Ընթերցողների հարցերը
Ի՞նչն է պատճառ հանդիսանում, որ «բոլոր ազգերի ցանկալիքը» գալիս է ճշմարիտ երկրպագության «տունը» (Անգէ 2։7)։
Անգե մարգարեի միջոցով Եհովան ասաց. «Կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով» (Անգէ 2։7)։ Արդյո՞ք «ազգերի ցանկալիքը»՝ ազնվասիրտ անհատները, գալիս է դեպի ճշմարիտ երկրպագությունն այն պատճառով, որ «բոլոր ազգերը» ‘շարժվում’՝ ցնցվում են։ Պատասխանն է՝ ո՛չ։
Տեսնենք, թե ինչն է շարժում, կամ՝ ցնցում ազգերը, և որն է այդ ցնցման արդյունքը։ Աստվածաշունչն ասում է, որ ‘հեթանոսները խռովություն են անում, և ազգերը ունայն բաներ են մտածում’ (Սաղմոս 2։1)։ «Ունայն» բանը, որ նրանք «մտածում» են, իրենց իշխանությունը հավերժացնելն է։ Ոչինչ նրանց այնպես չի ցնցում, ինչպես իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած վտանգ։
Աստծու՝ արդեն հաստատված Թագավորության մասին համաշխարհային քարոզչությունը, որ կատարում են Եհովայի վկաները, ազգերի համար դարձել է հենց այդպիսի սպառնալիք. Աստծու Մեսիական Թագավորությունը, որի ղեկավարը Հիսուս Քրիստոսն է, շուտով «պիտի փշրէ եւ վերջացնէ [մարդակերտ] բոլոր թագաւորութիւնները» (Դանիէլ 2։44)։ Այն դատաստանները, որ մենք հռչակում ենք, ցնցում են ազգերին (Եսայիա 61։2)։ Որքան ավելի են մեծանում քարոզչական գործունեության մասշտաբներն ու ինտենսիվությունը, այդքան ցնցումն ավելի է ուժգնանում։ Ինչի՞ նախանշան է Անգէ 2։7–ում կանխագուշակված ցնցումը։
Անգէ 2։6–ում կարդում ենք. «Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կ’շարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը»։ Մեջբերելով այս համարից՝ Պողոս առաքյալը գրեց. «[Աստված] այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»։ Եւ «մի անգամ էլ»–ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները [Թագավորությունը] մնան հաստատուն» (Եբրայեցիս 12։26, 27, ԷԹ)։ Այո՛, իրերի ներկա ողջ համակարգը կդադարի գոյություն ունենալուց և կփոխարինվի Աստծու նոր աշխարհով։
Ազնվասիրտ մարդիկ գալիս են դեպի ճշմարիտ երկրպագությունը, բայց ոչ այն պատճառով, որ ազգերը շարժվում, կամ՝ ցնցվում են։ Այն, ինչը բերում է նրանց դեպի Եհովան և նրա երկրպագությունը, նույնն է, ինչը ցնցում է ազգերին. դա Աստծու՝ արդեն հաստատված Թագավորության մասին համաշխարհային քարոզչությունն է։ ‘Հավիտենական ավետիքի’ ազդարարումը ճիշտ տրամադրվածություն ունեցող անհատներին բերում է դեպի ճշմարիտ Աստծու երկրպագություն (Յայտնութիւն 14։6, 7)։
Թագավորության լուրը դատաստանի և փրկության լուր է (Եսայիա 61։1, 2)։ Այդ լուրի համաշխարհային քարոզչությամբ երկու բան է իրականացվում՝ ազգերի ցնցումը և ‘ազգերի ցանկալիքի’ գալը՝ ի փառս Եհովայի։