Մեր փրկության Աստծովն ենք ուրախանում
«Ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ» (ԱՄԲԱԿՈՒՄ 3։18)։
1. Ի՞նչ տեսիլք ստացավ Դանիելը՝ նախքան մ.թ.ա. 539–ին Բաբելոնի անկումը։
ԲԱԲԵԼՈՆԻ՝ մ.թ.ա. 539 թվականի անկումից ավելի քան տասը տարի առաջ տարեց Դանիել մարգարեին մի փառահեղ տեսիլք տրվեց։ Տեսիլքում կանխագուշակվում էին համաշխարհային իրադարձություններ, որոնք առաջնորդելու էին Եհովայի թշնամիների և նրա նշանակած Թագավոր Հիսուս Քրիստոսի միջև տեղի ունենալիք պատերազմին։ Ինչպե՞ս արձագանքեց Դանիելը։ «Ես Դանիէլս նուաղեցի եւ.... զարմացած էի տեսիլքի մասին»,— գրում է նա (Դանիէլ 8։27)։
2. Ի՞նչ ընդհարում է Դանիելը տեսնում տեսիլքում. ի՞նչ կարծիքի եք դրա մոտ լինելու վերաբերյալ։
2 Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Չէ՞ որ տեսիլքում նկարագրված շատ դեպքերից հետո բավական երկար ժամանակ է անցել։ Ինչպե՞ս ենք արձագանքում՝ գիտակցելով, որ տեսիլքում Դանիելի տեսած ընդհարումը՝ Աստծո Արմագեդոն պատերազմը, շատ մոտ է։ Ի՞նչ արձագանք ենք տալիս՝ նկատելով, որ Ամբակումի մարգարեության մեջ նկարագրված չարությունն այնքան է ահագնացել, որ Աստծո թշնամիների կործանումն ուղղակի անխուսափելի է։ Կարելի է ասել, որ մենք ունենք այն նույն զգացումները, ինչը որ ուներ Ամբակումը և որոնք արտահայտեց նա իր մարգարեական գրքի երրորդ գլխում։
Ամբակումն աղոթում է Աստծուն ողորմածության համար
3. Հօգուտ ո՞ւմ է աղոթում Ամբակումը, և ի՞նչ ազդեցություն են մեզ վրա թողնում նրա խոսքերը։
3 Ամբակումի երրորդ գլուխն ամբողջությամբ աղոթք է։ Առաջին խոսքից երևում է, որ այս աղոթքն ասվում է «շիկիօնօթի վերայ», այսինքն՝ տաղերով։ Թվում է, թե մարգարեի աղոթքն իր մասին է։ Բայց իրականում նա խոսում է հօգուտ Աստծո ընտրյալ ժողովրդի։ Այսօր նրա աղոթքը մեծ նշանակություն ունի Աստծո ժողովրդի համար, որն իր ողջ եռանդը տվել է Թագավորության քարոզչության գործին։ Ընթերցելով Ամբակում 3–րդ գլուխը՝ մենք իրար հակադիր զգացումներով ենք լցվում՝ ինչ–որ վատ նախազգացում և ուրախության զգացում։ Ամբակումի աղոթքը, որը կարելի անվանել նաև սգո երգ, (ՆԱ) մեզ համար Եհովայով՝ մեր փրկության Աստծով ուրախանալու հիմնավոր պատճառ է։
4. Ինչո՞ւ զարհուրեց Ամբակումը, և ինչու՞ կարող ենք վստահորեն ասել, որ Աստված գործի կդնի իր զորությունը։
4 Ինչպես արդեն իմացանք նախորդ երկու հոդվածներից, Ամբակումի օրերում Հուդան ծանր պայմաններում էր գտնվում։ Սակայն Աստված թույլ չէր տալու, որ այդ վիճակը շարունակվի։ Եհովան գործի պիտի անցներ, ինչպես որ արել էր անցյալում։ Զարմանալի չէ, որ մարգարեն բացականչեց. «Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի» (ԷԹ)։ Ի՞նչ ի նկատի ուներ նա։ ‘Եհովայի մասին լուրը’ Աստծո փառահեղ գործերի արձանագրություններն էին, որոնցից հիշատակելի են Կարմիր ծովի մոտ, անապատում և Երիքովի մոտ կատարված դեպքերի մասին պատմությունները։ Ամբակումը քաջ ծանոթ էր այդ դեպքերին, և այն բանի գիտակցումը, որ Եհովան կրկին գործի կդնի իր զորությունը իր թշնամիների դեմ, նրան վախ էր պատճառում։ Մերօրյա մարդկանց դրսևորած չարության ականատեսները լինելով՝ մենք նույնպես հասկանում ենք, որ Եհովան այսօր էլ պիտի գործի, ինչպես որ վարվեց նախկինում։ Արդյո՞ք դա մեզ զարհուրեցնում է։ Անշուշտ։ Եվ, չնայած այդ զգացողությանը, Ամբակումի նման մենք էլ ենք աղոթում. «Ով Տէր, վերանորոգիր քո գործը տարիների մէջ, տարիների մէջ իմացրու, եւ բարկութեան մէջ ողորմութիւն յիշիր» (Ամբակում 3։2)։ Թող որ իրեն հարմար ժամանակին՝ «տարիների մէջ», Աստված գործի դնի իր հրաշք–զորությունը և այդ ժամանակ հիշի, որ ողորմածություն ցույց տա նրանց հանդեպ, ովքեր սիրում են իրեն։
Եհովան արշավի է դուրս գալիս
5. Ի՞նչ իմաստով ‘Աստված եկավ Թեմանից’, և ինչպե՞ս են այս խոսքերը վերաբերում Արմագեդոնին։
5 Ի՞նչ տեղի կունենա, երբ Եհովան լսի ողորմածության մասին մեր աղոթքները։ Պատասխանը գտնում ենք Ամբակում 3։3, 4 խոսքերում։ Մարգարեն նախ ասում է. «Աստուած Թեմանիցն եկաւ, եւ Սուրբը՝ Փարան սարիցը»։ Մովսես մարգարեի օրոք Թեմանն ու Փարանը գտնվում էին իսրայելացիներին անապատից դեպի Քանան տանող ճանապարհի վրա։ Երբ մեծաքանակ իսրայել ազգը բռնել էր իր ուղին, Եհովան ինքն էր, կարծես, ճանապարհ դուրս եկել, և ոչինչ չէր կարող կանգնեցնել նրան։ Իր մահից քիչ առաջ Մովսեսն ասաց. «Եհովան Սինայիցն եկաւ, ես Սէիրիցն երեւեցաւ նորանց, փայլեցաւ Փառան սարիցը, եւ եկաւ բիւրաւոր սուրբերով [հրեշտակներով]» (Բ Օրինաց 33։2)։ Երբ Արմագեդոնի ժամանակ Եհովան արշավի իր թշնամիների վրա, նա նույն ձևով կդրսևորի իր անհաղթահարելի զորությունը։
6. Աստծո փառքից բացի՝ ուրիշ էլ ի՞նչ են տեսնում խորաթափանց քրիստոնյաները։
6 Ամբակումը նաև գրեց. «[Եհովայի] փառքը ծածկեց երկինքը, եւ նորա գովաբանութեամբը լցուաւ երկիրը։ Եւ պայծառութիւնը լոյսի պէս էր»։ Փորձեք պատկերացնել այդ փառահեղ տեսարանը։ Իրոք, մարդ չի կարող ուղղակի իմաստով նայել Եհովա Աստծուն և ողջ մնալ (Ելից 33։20)։ Իսկ նրա հավատարիմ ծառաների սրտի «աչքերը» փայլում են, երբ «տեսնում են» Աստծո մեծաշուքությունը (Եփեսացիս 1։18)։ Մինչդեռ խորաթափանց քրիստոնյաները Եհովայի փառքից ավելին են տեսնում։ «Ճառագայթներ ունէր իր կողմին, եւ այնտեղ էր նորա զօրութեան ծածկոյթը»,— կարդում ենք Ամբակում 3։4–ում։ Ինչպես տեսնում ենք, Եհովան պատրաստ է գործի անցնելու՝ օգտագործելով իր ուժի և զորության «բազուկը»։
7. Ի՞նչ է նշանակելու Աստծո հաղթական արշավը նրա դեմ ապստամբողների համար։
7 Աստծո հաղթական երթը մեծ աղետներ է հասցնելու նրանց, ովքեր ըմբոստանալու են նրա դեմ։ Ամբակում 3։5–ն ասում է. «Նորա առաջին գնում էր ժանտախտը, եւ հրատագնապ տենդը դուրս էր գալիս նորա ոտների ետեւից»։ Մ.թ.ա. 1473 թ.–ին, երբ իսրայելացիներն արդեն մոտ էին Ավետյաց երկրին, նրանցից շատերն ապստամբեցին՝ տրվելով անբարոյականությանն ու կռապաշտությանը։ Արդյունքում ավելի քան 20 000 հոգի մահացան Աստծուց ուղարկված աղետից (Թուոց 25։1—9)։ Մոտ ապագայում, երբ Եհովան դուրս կգա «Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ» պատերազմի համար, նրա դեմ ապստամբողները նույնպես իրենց անձի վրա կզգան իրենց կատարած մեղքերի հետևանքները։ Ոմանք նույնիսկ կմահանան բառացի աղետներից (Յայտնութիւն 16։14, 16)։
8. Համաձայն Ամբակում 3։6–ի՝ ի՞նչ է սպասվում Աստծո թշնամիներին։
8 Այժմ լսեցեք, թե ինչ պատկերավոր կերպով են նկարագրվում զորաց Տեր Եհովայի գործողությունները։ Անդրադառնանք Ամբակում 3–րդ գլխի քննարկմանը. 6–րդ համարում կարդում ենք. «Նա [Եհովա Աստված] կանգնեց եւ չափեց երկիրը, նայեց եւ դողացրեց ազգերը, եւ պատառոտուեցան վաղեմի սարերը, խոնարհուցեան մշտական բլուրները, յաւիտենական ընթացք ունի նա»։ Եհովան նախ ‘կանգնում է’, ինչպես որ զորավարն է կանգնում մարտի դաշտը զննելիս։ Նրա թշնամիները դողում են վախից։ Տեսնելով, թե ո՛վ է իրենց հակառակորդը, նրանք խուճապի են մատնվում։ Հիսուսը մարգարեացել է այն ժամանակվա մասին, երբ «երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն» (Մատթէոս 24։30)։ Երբ նրանք կգիտակցեն, որ ոչ ոք չի կարող դեմ կանգնել Եհովային, արդեն շատ ուշ կլինի։ Մարդկային կազմակերպությունները, նույնիսկ նրանք, որոնք առաջին հայացքից «վաղեմի սարեր» և «մշտական բլուրներ» էին հիշեցնում, պիտի հողին հավասարվեն։ Այդ ժամանակ նա կգործի իր «յաւիտենական ընթացքով»՝ այնպես, ինչպես գործել է հին ժամանակներում։
9, 10. Ի՞նչ են մեզ հիշեցնում Ամբակում 3։7—11 խոսքերը։
9 Եհովան «բարկացել է» իր թշնամիների վրա։ Իսկ ի՞նչ զենք է նա օգտագործելու այդ ահեղ պատերազմում։ Լսեցեք, թե ինչ է մարգարեն ասում. «Բոլորովին մերկացաւ քո աղեղը, ցեղերին արած քո երդումների և խօսքի համեմատ. գետերով պատառեցիր երկիրը։ Քեզ տեսան սարերը եւ դողացին, ջրի հեղեղը անցաւ. անդունդը տուաւ իր ձայնը. դէպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։ Արեգակը, լուսինը, կանգնում են իրանց կայանումը, նորանք ընթանում են քո նետերի լոյսովը, քո նիզակի փայլուն պայծառութիւնովը» (Ամբակում 3։7—11)։
10 Հեսուի օրերին Եհովան, գործի դնելով իր զորությունը, կանգնեցրեց արևն ու լուսինը (Յեսու 10։12—14)։ Ամբակումի մարգարեությունը հիշեցնում է մեզ, որ Արմագեդոնի ժամանակ Եհովան այդ նույն զորությունն է գործի դնելու։ Մ.թ.ա. 1513–ին էր, երբ նա ցույց տվեց երկրի ջրերի վրա ունեցած իր իշխանությունը՝ Կարմիր ծովում կործանելով փարավոնի զորքերը։ Այդ դեպքից քառասուն տարի հետո, երբ իսրայել ազգը հաղթականորեն մուտք էր գործելու Ավետյաց երկիր, վարարած Հորդանան գետը խոչընդոտ չհանդիսացավ նրանց համար (Յեսու 3։15—17)։ Այնինչ Դեբորա մարգարեուհու օրոք հեղեղատը քշեց–տարավ Իսրայելի թշնամի Սիսարայի կառքերը (Դատաւորաց 5։21)։ Արմագեդոնին Եհովայի տրամադրության տակ են լինելու հեղեղաբեր միևնույն ուժերը, հորդառատ անձրևներն ու երկրի ընդերքի ջրերը։ Նաև իր ձեռքում որպես զենք են ծառայելու ամպրոպն ու կայծակը, ինչպես նիզակը կամ նետերով լի կապարճը՝ նետաձիգի ձեռքում։
11. Ի՞նչ տեղի կունենա, երբ Եհովան գործադրի իր մեծ զորությունը։
11 Իրոք որ չորս բոլորը սարսուռն է պատելու, երբ Եհովան գործի դնի իր մեծ զորությունը։ Ամբակումը շարունակում է իր նկարագրությունը՝ գիշերը ցերեկի է վերածվելու, իսկ ցերեկը սովորականից ավելի պայծառ է լինելու։ Այս մարգարեական նկարագրությունը բառացի պետք է հասկանալ, թե՝ այլաբանորեն, մի բան լիովին հստակ է՝ Եհովան հաղթանակ է տանելու և թույլ չի տալու, որ իր թշնամիներից որևիցե մեկն ազատվի։
Աստծո ժողովրդի փրկությունն ապահովված է
12. Աստված ինչպե՞ս է վարվելու իր թշնամիների հետ, սակայն ովքե՞ր են փրկվելու։
12 Մարգարեն շարունակում է նկարագրել, թե ինչպես է Եհովան կործանելու իր թշնամիներին։ Ամբակում 3։12–ում կարդում ենք. «Բարկութեամբ քայլում ես երկրի վերայ, սրտմտութեամբ ոտնակոխում ես ազգերին»։ Բայց և այնպես, Եհովան չի ոչնչացնելու բոլոր իր ձեռքի տակ ընկածներին. լինելու են փրկվողներ։ «Դու դուրս եկար քո ժողովրդի փրկութեան համար, քո օծեալի փրկութեան համար»,— ասվում է Ամբակում 3։13–ում։ Այո՛, Եհովան փրկելու է իր հավատարիմ օծյալ ծառաներին և ամբողջապես կործանելու է Մեծն Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Սակայն այսօր ազգերը ամեն կերպ փորձում են վերացնել մաքուր երկպագությունը։ Շուտով Եհովայի ծառաների վրա հարձակում է գործելու Գոգը Մագոգից (Եզեկիէլ 38։1—39։13; Յայտնութիւն 17։1—5, 16—18)։ Արդյո՞ք այդ դիվական հարձակումը հաղթանակով է պսակվելու։ Ո՛չ։ Եհովան իր ողջ ցասումով ոտնակոխ է անելու թշնամիներին՝ «ոտքի տակ» առնելով նրանց, ինչպես հացահատիկը արտում կալսելիս, և, միևնույն ժամանակ, փրկելու է իրեն հոգով ու ճշմարտությամբ երկրպագողներին (Յովհաննէս 4։24)։
13. Ինչպե՞ս է իրականանալու Ամբակում 3։13–ը։
13 Ահա թե ինչպես է նկարագրվում չարերի վերջնական ոչնչացումը. «Ջարդեցիր գլուխը անօրէնի տանիցը, հիմունքը մերկացնելով մինչեւ պարանոցը» (Ամբակում 3։13)։ «Տունը»՝ Բանսարկու Սատանայի ազդեցության տակ ձևավորված չար համակարգն է, որը խորտակվելու է։ Իսկ «գլուխը» կամ Աստծու դեմ դուրս եկող առաջնորդները վերացվելու են։ Այդ ողջ համակարգը արմատախիլ է արվելու, հողին հավասարվելու։ Այն այլևս գոյություն չի ունենալու։ Իսկապես որ մե՜ծ ազատագրում է լինելու։
14-16. Ի՞նչ է պատահելու Եհովայի ժողովրդի, ինչպես նաև նրա թշնամիների հետ՝ ելնելով Ամբակում 3։14, 15 խոսքերից։
14 Արմագեդոնի ժամանակ նրանք, ովքեր կփորձեն ոչնչացնել Եհովայի «օծյալին», խուճապի պիտի մատնվեն։ Ամբակում 3։14, 15–ում մարգարեն դիմում է Աստծուն՝ ասելով. «Դու ծակեցիր նորա գաւազանովը նորա զօրավարների գլուխը, որոնք փոթորկի պէս յարձակվում են, որ ինձ ցրիւ տան. որոնք ուրախութիւն ունին իբր թէ տնանկին ուտելու են ծածուկ տեղը։ Դու ճանապարհորդեցիր ծովումը քո ձիերովը, շատ ջրերի յորձանուտումը»։
15 Ասելով, թե «զօրավարները.... փոթորկի պէս յարձակվում են, որ ինձ ցրիւ տան», Ամբակումը խոսում էր Եհովայի օծյալ ծառաների անունից։ Դարանակալ ավազակների նման՝ ազգերը հարձակվելու են Եհովայի երկրպագուների վրա, որպեսզի ոչնչացնեն նրանց։ Աստծո ու նրա ժողովրդի թշնամիները «ուրախութիւն ունին», քանի որ վստահ են իրենց հաջողության մեջ։ Մի պահ թվալու է, թե հավատարիմ քրիստոնյաներն անպաշտպան վիճակում են թողնված՝ «տնանկի» հիշեցնելով։ Բայց երբ Աստծո հակառակորդներն անցնեն հարձակման, Եհովան նրանց իսկ զենքերը շրջելու է իրենց դեմ. նրանք իրենց զենքը կամ «գաւազանը» օգտագործելու են հենց իրենց զինվորների դեմ։
16 Սակայն հորիզոնում էլի՛ իրադարձություններ են նշմարվում։ Եհովան գերմարդկային ուժերի՝ ոգեղեն արարածների օգնությամբ ավարտին է հասցնելու իր ոսոխների կործանումը։ Հիսուս Քրիստոսի գլխավորության տակ գտնվող երկնային զորքերի «ձիերով» նա հաղթականորեն առաջ է շարժվելու դեպի «ծովը» և «շատ ջրերի յորձանուտը», այսինքն՝ դեպի թշնամի մարդկանց ալեկոծվող բազմությունը (Յայտնութիւն 19։11—21)։ Որից հետո չարը, ի վերջո, վերացվելու է երկրի երեսից։ Աստվածային զորության ու արդարության ինչպիսի՜ հզոր դրսևորում։
Եհովայի օրը մոտ է
17. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Ամբակումի գրի առած խոսքերն անպայման կկատարվեն։ բ) Ինչպե՞ս կարելի է հետևել Ամբակումի օրինակին, մինչ սպասում ենք Եհովայի մեծ օրվան։
17 Կարող ենք վստահ լինել, որ Ամբակումի բոլոր ասածները շուտով կիրականանան։ Դրանք չեն հապաղի։ Ինչպե՞ս ենք արձագանքում այս նախազգուշացնող տեղեկությանը։ Չմոռանանք, որ Ամբակումն իր խոսքերը գրի է առել Աստծո առաջնորդության ներքո՝ նրանից ներշնչված։ Եհովան սկսելու է գործել, ինչի հետևանքով մեծ ավերումներ են լինելու երկրի վրա։ Զարմանալի չէ, որ մարգարեն գրեց. «Լսեցի եւ ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտութիւն մտաւ իմ ոսկորների մէջ, եւ ես սարսափեցի իմ տեղը, որ հանգստանամ նեղութեան օրը, երբոր ժողովրդի վերայ է գալիս նա, որ նորան նեղում է» (Ամբակում 3։16)։ Ամբակումը ծայրաստիճան ցնցված էր, և դա հասկանալի է։ Բայց մի՞թե նրա հավատը սասանվեց։ Ոչ և կրկին ոչ։ Նա պատրաստ էր լուռ սպասելու Եհովայի մեծ օրվան (Բ Պետրոս 3։11, 12)։ Մի՞թե մենք էլ այդպես չենք վարվում։ Ինչ խոսք, որ այդպե՛ս ենք վարվում։ Մենք լիովին համոզված ենք, որ Ամբակումի մարգարեությունը կատարվելու է։ Սակայն, մինչ այդ, սպասում ենք համբերությամբ։
18. Ի՞նչ դիրք բռնեց Ամբակումը՝ չնայած այն բանին, որ զգում էր մեծ դժվարությունների անխուսափելիությունը։
18 Պատերազմները միշտ էլ իրենց հետ զրկանք են բերում, նույնիսկ՝ հաղթող կողմին։ Մարդիկ կանգնում են սննդամթերքի պակասի փաստի առաջ, կորցնում են իրենց կարողությունը, իջնում է ընդհանուր կենսամակարդակը։ Ինչպե՞ս կարձագանքենք, եթե այդ ամենից մեզ էլ բաժին հասնի։ Ամբակումի խոսքերից երևում է, որ նա ճիշտ դիրք էր բռնել այդ հարցում. «Թէեւ թզենին չ’ծաղկի, եւ որթերի վերայ բերք չ’լինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չ’տան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չ’լինի գոմերումը, սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ» (Ամբակում 3։17, 18)։ Իրականության աչքերին նայելով՝ նա հասկանում էր, որ դժվարություններ են լինելու, թերևս՝ սով։ Այդուհանդերձ, Ամբակումը երբեք չդադարեց ուրախանալ Եհովայով, որից էլ եկավ իր փրկությունը։
19. Ինչպիսի՞ զրկանքներ են այսօր կրում շատ քրիստոնյաներ, սակայն ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել Եհովային մեր կյանքում առաջին տեղը դնելիս։
19 Մեր օրերում, երբ չարերի դեմ Եհովայի պատերազմն արդեն հորիզոնում նշմարվում է, շատերն աննկարագրելի զրկանքներ են կրում։ Հիսուսը կանխագուշակել էր, որ պատերազմները, սովը, երկրաշարժերը և համաճարակները թագավորական իշխանությամբ իր ‘ներկայության նշանի’ մի մասն են կազմելու (Մատթէոս 24։3—14, ՆԱ; Ղուկաս 21։10, 11)։ Մեր հավատակիցներից շատերն ապրում են այնպիսի երկրներում, որտեղ ավելի ցայտուն են երևում նշանի այս երեսակները, և արդյունքում նրանք մեծ նեղություններ ու դժվարություններ են կրում։ Հնարավոր է, որ ապագայում ուրիշ քրիստոնյաներ էլ միևնույն զրկանքների զոհը դառնան։ Շատ հավանական է, որ շատերիս համար մինչև վերջի գալը «թզենին» այդպես էլ «չ’ծաղկի»։ Բայց և այնպես, մենք գիտենք, թե ինչո՛ւ է այդ ամենը տեղի ունենում, և դա մեզ դիմանալու ուժ է տալիս։ Բացի այդ, մենք անօգնական չենք թողնված. Հիսուսը խոստացավ. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը [այլ բաները] Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթէոս 6։33)։ Սա չի նշանակում, թե Հիսուսը մեզ բարեկեցիկ կյանք խոստացավ, այլ այդ խոսքերով նա վստահեցրեց, որ, եթե Եհովային մեր կյանքում առաջին տեղը դնենք, նա հոգ կտանի մեր մասին (Սաղմոս 37։25)։
20. Չնայած ժամանակավոր նեղություններին՝ ի՞նչ անելու պետք է վճռական լինենք։
20 Ինչպիսի ժամանակավոր նեղություններ էլ կրելիս լինենք, երբեք չենք կորցնի մեր հավատն այն բանում, որ Եհովան կփրկի մեզ։ Աֆրիկայի, Արևելյան Եվրոպայի երկրներում, նաև շատ ուրիշ վայրերում ապրող մեր եղբայրներից ու քույրերից շատերը ծայրահեղ դժվարություններ են կրում, սակայն նրանք չեն դադարում ‘ցնծալ Եհովայով’։ Եկեք նրանց նման մե՛նք էլ երբեք չդադարենք ‘ցնծալ Եհովայով’։ Հիշենք, որ Գերիշխան Տեր Եհովան զորության աղբյուր է (Ամբակում 3։19)։ Նա երբեք չի հիասթափեցնի մեզ։ Արմագեդոնը վստահաբար կգա, և Աստծո խոստացած նոր աշխարհն անպայման կհաջորդի դրան (Բ Պետրոս 3։13)։ Այնուհետև «երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը» (Ամբակում 2։14)։ Բայց, մինչ այդ ժամանակի գալը, եկեք հետևենք Ամբակում մարգարեի օրինակին։ Եկեք միշտ ‘ցնծանք Եհովայով և ուրախանանք մեր փրկության Աստծով’։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս է մեզ վրա ազդում Ամբակումի աղոթքը։
• Ի՞նչ նպատակով է Եհովան արշավի դուրս գալու։
• Ամբակումի մարգարեությունում ի՞նչ է ասվում փրկության վերաբերյալ։
• Ինչպե՞ս պետք է սպասենք Եհովայի մեծ օրվան։
[նկար 32–րդ էջի վրա]
Գիտե՞ք արդյոք, թե Արմագեդոնի ժամանակ ինչ ուժեր է Աստված գործադրելու չարերի դեմ։