Նվիրված լինենք Քրիստոսին և նրա հավատարիմ ծառային
«Իր տերը.... իր ողջ ունեցվածքի վրա կնշանակի նրան» (ՄԱՏԹԵՈՍ 24:45–47)։
1, 2. ա) Ըստ Աստվածաշնչի՝ ո՞վ է մեր Առաջնորդը։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Քրիստոսը ակտիվորեն առաջնորդում է քրիստոնեական ժողովը։
ՀԻՍՈՒՍՆ իր հետևորդներին ասաց. ««Առաջնորդներ» [մի՛] կանչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը» (Մատթեոս 23։10)։ Այս խոսքերով նա հստակորեն ցույց տվեց, որ երկրի վրա ապրող ոչ մի մարդ չէր կարող նրանց առաջնորդը լինել։ Նրանց միակ առաջնորդը պետք է լիներ երկնային՝ հենց ինքը Հիսուս Քրիստոսը։ Այդ նշանակումը Հիսուսը ստացել էր Աստծու կողմից։ Եհովան «հարություն տվեց նրան մահացածների միջից.... և նրան իբրև գլուխ կարգեց ամեն բաների վրա ժողովի օգտի համար, որը նրա մարմինն է» (Եփեսացիներ 1։20–23)։
2 Քանի որ քրիստոնեական ժողովի առնչությամբ Քրիստոսը գլուխ է «ամեն բաների վրա», նա գործի է դնում իր իշխանությունը այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում ժողովի ներսում։ Այնտեղ կատարվող ոչ մի բան չի վրիպում նրա աչքից։ Նա խորապես հետաքրքրված է քրիստոնեական յուրաքանչյուր խմբի, կամ՝ ժողովի հոգևոր վիճակով։ Դա պարզ երևում է այն խոսքերից, որոնք նա ասաց Հովհաննես առաքյալին մ.թ. առաջին դարի վերջին նրան տրված հայտնության մեջ։ Յոթ ժողովներին Հիսուսը հինգ անգամ ասաց, որ գիտի նրանց գործերը, նրանց դրական կողմերն ու թերությունները, ուստի պետք եղած խորհուրդները տվեց նրանց ու քաջալերեց (Հայտնություն 2։2, 9, 13, 19; 3։1, 8, 15)։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք հավատալու, որ Քրիստոսը տեղյակ էր նաև Փոքր Ասիայի, Պաղեստինի, Ասորիքի, Բաբելոնի, Հունաստանի, Իտալիայի և մյուս բոլոր ժողովների հոգևոր վիճակի մասին (Գործեր 1։8)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։
Հավատարիմ ծառան
3. Ինչո՞ւ է տեղին Քրիստոսին համեմատել գլխի հետ, իսկ ժողովին՝ մարմնի հետ։
3 Իր հարությունից հետո և դեպի երկինք՝ իր Հոր մոտ համբարձվելուց կարճ ժամանակ առաջ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ի՛նձ է տրվել»։ Նա նաև ասաց. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթեոս 28։18–20)։ Հիսուսը շարունակելու էր նրանց Գլուխը լինել և առաջնորդել նրանց։ Եփեսոսի և Կողոսայի քրիստոնյաներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը քրիստոնեական ժողովը համեմատեց «մարմնի» հետ, որի Գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 1։22, 23; Կողոսացիներ 1։18)։ Ինչպես նշվում է մի աշխատության մեջ, այս համեմատությունը «ցույց է տալիս, որ ոչ միայն կարևոր է միությունը Գլխի հետ, այլ նաև այն, որ Գլուխը իր կամքն իրագործում է անդամների միջոցով։ Նրանք Հիսուսի գործիքներն են» («The Cambridge Bible for Schools and Colleges»)։ Իսկ ո՞ր խմբին է Քրիստոսն օգտագործում որպես գործիք՝ սկսած 1914 թ.–ից, երբ նա ստացավ իր թագավորական իշխանությունը (Դանիէլ 7։13, 14)։
4. Ինչպես կանխագուշակվել էր Մաղաքիայի մարգարեության մեջ, ի՞նչ հայտնաբերեցին Եհովան և Հիսուս Քրիստոսը, երբ եկան հոգևոր տաճարը ստուգելու։
4 Մաղաքիա մարգարեն կանխագուշակել է, որ Եհովան իր «ուխտի հրեշտակի»՝ նոր թագադրված Որդու՝ Քրիստոս Հիսուսի ուղեկցությամբ գալու էր դատելու և ստուգելու իր «տաճարը», կամ՝ երկրպագության հոգևոր տունը։ «Աստծու տունը» դատելու «նշանակված ժամանակը» ակներևաբար սկսվեց 1918 թ.–ինa (Մաղաքիա 3։1; 1 Պետրոս 4։17)։ Նրանք, ովքեր պնդում էին, թե Աստծու ներկայացուցիչներն են երկրի վրա և ճիշտ ձևով են երկրպագում նրան, պատշաճ կերպով քննության ենթարկվեցին։ Քրիստոնեական աշխարհի եկեղեցիները, որոնք դարեր շարունակ Աստծուն անարգող ուսմունքներ են սովորեցրել և մեծ մասնակցություն են ունեցել Առաջին աշխարհամարտի արյունահեղությանը, մերժվեցին։ Ոգով օծված քրիստոնյաների մի հավատարիմ մնացորդ փորձվեց, կրակով զտվեց և հավանության արժանացավ՝ դառնալով Եհովային «արդարութեամբ ընծայ մատուցանողներ» (Մաղաքիա 3։3)։
5. Իր «ներկայության» մասին Հիսուսի մարգարեության համաձայն՝ ո՞վ բնորոշվեց որպես հավատարիմ «ծառա»։
5 Ինչպես Մաղաքիայի մարգարեությունը, այնպես էլ բաղադրյալ նշանը, որ Հիսուսը տվեց իր աշակերտներին, որպեսզի նրանք կարողանային իմանալ իր «ներկայության և իրերի համակարգի վախճանի» ժամանակը, օգնում են բնորոշել «ծառա» դասակարգին։ Հիսուսն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տնեցիների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին։ Երջանի՜կ է այն ծառան, որին, երբ նրա տերը գա, այդպես անելիս կգտնի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքի վրա կնշանակի նրան» (Մատթեոս 24։3, 45–47)։ 1918 թ.–ին, երբ Քրիստոսը եկավ ստուգելու «ծառային», նա գտավ ոգով օծված հավատարիմ աշակերտների մի մնացորդ, որը 1879 թ.–ից սկսած՝ այս պարբերագրի, նաև Աստվածաշնչի վրա հիմնված այլ գրականությունների միջոցով հոգևոր «կերակուր» է տալիս «ճիշտ ժամանակին»։ Նա ընդունեց նրանց որպես իր գործիք, կամ՝ «ծառա», և 1919 թ.–ին իր երկրային ողջ ունեցվածքի տնտեսությունը նրանց վստահեց։
Քրիստոսի երկրային ունեցվածքի տնտեսությունը
6, 7. ա) Ուրիշ ի՞նչ բառ օգտագործեց Հիսուսը իր հավատարիմ «ծառայի» մասին խոսելիս։ բ) Ի՞նչ է նշանակում «տնտես» բառը։
6 Իր ներկայության նշանի մասին մարգարեությունը տալուց մի քանի ամիս առաջ, երբ Հիսուսը խոսեց նաև այն մասին, որ երկրի վրա լինելու էր իրեն ներկայացնող «ծառա», նա ուրիշ բառ օգտագործեց, որը ցույց է տալիս, թե ինչ պարտականություններ պետք է ունենար այդ ծառան։ Նա ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը կնշանակի իր բոլոր սպասավորների վրա, որպեսզի իրենց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին։ Ճշմարտապես ասում եմ ձեզ. նա կնշանակի նրան իր ողջ ունեցվածքի վրա» (Ղուկաս 12։42, 44)։
7 Հիսուսն այս համարում ծառային անվանում է տնտես։ Հունարենից թարգմանված այս բառը նշանակում է «տան կամ ունեցվածքի կառավարիչ»։ Տնտեսը չպետք է լիներ պարզապես գիտակ մարդկանցից բաղկացած մի խումբ, որոնք Աստվածաշնչից հետաքրքիր մտքեր էին բացատրելու։ «Ճիշտ ժամանակին» հոգևոր սննդարար կերակուր մատակարարելուց բացի՝ «հավատարիմ տնտեսը» նշանակվելու էր Քրիստոսի բոլոր սպասավորների վրա և երկրի վրա Քրիստոսի շահերն էր առաջ տանելու, այսինքն՝ տնօրինելու էր նրա «ողջ ունեցվածքը»։ Իսկ ո՞րն է Քրիստոսի ողջ ունեցվածքը։
8, 9. Ո՞րն է այն «ունեցվածքը», որի վրա նշանակվել է ծառան։
8 Ծառայի պարտականությունների մեջ է մտնում վերահսկել այն շինությունները, որոնք Քրիստոսի հետևորդներն օգտագործում են իրենց գործունեությունը առաջ տանելու համար։ Դրանցից են, օրինակ, Եհովայի վկաների գլխավոր վարչությունը, աշխարհի տարբեր մասերում գտնվող նրա մասնաճյուղերը, ինչպես նաև նրանց երկրպագության վայրերը՝ Թագավորության սրահներն ու Համաժողովների սրահները։ Եվ որ ամենակարևորն է, ծառան վերահսկում է նաև Աստվածաշնչի ուսումնասիրության շաբաթական հանդիպումների և կանոնավորաբար անցկացվող համաժողովների հոգևոր ծրագրերը։ Այս հանդիպումների ժամանակ բացատրվում է, թե ինչպես են կատարվում Աստվածաշնչի մարգարեությունները և ժամանակահարմար առաջնորդություն է տրվում, թե մեր ամենօրյա կյանքում ինչպես կարող ենք կիրառել Աստվածաշնչի սկզբունքները։
9 Տնտեսի պարտականությունն է նաև վերահսկել «թագավորության բարի լուրը» քարոզելու և «բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ» դարձնելու անչափ կարևոր գործը։ Այս գործի մեջ է մտնում սովորեցնել մարդկանց պահել այն ամենը, ինչ որ Քրիստոսը՝ ժողովի Գլուխը, պատվիրեց անել այս վերջին ժամանակներում (Մատթեոս 24։14; 28։19, 20; Հայտնություն 12։17)։ Քարոզելու և սովորեցնելու գործի արդյունքում առաջ է եկել օծյալ մնացորդի հավատարիմ ուղեկիցների «մի մեծ բազմություն»։ Այս «բոլոր ազգերի ցանկալիքը», անկասկած, Քրիստոսի թանկագին «ունեցվածքի» մասն է կազմում, որի մասին հոգ է տանում հավատարիմ ծառան (Հայտնություն 7։9; Անգէ 2։7)։
Կառավարիչ մարմինը ներկայացնում է ծառա դասակարգին
10. Առաջին դարում ո՞վ էր որոշումներ կայացնում, և դա ի՞նչ ազդեցություն էր թողնում ժողովների վրա։
10 Հավատարիմ ծառայի ծանր պարտականությունների մեջ է մտնում նաև շատ որոշումներ կայացնելը։ Առաջին դարի քրիստոնեական ժողովում Երուսաղեմի առաքյալները և երեցները ներկայացնում էին ծառա դասակարգին։ Նրանք որոշումներ էին կայացնում ամբողջ քրիստոնեական ժողովի համար (Գործեր 15։1, 2)։ Առաջին դարի կառավարիչ մարմնի որոշումները ժողովներին էին փոխանցվում նամակների ու շրջագայող ներկայացուցիչների միջոցով։ Քրիստոնյաները ուրախությամբ ընդունում էին այդ հստակ առաջնորդությունը, և կառավարիչ մարմնի հետ համագործակցելու նրանց պատրաստակամությունը նպաստում էր ժողովների խաղաղությանն ու միասնությանը (Գործեր 15։22–31; 16։4, 5; Փիլիպպեցիներ 2։2)։
11. Քրիստոսը ո՞ւմ է օգտագործում այսօր՝ առաջնորդելու իր ժողովը, և ինչպե՞ս մենք պետք է վերաբերվենք օծյալ քրիստոնյաների այդ խմբին։
11 Ինչպես առաջին դարում, այնպես էլ հիմա երկրի վրա Քրիստոսի հետևորդների Կառավարիչ մարմինը բաղկացած է ոգով օծված վերակացուների մի փոքր խմբից։ Իր «աջ ձեռքում» ունեցած զորությամբ Քրիստոսը՝ ժողովի Գլուխը, առաջնորդում է այս հավատարիմ տղամարդկանց Թագավորության գործը վերահսկելու մեջ (Հայտնություն 1։16, 20)։ Ալբերտ Շրյոդերը, որը երկար տարիներ ծառայում էր որպես Կառավարիչ մարմնի անդամ և միայն վերջերս ավարտեց իր երկրային կյանքը, իր կենսագրության մեջ գրել է. «Կառավարիչ մարմինը ամեն չորեքշաբթի հանդիպում է ունենում։ Կառավարիչ մարմնի անդամները այդ հանդիպումը սկսում են աղոթքով և առաջնորդության համար Եհովայից նրա ոգին են խնդրում։ Նրանք ջանքեր են գործադրում՝ վստահ լինելու, որ քննարկվող ամեն հարց և կայացվող ամեն որոշում ներդաշնակ է Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին»։b Մենք կարող ենք վստահել այս հավատարիմ օծյալ քրիստոնյաներին։ Հատկապես Կառավարիչ մարմնի առնչությամբ է, որ մենք պետք է հետևենք Պողոս առաքյալի պատվերին. «Հնազանդվե՛ք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, և հպատակվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար» (Եբրայեցիներ 13։17)։
Պատշաճ հարգանք դրսևորենք հավատարիմ ծառայի հանդեպ
12, 13. Ի՞նչ սուրբգրային հիմքեր կան ծառա դասակարգի հանդեպ հարգանք ցուցաբերելու համար։
12 Հավատարիմ ծառայի հանդեպ պատշաճ հարգանք ցուցաբերելու հիմնական պատճառն այն է, որ այդպես վարվելով՝ իրականում մենք հարգանք ենք ցույց տալիս Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Օծյալների մասին Պողոսը հետևյալն է գրում. «Նա, ով կանչվեց, երբ ազատ էր, Քրիստոսի ծառա է։ Դուք մեծ գնով գնվեցիք» (1 Կորնթացիներ 7։22, 23; Եփեսացիներ 6։6)։ Ուստի երբ հավատարմորեն հնազանդվում ենք հավատարիմ ծառայի և Կառավարիչ մարմնի առաջնորդությանը, մենք հնազանդվում ենք Քրիստոսին՝ ծառայի Տիրոջը։ Քրիստոսը ծառա դասակարգին օգտագործում է՝ տնօրինելու իր երկրային ունեցվածքը, ուստի ծառայի հանդեպ պատշաճ հարգանք դրսևորելը այն ձևերից մեկն է, որով մենք «հայտնապես ընդունում ենք, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր՝ Աստծու փառքի համար» (Փիլիպպեցիներ 2։11)։
13 Հավատարիմ ծառայի հանդեպ հարգանք դրսևորելու մյուս պատճառն էլ այն է, որ երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաները Աստվածաշնչում նկարագրվում են որպես «տաճար», որտեղ Եհովան բնակվում է «ոգով»։ Որպես այդպիսին նրանք «սուրբ» են (1 Կորնթացիներ 3։16, 17; Եփեսացիներ 2։19–22)։ Հոգևոր տաճարը ներկայացնող հենց այս դասակարգին է, որ Հիսուսը վստահել է իր երկրային ունեցվածքը, ինչը նշանակում է, որ ժողովի ներսում որոշ իրավունքներ ու պարտականություններ պատկանում են միայն այս դասակարգին։ Այդ պատճառով ժողովում բոլորը իրենց սուրբ պարտականությունն են համարում հետևել ու աջակցել այն առաջնորդությանը, որը գալիս է հավատարիմ ծառայից և Կառավարիչ մարմնից։ «Ուրիշ ոչխարների» համար մեծ պատիվ է ծառա դասակարգին աջակցելը Տիրոջ շահերը առաջ տանելու գործում (Հովհաննես 10։16)։
Հավատարմորեն թիկունք կանգնենք ծառային
14. Եսայիայի մարգարեության համաձայն՝ ինչպե՞ս են ուրիշ ոչխարները գնում ծառա դասակարգի հետևից և ծառայում որպես «առանց վարձի աշխատողներ»։
14 Այն, որ հոգևոր Իսրայելի օծյալ անդամների հանդեպ ուրիշ ոչխարները պետք է հնազանդություն դրսևորեին, նախագուշակված է Եսայիայի մարգարեության մեջ. «Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի վաստակածը [«առանց վարձի աշխատողները», ՆԱ] եւ Եթովպիայի ու երկայնահասակ Սաբայեցիներին վաճառքը քեզ են անցնելու եւ քոնն են լինելու. նորանք ման են գալու քո ետեւից, շղթաներով անց են կենալու, խոնարհուելու են քո առաջին, եւ քեզ աղաչանք են անելու, թէ միայն քո մէջը կայ Աստուած, եւ նորանից ջոկ ուրիշ Աստուած չ’կայ» (Եսայիա 45։14)։ Փոխաբերական իմաստով՝ ուրիշ ոչխարներն այսօր գնում են ծառա դասակարգի և նրա Կառավարիչ մարմնի հետևից՝ ընդունելով նրանց առաջնորդությունը։ Որպես «առանց վարձի աշխատողներ»՝ ուրիշ ոչխարները հոժարակամորեն տրամադրում են իրենց ֆիզիկական ուժն ու միջոցները՝ աջակցելու համաշխարհային քարոզչական գործունեությանը, որը Քրիստոսը հանձնարարել է երկրի վրա ապրող իր օծյալ հետևորդներին (Գործեր 1։8; Հայտնություն 12։17)։
15. Եսայիա 61։5, 6–ի մարգարեության մեջ ի՞նչ է նախագուշակվում ուրիշ ոչխարների և հոգևոր Իսրայելի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների մասին։
15 Ուրիշ ոչխարները ուրախությամբ և երախտագիտությամբ են ծառայում Եհովային ծառա դասակարգի ու նրա Կառավարիչ մարմնի վերահսկողության ներքո։ Նրանք օծյալներին ընդունում են որպես «Աստծու Իսրայելի» անդամներ (Գաղատացիներ 6։16)։ Իբրև այլաբանական «օտարականներ» և «օտարների որդիք», որ ընկերակցում են հոգևոր Իսրայելի հետ՝ նրանք ուրախությամբ ծառայում են որպես «երկրագործներ» և «այգեգործներ» օծյալների՝ «Տիրոջ քահանաների» և «Աստուծոյ պաշտօնեաների» առաջնորդության ներքո (Եսայիա 61։5, 6)։ Նրանք եռանդորեն մասնակցում են Թագավորության բարի լուրի քարոզչությանը և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ դարձնելու գործին։ Նրանք ամբողջ սրտով աջակցում են ծառա դասակարգին՝ նորերս գտնված խոնարհ անհատներին հովվելով և նրանց մասին հոգ տանելով։
16. Ի՞նչն է մղում ուրիշ ոչխարներին նվիրվածությամբ թիկունք կանգնելու հավատարիմ և իմաստուն ծառային։
16 Ուրիշ ոչխարները հասկանում են, որ իրենք մեծ օգուտներ են քաղում այն հոգևոր կերակուրից, որով ճիշտ ժամանակին ապահովում է հավատարիմ ծառան։ Նրանք խոնարհաբար ընդունում են, որ առանց հավատարիմ և իմաստուն ծառայի՝ աստվածաշնչյան թանկարժեք ճշմարտությունների մասին քիչ բան կիմանային կամ ընդհանրապես ոչինչ չէին իմանա։ Օրինակ՝ նրանք չէին իմանա Եհովայի գերիշխանության մասին, նրա անվան սրբացման, Թագավորության, նոր երկնքի և նոր երկրի մասին, նաև հոգու և մահացածների վիճակի մասին։ Չէին իմանա, թե իրականում ով է Եհովան, նրա Որդին, և թե ինչ է սուրբ ոգին։ Երախտագիտությունից մղված և նվիրվածություն դրսևորելով՝ ուրիշ ոչխարները այս վերջին ժամանակներում սիրով թիկունք են կանգնում երկրի վրա ապրող՝ Քրիստոսի օծյալ «եղբայրներին» (Մատթեոս 25։40)։
17. Կառավարիչ մարմինը ի՞նչ է անհրաժեշտ համարել անել, և ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
17 Քանի որ երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաների թիվը գնալով նվազում է, նրանք չեն կարող բոլոր ժողովներում ներկա լինել և անձամբ տնօրինել Քրիստոսի ունեցվածքը։ Ուստի Կառավարիչ մարմինը ուրիշ ոչխարների միջից եղբայրներ է նշանակում՝ վերահսկելու Եհովայի վկաների մասնաճյուղերը, մարզերը, շրջաններն ու ժողովները։ Արդյո՞ք այս ենթահովիվների նկատմամբ մեր վերաբերմունքը ազդում է Քրիստոսի և նրա հավատարիմ ծառայի հանդեպ մեր նվիրվածության վրա։ Այս հարցը կքննարկվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Այս հարցի մանրամասն քննարկումը կարող եք գտնել «Դիտարանի» 2004 թ. մարտի 1–ի համարում, էջ 13–18, և 1992 թ. դեկտեմբերի 1–ի համարում, էջ 13 (ռուս.)։
b Հրատարակված է սույն պարբերագրի 1988 թ. մարտի 1–ի համարում, էջ 10–17 (անգլ.)։
Կրկնության հարցեր
• Ո՞վ է մեր Առաջնորդը, և ինչի՞ց է երևում, որ նա տեղյակ է ժողովների հոգևոր վիճակի մասին։
• «Տաճարը» ստուգելու ժամանակ ո՞վ էր գործում որպես հավատարիմ ծառա, և ի՞նչ ունեցվածք վստահվեց նրան։
• Սուրբգրային ի՞նչ հիմքեր կան ծառա դասակարգին հավատարմորեն թիկունք կանգնելու համար։
[նկարներ 23–րդ էջի վրա]
«Տնտեսի» հսկողության տակ եղող «ունեցվածքի» մեջ մտնում են շինությունները, հոգևոր ծրագրերը և քարոզչական գործունեությունը
[նկար 25–րդ էջի վրա]
Ուրիշ ոչխարների անդամները թիկունք են կանգնում հավատարիմ ծառա դասակարգին՝ եռանդորեն մասնակցելով քարոզչական գործին