեշտ էր միլիոնավոր տոննաներով հող հանել քաղաքն ամբողջապես պեղելու համար։ Նինվեում հայտնաբերվեցին շատ բաներ, որոնք վկայում են Նաումի մարգարեության ճշգրտության մասին։ Օրինակ՝ հուշարձաններ և արձանագրություններ, որոնք վկայում են նրա բնակիչների դաժանության մասին, նաև թևավոր ցուլերի ու առյուծների վիթխարի արձանների բեկորներ։ Զարմանալի չէ, որ Նաումը Նինվեն կոչել է «առյուծների որջ» (2։11)e։
7. Ի՞նչն է թիկունք կանգնում «Նաում» գրքի կանոնականությանը։
7 Գրքի կանոնականությունը երևում է այն բանից, որ այն հրեաների կողմից ընդունվել է որպես Աստծուց ներշնչված Գրքի մաս։ Նաումի մարգարեությունն ամբողջությամբ ներդաշնակ է Աստվածաշնչի մնացած գրքերին։ Մարգարեությունն ասված է Եհովայի անունից և վառ կերպով նկարագրում է նրա հատկություններն ու գերիշխանության գերազանցությունը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. Ի՞նչ դատաստան է հռչակվում Նինվեի դեմ, բայց ի՞նչ բարի լուր կա Հուդայի համար։
8 Նինվեի դեմ ուղղված պատգամը (1։1–15)։ «Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող և վրեժխնդիր Աստված է»։ Այս նախաբանից հետո մարգարեն հռչակում է «Նինվեի դեմ ուղղված պատգամը» (1։1, 2)։ Թեև Եհովան դանդաղ է բարկանալու մեջ, ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա վրեժ առնում քամու և փոթորկի միջոցով։ Լեռները ցնցվում են, բլուրները հալվում են, իսկ երկիրը սասանվում է։ Ո՞վ կարող է դիմանալ նրա բորբոքված բարկությանը։ Այդուհանդերձ, Եհովան ամրոց է նրանց համար, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ։ Բայց Նինվեն դատապարտված է։ Նա կկործանվի հեղեղով, և «աղետը չի կրկնվի» (1։9)։ Եհովան կջնջի նրա անունը ու նրա աստվածներին։ Նա կթաղի նրան։ Բայց Հուդայի համար բարի լուր կա։ Ի՞նչ լուր։ Խաղաղություն հռչակողը կանչում է նրանց, որ նշեն իրենց տոները և կատարեն իրենց երդումները, որովհետև թշնամին՝ «անպիտան մարդը», դատապարտված է։ «Նա ամբողջովին կկործանվի» (1։15)։
9. Մարգարեաբար ինչպե՞ս է նկարագրվում Նինվեի պարտությունը։
9 Մարգարեություն Նինվեի կործանման մասին (2։1–3։19)։ Եհովան Նաումի միջոցով մարտահրավեր է նետում Նինվեին՝ հորդորելով նրան հավաքել ուժերը և դիմադրել ամայացնողին։ Եհովան կվերականգնի «Հակոբի վեհությունը» և «Իսրայելի վեհությունը»։ Տեսեք նրա զորեղ մարդկանց վահանը, մուգ կարմիր հագուստը և «նրա՝ պատերազմի պատրաստվելու օրը մարտակառքերի վրա կրակի պես շողշողացող երկաթե հանդերձանքը»։ Փողոցներում մարտակառքերը «սլանում են մոլեգնած», անցնում են կայծակի պես (2։2–4)։ Այժմ տեսնում ենք պատերազմի մարգարեական պատկերը։ Նինվեցիները սայթաքում ու շտապում են պաշտպանել պարիսպը, բայց իզուր։ Գետի դարպասները բացվում են, պալատը հալվում է, իսկ աղախինները մնչում են աղավնիների պես ու կուրծք ծեծում։ Փախչող մարդկանց հրաման է տրվում կանգնել, բայց ոչ ոք չի շրջվում։ Քաղաքը թալանված ու ամայացած է։ Սրտերը հալվում են։ Հիմա որտե՞ղ է առյուծների այս որջը։ Առյուծն իր քարայրը լցրել է որսով իր ձագերի համար, բայց Եհովան հայտարարում է. «Ահա ես քո դեմ եմ» (2։13)։ Այո՛, Եհովան կայրի Նինվեի սպառազինությունը, սուր կուղարկի, որ խժռի նրա առյուծներին, ու երկրի վրայից կոչնչացնի նրա որսը։
10. Ինչպե՞ս կմերկացվի Նինվեն, և ինչպե՞ս է նկարագրվում նրա վերջը։
10 «Վա՜յ արյունահեղ քաղաքին։ Նա լի է խաբեությամբ ու թալանով»։ Լսեք մտրակի ձայնը և անիվի դղրդյունը։ Տեսեք սլացող նժույգին, ցնցվող կառքին, ձիավորին, սրի փայլը, նիզակի փայլատակումը և հետո դիակների մեծ կույտը։ «Մեռած մարմիններին վերջ չկա» (3։1, 3)։ Ինչո՞ւ։ Քանի որ նա իր մարմնավաճառությամբ որոգայթն է գցել ազգերին և իր կախարդությամբ՝ տոհմերին։ Եհովան երկրորդ անգամ է հայտարարում. «Ահա ես քո դեմ եմ» (3։5)։ Նինվեն կմերկացվի որպես շնացող ու կկողոպտվի, նրա ապագան Նով-Ամոնից (Թեբե) ավելի լավը չի լինի, որին Ասորեստանը գերության տարավ։ Նրա ամրությունները նման են հասած թզերի, «որոնք եթե թափ տրվեն, կընկնեն ուտողի բերանը» (3։12)։ Նրա ռազմիկները կանանց պես են։ Ոչինչ չի կարող Նինվեին փրկել կրակից ու սրից։ Նրա պահապանները մորեխի երամի պես կփախչեն արևոտ օրը, և նրա ժողովուրդը ցիրուցան կլինի։ Ասորեստանի թագավորը կիմանա, որ այս աղետին ամոքում և բուժում չկա։ Բոլոր նրանք, ովքեր կլսեն այս լուրը, ծափ կտան, որովհետև չկա մեկը, որը չի տառապել Ասորեստանի չարությունից։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
11. Նաումի մարգարեությունը Աստվածաշնչի ո՞ր հիմնական սկզբունքներ է լուսաբանում։
11 Նաումի մարգարեությունը լուսաբանում է Աստվածաշնչի մի քանի հիմնական սկզբունքներ։ Տեսիլքի բացման խոսքերը հիշեցնում են մեզ, թե ինչու Եհովան տվեց Տասը պատվիրաններից երկրորդը։ «Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող.... Աստված է»,— գրում է Նաումը և անմիջապես վստահեցնում, որ նա «վրեժ է առնում իր հակառակորդներից»։ Ասորեստանի անողորմ հպարտությունն ու հեթանոսական աստվածները չէին կարող փրկել նրան Աստծու դատաստանից։ Կարող ենք համոզված լինել, որ ճիշտ ժամանակին Եհովան կրկին դատաստան կտեսնի ամբարիշտների նկատմամբ։ «Եհովան դանդաղ է բարկանալու մեջ, մեծ զորության տեր է, Եհովան ոչ մի դեպքում անպատիժ չի թողնում»։ Այսպիսով՝ հզոր Ասորեստանի բնաջնջումն ինքնին փաստում է Եհովայի արդարադատությունն ու գերիշխանությունը։ Նինվեն իրո՛ք «դատարկություն, ամայություն» դարձավ և «անմարդաբնակ դարձած» քաղաք եղավ (1։2, 3; 2։10)։
12. Ո՞ր վերականգնման մասին է հայտարարում Նաումը, և նրա մարգարեությունն ի՞նչ կապ ունի Թագավորության հույսի հետ։
12 Ի տարբերություն Նինվեի, որը «ամբողջովին կկործանվի»՝ Նաումը հայտարարում է «Հակոբի վեհության» և «Իսրայելի վեհության» վերականգնման մասին։ Եհովան ուրախալի լուր է հայտնում իր ժողովրդին. «Ահա լեռների վրա են նրա ոտքերը, ով բարի լուր է բերում և խաղաղություն է հռչակում»։ Խաղաղության մասին այս լուրը կապ ունի Աստծու Թագավորության հետ։ Դա երևում է այն բանից, որ Եսայիան նույնպես օգտագործել է նույն արտահայտությունը, սակայն նաև ավելացրել է. «Ով.... բարի լուր է բերում լավագույն բաների մասին, ով փրկություն է հռչակում ու Սիոնին ասում է. «Քո Աստվածը թագավոր է դարձել»» (Նաում 1։15; 2։2; Ես. 52։7)։ Պողոս առաքյալը իր հերթին Հռոմեացիներ 10։15-ում կիրառում է այս արտահայտությունը քրիստոնյաների պարագայում, որոնց Եհովան ուղարկում է բարի լուրը քարոզելու։ Նրանք քարոզում են «թագավորության այս բարի լուրը» (Մատթ. 24։14)։ Իր անվան նշանակությանը ներդաշնակ՝ Նաումն իր լուրով մեծապես մխիթարում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են այն խաղաղությանն ու փրկությանը, որ կբերի Աստծու Թագավորությունը։ Նրանք բոլորն անպայման կզգան, որ «Եհովան բարի է, ամրոց՝ նեղության օրը.... նրանց [համար], ովքեր ապաստան են փնտրում իր մոտ» (Նաում 1։7)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 201 (անգլ.)։
b «Աստվածներ, դամբարաններ և գիտնականներ», 1971, Կ. Կերամ, էջ 278։
c «Ancient Cities», 1886, Ու. Բ. Ռայթ, էջ 25։
d «Ancient Near Eastern Texts», 1974, խմբագրված Ջ. Բ. Փրիչարդի կողմից, էջ 305 (փակագծերը նրանցն են); «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 958 (անգլ.)։
e «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 955 (անգլ.)։