ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 19
Ամրացրու հավատդ նոր աշխարհի հանդեպ
«Մի՞թե [Եհովան] կասի և չի անի» (ԹՎԵՐ 23։19)։
ԵՐԳ 142 Ամուր բռնենք մեր հույսը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1-2. Ի՞նչ պետք է անենք, մինչ սպասում ենք նոր աշխարհին։
ԱՆՉԱՓ երախտապարտ ենք Եհովային, որ խոստացել է այս աշխարհը փոխարինել արդար նոր աշխարհով (2 Պետ. 3։13)։ Թեև կոնկրետ չգիտենք, թե նոր աշխարհը երբ է գալու, բայց փաստերը վկայում են, որ այն մեզ երկար սպասել չի տա (Մատթ. 24։32-34, 36; Գործ. 1։7)։
2 Բայց, մինչ այդ, անկախ նրանից, թե որքան երկար ենք ճշմարտության մեջ՝ բոլորս պետք է շարունակ ամրացնենք մեր հավատը այդ խոստման հանդեպ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ նույնիսկ ամուր հավատը կարող է ժամանակի ընթացքում թուլանալ։ Պողոս առաքյալը հավատի պակասը անվանեց «մեղք, որը հեշտությամբ խճճում է մեզ» (Եբր. 12։1)։ Որպեսզի մեր հավատը չթուլանա, մենք պետք է հաճախ մտածենք այն փաստերի շուրջ, որոնք ապացուցում են, որ նոր աշխարհը շուտով իրականություն է դառնալու (Եբր. 11։1)։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Այս հոդվածում կքննենք երեք քայլ, որոնք կօգնեն ամրացնել մեր հավատը Եհովայի խոստացած նոր աշխարհի հանդեպ. 1) խորհրդածել փրկագնի շուրջ, 2) մտածել Եհովայի զորության մասին և 3) զբաղված լինել հոգևոր գործերով։ Այնուհետև կիմանանք, թե Ամբակումին ուղղված Եհովայի խոսքերը ինչպես կօգնեն ամրացնել մեր հավատը։ Բայց նախ տեսնենք, թե ինչ իրավիճակներում գուցե հայտնվենք, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է նոր աշխարհի խոստման հանդեպ ամուր հավատ ունենալ։
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ԵՐԲ ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏ Է ՊԵՏՔ
4. Ո՞ր հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է ամուր հավատ ունենանք։
4 Ամեն օր բախվում ենք այնպիսի հարցերի, որոնց վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու համար մեզ ամուր հավատ է պետք։ Մենք որոշումներ ենք կայացնում, օրինակ, ընկերակցության, հանգստի, կրթության, ամուսնության, երեխաների և աշխատանքի հետ կապված հարցերում։ Ուստի լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Իմ որոշումներից երևո՞ւմ է համոզվածությունս այն բանում, որ այս աշխարհը ժամանակավոր է և շուտով փոխարինվելու է Աստծու նոր աշխարհով։ Թե՞ դրանց վրա ազդում են այն մարդիկ, ովքեր ապրում են այնպես, կարծես մահով ամեն բան ավարտվում է» (Մատթ. 6։19, 20; Ղուկ. 12։16-21)։ Մենք ճիշտ որոշումներ կկայացնենք, եթե համոզված լինենք, որ նոր աշխարհը դռան շեմին է։
5-6. Դժվարությունների ժամանակ ինչո՞ւ ամուր հավատի կարիք ունենք։
5 Ամուր հավատ է պահանջվում նաև այնպիսի իրավիճակներում, երբ մենք փորձությունների ենք բախվում։ Հնարավոր է՝ հալածվենք, ձեռք բերենք քրոնիկ հիվանդություն կամ հայտնվենք այնպիսի իրավիճակներում, որոնք վհատեցնում են մեզ։ Հաճախ փորձության սկզբում անկոտրում ոգի ենք դրսևորում։ Բայց երբ այն ձգձգվում է, ինչպես սովորաբար լինում է, մեզ ամուր հավատ է պետք, որ կարողանանք դիմանալ դրան և շարունակենք ուրախությամբ ծառայել Եհովային (Հռոմ. 12։12; 1 Պետ. 1։6, 7)։
6 Փորձության միջով անցնելիս գուցե թվա, թե Եհովայի խոստացած նոր աշխարհը երբեք չի գա։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մեր հավատը թուլացել է։ Պարտադիր չէ։ Պատկերացնենք օրինակով։ Ցրտաշունչ ձմռանը գուցե մեզ թվա, թե ամառը չի գա։ Բայց, իհարկե, այն միշտ գալիս է։ Նմանապես, երբ խոր վհատության մեջ ենք, գուցե այնպիսի զգացում ունենանք, թե նոր աշխարհը երբեք չի գա։ Բայց ամուր հավատի շնորհիվ մենք համոզված կլինենք, որ Աստծու խոստումները միշտ կիրականանան (Սաղ. 94։3, 14, 15; Եբր. 6։17-19)։ Այդպիսի համոզվածությունը կօգնի, որ շարունակենք Եհովային պաշտելը մեր կյանքում առաջնահերթ համարել։
7. Ինչի՞ց պետք է խուսափենք։
7 Քարոզչական գործին մասնակցելու համար նույնպես ամուր հավատ է պետք։ Շատերը, ում քարոզում ենք, Աստծու խոստացած նոր աշխարհի մասին «բարի լուրը» անիրական են համարում (Մատթ. 24։14; Եզեկ. 33։32)։ Բայց մենք չենք ուզում, որ նրանց կասկածամտությունն անդրադառնա մեզ վրա։ Դրա համար մենք պետք է շարունակ ամրացնենք մեր հավատը։ Քննենք երեք քայլ, թե ինչպես կարող ենք դա անել։
ԽՈՐՀՐԴԱԾԻՐ ՓՐԿԱԳՆԻ ՇՈՒՐՋ
8-9. Փրկագնի մասին խորհելը ինչպե՞ս կարող է ամրացնել մեր հավատը։
8 Մեր հավատն ամրացնելու կերպերից մեկը փրկագնի շուրջ խորհրդածելն է։ Փրկագինը երաշխիքն է այն բանի, որ Աստծու խոստումները կիրականանան։ Եթե խորությամբ մտածենք այն մասին, թե ինչու է փրկագինը տրվել, և ինչ զոհողությունների է գնացել Եհովան, ավելի համոզված կլինենք, որ դրախտում հավիտյան ապրելու մասին նրա տված խոստումը անպայման կկատարվի։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
9 Տեսնենք, թե ինչպես տրվեց փրկագինը։ Եհովան իր սիրելի միածին Որդուն՝ իր ամենամտերիմ համագործակցին, ուղարկեց երկիր որպես կատարյալ մարդ։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ամեն տեսակ դժվարության միջով անցավ։ Այնուհետև նա տանջանքներ կրեց և սարսափելի մահով մահացավ։ Ի՜նչ բարձր գին վճարեց Եհովան։ Մեր սիրառատ Աստված երբեք թույլ չէր տա, որ իր Որդին այդքան տառապանքներ կրեր ու մահանար զուտ այն բանի համար, որ մենք լավ կյանքով ապրեինք շատ կարճ ժամանակ (Հովհ. 3։16; 1 Պետ. 1։18, 19)։ Քանի որ Եհովան այդքան բարձր գին է վճարել, նա այնպես կանի, որ նոր աշխարհում հավիտյան ապրելու մասին իր տված խոստումը իրականություն դառնա։
ԽՈՐՀԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
10. Եփեսացիներ 3։20-ի համաձայն՝ ի՞նչ անելու զորություն ունի Եհովան։
10 Մեր հավատն ամրացնելու հաջորդ քայլը Եհովայի զորության մասին խորհելն է։ Նա ի զորու է կատարել իր բոլոր խոստումները։ Ճիշտ է, նոր աշխարհում հավիտյան ապրելու մասին խոստումը մարդկանց համար անիրական է թվում, բայց Եհովան հաճախ է այնպիսի խոստումներ տալիս, որոնք մարդիկ երբեք չեն կարող իրականացնել։ Չէ՞ որ նա Ամենակարող է (Հոբ 42։2; Մարկ. 10։27)։ Ուստի մեզ չի զարմացնում այն, որ նա արտասովոր բաներ է խոստանում (կարդա Եփեսացիներ 3։20)։
11. Նշիր, թե ինչ արտասովոր խոստումներ է Եհովան տվել անցյալում (տես «Արտասովոր խոստումներ, որոնք կատարվել են» շրջանակը)։
11 Քննենք անիրագործելի թվացող մի քանի խոստում, որ Եհովան տվել է իր ծառաներին անցյալում։ Աբրահամին ու Սառային նա հավաստիացրեց, որ տարեց հասակում նրանք մի որդի կունենան (Ծննդ. 17։15-17)։ Աբրահամին նա նաև տեղեկացրեց, որ նրա ժառանգները կապրեն Քանանում։ Քանի որ Աբրահամի սերունդները՝ իսրայելացիները, երկար տարիներ ստրուկներ էին Եգիպտոսում, գուցե թվար, թե այս խոստումը երբեք չի իրականանա։ Բայց փաստ է, որ այն իրականացավ։ Ավելի ուշ Եհովան ասաց, որ տարեց հասակում Եղիսաբեթը երեխա կունենա։ Իսկ Մարիամ անունով մի կույս աղջկա հայտնեց, որ նա լույս աշխարհ կբերի Իր Որդուն։ Դրանով կիրականանար հազարավոր տարիներ առաջ Եդեմի պարտեզում Եհովայի տված խոստումը (Ծննդ. 3։15)։
12. Հեսու 23։14 և Եսայիա 55։10, 11 համարները ինչո՞ւմ են մեզ հավաստիացնում։
12 Երբ խորհում ենք Եհովայի այն խոստումների մասին, որոնք նա արդեն իրականացրել է, հասկանում ենք, որ նա մեծ զորություն ունի։ Դա ամրացնում է մեր հավատը նոր աշխարհի վերաբերյալ տրված խոստման հանդեպ (կարդա Հեսու 23։14; Եսայիա 55։10, 11)։ Մենք նաև ուրիշներին ենք օգնում հասկանալ, որ նոր աշխարհը երազանք կամ երևակայության արդյունք չէ։ Նոր երկինք ու նոր երկիր հաստատելու հետ կապված Եհովան հետևյալն է ասել. «Այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ» (Հայտն. 21։1, 5)։
ԶԲԱՂՎԱԾ ԵՂԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾԵՐՈՎ
13. Ժողովի հանդիպումները ինչպե՞ս կարող են ամրացնել մեր հավատը։ Բացատրիր։
13 Մեր հավատն ամրացնելու երրորդ կերպը հոգևոր գործերով զբաղված լինելն է։ Քննենք, օրինակ, թե ինչ օգուտներ ենք ստանում ժողովի հանդիպումներից։ Աննան, ով տասնամյակներ շարունակ լիաժամ ծառայության տարբեր ձևերի մեջ է եղել, ասում է. «Ժողովներն օգնում են ինձ ամուր պահել հավատս։ Անգամ եթե հռետորը ուսուցողական լավ հմտություններ չունի կամ նոր բան չի ասում, ես միշտ գտնում եմ մի բան, ինչն օգնում է, որ աստվածաշնչյան ճշմարտությունն ավելի լավ հասկանամ։ Իսկ դա ամրացնում է հավատս»։b Ժողովի հանդիպումների ժամանակ մեր հավատն ամրանում է նաև, երբ ուշադրությամբ լսում ենք մյուսների մեկնաբանությունները (Հռոմ. 1։11, 12; 10։17)։
14. Ծառայությունն ինչպե՞ս է ամրացնում մեր հավատը։
14 Քարոզչական ծառայությանը մասնակցելը նույնպես ամրացնում է մեր հավատը (Եբր. 10։23)։ Բարբարան, ով ավելի քան 70 տարի ծառայում է Եհովային, ասում է. «Քարոզչական ծառայությանը մասնակցելը միշտ ամրացրել է իմ հավատը։ Որքան շատ եմ ուրիշներին պատմում Եհովայի հրաշալի խոստումների մասին, այնքան հավատս ավելի է ամրանում»։
15. Անձնական ուսումնասիրությունն ինչպե՞ս է ամրացնում մեր հավատը (տես նաև նկարները)։
15 Մեր հավատն ամրանում է նաև, երբ անձնական ուսումնասիրություն ենք անում։ Սյուզան անունով մի քույր ասում է, որ իրեն շատ է օգնում լավ գրաֆիկ ունենալը։ Նա նշում է. «Ամեն կիրակի ես պատրաստվում եմ հաջորդ շաբաթվա «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Երկուշաբթի և երեքշաբթի պատրաստվում եմ միջշաբաթյա հանդիպմանը։ Մնացած օրերին ինձ հետաքրքրող որևէ այլ թեմա եմ ուսումնասիրում»։ Ուսումասիրության գրաֆիկին հետևելը օգնում է Սյուզանին շարունակաբար ամրացնել իր հավատը։ Իսկ Իռենը, ով տասնամյակներ շարունակ ծառայել է գլխավոր վարչությունում, նշում է, որ աստվածաշնչյան մարգարեությունների ուսումնասիրությունն է ամրացրել իր հավատը։ Նա ասում է. «Ապշեցուցիչ է տեսնել, որ Եհովայի տված մարգարեությունները ամենայն մանրամասնությամբ կատարվում են»։c
«ԱՆՊԱՏՃԱՌ ՊԻՏԻ ԿԱՏԱՐՎԻ»
16. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Ամբակումին ուղղված Եհովայի խոսքերը վերաբերում են նաև մեզ (Եբրայեցիներ 10։36, 37)։
16 Եհովայի ծառաներից շատերը արդեն երկար ժամանակ է, ինչ սպասում են այս աշխարհի կործանմանը։ Մարդկային տեսանկյունից գուցե թվա, թե Աստծու խոստման իրականացումը ձգձգվում է։ Իր ծառաների մտահոգությունն իմանալով՝ Եհովան Ամբակումին հավաստիացրել է. «Տեսիլքը պետք է կատարվի նշանակված ժամանակին. այն շտապում է իր ավարտին և չի ստի։ Եթե հապաղի էլ, սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի կատարվի, այն չի ուշանա» (Ամբ. 2։3)։ Արդյո՞ք Աստծու այս խոսքերը միայն Ամբակումին էին ուղղված։ Իրականում դրանք վերաբերում են նաև մեզ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ Աստծու ներշնչմամբ Պողոս առաքյալը այս նույն խոսքերն ասաց նաև քրիստոնյաներին, ովքեր սպասում էին նոր աշխարհին (կարդա Եբրայեցիներ 10։36, 37)։ Այո՛, կարող ենք համոզված լինել, որ եթե նույնիսկ թվում է, թե մեր ազատագրումն ուշանում է, այն «անպատճառ պիտի կատարվի, այն չի ուշանա»։
17. Ինչպե՞ս է մի քույր հետևել Ամբակումին տրված Եհովայի հորդորին։
17 Եհովայի շատ ծառաներ արդեն տասնամյակներ է, ինչ հետևում են «սպասի՛ր նրան» հորդորին։ Օրինակ՝ Լուիզ անունով մի քույր, ով 1939 թ.-ից ծառայում է Եհովային, ասում է. «Այն ժամանակ մտածում էի, որ Արմագեդոնը կգա, նախքան ես կավարտեմ դպրոցը։ Բայց այդպես չեղավ։ Տարիների ընթացքում ինձ համար օգտակար է եղել Աստվածաշնչում կարդալ այն մասին, թե ինչպես են Նոյը, Աբրահամը, Հովսեփը և ուրիշներ երկար ժամանակ սպասել Եհովայի խոստացած վարձատրությանը։ Աստծու խոստումներին հավատով սպասելը ինձ և ուրիշներին օգնել է համոզված լինել, որ նոր աշխարհը մոտ է»։ Անկասկած, շատերը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են Եհովային, կհամաձայնեն այս մտքին։
18. Ստեղծագործությունն ուսումնասիրելը ինչպե՞ս է ամրացնում նոր աշխարհի հանդեպ մեր հավատը։
18 Ինչ խոսք, նոր աշխարհի վերաբերյալ Աստծու խոստումը դեռ չի կատարվել։ Բայց մտածենք հետևյալի մասին։ Մեր շուրջը տեսնում ենք աստղեր, ծառեր, կենդանիներ և մարդկանց։ Այսօր ոչ ոք չի կասկածում, որ այս ամենն իրականություն է, թեև մի ժամանակ դրանք գոյություն չեն ունեցել։ Իհարկե, դրանք կան Եհովայի շնորհիվ (Ծննդ. 1։1, 26, 27)։ Մեր երկնային Հայրը խոստացել է նաև, որ նոր աշխարհ է լինելու։ Նա կկատարի իր խոստումը, և նոր աշխարհում մարդիկ կատարյալ առողջ կլինեն ու հավիտյան կվայելեն կյանքը։ Աստծու որոշած ժամանակին նոր աշխարհը նույնքան իրական կլինի, որքան տիեզերքն է այսօր (Ես. 65։17; Հայտն. 21։3, 4)։
19. Ինչպե՞ս կարող ես ամրացնել հավատդ։
19 Մինչ սպասում ես նոր աշխարհին, հնարավոր ամեն բան արա, որ ամրացնես հավատդ։ Թանկ համարիր փրկագինը։ Խորհիր Եհովայի զորության շուրջ։ Կյանքդ լցրու հոգևոր գործերով։ Եթե այդպես վարվես, կլինես նրանց թվում, ովքեր «հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (Եբր. 6։11, 12; Հռոմ. 5։5)։
ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում
a Այսօր շատերը չեն հավատում Աստվածաշնչի այն խոստմանը, որ նոր աշխարհ է լինելու։ Նրանց կարծիքով՝ դա պարզապես երազանք է, հեքիաթ։ Բայց մենք հավատում ենք, որ Եհովայի բոլոր խոստումները կիրականանան։ Մեր հավատն ամրացնելու համար մենք պետք է շարունակ ջանքեր գործադրենք։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք դա անել։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
c Աստվածաշնչյան մարգարեությունների վերաբերյալ շատ հոդվածներ կարելի է գտնել «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Աստվածաշունչ» թեմայի «Մարգարեություններ» վերնագրի տակ։ Օրինակ՝ տես «Այն, ինչ Եհովան կանխագուշակում է, իրականանում է» հոդվածը «Դիտարանի» 2008 թ. հունվարի 1-ի համարում։