«Իմն է արծաթը, եւ իմն է ոսկին»
ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ Կյուրոս թագավորի հրամանով մ.թ.ա. 6–րդ դարում Աստծու ժողովուրդը ազատ արձակվեց բաբելոնյան գերությունից։ Հազարավոր իսրայելացիներ վերադարձան Երուսաղեմ՝ վերաշինելու Եհովայի տաճարը, որը ավերակ էր դարձել։ Հայրենադարձների տնտեսական վիճակը վատ էր, իսկ թշնամաբար տրամադրված հարևանները խոչընդոտում էին շինարարությանը։ Ուստի շինարարներից ոմանք անհանգստանում էին, թե արդյոք իրենց կհաջողվի ավարտին հասցնել այդ անչափ կարևոր գործը։
Անգե մարգարեի միջոցով Եհովան հավաստիացրեց շինարարներին, որ ինքը նրանց հետ է։ «Կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով»,— ասաց Աստված։ Անգեն տնտեսական դժվարություններ ունեցող շինարարներին փոխանցեց հետևյալ խոսքերը. «Իմն է արծաթը, եւ իմն է ոսկին. ասում է Զօրաց Տէրը» (Անգէ 2։7–9)։ Մարգարեի այս քաջալերական խոսքերից հինգ տարի անց շինարարական աշխատանքներն ավարտվեցին (Եզրաս 6։13–15)։
Այս վերջին ժամանակներում նույնպես Անգեի խոսքերը քաջալերական են Աստծու ծառաների համար, որոնք Եհովայի երկրպագության հետ կապված մեծ ծրագրեր են իրագործում։ 1879–ին, երբ հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը սկսեց հրատարակել սույն պարբերագիրը, որն այն ժամանակ կոչվում էր «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ», այսպիսի տողեր գրվեցին. «Մենք հավատում ենք, որ «Սիոնի Դիտարան» պարբերագրին թիկունք է կանգնում ԵՀՈՎԱՆ։ Ահա թե ինչու մենք երբեք չենք խնդրի կամ աղերսի մարդկանց, որ օգնեն մեզ։ Երբ նա, ով ասաց՝ «իմն է արծաթը, եւ իմն է ոսկին», դադարի մեզ ապահովել անհրաժեշտ միջոցներով, մենք կհասկանանք, որ ժամանակն է դադարեցնելու պարբերագրի լույսընծայումը»։
«Դիտարան» պարբերագրի լույսընծայումը երբեք չի դադարել։ Առաջին համարը հրատարակվեց 6 000 տպաքանակով միայն անգլերեն լեզվով։ Այսօր յուրաքանչյուր համարի միջին տպաքանակը 28 578 000 է 161 լեզուներով։a «Արթնացե՛ք» պարբերագիրը, որը հրատարակվում է «Դիտարանին» զուգահեռ, ունի միջին հաշվով 34 267 000 տպաքանակ 80 լեզուներով։
Եհովայի վկաները ձեռնարկում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեն նույն նպատակը, ինչ «Դիտարանը». փառաբանել Եհովային որպես տիեզերքի Գերիշխան Տիրոջ և հռչակել նրա Թագավորության մասին բարի լուրը (Մատթեոս 24։14; Հայտնություն 4։11)։ Վկաներն ունեն այն նույն համոզվածությունը, որն արտահայտվեց «Դիտարանում» 1879–ին։ Նրանք հավատում են, որ Աստված է կանգնած իրենց գործունեության թիկունքին, և որ միշտ միջոցներ կլինեն նրա հավանությունն ունեցող ծրագրերի համար։ Իսկ ինչպե՞ս է Եհովայի վկաների գործունեությունը ֆինանսավորվում։ Ի՞նչ աշխատանքներ են նրանք կատարում, որ բարի լուրը քարոզվի ամբողջ աշխարհում։
Ինչպե՞ս է ֆինանսավորվում
Քարոզչության ժամանակ Եհովայի վկաների համար սովորական բան է լսել այսպիսի հարց. «Ձեզ վճարո՞ւմ են դրա համար»։ Պատասխանն է՝ ոչ, նրանց չեն վճարում։ Նրանք անվճար են իրենց ժամանակը տրամադրում այդ գործին։ Եհովայի վկաները շատ ժամանակ են հատկացնում մարդկանց հետ խոսելու Եհովայի ու չքնաղ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստման մասին. երախտագիտությունն է մղում նրանց դա անելու։ Նրանք բարձր են գնահատում այն ամենը, ինչ Աստված արել է իրենց համար, և շատ ուրախ են, որ բարի լուրի շնորհիվ իրենց կյանքը և մտածելակերպը փոխվել են դեպի լավը։ Այդ իսկ պատճառով Վկաները ցանկանում են այդ բարի բաների մասին խոսել ուրիշների հետ։ Նրանք վարվում են այն սկզբունքի համաձայն, որ ասաց Հիսուսը. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։ Այո՛, նրանք շատ են ցանկանում լինել Եհովայի և Հիսուսի վկաները, ուստի իրենց համոզմունքների մասին խոսելու համար ծախսում են սեփական միջոցները և պատրաստ են քարոզելու անգամ հեռավոր վայրերում (Եսայիա 43։10; Գործեր 1։8)։
Քարոզչական գործունեության ծավալը և այն իրականացնելու համար օգտագործվող միջոցները՝ տպարաններ, գրասենյակներ, Համաժողովների սրահներ, միսիոներական տներ և այլն, պահանջում են մեծ ծախսեր։ Ինչպե՞ս են ծածկվում այդ բոլոր ծախսերը։ Կամավոր նվիրաբերություններով։ Եհովայի վկաները ժողովի անդամներից չեն պահանջում դրամ հատկացնել կազմակերպչական գործունեության համար, նրանք նաև գումար չեն պահանջում պարբերագրեր տարածելիս։ Սակայն եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերություն անել նրանց կրթական գործունեությանը աջակցելու համար, Վկաներն ուրախությամբ ընդունում են այն։ Այժմ քննենք բարի լուրի համաշխարհային քարոզչության հետ կապված մի բնագավառ։ Դա թարգմանչությունն է։
Հրատարակություններ 437 լեզուներով
Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաների հրատարակությունները աշխարհի ամենաշատ լեզուներով թարգմանվածներից են եղել։ Թերթիկներ, գրքույկներ, պարբերագրեր և գրքեր թարգմանվել են 437 լեզուներով։ Իհարկե, թարգմանչությունը, ինչպեսև բարի լուրի քարոզչության հետ կապված այլ բնագավառներ պահանջում են զգալի միջոցներ։ Իսկ ի՞նչ է ներառում թարգմանչական գործը։
Երբ Եհովայի վկաների հրատարակությունների խմբագիրները վերջնական տեսքի են բերում անգլերեն տեքստը, այն էլեկտրոնային կապով ուղարկվում է աշխարհի տարբեր վայրերում գտնվող հմուտ թարգմանչական խմբերին։ Յուրաքանչյուր խումբ գրականությունը թարգմանում է որևէ լեզվով։ Կախված նախագծերի քանակից և թարգմանվող լեզվի բարդությունից՝ խմբերը կարող են բաղկացած լինել 5–25 հոգուց։
Թարգմանված տեքստը ստուգվում է ըստ բնագրի, այնուհետև սրբագրվում է։ Թարգմանիչների նպատակն է բնագրի մտքերը փոխանցել հնարավորին չափ ճշգրիտ ու հասկանալի։ Սա բավական բարդ աշխատանք է։ Երբ թարգմանվող տեքստում օգտագործված է նեղ ոլորտի բառապաշար, գուցե անհրաժեշտություն առաջանա, որ թարգմանիչներն ու սրբագրիչները լայնածավալ հետազոտություններ կատարեն թե՛ բնագրի լեզվով (անգլերեն կամ, օրինակ, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն) և թե՛ այն լեզվով, որով թարգմանում են։ Օրինակ՝ եթե «Արթնացե՛ք»–ում տպագրվելիք հոդվածում արծարծվում է տեխնիկական կամ պատմական նյութ, ապա թարգմանիչներից պահանջվում է խոր հետազոտություններ անել։
Շատ թարգմանիչներ լրիվ կամ կես օրով ծառայում են Եհովայի վկաների մասնաճյուղերում։ Մյուսները թարգմանությունը կատարում են հենց այն վայրերում, որտեղ խոսում են իրենց մայրենի լեզվով։ Թարգմանիչները չեն վարձատրվում։ Լրիվ օրով ծառայող թարգմանիչներին պարզապես տրվում է սենյակ, սնունդ և համեստ դրամական օժանդակություն հիմնական կարիքների համար։ Ամբողջ աշխարհում թարգմանություն են կատարում մոտ 2 800 Վկաներ։ Ներկայումս բոլոր թարգմանչական խմբերը, որոնք գտնվում են կա՛մ մասնաճյուղում, կա՛մ էլ մասնաճյուղից դուրս, ղեկավարվում են Եհովայի վկաների 98 մասնաճյուղերի կողմից։ Բերենք միայն մեկ օրինակ։ Ռուսաստանի մասնաճյուղի ներքո գործում են ավելի քան 230 լրիվ կամ կես օրով ծառայող թարգմանիչներ, որոնք թարգմանում են 30–ից ավելի լեզուներով, այդ թվում նաև այն լեզուներով, որոնք առանձնապես տարածված չեն, դրանցից են՝ չուվաշերենը, օսեթերենը, ույղուրերենը։
Ջանքեր՝ թարգմանության որակը բարձրացնելու համար
Յուրաքանչյուր ոք, ով փորձել է օտար լեզու սովորել, գիտի, որ հեշտ չէ բարդ մտքերը ճշգրտորեն թարգմանել։ Թարգմանիչների նպատակն է այնպես անել, որ բնագիր տեքստում նշված մտքերն ու փաստերը ճշգրտորեն փոխանցվեն, ինչպես նաև տեքստը բնական հնչի, այնպես, որ կարծես բնագիրը հենց այդ լեզվով է գրվել։ Դա մեծ հմտություն է պահանջում։ Տարիներ են հարկավոր, որպեսզի նոր թարգմանիչները վարպետանան այդ գործում։ Ուստի Եհովայի վկաները մշակում են տարբեր ծրագրեր՝ նրանց կրթելու նպատակով։ Ժամանակ առ ժամանակ խմբերին այցելում են փորձառու եղբայրներ, որոնք օգնում են նրանց հմտանալու թարգմանության և համակարգչից օգտվելու մեջ։
Այդ կրթական ծրագրերը գերազանց արդյունքներ են տվել։ Օրինակ՝ Եհովայի վկաների Նիկարագուայի մասնաճյուղից հայտնում են. «Միսկիտո լեզվի թարգմանիչները թարգմանական տեխնիկայի և գործընթացի հարցում առաջին անգամ օգնություն ստացան Մեքսիկայի մասնաճյուղից ուղարկված մի եղբորից։ Այժմ նրանք բոլորովին այլ կերպ են կատարում իրենց գործը։ Զգալիորեն բարելավվել է որակը»։
Խոսքեր, որոնք հասնում են սրտին
Աստվածաշնչի և աստվածաշնչային գրականության հրատարակումը մայրենի լեզվով Աստծու Խոսքը հասցնում է մարդկանց սրտին։ 2006–ին բուլղարացի Եհովայի վկաները շատ ուրախացան՝ ստանալով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» մայրենի լեզվով։ Բուլղարիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ եղբայրներն ու քույրերը բազմաթիվ նամակներ են ուղարկել՝ հայտնելով իրենց երախտագիտությունը։ Ժողովի անդամներն ասում են, որ «այժմ Աստվածաշունչը հասնում է ոչ միայն իրենց մտքին, այլև սրտին»։ Մի տարեց մարդ Սոֆիայից գրեց. «Երկար տարիներ ընթերցել եմ Աստվածաշունչը, բայց երբեք չեմ տեսել այնպիսի թարգմանություն, որն այսքան հասկանալի և սրտին հասանելի լինի»։ Ալբանիայից մի Եհովայի վկա, ստանալով մայրենի լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական հրատարակությունը, ասաց. «Որքա՜ն գեղեցիկ է հնչում Աստծու Խոսքը ալբաներենով։ Ի՜նչ պատիվ է մեզ համար, որ Եհովան մեզ հետ խոսում է մեր իսկ լեզվով»։
Ամբողջ Աստվածաշունչը թարգմանելու համար պահանջվում է մի քանի տարի։ Բայց մի՞թե չարժե ջանքեր թափել դրա համար, եթե հաշվի առնենք, թե դրա շնորհիվ քանի միլիոն մարդ իսկապես կհասկանա Աստծու Խոսքը։
«Մենք Աստծու համագործակիցներն ենք»
Թարգմանչական գործունեությունն անհրաժեշտ է բարի լուրը արդյունավետորեն քարոզելու համար։ Սակայն այս նպատակն իրականացնելու համար ուրիշ կարևոր գործեր էլ կան։ Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն գրելը, տպագրելը, դրանք ժողովներ ուղարկելը, ինչպես նաև Եհովայի վկաների մասնաճյուղերի, շրջանների և ժողովների հետ կապված այլ գործեր կատարելը պահանջում են մեծ ջանքեր ու ծախսեր։ Բայց Աստծու ժողովուրդը «հոժար կամքով պատրաստ» է դրան (Սաղմոս 110։3)։ Նրանք պատիվ են համարում, որ կարող են անձամբ բաժին ունենալ այդ գործում, ու երջանիկ են, որ Եհովան իրենց դիտում է որպես իր «համագործակիցների» (1 Կորնթացիներ 3։5–9)։
Ճիշտ է, որ նա, ով ասաց՝ «իմն է արծաթը, եւ իմն է ոսկին», իր նպատակն իրագործելու համար մեր կողմից ֆինանսական աջակցության կարիք չի զգում։ Այնուամենայնիվ, Եհովան իր ծառաներին հնարավորություն է տալիս մասնակցելու իր անվան սրբացմանը։ Նրանք դա անում են՝ «բոլոր ազգերին» կենարար ճշմարտություններ քարոզելու գործին նվիրաբերություններ կատարելով (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Մի՞թե քո սիրտը չի մղում քեզ ամեն ինչով օժանդակելու այս անկրկնելի գործին։
[ծանոթագրություն]
a Այդ լեզուների ցուցակը տե՛ս սույն պարբերագրի 2–րդ էջում։
[շրջանակ 18–րդ էջի վրա]
«ՆՐԱՆՔ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՄԵԶ ԼՐՋՈՐԵՆ ՄՏԱԾԵԼ»
Մի 14–ամյա աղջիկ Եհովայի վկաների Կամերունի մասնաճյուղին գրեց. «Դպրոցական անհրաժեշտ պիտույքներս գնելուց հետո ես հնարավորություն ունեցա 2 500 ֆրանկով [5 ԱՄՆ դոլար] վաճառել նախորդ տարվա դասագրքերիցս երկուսը։ Այդ գումարը, ինչպես նաև իմ խնայողություններից 910 ֆրանկ [1,82 դոլար] նվիրաբերում եմ քարոզչության գործին։ Ես հորդորում եմ ձեզ շարունակել ձեր հրաշալի գործը։ Շնորհակալություն «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի համար։ Նրանք ստիպում են մեզ լրջորեն մտածել»։
[շրջանակ 18–րդ էջի վրա]
ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղը Չիապաս նահանգում ապրող վեցամյա Մանուելից շնորհակալական նամակ ստացավ։ Քանի որ նա դեռ գրել չգիտեր, նրա փոխարեն գրել էր ընկերը։ Մանուելն ասում է. «Տատիկս ինձ խոզ նվիրեց։ Երբ խոզը ձագեր հանեց, ես վերցրեցի ամենասիրուն խոզուկին և ժողովի եղբայրների օգնությամբ մեծացրեցի նրան։ Մեծ սիրով ուղարկում եմ 1 250 պեսո [110 ԱՄՆ դոլար], որը ստացա այդ խոզը վաճառելուց։ Այն կշռում էր 100 կիլոգրամ։ Խնդրում եմ՝ այդ փողն օգտագործեք Եհովայի համար»։
[շրջանակ 19–րդ էջի վրա]
«ՍԱ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԹԱՐԳՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
2005–ին Ուկրաինայում անցկացված Եհովայի վկաների մի մարզային համաժողովում հայտարարվեց «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հաջորդ օրը համաժողովի նվիրաբերությունների արկղում գտան հետևյալ գրությունը. «Ես ինը տարեկան եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ «Հունարեն Գրությունների» համար։ Մեր մայրիկը ինձ ու փոքր եղբորս միշտ փող էր տալիս, որ ավտոբուսով գնանք դպրոց։ Երբ անձրև չէր գալիս, ոտքով էինք գնում։ Այդպես մենք խնայեցինք 50 հրիվնա [10 ԱՄՆ դոլար]։ Ես ու եղբայրս կցանկանայինք, որ սա օգտագործեիք ամբողջ Աստվածաշունչը ուկրաիներեն թարգմանելու համար»։
[շրջանակ 20–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ
Ի ՆՊԱՍՏ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
Շատերը իրենց բյուջեից որոշակի գումար են հատկացնում Թագավորության գործին աջակցելու նպատակով և այն գցում են նվիրաբերությունների արկղը, որի վրա գրված է՝ «Նվիրաբերություններ համաշխարհային գործի համար (Մատթեոս 24։14)»։
Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր դրամական նվիրաբերությունները կարելի է անմիջապես ուղարկել այն մասնաճյուղ, որը հոգ է տանում այդ երկրի մասին։ Հարկավոր է գումարին կցել մի համառոտ նամակ և այնտեղ նշել, որ դա նվեր է, կամ՝ նվիրաբերություն։
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՅԼ ԿԵՐՊԵՐ
Դրամական նվիրաբերություններից բացի՝ մի շարք երկրներում կան Թագավորության համաշխարհային գործին աջակցելու ուրիշ հնարավորություններ ևս։ Դրանցից են.
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ նվիրաբերել որպես նվեր անմիջապես մասնաճյուղին, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով նվիրատուի՝ գույքի սեփականությանը տիրելու ցմահ իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ հարկավոր է կապ հաստատել մասնաճյուղի հետ։
Կտակ։ Մասնաճյուղին կարելի է ունեցվածք կամ դրամ փոխանցել կտակի ձևով։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Դիտարան» ընկերության տեղի գրասենյակից։
[նկար 19–րդ էջի վրա]
Միսկիտո լեզվի թարգմանիչները, Նիկարագուայի մասնաճյուղ