Եհովան ատում է անհավատարմությունը
‘Նենգություն մի արեք իրար’ (ՄԱՂԱՔԻԱ 2։10)։
1. Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք հավիտենական կյանք ստանալ։
Ցանկանո՞ւմ եք հավիտյան ապրել։ Եթե հավատում եք, որ հավիտենական կյանք կլինի, իսկ դա Աստված է խոստանում, ապա, ամենայն հավանականությամբ, կպատասխանեք՝ իհարկե։ Սակայն եթե ցանկանում եք, որ Աստված ձեզ անվերջ կյանք շնորհի նոր աշխարհում, պետք է կատարեք նրա պահանջները (Ժողովող 12։13; Յովհաննէս 17։3)։ Բայց մի՞թե կարող է անկատար մարդը դրանք կատարել։ Այո՛, քանզի Եհովան մեզ քաջալերում է հետևյալ խոսքերով. «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ» (Ովսէէ 6։6)։ Ուրեմն, մարդ արարածը, սխալներ գործելու հակում ունենալով հանդերձ, կարո՛ղ է կատարել Աստծո պահանջները։
2. Ինչպե՞ս բազմաթիվ իսրայելացիներ անհավատարմաբար վարվեցին Եհովայի հետ։
2 Բայց ամեն ոք չէ, որ ցանկանում է կատարել Եհովայի կամքը։ Ովսէէ մարգարեն հայտնում է, որ բազմաթիվ իսրայելացիներ չէին ցանկանում կատարել Աստծո կամքը։ Նրանք ազգովին համաձայնվեցին ուխտի մեջ մտնել Եհովայի հետ ու հնազանդվել նրա օրենքներին (Ելից 24։1–8)։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց նրանք, խախտելով այդ օրենքները, ‘ուխտը զանց արին’։ Ուստիև Եհովան ասաց, որ այդ իսրայելացիներն իրեն «անհաւատարմութիւն արին» (Ովսէէ 6։7)։ Այդ ժամանակվանից ի վեր բազմաթիվ մարդիկ են այդպես վարվել։ Եհովան ատում է անհավատարմությունը՝ անկախ այն բանից, թե դա ում նկատմամբ է արվում՝ ի՞ր, թե՞ իրեն սիրող ու ծառայող մարդկանց։
3. Այս հոդվածում ինչի՞ մասին է խոսվելու։
3 Ովսէէն միակ մարգարեն չէր, որն ընդգծում էր Աստծո տեսակետը անհավատարմության վերաբերյալ. տեսակետ, որը պետք է մեր սեփականը դարձնենք, եթե ցանկանում ենք երջանիկ կյանքով ապրել։ Նախորդ հոդվածում մենք Մաղաքիայի մարգարեության առաջին գլխից կարևոր կետեր քննարկեցինք։ Իսկ հիմա եկեք ուշադրություն դարձնենք նրա գրքի երկրորդ գլխին, որտեղ ասվում է, թե ինչ է Աստված մտածում անհավատարմության մասին։ Այս գլուխը կարևոր նշանակություն ունի նաև մեզ համար, թեև Մաղաքիան խոսում էր հին ժամանակների մասին, երբ Աստծո ժողովուրդն արդեն մի քանի տասնամյակ էր, ինչ վերադարձել էր բաբելոնյան գերությունից։
Պարսավելի քահանաները
4. Ի՞նչ նախազգուշացրեց Եհովան քահանաներին։
4 Երկրորդ գլուխը սկսվում է Եհովայի դատապարտական խոսքերով՝ հրեա քահանաների հասցեին։ Նրանք հեռացել էին Աստծո արդար ճանապարհներից ու եթե ականջ չդնեին նրա խորհրդին և չուղղեին իրենց ընթացքը, ապա լուրջ խնդիրների առջև էին կանգնելու։ Ահա թե ինչ է ասվում առաջին երկու համարներում. «Ձեզ համար է այս պատուէրը, ով քահանաներ։ Եթէ չ’լսէք եւ ուշադրութիւն չ’անէք, որ իմ անուանը պատիւ տաք, ասում է Զօրաց Տէրը, այն ժամանակ ես ձեր մէջը կ’ուղարկեմ անէծքը, եւ կ’անիծեմ ձեր օրհնութիւնները»։ Եթե քահանաները պահեին Աստծո օրենքները և դրանք ժողովրդին սովորեցնեին, ապա օրհնություններ կստանային։ Բայց քանի որ հաշվի չէին առնում Աստծո կամքը, ապա նրանց անեծք՝ չարիք էր սպասում։ Նույնիսկ քահանաների բերանով հնչած օրհնությունները անեծք էին դառնալու։
5, 6. ա) Ինչո՞ւ հատկապես քահանաներն էին պարսավանքի արժանի։ բ) Ինչպե՞ս Եհովան իր քամահրանքն արտահայտեց քահանաների հանդեպ։
5 Ինչո՞ւ հատկապես քահանաներն էին պարսավանքի արժանի։ Յոթերորդ համարը սպառիչ պատասխան է տալիս. «Քահանայի շրթունքները պէտք է գիտութիւն պահեն, եւ օրէնք կ’փնտռեն նորա բերանիցը. որովհետեւ նա Զօրաց Տիրոջ դեսպանն է»։ Ավելի քան հազար տարի առաջ Աստված Մովսեսի միջոցով Իսրայելին տվեց օրենքներ, որտեղ ասվում էր, որ քահանաները պարտավոր էին «Իսրայէլի որդիների[ն] այն բոլոր կանոնները սովորեցնելու.... որ Եհովան Մովսէսի ձեռքովը խօսել է[ր]» (Ղեւտացոց 10։11)։ Ցավոք, ինչպես հետագայում գրվեց Բ Մնացորդաց 15։3 համարում, «շատ օրեր Իսրայէլը առանց ճշմարիտ Աստուծոյ, առանց ուսուցանող քահանայի, եւ առանց օրէնքի էր մնացել»։
6 Մաղաքիայի ժամանակներում՝ մ.թ.ա. 5–րդ դարում, իրավիճակը նույնն էր. քահանաները չէին սովորեցնում ժողովրդին Աստծո օրենքը։ Ուրեմն նրանց անհրաժեշտ էր պատասխանատվության կանչել։ Տեսեք, թե ինչպիսի՛ խոսքեր է ասում Եհովան նրանց. «Աղբ պիտի ցրուեմ ձեր երեսի վերայ՝ ձեր տօների աղբը» (Մաղաքիա 2։3)։ Ինչպիսի՜ հանդիմանություն։ Ընդհանրապես, զոհաբերված անասունների աղբը պետք է բնակատեղից դուրս տարվեր ու այրվեր (Ղեւտացոց 16։27)։ Բայց երբ Եհովան ասում է, որ այդ աղբը պետք է նրանց երեսով տար, ապա դա ակնհայտորեն նշանակում է, որ նա չէր ընդունում այդ զոհաբերությունները և արհամարհում էր դրանք մատուցողներին։
7. Ինչո՞ւ էր Եհովան բարկացել Օրենքի ուսուցիչների վրա։
7 Մաղաքիայի ժամանակներից դարեր առաջ Եհովան ղևտացիներին նշանակել էր խորանի, իսկ ավելի ուշ՝ տաճարի կարիքները հոգալու և սրբազան ծառայություն կատարելու համար։ Նրանք իսրայել ազգի ուսուցիչներն էին։ Եթե ղևտացիներն իրենց հանձնարարությունները կատարեին, ապա կյանք ու խաղաղություն կունենային և՛ իրենք, և՛ ժողովուրդը (Թուոց 3։5–8)։ Բայց նրանք այլևս չէին վախենում Աստծուց, ինչպես առաջ։ Այդ պատճառով էլ Եհովան ասաց. «Դուք խոտորել էք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրէնքի մէջ. դուք քանդեցիք Ղեւիի ուխտը.... դուք չէք պահում իմ ճանապարհները» (Մաղաքիա 2։8, 9)։ Եհովան արդարացիորեն բարկացել էր քահանաների վրա, քանի որ նրանք մոլորեցնում էին իսրայելացիներին. նրանք չէին սովորեցնում ճշմարտությունը ու վատ օրինակ էին թողնում։
Պահենք Աստծո չափանիշները
8. Կարո՞ղ են մարդիկ պահել Աստծո չափանիշները։ Բացատրեք։
8 Չպետք է մտածենք, թե այդ քահանաներին հարկավոր էր կարեկցել ու ներել՝ ելնելով այն բանից, որ նրանք անկատար էին և հետևաբար չէին կարող պահել Աստծո չափանիշները։ Իրողությունն այն է, որ մարդը կարող է պահել Աստծո չափանիշները, քանզի Եհովան չի պահանջում նրանից այն, ինչը նա չի կարող անել։ Հավանաբար, առանձին քահանաներ իսկապես պահում էին Աստծո չափանիշները։ Հիսուսը՝ մեծ «Քահանայապետն», անշուշտ, Աստծո չափանիշներով էր առաջնորդվում (Եբրայեցիս 3։1)։ Նրա մասին իսկապես կարելի էր ասել. «Ճշմարտութեան օրէնք կար նորա բերանումը, եւ անիրաւութիւն չէր գտնվում նորա շրթունքներումը. խաղաղութեամբ ու ուղղութեամբ էր վարվում [«կը քալեր», Արևմտ. Աստ.] ինձ հետ. եւ շատերին դարձնում էր անօրէնութիւնից» (Մաղաքիա 2։6)։
9. Մեր ժամանակներում ո՞վ է հավատարմորեն հայտնում Աստվածաշնչի ճշմարտությունը։
9 Մեր օրերում Քրիստոսի օծյալ եղբայրները, որոնք երկնային կյանքի հույս ունեն, արդեն հարյուր տարուց ավելի է, ինչ ծառայում են որպես «սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ [են] մատուցան[ում] Աստուծոյ ընդունելի» (Ա Պետրոս 2։5, ԱԹ)։ Նրանք առաջնորդություն են վերցրել Աստվածաշնչի ճշմարտությունը մարդկանց հայտնելու գործում։ Սովորելով նրանց ուսուցանած ճշմարտությունները՝ արդյոք կյանքի փորձով չե՞նք համոզվել, որ նրանց բերանում ճշմարտության օրենք կա։ Նրանք շատերին են օգնել թողնելու սխալ կրոնը, և այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ կան, ովքեր սովորել են Աստվածաշնչի ճշմարտությունները և հավիտենական կյանքի հույս ունեն։ Վերջիններս իրենց հերթին հրաշալի հնարավորություն ունեն ճշմարտության օրենքն ուսուցանելու ուրիշ միլիոնավոր անհատների (Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 7։9)։
Ինչու զգույշ լինել
10. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք։
10 Բայց մենք պետք է զգույշ լինենք։ Հնարավոր է՝ լավ չըմբռնենք Մաղաքիա 2։1–9 համարներում ամփոփված դասերը։ Զգուշանո՞ւմ ենք այն բանից, որ անիրավություն չգտնվի մեր շրթունքներում։ Օրինակ՝ կարո՞ղ են մեր ընտանիքի անդամները, հոգևոր եղբայրներն ու քույրերը իրոք վստահել մեր խոսքերին։ Հնարավոր է՝ սովորություն դարձնենք արտահայտվել այնպես, որ մեր խոսքերն ինքնըստինքյան սխալ չլինեն, բայց իրականում թյուրիմացության մեջ գցեն մարդկանց։ Գուցե գործարար հարաբերություններում չափազանցնենք կամ թաքցնենք ինչ–ինչ մանրամասնություններ։ Մի՞թե Եհովան չի տեսնի այդ ամենը։ Կընդունի՞ մեր շրթունքների գովաբանական զոհաբերությունները, եթե նման բաներ անենք։
11. Ովքե՞ր հատկապես պետք է զգույշ լինեն։
11 Մաղաքիա 2։7 համարը պետք է նախազգուշացում ծառայի նաև նրանց համար, ովքեր այսօր ժողովներում Աստծո Խոսքն ուսուցանելու առանձնաշնորհում ունեն։ Այս համարում ասվում է, որ նրանց շրթունքները «պէտք է գիտութիւն պահեն, եւ օրէնք կ’փնտռեն» նրանց բերանից։ Մեծ պատասխանատվություն է ընկնում այդ ուսուցիչների վրա, քանզի «աւելի մեծ դատաստան պիտի ընդունին» (Յակոբոս 3։1, Արևմտ. Աստ.)։ Թեև նրանք մեծ եռանդով ու խանդավառությամբ պետք է ուսուցանեն, այնուամենայնիվ նրանց ուսուցումը պետք է լիովին հիմնված լինի Աստծո Խոսքի ու այն հրահանգների վրա, որ գալիս են Եհովայի կազմակերպությունից։ Այսպես վարվելով՝ նրանք կկարողանան սովորեցնել մյուսներին։ Նրանց խորհուրդ է տրվում. «Ջանա՛ Աստծու աչքին երևալ որպես ընտիր մի մարդ, այնպիսին մի մշակ, որ իր գործերի համար ամաչելու բան չունի, որպես մեկը, որ ուղիղ է ուսուցանում Աստծու ճշմարիտ պատգամը» (Բ Տիմոթէոս 2։2, 15, ԱՆԹ)։
12. Ինչի՞ առնչությամբ պետք է զգույշ լինեն նրանք, ովքեր ուսուցանում են։
12 Եթե զգույշ չլինենք, ապա գուցե ուսուցանելիս մեր անձնական նախապատվություններն ու գաղափարները արտահայտենք։ Առանձնապես վտանգը մեծ է, երբ անհատն իր եզրակացություններում ինքնավստահության է հակված նույնիսկ այն դեպքում, երբ դրանք հակասում են Եհովայի կազմակերպության ուսուցումներին։ Բայց Մաղաքիա 2–րդ գլուխը ցույց է տալիս, որ ժողովի ուսուցիչները պետք է կառչած մնան Աստծո՛ գիտությանը և ոչ թե սեփական գաղափարներին, որոնք կարող են գայթակություն լինել ժողովի անդամների համար։ Հիսուսն ասաց. «Ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը» (Մատթէոս 18։6)։
Անհավատի հետ ամուսնանալը
13, 14. Ի՞նչ անհավատարմության վրա է Մաղաքիան առաջին հերթին կենտրոնանում։
13 Մաղաքիա 2։10–ից սկսած՝ անհավատարմության հարցն է՛լ ավելի բացահայտորեն է շեշտվում։ Մաղաքիան կենտրոնանում է վարքի երկու տեսակի վրա, որոնց մասին խոսելիս օգտագործում է «նենգութիւն» և «անհաւատարիմ» բառերը։ Նա նախ հետևյալ հարցերն է տալիս. «Մի՞թէ մեր ամենքի հայրը մէկը չէ. մի՞թէ մէկ Աստուած չէ ստեղծել մեզ. ի՞նչու համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը. որ քանդէ մեր հայրերի ուխտը»։ Այնուհետև 11–րդ համարում նա ասում է, որ Իսրայելի նենգ և ուխտադրուժ ընթացքը համազոր է «Տիրոջ սրբարանը», այսինքն՝ Եհովայի սրբությունը պղծելուն։ Ի՞նչ դատապարտելի գործ էին նրանք անում։ 11–րդ համարում կարդում ենք. նրանք «ամուսին եղա[ն] օտար աստուծոյ աղջկան»։
14 Այլ խոսքով՝ որոշ իսրայելացիներ, իսկ նրանք Եհովային նվիրված ազգի անդամներ էին, ամուսնացել էին օտար աստվածների պաշտող մարդկանց հետ։ Համատեքստն օգնում է հասկանալ այդ հարցի լրջությունը։ 10–րդ համարում ասվում է, որ նրանք մեկ ընդհանուր հայր ունեին։ Դա ո՛չ Հակոբն էր (որի անունը փոխվեց Իսրայելի), ո՛չ Աբրահամը և ո՛չ էլ Ադամը։ Մաղաքիա 1։6–ից երևում է, որ Եհովան էր այդ «մէկ հայր[ը]»։ Իսրայել ազգը հարաբերություններ էր հաստատել նրա հետ և մասնակից էր այն ուխտին, որ կնքվել էր նրանց նախահայրերի հետ։ Այդ ուխտի օրենքներից մեկում ասվում էր. «Նորանց հետ խնամութիւն չ’անես, աղջկանդ նորա տղին չ’տաս, եւ նորա աղջկանը քո տղին չ’առնես» (Բ Օրինաց 7։3)։
15. ա) Ինչպե՞ս ոմանք գուցե արդարացնեն անհավատի հետ ամուսնանալը։ բ) Ի՞նչ է ասում Եհովան ամուսնանալու վերաբերյալ։
15 Մեր օրերում ոմանք գուցե մտածեն. «Ախր նա շատ լավ անձնավորություն է. ժամանակի ընթացքում գուցեև ընդունի ճշմարիտ երկրպագությունը»։ Նման մտածողությունը հաստատում է Աստվածաշնչի այն նախազգուշացման ճշմարտացիությունը, որ «խորամանկ [«խաբեբայ», Արևմտ. Աստ.] է սիրտն ամենից աւելի եւ ապականուած» (Երեմիա 17։9)։ Թե Աստված ինչպես է նայում հավատացյալի ամուսնությանը անհավատի հետ, երևում է Մաղաքիա 2։12–ից. «Տէրը բնաջինջ է անելու այն մարդին որ անում է այս»։ Հետևաբար, քրիստոնյաներին հորդոր է տրվում ամուսնանալ «միայն Տիրոջով» (Ա Կորնթացիս 7։39)։ Բայց քանի որ քրիստոնյաները Քրիստոսի օրենքով են առաջնորդվում, հավատացյալը ‘բնաջինջ չի արվում’ անհավատի հետ ամուսնանալու պատճառով։ Սակայն եթե անհավատը շարունակի անհավատ մնալ, ապա ի՞նչ կպատահի իրեն, երբ շուտով Աստված այս համակարգին վերջ տա (Սաղմոս 37։37, 38)։
Կողակցի հետ վատ վերաբերվելը
16, 17. Ի՞նչ անհավատարմություն էին ոմանք անում։
16 Մաղաքիան խոսում է նաև անհավատարմության երկրորդ տեսակի մասին։ Դա կողակցի հետ վատ վերաբերվելն է՝ հատկապես նրանից անարդարացի կերպով ամուսնալուծվելը։ 2–րդ գլխի 14–րդ համարում ասվում է. «Տէրը վկայում է քո եւ քո երիտասարդութեան կնոջ մէջտեղը, որի դէմ դու անհաւատարիմ ես եղել. սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը»։ Հրեա ամուսիններն անհավատարմորեն էին վարվում իրենց կանանց հետ, ինչի պատճառով Եհովայի զոհասեղանը ‘ծածկվում էր արտասուքով’ (Մաղաքիա 2։13)։ Այդ մարդիկ ամուսնալուծվում էին իրենց երիտասարդության կանանցից առանց որևէ օրինական հիմքի, որպեսզի, հավանաբար, ամուսնանային ավելի երիտասարդ կամ հեթանոս կանանց հետ։ Իսկ այլասերված քահանաները թո՛ւյլ էին տալիս դա։ Բայց ահա թե ինչ է Եհովան ասում Մաղաքիա 2։16–ում. «Ես ատում եմ ապահարզանը»։ Իսկ ավելի ուշ Հիսուսը ցույց տվեց, որ կողակցի կողմից անբարոյականություն գործելն է անմեղ կողակցին հիմք տալիս, որ ամուսնալուծվի ու կրկին ամուսնանա (Մատթէոս 19։9ա)։
17 Խորհրդածեք Մաղաքիայի այս խոսքերի շուրջ ու քննեցեք, թե բարության ինչ զգացումներ են արթնանում ձեր սրտում։ Մարգարեն ասում է. «Քո ընկերն է եւ քո ուխտի կինը»։ Իսրայելացին ամուսնացել էր հավատակից իսրայելուհու հետ, քանի որ ուզեցել էր իր կյանքը կապել այդ շատ սիրելի կնոջ հետ։ Ըստ ամենայնի, նրանք ամուսնացել էին երիտասարդ տարիքում։ Ժամանակն անցնում էր, և նրանք հասակ էին առնում, բայց դա հիմք չէր տալիս, որ նրանք իրենց ուխտը, այսինքն՝ ամուսնությունը լուծեին։
18. Անհավատարմության վերաբերյալ Մաղաքիայի տված խորհուրդն ի՞նչ կիրառություն ունի մեր օրերում։
18 Այս հարցերի առնչությամբ տրված խորհուրդները հավասար ուժով կիրառելի են նաև այսօր։ Շատ ցավալի է, որ ոմանք չեն հետևում «միայն Տիրոջով» ամուսնանալու սուրբգրային խորհրդին։ Պակաս ցավալի չէ այն, որ ոմանք էլ չեն ջանում ամրապնդել իրենց ամուսնական կապը։ Նրանք իրենց այդ վարքին ինչ–ինչ արդարացումներ են գտնում և, առանց սուրբգրային հիմքի, ամուսնալուծվում, որպեսզի ամուսնանան մեկ ուրիշի հետ. իսկ Աստված ատում է նման ընթացքը։ Դրանով նրանք «ձանձրացնում [են] Տիրոջը»։ Մաղաքիայի ժամանակներում նման մարդիկ, որ անտեսում էին Աստծո խորհուրդները, նույնիսկ հանդգնում էին կարծել, թե Եհովան անարդարացի է վարվում։ Նրանք ասում էին. «Ո՞ւր է արդարութեան Աստուածը» (ԷԹ)։ Ինչպիսի՜ այլասերված մտածողություն։ Թող որ չընկնենք այդ թակարդը (Մաղաքիա 2։17)։
19. Ինչպե՞ս կարող են ամուսիններն Աստծո ոգին ստանալ։
19 Սակայն Մաղաքիան նաև ցույց է տալիս, որ որոշ ամուսիններ հավատարիմ էին իրենց կանանց։ Նրանք ‘Աստծո սուրբ ոգու առատություն ունեին’ (15–րդ համար)։ Անչափ ուրախալի է, որ այսօր Աստծո կազմակերպության մեջ շատ են այն ամուսինները, ովքեր իրենց ‘կանանց պատիվ են տալիս’ (Ա Պետրոս 3։7, ԱԹ)։ Նրանք ձեռք չեն բարձրացնում նրանց վրա կամ վիրավորում խոսքով, ստորացուցիչ սեռական վարք չեն պահանջում և չեն նվաստացնում՝ սիրաբանելով ուրիշ կանանց հետ կամ պոռնկագրություն դիտելով։ Ուրախալի է նաև Եհովայի կազմակերպության մեջ տեսնել բազմաթիվ կանանց, ովքեր հավատարիմ են Աստծուն և նրա օրենքներին։ Բոլոր այս մարդիկ գիտեն, թե ինչն է Աստված ատում, և նրանց գործերի ու խոսքերի միջև հակասություն չկա։ Դուք էլ շարունակեք նրանց նմանվել՝ ‘Աստծուն հնազանդվելով’, և նա առատորեն կօրհնի ձեզ իր սուրբ ոգով (Գործք 5։29)։
20. Մարդկությունն ի՞նչ ժամանակի է մոտենում։
20 Շուտով Եհովան դատելու է ողջ աշխարհը։ Ամեն մի մարդ պատասխան է տալու իր համոզմունքների ու գործերի համար։ «Մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար» (Հռովմայեցիս 14։12)։ Հարց է ծագում. «Ո՞վ է վերապրելու Եհովայի օրը»։ Այս թեման կքննարկվի հոդվածների այս շարքի երրորդ ու եզրափակիչ մասում։
Կարո՞ղ եք բացատրել
• Հիմնականում ինչո՞ւ էր Եհովան դատապարտում իսրայելացի քահանաներին։
• Ինչո՞ւ չի կարելի ասել, որ Աստծո չափանիշներն այնքան բարձր են, որ հնարավոր չէ դրանք պահել։
• Ինչո՞ւ պետք է ուսուցանելիս զգույշ լինենք։
• Հատկապես ո՞ր երկու արարքները Եհովան դատապարտեց։
[նկար 15–րդ էջի վրա]
Մաղաքիայի ժամանակներում քահանաները դատապարտության արժանացան այն բանի համար, որ չէին գնում Եհովայի ճանապարհներով
[նկար 16–րդ էջի վրա]
Մենք պետք է զգույշ լինենք, որ ուսուցանենք ոչ թե մեր անձնական տեսակետները, այլ Եհովայի խոսքը
[նկարներ 18–րդ էջի վրա]
Եհովան դատապարտեց այն իսրայելացիներին, ովքեր առանց հիմնավոր պատճառի ամուսնալուծվել էին իրենց կանանցից ու ամուսնացել հեթանոս կանանց հետ
[նկար 18–րդ էջի վրա]
Քրիստոնյաները պատվում են իրենց ամուսնական ուխտը