Մնա Եհովայի պաշտպանության հովտում
«Եհովան պիտի.... պատերազմի այդ ազգերի դեմ, ինչպես իր պատերազմի՝ կռվի օրը» (ԶԱՔ. 14։3)։
1, 2. Այսօր իրական պատերազմի ի՞նչ սպառնալիք կա, և Աստծու ծառաներն ինչո՞ւ չպետք է անհանգստանան։
1938 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգներում միլիոնավոր մարդիկ լսում էին մի սիրված ռադիոհաղորդում։ Այդ երեկո եթերում մի գիտաֆանտաստիկ վեպի վրա հիմնված թատերական ներկայացում էր (The War of the Worlds)։ Դերասանները, որոնք հաղորդավարների դեր էին տանում, հայտարարեցին, որ Մարսից այլմոլորակայիններ են ներխուժել Երկիր և ավերածություններ են անում մոլորակի վրա։ Թեև նախապես հայտարարվել էր, որ դա ռադիոբեմադրություն է, ունկնդիրներից շատերը մտածեցին, որ հարձակումն իրական է, և վախեցան։ Ոմանք նույնիսկ կոնկրետ քայլեր ձեռնարկեցին, որպեսզի պաշտպանվեն «այլմոլորակայիններից»։
2 Այսօր իրական պատերազմ է սպառնում մարդկանց, բայց նրանք, ցավոք, անտեսում են այդ վտանգը։ Այս պատերազմի մասին կանխագուշակվել է ոչ թե ինչ-որ գիտաֆանտաստիկ վեպում, այլ Աստվածաշնչում։ Դա Արմագեդոն պատերազմն է՝ Աստծու պատերազմը այս չար համակարգի դեմ (Հայտն. 16։14–16)։ Այս պատերազմին Եհովայի ծառաները չեն մասնակցելու։ Աստված իր մեծ զորությամբ փրկելու է նրանց։
3. Ի՞նչ մարգարեություն ենք քննարկելու, և ինչո՞ւ է այն մեզ հետաքրքրում։
3 Զաքարիա 14-րդ գլխում արձանագրված է մի մարգարեություն, որը շատ բան է մեզ հայտնում Արմագեդոն պատերազմի մասին։ Այդ մարգարեությունը, որը գրվել է 2 500 տարի առաջ, անմիջականորեն առնչվում է մեր կյանքին (Հռոմ. 15։4)։ Այն նաև խոսում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Աստծու ժողովրդի հետ 1914թ.-ից ի վեր, երբ երկնքում Հիսուսը դարձավ Աստծու Թագավորության Թագավոր։ Բացի այդ, մարգարեությունում նշվում է, որ շուտով անչափ տպավորիչ դեպքեր են տեղի ունենալու։ Խոսվում է մի «մեծ հովտի» առաջացման և «կենդանի ջրերի» հոսքի մասին (Զաք. 14։4, 8)։ Այդ հովիտը շատ կարևոր է Եհովայի երկրպագուների պաշտպանության համար։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչ են «կենդանի ջրերը» և ինչով են օգտակար մեզ համար։ Կտեսնենք, որ կարիք ունենք խմելու այդ ջրերից, ավելին, կցանկանանք խմել դրանցից։ Ուստի եկեք մանրամասնորեն քննենք այս մարգարեությունը (2 Պետ. 1։19, 20)։
ԵՀՈՎԱՅԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՕՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է
4. ա) Ե՞րբ է սկսվել Եհովային պատկանող օրը։ բ) Ի՞նչ էին ազդարարում Եհովայի երկրպագուները 1914թ.-ից տասնամյակներ առաջ։
4 Զաքարիա 14-րդ գլխի առաջին համարում կարդում ենք «Եհովայի օրը» արտահայտությունը (կարդա՛ Զաքարիա 14։1, 2)։ Այդ արտահայտությունը կարելի է թարգմանել նաև «մի օր, որը պատկանում է Եհովային»։ Ի՞նչ օր է դա։ Դա «Տիրոջ օրն» է, որը սկսվեց, երբ աշխարհի վրա «թագավորական իշխանությունը» անցավ «մեր Տիրոջը և իր Քրիստոսին» (Հայտն. 1։10; 11։15)։ Այդ օրը սկսվեց 1914թ.-ին, երբ երկնքում ծնվեց Մեսիական Թագավորությունը։ 1914թ.-ից տասնամյակներ առաջ Եհովայի երկրպագուները ամենուրեք ազդարարում էին, որ «ազգերին սահմանված ժամանակները» ավարտվելու են այդ տարի և որ դրանից հետո աշխարհի համար սկսվելու են չտեսնված դժվար ժամանակներ (Ղուկ. 21։24)։ Ինչպե՞ս արձագանքեցին ազգերը։ Քաղաքական և կրոնական առաջնորդները արհամարհեցին այդ նախազգուշացումը և, ավելին, հալածեցին այդ եռանդուն օծյալ ավետարանիչներին։ Այդպիսով նրանք ծաղրեցին հենց Ամենակարող Աստծուն. չէ՞ որ Թագավորության այդ օծյալ դեսպանները ներկայացնում էին «երկնային Երուսաղեմը»՝ Մեսիական Թագավորությունը (Եբր. 12։22, 28)։
5, 6. ա) Ըստ մարգարեության՝ ի՞նչ արեցին ազգերը «քաղաքի» և քաղաքացիների դեմ։ բ) Ովքե՞ր են «մնացած ժողովուրդը»։
5 Զաքարիան այնուհետև ասում է, որ ազգերը գրավելու են «քաղաքը», այսինքն՝ Երուսաղեմը։ «Քաղաքը» խորհրդանշում է Աստծու Մեսիական Թագավորությունը։ Երկրի վրա այն ներկայացված է իր քաղաքացիներով՝ օծյալ քրիստոնյաների մնացորդով (Փիլիպ. 3։20)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Եհովայի կազմակերպության երկրային մասի ակնառու անդամներին «գրավեցին», այսինքն՝ ձերբակալեցին և ուղարկեցին բանտ (ԱՄՆ, Ջորջիա նահանգ, Ատլանտա)։ «Տները թալանվեցին» այն իմաստով, որ այս և ուրիշ հավատարիմների հետ անարդարացի և դաժան կերպով վարվեցին, արգելեցին գրականությունը և սահմանափակեցին քարոզչական գործունեությունը։
6 Թեև թշնամիները թվով գերազանցում էին Աստծու ժողովրդին, թեև նրանց մասին կեղծ լուրեր էին տարածում, հակառակվում և հալածում էին, այնուամենայնիվ նրանք չէին կարող ճշմարիտ երկրպագությունը վերացնել։ Ինչո՞ւ։ Որովհետև, համաձայն մարգարեության, լինելու էր «մնացած ժողովուրդ»՝ օծյալ մնացորդ, որը հրաժարվելու էր «հեռանալ քաղաքից» (Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
7. Օծյալ քրիստոնյաները ի՞նչ օրինակ են թողել մեզ։
7 Դադարեցի՞ն թշնամիները Աստծու ժողովրդին հալածելուց, երբ Առաջին համաշխարհային պատերազմը ավարտվեց։ Ո՛չ։ Ազգերը շարունակեցին հարձակվել օծյալների և նրանց՝ երկրային հույս ունեցող ուղեկիցների վրա (Հայտն. 12։17)։ Երկրորդ համաշխարհային պատերազմը դրա ապացույցն է։ Օծյալների հավատարիմ ընթացքը մղում է մեզ տոկալու ցանկացած փորձության ներքո։ Օրինակ՝ գուցե մեր հարազատները, աշխատակիցները, կամ համադասարանցիները ծաղրեն մեզ մեր հավատի համար (1 Պետ. 1։6, 7)։ Անկախ իրենց բնակության վայրից՝ ճշմարիտ երկրպագուները առավել քան երբևէ վճռական են «հաստատ կանգնելու մեկ ոգով» և «չվախենալու հակառակորդներից» (Փիլիպ. 1։27, 28)։ Իսկ կարո՞ղ է Եհովայի ժողովուրդը ապահովություն գտնել իրեն ատող այս աշխարհում (Հովհ. 15։17–19)։
ԵՀՈՎԱՆ «ՄԵԾ ՀՈՎԻՏ» Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
8. ա) Ի՞նչ կարող են խորհրդանշել լեռները Աստվածաշնչում։ բ) Ի՞նչ է խորհրդանշում «ձիթենիների լեռը»։
8 Քանի որ Երուսաղեմը՝ «քաղաքը», խորհրդանշական իմաստ ունի և մատնանշում է երկնային Երուսաղեմը, «ձիթենիների լեռը, որը Երուսաղեմի դիմացն է», նույնպես պետք է այլաբանորեն հասկանալ։ Ի՞նչ է խորհրդանշում այդ լեռը։ Ինչպես՞ է այն «մեջտեղից ճեղքվելու» և դառնալու երկու լեռ։ Ինչո՞ւ է Եհովան ասում, որ դրանք իր լեռներն են (կարդա՛ Զաքարիա 14։3–5)։ Աստվածաշնչում լեռները կարող են խորհրդանշել թագավորություններ և կառավարություններ։ Սուրբ Գրքում նաև ասվում է, որ Եհովայի լեռը բերում է օրհնություններ և տալիս է պաշտպանություն (Սաղ. 72։3; Ես. 25։6, 7)։ Այսպիսով՝ ձիթենիների լեռը, որն ընկած է Երուսաղեմից արևելք և որի վրա կանգնում է Աստված, ներկայացնում է Եհովայի գերիշխանությունը։
9. Ի՞նչ է նշանակում ձիթենիների լեռան ճեղքումը։
9 Ի՞նչ է նշանակում ձիթենիների լեռան ճեղքումը։ Լեռը, որը Երուսաղեմից արևելք է, ճեղքվում է այն իմաստով, որ Եհովան հաստատում է մեկ այլ՝ օժանդակ իշխանություն։ Այդ իշխանությունը Մեսիական Թագավորությունն է Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ։ Սա է պատճառը, թե ինչու է Եհովան ասում, որ երկու լեռները, որոնք առաջանում են «ձիթենիների լեռան» բաժանումից, «իր լեռներն» են։
10. Ի՞նչ է խորհրդանշում երկու լեռների միջև առաջացած «մեծ հովիտը»։
10 Երբ խորհրդանշական լեռը ճեղքվում է՝ մի մասը դեպի հյուսիս, իսկ մյուս մասը դեպի հարավ, Եհովայի ամեն մի ոտքը մնում է մի լեռան վրա։ Առաջանում է մի «մեծ հովիտ»։ Այս հովիտը խորհրդանշում է Եհովայի պաշտպանությունը. Եհովայի ծառաները պաշտպանություն են գտնում Եհովայի գերիշխանության և նրա Որդու Մեսիական Թագավորության ներքո։ Եհովան ամեն ինչ անելու է, որ մաքուր երկրպագությունը երբեք չվերանա։ Ե՞րբ տեղի ունեցավ ձիթենիների լեռան բաժանումը։ Դա տեղի ունեցավ 1914թ.-ին, երբ ազգերին սահմանված ժամանակները լրացան և հաստատվեց Մեսիական Թագավորությունը։ Իսկ ե՞րբ ճշմարիտ երկրպագուները սկսեցին փախչել դեպի այլաբանական հովիտ։
ՓԱԽՈՒՍՏԸ ԴԵՊԻ ՀՈՎԻՏ ՍԿՍՎՈՒՄ Է
11, 12. ա) Ե՞րբ սկսվեց փախուստը դեպի խորհրդանշական հովիտ։ բ) Ինչի՞ց է երևում, որ Եհովայի զորավոր ձեռքը իր ժողովրդի հետ է։
11 Հիսուսն իր հետևորդներին նախազգուշացրեց. «Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատված կլինեք» (Մատթ. 24։9)։ Այդ ատելությունը հատկապես ուժեղացավ 1914թ.-ից սկսած, երբ սկսվեցին այս համակարգի վերջին օրերը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թշնամիները դաժանորեն հալածեցին հավատարիմ օծյալ քրիստոնյաներին, բայց չկարողացան վերացնել ճշմարիտ երկրպագությունը։ 1919թ.-ին նրանք ազատագրվեցին Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության ճիրաններիցa (Հայտն. 11։11, 12)։ Այդ ժամանակ էր, որ սկսվեց փախուստը դեպի Եհովայի լեռների հովիտ։
12 1919թ.-ից ի վեր՝ հովիտը պաշտպանում է ճշմարիտ երկրպագուներին ամբողջ աշխարհում։ Տասնամյակներ շարունակ աշխարհի շատ վայրերում արգելքներ և սահմանափակումներ են եղել Եհովայի վկաների քարոզչական գործի և աստվածաշնչյան գրականության վրա։ Այսօր էլ որոշ երկրներում կան խոչընդոտներ։ Որքան էլ որ ազգերը փորձեն վերացնել մաքուր երկրպագությունը, միևնույնն է, նրանք հաջողության չեն հասնի։ Եհովայի զորավոր ձեռքը իր ժողովրդի հետ է (2 Օրենք 11։2)։
13. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի մնանք Եհովայի պաշտպանության հովտում, և ինչո՞ւ է դա հատկապես կարևոր հիմա։
13 Եթե մենք կառչած մնանք Եհովային և ամուր մնանք ճշմարտության մեջ, նա և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, թույլ չեն տա, որ որևէ մեկը կամ որևէ բան հափշտակի մեզ իր ձեռքից (Հովհ. 10։28, 29)։ Եհովան պատրաստ է ամեն ձևով մեզ օգնելու, որպեսզի կարողանանք հնազանդվել իրեն՝ որպես Գերիշխանի, և հավատարիմ մնալ Մեսիական Թագավորությանը։ Շատ կարևոր է մնալ պաշտպանության հովտում, որովհետև մեծ նեղությունը արագորեն մոտենում է և ավելի մեծ դժվարություններ են լինելու։
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԸ» ՄՈՏԵՆՈՒՄ Է
14, 15. Ի՞նչ կլինի նրանց, ովքեր պաշտպանության «մեծ հովտում» չեն լինի Աստծու պատերազմի օրը։
14 Որքան այս համակարգի վերջը մոտենում է, այնքան Սատանան սաստկացնում է հարձակումը Եհովայի ծառաների վրա։ Բայց շուտով այդ հարձակումներին վերջ կդրվի։ Եհովան դուրս կգա իր թշնամիների դեմ, կպատերազմի և կհաղթի։ Այդ օրը հզոր Պատերազմողը շատ ավելի փառահեղ կլինի, քան իր բոլոր նախորդ «կռվի օրերին» (Զաք. 14։3)։
15 Ի՞նչ կլինի նրանց, ովքեր Աստծու պատերազմի օրը չեն լինի պաշտպանության «մեծ հովտում»։ Նրանց վրա չի շողա Աստծու բարեհաճության «պայծառ լույսը»։ Գալիք կռվի օրը «ձիու, ջորու, ուղտի, էշի և ամեն տեսակ անասունի», այսինքն՝ ազգերի ռազմական տեխնիկայի վրա պատուհաս կգա։ Դրանք «կքարանան», այլ խոսքով՝ շարքից դուրս կգան։ Եհովան իր թշնամիներին պատժելու է նաև ուրիշ «պատուհասով»։ Բառացի կլինի, թե ոչ, նրանց աչքերն ու լեզուները «փտելու» են, այսինքն՝ նրանք կույր և համր են դառնալու և ի վիճակի չեն լինելու վնասելու մեզ և խոսելու Աստծու դեմ (Զաք. 14։6, 7, 12, 15)։ «Երկրի [բոլոր] թագավորներն ու նրանց զորքերը» Սատանայի կողմն են բռնելու։ Անկախ այն բանից, թե նրանք երկրի որ մասում կլինեն՝ բոլորն էլ ոչնչանալու են (Հայտն. 19։19–21)։ «Այդ օրը Եհովայի կողմից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն» (Երեմ. 25։32, 33)։
16. Ի՞նչ հարցերի շուրջ պետք է խորհրդածենք և ի՞նչն է կենսական լինելու մեզ համար։
16 Պատերազմը բոլորին է տառապանք բերում, այդ թվում նաև հաղթողներին։ Սննդի պակասություն, ունեցվածքի կորուստ, կենսամակարդակի անկում, ազատությունների սահմանափակում. ի՞նչ կանենք նման դեպքերում։ Կմատնվե՞նք խուճապի։ Կհրաժարվե՞նք մեր հավատից։ Կկորցնե՞նք մեր հույսը։ Վհատության մեջ կընկնե՞նք։ Մեծ նեղության ժամանակ կենսական է լինելու մնալ Եհովայի պաշտպանության հովտում և շարունակել հավատալ, որ նա անպայման փրկելու է մեզ (կարդա՛ Ամբակում 3։17, 18)։
«ԿԵՆԴԱՆԻ ՋՐԵՐ ԿՀՈՍԵՆ»
17, 18. ա) Ի՞նչ են «կենդանի ջրերը»։ բ) Ի՞նչ են խորհրդանշում արևելյան և արևմտյան ծովերը։ գ) Նայելով ապագային՝ ի՞նչ ես վճռել անել։
17 Արմագեդոնից հետո Մեսիական Թագավորության նստավայրից շարունակաբար «կենդանի ջրեր» են հոսելու։ Այդ ջրերը խորհրդանշում են այն ամենը, ինչ Եհովան անում է, որպեսզի մենք հավիտենական կյանքի հնարավորություն ունենանք։ «Արևելյան ծովը» Մեռյալ ծովն է, իսկ «արևմտյան ծովը»՝ Միջերկրական ծովը։ Երկու ծովերն էլ կապ ունեն մարդկանց հետ։ Մեռյալ ծովը խորհրդանշում է նրանց, ովքեր գտնվում են մարդկության համընդհանուր գերեզմանում։ Քանի որ Միջերկրական ծովում կյանք կա, այն խորհրդանշում է «մեծ բազմությանը», որն անցնելու է Արմագեդոնը (կարդա՛ Զաքարիա 14։8, 9; Հայտն. 7։9–15)։ Երկու խումբն էլ, խմելով կյանքի ջրերից, կամ՝ «կյանքի ջրի գետից», ի վերջո ազատվելու է ադամական մեղքի դատապարտությունից (Հայտն. 22։1, 2)։
18 Եհովայի պաշտպանության ներքո մենք վերապրելու ենք այս չար համակարգի կործանումից և մտնելու ենք Աստծու արդար նոր աշխարհ։ Մենք չենք վախենում այն բանից, որ բոլոր ազգերը ատում են մեզ։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ Աստծու Թագավորությանը և մնալու ենք Եհովայի պաշտպանության հովտում։
a Տե՛ս «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» (էջ 169, 170, անգլ., ռուս.)։