Ո՞վ է վերապրելու Եհովայի օրը
«Գալիս է այն օրը, որ վառուած է թոնիրի պէս» (ՄԱՂԱՔԻԱ 4։1)։
1. Ինչպե՞ս է Մաղաքիան նկարագրում այս ամբարիշտ համակարգի վախճանը։
Աստծո ներշնչումով՝ Մաղաքիան մարգարեացավ այնպիսի ահասարսուռ իրադարձություններ, որոնք պետք է տեղի ունենան շատ մոտ ապագայում։ Ոչ մեկը չի կարողանալու խուսափել դրանց ազդեցությունից։ Մաղաքիա 4։1–ում կանխագուշակվում է. «Ահա գալիս է այն օրը, որ վառուած է թոնիրի պէս, եւ բոլոր գոռոզներն ու չարագործները յարդի պէս են լինելու. եւ նորանց պէտք է այրէ այն եկող օրը, ասում է Զօրաց Տէրը, որ նորանց համար արմատ եւ ոստ պիտի չ’թողէ»։ Որքանո՞վ լիակատար կլինի իրերի այս ամբարիշտ համակարգի կործանումը. դա նման կլինի այն բանին, թե ինչպես են ծառը արմատախիլ անում, որպեսզի այլևս երբեք այն չաճի։
2. Ինչպե՞ս են սուրբգրային համարները նկարագրում Եհովայի օրը։
2 Գուցե հարցնեք. «Ո՞ր ‘օրվա’ մասին է Մաղաքիան մարգարեանում»։ Դա այն նույն օրն է, որի մասին Եսայիա 13։9–ում է խոսվում։ Այնտեղ ասվում է. «Ահա գալիս է Տիրոջ [Եհովայի] օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. որ երկիրն աւերակ անէ, եւ նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից»։ Իսկ Սոփոնիա 1։15–ում էլ գրված է. «Բարկութեան օր է այն օրը, նեղութեան եւ տառապանքի օր, կործանման եւ աւերման օր, խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր»։
«Մեծ նեղությունը»
3. Ի՞նչ է Եհովայի օրը։
3 Մաղաքիայի մարգարեության ավելի մեծ կատարման մեջ «Տիրոջ [Եհովայի] օրը» մի ժամանակաշրջան է, որը բնորոշվում է ‘մեծ նեղությամբ’։ Հիսուսը մարգարեացավ. «Այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի» (Մատթէոս 24։21)։ Մի պահ հիշեք, թե ինչ դժբախտություններ է տեսել աշխարհը՝ հատկապես 1914 թ.–ից սկսած (Մատթէոս 24։7–12)։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմը ավելի քան 50 մլն կյանք խլեց։ Բայց «մեծ նեղությունն» այնպիսի աղետներ է բերելու, որ մինչև հիմա պատահած բոլոր չարիքները շատ չնչին են երևալու մարդկանց աչքին։ Այդ իրադարձությունը, այսինքն՝ Եհովայի օրը, կվերջանա Արմագեդոնով՝ ավարտին հասցնելով այս ամբարիշտ համակարգի վերջին օրերը (Բ Տիմոթէոս 3։1–5, 13; Յայտնութիւն 7։14; 16։14, 16)։
4. Եհովայի օրվա վերջում ի՞նչ է լինելու։
4 Եհովայի օրվա վերջում Սատանայի աշխարհն ու նրա բոլոր աջակիցները կոչնչացվեն։ Առաջին հերթին կվերացվեն բոլոր կեղծ կրոնները։ Այնուհետև Եհովան դատաստան կտեսնի Սատանայի տնտեսական ու քաղաքական համակարգերի հետ (Յայտնութիւն 17։12–14; 19։17, 18)։ Եզեկիելը մարգարեանում է. «Իրանց արծաթը պիտի փողոցները գցեն, եւ նորանց ոսկին անարգանք պիտի դառնայ, նորանց արծաթն ու ոսկին չէ կարող փրկել նորանց Տիրոջ բարկութեան օրը» (Եզեկիէլ 7։19)։ Այդ օրվա մասին Սոփոնիա 1։14–ում ասվում է. «Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է»։ Նկատի ունենալով այն, թե ինչ է ասում Աստվածաշունչը Եհովայի օրվա մասին՝ մենք պետք է վճռականորեն գործենք Աստծո արդար պահանջներին համապատասխան։
5. Ի՞նչ կարող են ակնկալել նրանք, ովքեր վախենում են Եհովայի անունից։
5 Մաղաքիա 4։1–ում կանխագուշակվում է, թե Եհովայի օրը ինչ է բերելու Սատանայի աշխարհին, իսկ 2–րդ համարում Եհովան ասում է. «Ձեզ համար, որ իմ անունից վախենում էք, պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ, եւ դուք դուրս պիտի գաք ու ոստնէք գոմի պարարտ որթերի պէս»։ «Արդարութեան արեգակը» Հիսուս Քրիստոսն է։ Նա է հոգևոր առումով «աշխարհի լոյսը» (Յովհաննէս 8։12)։ Հիսուսից ծագում է նախևառաջ հոգևոր բժշկություն, որը մենք այսօր արդեն վայելում ենք, իսկ նոր աշխարհում լիակատար ֆիզիկական բուժում կստանանք։ Ինչպես Եհովան է ասում, բժշկվածները «դուրս պիտի գա[ն] ու ոստնէ[ն] գոմի պարարտ որթերի պէս», որոնք ուրախանում են իրենց ազատությամբ։
6. Ի՞նչ հաղթական տոնակատարություն են նշելու Եհովայի ծառաները։
6 Իսկ ի՞նչ է պատահելու նրանց, ովքեր հաշվի չեն առնում Եհովայի պահանջները։ Մաղաքիա 4։3–ում կարդում ենք. «Պիտի կոխ տաք ամբարիշտներին, որովհետեւ նորանք մոխիր պիտի դառնան ձեր [Աստծո ծառաների] ոտների թաթերի տակ այն օրը, որ ես կ’անեմ, ասում է Զօրաց Տէրը»։ Աստծո երկրային երկրպագուները չեն մասնակցելու Սատանայի աշխարհի կործանմանը։ Այլ նրանք ‘կոխ են տալու ամբարիշտներին’ փոխաբերական իմաստով՝ մասնակցելով այն հաղթական տոնակատարությանը, որ տեղի կունենա Եհովայի օրից հետո։ Երբ փարավոնի զորքերը ջախջախվեցին Կարմիր ծովում, իսրայելացիները մեծ տոնակատարություն արեցին (Ելից 15։1–21)։ Մեծ նեղությունից հետո էլ, երբ Սատանան ու նրա աշխարհը ասպարեզից հեռացվեն, հաղթական տոնակատարություն կլինի։ Եհովայի հավատարիմ ծառաներն այդ օրը բացականչելու են. «Եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք մեր [«նորա», ԱԹ] փրկութեամբ» (Եսայիա 25։9, ԷԹ)։ Ի՜նչ ցնծություն է լինելու, երբ Եհովայի գերիշխանությունն արդարացված կլինի, իսկ երկրագունդը մաքրված կլինի խաղաղասեր մարդկանց բնակության համար։
Քրիստոնեական աշխարհն ընդօրինակում է Իսրայելին
7, 8. Նկարագրեք, թե հոգևոր ինչ վիճակում էին գտնվում Մաղաքիայի օրերում ապրող իսրայելացիները։
7 Եհովային ծառայողները լավ հարաբերություններ են վայելում նրա հետ՝ ի տարբերություն այն անհատների, ովքեր չեն ծառայում նրան։ Դա այդպես էր նաև այն ժամանակ, երբ Մաղաքիան գրեց իր գիրքը։ Մ.թ.ա. 537–ին իսրայելացիների մի մնացորդ վերադարձավ Բաբելոնից, որտեղ նրանք 70 տարի գերության մեջ էին։ Սակայն վերականգնված ժողովուրդը հաջորդ դարում սկսեց աստիճանաբար ընկղմվել հավատուրացության և ամբարշտության մեջ։ Գրեթե բոլորը անարգանք էին բերում Եհովայի անվանը, հաշվի չէին առնում նրա արդար չափանիշները, պղծում էին նրա տաճարը՝ կույր, կաղ և հիվանդ անասուններ զոհաբերելով, ու ամուսնալուծվում էին իրենց երիտասարդության օրերի կանանցից։
8 Այդ պատճառով էլ Եհովան ասաց նրանց. «Ես կ’մօտենամ ձեզ դատաստանի համար, եւ ես ժիր վկայ կ’լինեմ կախարդների ու շնացողների եւ սուտ երդում անողների դէմ. նաեւ վարձկանի վարձը, որբեւայրիին եւ որբին զրկողներին, եւ օտարականին ճնշողներին, որոնք ինձանից չեն վախենում.... Որովհետեւ ես Տէրս չեմ փոփոխուիլ [«Քանզի ես Եհովա եմ, չեմ փոխուիր», Արևմտ. Աստ.]» (Մաղաքիա 3։5, 6)։ Բայց Եհովան ամեն մարդու, ով կթողներ իր վատ ճանապարհները, հետևյալն էր առաջարկում. «Ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կ’դառնամ դէպի ձեզ» (Մաղաքիա 3։7)։
9. Ինչպե՞ս Մաղաքիայի մարգարեություններն առաջին անգամ իրականացան։
9 Այս խոսքերն իրենց կատարումն ունեցան նաև մ.թ. առաջին դարում։ Փոքրաթիվ հրեաներ ծառայեցին Եհովային ու մաս կազմեցին ոգով օծված քրիստոնյաների նոր «ազգին», որի մեջ ժամանակի ընթացքում մտան նաև ոչ հրեաները։ Բայց մարմնավոր Իսրայելի մեծ մասը մերժեց Հիսուսին, և վերջինս էլ նրանց ասաց. «Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ» (Մատթէոս 23։38; Ա Կորնթացիս 16։22)։ 70 թվականին, ինչպեսև նախագուշակվել էր Մաղաքիա 1։4–ում, «օրը, որ վառուած է թոնիրի պէս», վրա հասավ մարմնավոր Իսրայելին։ Երուսաղեմն ու նրա տաճարը ավերվեցին, ու, ըստ տվյալների, ավելի քան մեկ միլիոն մարդ մահացավ սովի, իշխանության համար մղվող պայքարների ու հռոմեական զորքերի գրոհների պատճառով։ Բայց նրանք, որ ծառայում էին Եհովային, խուսափեցին այդ նեղությունից (Մարկոս 13։14–20)։
10. Ինչպե՞ս են մարդիկ ու հոգևորականներն ընդօրինակում առաջին դարի իսրայելացիներին։
10 Մարդկությունը, մասնավորապես՝ քրիստոնեական աշխարհը, առաջին դարի իսրայելացիների հետքերով է գնում։ Առհասարակ քրիստոնեական աշխարհում ղեկավարներն ու ժողովուրդը իրենց սեփական կրոնական համոզմունքները գերադասում են Աստծո այն ճշմարտություններից, որ Հիսուսն էր սովորեցնում։ Իրերի նման կացության համար առանձնապես մեղավոր են հոգևորականները։ Նրանք ոչ միայն չեն ցանկանում օգտագործել «Եհովա» անունը, այլ նույնիսկ այն հանում են իրենց կողմից հրատարակվող Աստվածաշնչերից։ Հոգևորականներն անպատվում են Եհովային այնպիսի ուսուցումներով, որոնք հակասում են Սուրբ գրություններին. դրանցից են, օրինակ, հեթանոսական ծագում ունեցող այնպիսի վարդապետություններ, ինչպիսիք են դժոխքի կրակում հավիտենական տանջանքները, երրորդությունը, հոգու անմահությունը և բարեշրջությունը։ Դրանով նրանք, Մաղաքիայի օրերում ապրող քահանաների պես, չեն տալիս Եհովային այն փառաբանությունը, որին նա արժանի է։
11. Ինչպե՞ս են աշխարհի կրոնները ցույց տալիս, թե ում են իրականում ծառայում։
11 1914 թվականին սկսվեցին վերջին օրերը, ու աշխարհի կրոնները, որոնց թվում առաջատար դիրք էր գրավում քրիստոնեական աշխարհը, ցույց տվեցին, թե իրականում ում են ծառայում։ Երկու համաշխարհային պատերազմների ընթացքում նրանք քաջալերում էին իրենց հոտի անդամներին պատերազմ գնալ հանուն ազգային շահերի, նույնիսկ եթե ստիպված լինեին սպանել իրենց հավատակիցներին։ Աստծո Խոսքը հստակորեն բնորոշում է, թե ովքեր են հնազանդվում Եհովային և ովքեր՝ ոչ. «Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները։ Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը։ Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը» (Ա Յովհաննէս 3։10–12)։
Մարգարեության իրականացում
12, 13. Ի՞նչ մարգարեություններ են Աստծո ծառաներն իրականացրել մեր ժամանակներում։
12 1918 թ. վերջում, երբ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց, Եհովայի ծառաները հասկացան, որ Աստված դատապարտել է քրիստոնեական աշխարհին ու բոլոր մյուս կեղծ կրոններին։ Այն ժամանակվանից սկսած՝ բոլոր ազնվասիրտ մարդկանց կոչ է արվում. «Ելէ՛ք դրա միջից, ժողովուրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները, քանի որ դրա մեղքերը դիզուեցին հասան մինչեւ երկինք։ Աստուած յիշեց դրա ամբարիշտ արարքները» (Յայտնութիւն 18։4, 5)։ Ովքեր մտադիր էին Եհովային ծառայելու, սկսեցին մաքրվել կեղծ կրոնի մնացորդներից ու ձեռնամուխ եղան Աստծո՝ արդեն հաստատված Թագավորության բարի լուրի աշխարհածավալ քարոզչությանը. աշխատանք, որը հարկավոր էր ավարտել նախքան իրերի այս ամբարիշտ համակարգի վախճանը (Մատթէոս 24։14)։
13 Դրանով իրականանում էր Մաղաքիա 4։5–ում գրված մարգարեությունը, որտեղ Եհովան ասում է. «Ահա ես կ’ուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»։ Այս մարգարեությունն առաջին անգամ կատարվեց Եղիայի նախատիպի՝ Հովհաննես Մկրտչի գործունեությամբ։ Նրա կատարածը նման էր Եղիայի գործին։ Հովհաննեսը մկրտում էր այն հրեաներին, որոնք զղջում էին Օրենքի դեմ իրենց կատարած մեղքերի համար։ Իսկ որ ավելի կարևոր է՝ Հովհաննեսը Մեսիայի նախակարապետն էր։ Բայցևայնպես, Հովհաննեսի գործունեությունը Մաղաքիայի մարգարեության սկզբնական կատարումն էր միայն։ Հովհաննեսի մասին խոսելով որպես երկրորդ Եղիայի՝ Հիսուսն ասաց, որ դեռ ապագայում էլ «Եղիայի» աշխատանք կտարվի (Մատթէոս 17։11, 12)։
14. Ի՞նչ կարևոր գործ պետք է տարվի նախքան այս համակարգի վախճանը։
14 Մաղաքիայի մարգարեությունը ցույց է տալիս, որ «Եղիայի» աշխատանքը տարվելու էր «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»։ Այդ մեծ օրն ավարտվում է Ամենակարող Աստծո պատերազմով՝ Արմագեդոնով։ Ուրեմն՝ իրերի այս ամբարիշտ համակարգի վախճանին ու Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ Աստծո երկնային Թագավորության հազարամյա տիրապետությանը նախորդելու էր մի այնպիսի գործունեություն, որը համապատասխանելու էր Եղիայի գործունեությանը։ Ինչպես մարգարեության մեջ է ասվում, նախքան այս ամբարիշտ համակարգի կործանումը, ժամանակակից Եղիա դասակարգը, որին աջակցում են երկրային հույս ունեցող միլիոնավոր քրիստոնյաներ, եռանդորեն աշխատանքներ է տանում՝ վերականգնելու մաքուր երկրպագությունը, փառաբանելու Եհովայի անունը և ուսուցանելու Աստվածաշնչի ճշմարտությունները «ոչխարանման» մարդկանց։
Եհովան օրհնում է իր ծառաներին
15. Ինչպե՞ս է Եհովան հիշում իր ծառաներին։
15 Եհովան օրհնում է իրեն ծառայողներին։ Մաղաքիա 3։16–ում կարդում ենք. «Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրից վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար»։ Սկսած Աբելից՝ Աստված մի խորհրդանշական գրքում, այսպես ասած, գրում է բոլոր նրանց անունները, ում որ մտադիր է հիշել ու հավիտենական կյանք շնորհել։ Այդ մարդկանց Եհովան ասում է. «Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. եւ ինձ մէկ փորձեցէք սորանով.... թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի» (Մաղաքիա 3։10)։
16, 17. Ինչպե՞ս է Եհովան օրհնել իր ժողովրդին ու նրա գործերը։
16 Եհովան իսկապես օրհնել է իրեն ծառայողներին։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ մենք գնալով ավելի խորն ենք հասկանում նրա նպատակները (Առակաց 4։18; Դանիէլ 12։10)։ Նաև՝ մեր քարոզչական գործունեությունը ապշեցուցիչ արդյունքների է հասել։ Բազմաթիվ ազնվասիրտ մարդիկ մաքուր երկրպագության մեջ մեզ են միացել, և բոլորս միասին կազմում ենք «մի մեծ բազմութիւն.... բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից»։ Մեծ բազմության անդամները «բարձր ձայնով աղաղակում [են] եւ ասում. «Փրկութիւնը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրայ, ինչպէս եւ՝ Գառա՛նը [«Փրկությունը գալիս է մեր Աստծուց.... գալիս է նաև Գառից», ԱՆԹ]»» (Յայտնութիւն 7։9, 10)։ Այս մեծ բազմության գոյությունը հրաշալի ձևով է երևում. ներկայումս Եհովային ակտիվորեն ծառայողների թիվն ամբողջ աշխարհում անցնում է վեց միլիոնից, և նրանք միասին կազմում են ավելի քան 93 000 ժողով։
17 Աստծո օրհնությունը երևում է նաև այն բանից, որ Եհովայի վկաներն այսօր բոլորից շատ են տարածել Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն. նման երևույթ պատմության մեջ դեռ չի եղել։ Ներկայումս «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերի ընդհանուր տպաքանակը ամեն ամիս հասնում է 90 մլն–ի. «Դիտարանը» լույս է տեսնում 144 լեզվով, իսկ «Արթնացե՛ք»–ը՝ 87։ 1968 թ.–ին Աստվածաշնչի ուսումնասիրության համար հրատարակվեց «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը, որը տարածվեց ավելի քան 107 մլն օրինակով՝ 117 լեզուներով։ 1982 թ.–ին լույս տեսած «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գիրքը տարածվեց ավելի քան 81 մլն օրինակով՝ 131 լեզուներով։ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, որ լույս տեսավ 1995 թ.–ին, մինչև այժմ տպագրվել է 85 մլն օրինակով՝ 154 լեզուներով, իսկ 1996 թ.–ին հրատարակված «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկից մինչև օրս տարածվել է 150 մլն օրինակ՝ 244 լեզուներով։
18. Ինչո՞ւ չնայած հակառակությանը՝ հոգևոր բարգավաճում ենք ապրում։
18 Աստծո ժողովուրդը նման հոգևոր բարգավաճման է հասել Սատանայի աշխարհի կողմից ցույց տրվող ամենաանողոք ու ամենատևական հակառակության պայմաններում։ Իրոք որ ճշմարիտ են Եսայիա 54։17 խոսքերը. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը»։ Որքա՜ն են զորանում Եհովայի ծառաները՝ իմանալով, որ Մաղաքիա 3։17 համարի գլխավոր կատարումն իրենց վրա է իրականանում. «Նորանք իմը կ’լինեն, ասում է Զօրաց Տէրը, այն օրը, որ ես կ’անեմ, իմ սեպհականութիւնը»։
Ուրախությամբ ծառայենք Եհովային
19. Ինչպե՞ս են Եհովային ծառայողները տարբերվում նրան չծառայողներից։
19 Ժամանակն անցնում է, և տարբերությունը Եհովայի հավատարիմ ծառաների ու Սատանայի աշխարհին պատկանողների միջև գնալով ակնհայտ է դառնում։ Մաղաքիա 3։18–ում կանխագուշակվում է. «Ետ կ’դառնաք եւ կ’տեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը»։ Բազմաթիվ տարբերություններ կան։ Օրինակ՝ Եհովայի ծառաներն իրենց ծառայությունը մեծ ուրախությամբ են անում։ Դրա պատճառներից մեկն այն է, որ նրանք չքնաղ հույս ունեն։ Նրանք բացարձակ վստահությամբ սպասում են Եհովայի խոսքերի իրականացմանը. «Ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։ Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւտիեանս յաւիտենից նորանով որ ես ստեղծելու եմ» (Եսայիա 65։17, 18; Սաղմոս 37։10, 11, 29; Յայտնութիւն 21։4, 5)։
20. Ինչո՞ւ ենք մենք ուրախ։
20 Մենք հավատում ենք Եհովայի խոստմանը, որ իր հավատարիմ ժողովուրդը կվերապրի իր մեծ օրը ու կմտնի նոր աշխարհ (Սոփոնիա 2։3; Յայտնութիւն 7։13, 14)։ Ու թեև ոմանք ծերության, հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով գուցե մահանան նախքան այդ օրը, Եհովան խոսք է տալիս, որ հարություն կտա նրանց ու հավիտենական կյանք կշնորհի (Յովհաննէս 5։28, 29; Տիտոս 1։2)։ Այո՛, Եհովայի օրը գնալով մոտենում է։ Չնայած այսօր ամեն մեկս էլ խնդիրներ ու դժվարություններ ունի, դրանով հանդերձ՝ բոլոր հիմքերն ունենք՝ լինելու երկրագնդի ամենաուրախ մարդիկ։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ է Եհովայի օրը։
• Ինչպե՞ս են աշխարհի կրոնները նմանվում հին Իսրայելին։
• Եհովայի ծառաների միջոցով ի՞նչ մարգարեություններ են իրականանում։
• Ինչպե՞ս է Եհովան օրհնել իր ժողովրդին։
[նկար 21–րդ Էջի վրա]
Առաջին դարի Երուսաղեմը ‘վառվեց թոնրի պես’
[նկարներ 23–րդ Էջի վրա]
Եհովան բավարարում է իրեն ծառայողների կարիքները
[նկարներ 24–րդ Էջի վրա]
Եհովայի ծառաներն իսկապես ուրախ են, քանի որ չքնաղ հույս ունեն