‘Մոտ է Եհովայի մեծ օրը’
«Մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է» (ՍՈՓՈՆԻԱ 1։14)։
1, 2. ա) Ի՞նչ հատուկ օրվա են սպասում քրիստոնյաները։ բ) Ի՞նչ հարցեր պետք է ինքներս մեզ տանք և ինչո՞ւ։
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ շողացող օրիորդը սպասում է իր հարսանիքի օրվան։ Հղի կինը սպասում է իր մանկան ծնվելուն։ Հոգնած աշխատողն անհամբեր սպասում է իր արձակուրդին։ Ի՞նչ ընդհանուր բան կա այս մարդկանց միջև։ Նրանք բոլորն էլ սպասում են այն օրվան, որը փոփոխություն կմտցնի իրենց կյանքում։ Այդ մարդիկ խոր և միևնույն ժամանակ տարբեր զգացմունքներով են լցված։ Նրանք ցանկանում են պատրաստ լինել սպասված օրվան։
2 Նմանապես՝ ճշմարիտ քրիստոնյաներն այսօր բաղձանքով սպասում են մի առանձնահատուկ օրվա։ Դա «Եհովայի [մեծ] օրն» է (Եսայիա 13։9; Յովէլ 2։1; Բ Պետրոս 3։12, ՆԱ)։ Ի՞նչ է «Եհովայի օրը», և ի՞նչ նշանակություն ունի այն մարդկության համար։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ պատրաստ ենք դիմավորելու Եհովայի օրը։ Շատ կարևոր է հիմա՛ փնտրել այս հարցերի պատասխանները, քանի որ փաստերը ցույց են տալիս, որ «մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է» (Սոփոնիա 1։14)։
«Եհովայի մեծ օրը»
3. Ի՞նչ է «Եհովայի մեծ օրը»։
3 Ի՞նչ է «Եհովայի մեծ օրը»։ Գրություններում այս արտահայտությունը վերաբերում է հատուկ ժամանակների, երբ Եհովան դատաստան է տեսել իր թշնամիների հետ և փառավորել իր մեծ անունը։ Եհովայի օրը հասել է Հուդայի և Երուսաղեմի անհավատարիմ մարդկանց, ինչպես նաև Բաբելոնի ու Եգիպտոսի դաժան բնակիչների վրա (Եսայիա 2։1, 10–12; 13։1–6; Երեմիա 46։7–10)։ Այնուամենայնիվ, Եհովայի մեծագույն օրը դեռ առջևում է։ Դա այն օրն է, երբ Եհովան կպատժի բոլոր նրանց, ովքեր անարգում են իր անունը։ Այն կսկսվի «Մեծ Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կործանումով և իր գագաթնակետին կհասնի, երբ իրերի չար համակարգի մնացած մասը ոչնչացվի Արմագեդոն պատերազմի ժամանակ (Յայտնութիւն 16։14, 16; 17։5, 15–17; 19։11–21)։
4. Ինչո՞ւ պետք է մարդկանց մեծամասնությունը սարսափի Եհովայի արագահաս օրվանից։
4 Մարդկանց մեծամասնությունը, անկախ այն բանից՝ գիտակցում է այս իրողությունը, թե՝ ոչ, պետք է սարսափի այդ արագահաս օրվանից։ Ինչո՞ւ։ Սոփոնիա մարգարեի միջոցով Եհովան ասում է. «Բարկութեան օր է այն օրը, նեղութեան եւ տառապանքի օր, կործանման եւ աւերման օր, խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր»։ Իսկապես որ սահմռկեցուցիչ է։ Մարգարեն շարունակում է. «Ես պիտի նեղեմ մարդկանց.... որովհետեւ Տիրոջ դէմ մեղանչեցին» (Սոփոնիա 1։15, 17)։
5. Եհովայի օրվա հետ կապված ի՞նչ դրական մտավիճակ ունեն միլիոնավոր մարդիկ և ինչո՞ւ։
5 Բայցևայնպես, միլիոնավոր անհատներ անհամբեր սպասում են Եհովայի օրվան։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք գիտեն. այդ օրը փրկության և ազատագրման օր է լինելու արդարների համար, մի օր, երբ Եհովան մեծապես կփառավորվի, ու նրա փառահեղ անունը կսրբացվի (Յովէլ 3։16, 17; Սոփոնիա 3։12–17)։ Կվախենա՞ս այդ օրվանից, թե՞ ուրախությամբ կսպասես դրան. դա մեծապես կախված է նրանից, թե ինչ կյանքով ես ապրում այսօր։ Ինչպե՞ս ես վերաբերվում այն բանին, որ Եհովայի օրը գնալով մոտենում է։ Պատրա՞ստ ես։ Ազդո՞ւմ է քո ապրելակերպի վրա այն փաստը, որ Եհովայի օրը երևում է հորիզոնում։
«Ծաղր անողներ կ’գան»
6. Ինչպե՞ս է մարդկանց մեծամասնությունը վերաբերվում «Եհովայի օրվան», և ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաներին դա չի զարմացնում։
6 Թեև իրավիճակը բավականին լուրջ է, սակայն երկրի բնակիչների մեծամասնությանը չի մտահոգում այն, որ ‘Եհովայի օրը’ մոտենում է։ Նրանք ծաղրում են այն մարդկանց, ովքեր զգուշացնում են այդ օրվա անխուսափելի գալստյան մասին։ Նման վերաբերմունքը ճշմարիտ քրիստոնյաներին չի զարմացնում։ Նրանք հիշում են Պետրոս առաքյալի տված նախազգուշացումը. «Առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։ Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ» (Բ Պետրոս 3։3, 4)։
7. Ի՞նչը կօգնի մեզ պահպանել հրատապության զգացումը։
7 Ի՞նչը կարող է օգնել մեզ վանելու նման բացասական մտքերը և այդպիսով պահպանելու հրատապության զգացումը։ Պետրոսն ասում է. «Ձեր մաքուր միտքը յիշեցնելով զարթնեցնեմ։ Որ յիշէք սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը եւ մեր՝ Տիրոջ եւ Փրկչի առաքեալներիս պատուիրանքները» (Բ Պետրոս 3։1, 2)։ Եթե ուշադրություն դարձնենք մարգարեական նախազգուշացումներին, ապա դրանք կօգնեն մեզ արթնացնելու մեր «մաքուր միտքը»՝ մտածողությունը։ Գուցե հաճախ ենք լսում հիշեցումներ, սակայն շատ կարևոր է, որ այժմ, առավել քան երբևէ, ուշադրություն դարձնենք այդ նախազգուշացումներին (Եսայիա 34։1–4; Ղուկաս 21։34–36)։
8. Ինչո՞ւ են շատերն անտեսում Աստվածաշնչի հիշեցումները։
8 Ինչո՞ւ են որոշ անհատներ անտեսում տրվող հիշեցումները։ Պետրոսը շարունակում է. «Նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը. նորա համար [«որով», ԱԱ] այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ» (Բ Պետրոս 3։5, 6)։ Այո՛, կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ Եհովայի օրը գա։ Նրանք չեն ուզում, որ իրենց կյանքի նորմալ ընթացքը խաթարվի։ Նրանք չեն ուզում հաշիվ տալ Եհովային իրենց եսասիրական ապրելակերպի համար։ Ինչպես Պետրոսն է ասում, նրանք ապրում են «իրանց ցանկութիւնների պէս»։
9. Ինչպիսի՞ տրամադրվածություն դրսևորեցին մարդիկ Նոյի և Ղովտի օրերում։
9 Ելնելով ‘իրենց ցանկություններից’՝ այդ ծաղրողները նախընտրում են անտեսել այն, որ Եհովան անցյալում միջամտել է մարդկանց գործերին։ Ե՛վ Հիսուս Քրիստոսը, և՛ Պետրոս առաքյալը հիշատակել են երկու այդպիսի դեպք՝ ‘Նոյի օրերը’ և ‘Ղովտի օրերը’ (Ղուկաս 17։26–30; Բ Պետրոս 2։5–9)։ Ջրհեղեղից առաջ մարդիկ ուշադրություն չդարձրեցին Նոյի տված նախազգուշացումներին։ Նմանապես՝ Սոդոմի ու Գոմորի կործանումից առաջ Ղովտը «կատակ անողի պէս էր երեւում իր փեսաներին» (Ծննդոց 19։14)։
10. Ի՞նչ է Եհովան ասում նրանց մասին, ովքեր ուշադրություն չեն դարձնում իր խոսքերին։
10 Այսօր ոչինչ չի փոխվել։ Մարդիկ ոչ մի ուշադրություն չեն դարձնում Եհովայի խոսքերին։ Ուստի Աստված ասում է. «Պիտի պատժեմ իրանց մրուրի վերայ նստող մարդկանցը, որոնք ասում են իրանց սրտումը. Տէրը ոչ բարիք է անում ոչ չարիք։ Եւ նորանց ստացուածքը աւար պիտի դառնայ, եւ նորանց տուները՝ աւերակներ. եւ պիտի տուներ շինեն, բայց չ’բնակուեն, եւ պիտի այգիներ տնկեն, բայց գինին չ’խմեն» (Սոփոնիա 1։12, 13)։ Մարդիկ շարունակում են զբաղվել իրենց «նորմալ» առօրյա գործերով, սակայն նրանք իրենց տքնաջան աշխատանքի պտուղները հավիտյան չեն վայելի։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովայի օրը կգա անսպասելիորեն, և ցանկացած նյութական բան, որ նրանք կուտակել են, չի փրկի իրենց (Սոփոնիա 1։18)։
«Սպասիր նորան»
11. Ո՞ր հորդորը պետք է հիշենք։
11 Ի տարբերություն ամբարիշտ մարդկանց՝ մենք պետք է հիշենք այն հորդորը, որ գրել է Ամբակում մարգարեն. «Տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ» (Ամբակում 2։3)։ Նույնիսկ եթե մեր անկատար միտքը մեզ ասի, թե այդ օրը ուշանում է, մենք պետք է հիշենք, որ Եհովան չի դանդաղում։ Նրա օրը կգա ճիշտ ժամանակին, այն ժամին, երբ մարդիկ չեն սպասում (Մարկոս 13։33; Բ Պետրոս 3։9, 10)։
12. Ի՞նչ ասաց Հիսուսը, և ինչպե՞ս են իրենց դրսևորել նրա հավատարիմ հետևորդները։
12 Եհովայի օրվան սպասելու կարևորությունը շեշտելով՝ Հիսուսը զգուշացրեց, որ նույնիսկ իր հետևորդներից ոմանք կկորցնեն հրատապության զգացումը։ Նա ասաց. «Եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, իմ տէրը գալը ուշացնում է. եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել. այն ծառայի տէրը մի օր կ’գայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չ’գիտէ. եւ նորան միջիցը կ’կտրէ» (Մատթէոս 24։48–51)։ Ի տարբերություն այս ծառայի՝ հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը հրատապության զգացում է պահպանում։ Ծառա դասակարգը արթուն և պատրաստ է մնում։ Հիսուսը նրան նշանակել է «[երկրի վրա] իր ամեն ունեցածների վերայ» (Մատթէոս 24։42–47)։
Անհրաժեշտ է հրատապության զգացում պահպանել
13. Ինչպե՞ս Հիսուսը շեշտեց հրատապության զգացում պահպանելու անհրաժեշտությունը։
13 Առաջին դարի քրիստոնյաները պետք է հրատապության զգացում պահպանեին։ Նրանք պետք է անհապաղ փախչեին Երուսաղեմից, երբ տեսնեին քաղաքը «զօրքերով շրջապատուած» (Ղուկաս 21։20, 21)։ Դա տեղի ունեցավ մ.թ. 66–ին։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես Հիսուսը շեշտեց հրատապության զգացում պահպանելու անհրաժեշտությունը. «Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չ’գայ մի բան վեր առնելու իր տանիցը։ Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չ’դառնայ իր հանդերձները վեր առնելու» (Մատթէոս 24։17, 18)։ Պատմությունը փաստում է, որ Երուսաղեմը զորքերով շրջապատվելուց հետո գոյատևեց ևս չորս տարի։ Ուրեմն ինչո՞ւ 66 թ.–ին քրիստոնյաները անհապաղ պետք է հետևեին Հիսուսի խոսքերին։
14, 15. Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ առաջին դարի քրիստոնյաներն անհապաղ փախչեին, երբ տեսնեին Երուսաղեմը զորքերով շրջապատված։
14 Ճիշտ է, հռոմեական բանակը կործանեց Երուսաղեմը միայն 70 թ.–ին, սակայն դրան նախորդող չորս տարիները ամենևին էլ խաղաղ չէին։ Այդ տարիները լի էին բռնությամբ և արյունահեղությամբ։ Ըստ մի պատմաբանի՝ այդ ժամանակ Երուսաղեմում «սարսափելի արյունահեղ քաղաքացիական պատերազմ էր։ Մարդիկ ահավոր ոճրագործություններ էին կատարում»։ Երիտասարդ տղամարդկանց զորակոչում էին՝ պաշտպանական դիրքերն ամրացնելու, զենք կրելու և բանակում ծառայելու։ Ամեն օր անց էին կացվում զինվորական պարապմունքներ։ Ով թիկունք չէր կանգնում ծայրահեղ միջոցառումներին, համարվում էր դավաճան։ Եթե քրիստոնյաները հապաղեին հեռանալ քաղաքից, նրանք շատ վտանգավոր վիճակում կհայտնվեին (Մատթէոս 26։52; Մարկոս 12։17)։
15 Ուշադրություն դարձնենք հետևյալին։ Հիսուսը չասաց, որ միայն Երուսաղեմում եղողները փախչեն։ Նա ասաց. «Նորանք, որ Հրէաստանումն են, թող.... փախչեն»։ Փախուստը կարևոր էր, քանի որ Երուսաղեմից հեռանալուց մի քանի ամիս անց հռոմեական զորքերը վերսկսեցին ռազմական գործողությունները։ 67 թ.–ին նրանք գրավեցին Գալիլեան, իսկ հաջորդ տարի սկսվեց Հրեաստանի աստիճանական նվաճումը։ Մարդկանց վիճակը ողբալի էր։ Ավելի ու ավելի էր դժվարանում Երուսաղեմից փախչելը։ Քաղաքի դարպասները հսկողության տակ էին։ Ոչ ոքի թույլ չէին տալիս հեռանալ՝ կարծելով, որ նա կանցնի հռոմեացիների կողմը։
16. Ի՞նչ անելու պետք է պատրաստ լինեին առաջին դարի քրիստոնյաները, որպեսզի փրկվեին նեղությունից։
16 Այս ամենից պարզ է դառնում, թե ինչու էր Հիսուսը շեշտում, որ իրավիճակը շատ լուրջ է լինելու։ Քրիստոնյաները պետք է պատրաստ լինեին զոհողություններ անելու՝ թույլ չտալով, որ նյութական բաները շեղեն իրենց ուշադրությունը։ Հիսուսի տված նախազգուշացմանը հնազանդվելու համար նրանք պետք է պատրաստ լինեին հրաժարվել իրենց «ամբողջ ունեցուածքից» (Ղուկաս 14։33, ԷԹ)։ Ովքեր հնազանդվեցին և անհապաղ փախան Հորդանանի մյուս կողմը, փրկվեցին։
Պահպանենք հրատապության զգացումը
17. Ինչո՞ւ պետք է սրենք մեր հրատապության զգացումը։
17 Աստվածաշնչյան մարգարեությունները պարզ ցույց են տալիս, որ մենք ապրում ենք վերջին օրերի եզրափակիչ փուլում։ Ինչպես երբեք, մենք պետք է սրենք մեր հրատապության զգացումը։ Խաղաղ ժամանակ զինվորը հանգիստ է. նա չի կռվում և չի պայքարում։ Եթե նա կորցնի իր զգոնությունը, և եթե կռվի մեջ մտնելու անհրաժեշտություն առաջանա, գուցե անպատրաստ լինի և դրա համար ի վերջո հատուցի կյանքով։ Նույնը ճշմարիտ է հոգևոր առումով։ Եթե թույլ ենք տալիս, որ մեր հրատապության զգացումը բթանա, գուցե անպատրաստ լինենք դիմագրավելու զանազան դժվարությունների և հանկարծակիի գանք, երբ Եհովայի օրը գա (Ղուկաս 21։36; Ա Թեսաղոնիկեցիս 5։4)։ Այժմ ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր հեռացել են Եհովայից, դարձյալ փնտրեն նրան (Սոփոնիա 1։3–6; Բ Թեսաղոնիկեցիս 1։8, 9)։
18, 19. Ի՞նչը կօգնի մեզ մտքում վառ պահել Եհովայի օրը։
18 Զարմանալի չէ, որ Պետրոս առաքյալը մեզ հորդորում է մտքում վառ պահել Եհովայի օրը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Այդ օրը մեր մտքում վառ կպահենք, եթե «գտնուի[ն]ք սուրբ եւ աստուածապաշտ վարքում» (Բ Պետրոս 3։11, 12)։ Այդպիսի վարքը մեզ կօգնի մեծ փափագով սպասել Եհովայի օրվա գալստյանը։ Մենք չենք կարող բառացիորեն «արագացնել» (ԱՆԹ) այդ օրվա գալուստը։ Սակայն մինչ սպասում ենք Եհովայի օրվան, ժամանակն ավելի արագ կանցնի, եթե զբաղված լինենք Աստծուն ծառայելով (Ա Կորնթացիս 15։58)։
19 Աստծու Խոսքում տրված հիշեցումների շուրջ խորհրդածելը մեզ կօգնի «մեծ փափագով ցանկանալ (ակնկալել ու շտապեցնել) այդ օրվա գալուստը», «անդադար սպասել» դրան (Բ Պետրոս 3։12, The Amplified Bible; The New Testament, Ուիլյամ Բարկլի)։ Այդ հիշեցումների մեջ են մտնում այն բազմաթիվ մարգարեությունները, որոնք կանխագուշակում են ոչ միայն Եհովայի օրվա գալուստը, այլև այն անհամար օրհնությունները, որ կթափվեն բոլոր նրանց վրա, ովքեր ‘սպասում են’ Եհովային (Սոփոնիա 3։8)։
20. Ո՞ր հորդորը պետք է սրտանց ընդունենք։
20 Հիմա է ժամանակը, որ բոլորս սրտանց ընդունենք Սոփոնիա մարգարեի միջոցով տրված հորդորը. «Դեռ Տիրոջ բորբոքած բարկութիւնը ձեզ վերայ չ’եկած, դեռ Տիրոջ բորբոքած բարկութիւնը ձեզ վերայ չ’եկած։ Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը» (Սոփոնիա 2։2, 3)։
21. Ինչպիսի՞ տրամադրվածություն է ուզում դրսևորել Աստծու ժողովուրդը 2007 թ.–ին։
21 «Մոտ է Եհովայի մեծ օրը». սուրբգրային այս խոսքերը ընտրվել են որպես 2007 թ. տարվա խոսք։ Որքա՜ն տեղին է սա։ Աստծու ժողովուրդը համոզված է, որ այդ օրը «մօտ է եւ շատ շտապում է» (Սոփոնիա 1։14, ՆԱ)։ Այն «ետ չի մնալ»՝ չի ուշանա (Ամբակում 2։3)։ Սպասելով այդ օրվան՝ թող որ բոլորս միշտ հիշենք, թե ինչ ժամանակներում ենք ապրում և գիտակցենք, որ այդ մարգարեությունների վերջնական կատարումը շա՛տ մոտ է։
Կարո՞ղ եք պատասխանել
• Ի՞նչ է «Եհովայի մեծ օրը»։
• Ինչո՞ւ են շատերն անտեսում ներկա ժամանակների լրջությունը։
• Ինչո՞ւ առաջին դարի քրիստոնյաները պետք է հրատապության զգացում պահպանեին։
• Ինչպե՞ս կարող ենք սրել մեր հրատապության զգացումը։
[ներդիր 19-րդ էջի վրա]
2007 թ. տարվա խոսքն է. «Մոտ է Եհովայի մեծ օրը» (Սոփոնիա 1։14, ՆԱ)
[նկարներ 16-րդ և 17-րդ էջերի վրա]
Ինչպես և Նոյի օրերում, ծաղրողները հանկարծակիի կգան, երբ Եհովան գործի անցնի
[նկար 18-րդ էջի վրա]
Քրիստոնյաները պետք է գործեին անհապաղ, երբ տեսնեին Երուսաղեմը «զօրքերով շրջապատուած»