Երջանիկ են նրանք, ովքեր ծառայում են «երջանիկ Աստծուն»
«Երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է» (ՍԱՂ. 144։15)։
1. Եհովայի ծառաները ինչո՞ւ են երջանիկ մարդիկ (տես հոդվածի սկզբի նկարը)։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ երջանիկ մարդիկ են։ Նրանց հանդիպումները, համաժողովներն ու ընկերական հավաքույթները անհնար է պատկերացնել առանց ուրախ զրույցների և վարակիչ ծիծաղի ձայների։ Ինչո՞ւ են նրանք այդքան երջանիկ։ Գլխավոր պատճառն այն է, որ նրանք ճանաչում ու ծառայում են Եհովային՝ «երջանիկ Աստծուն», և ձգտում են ընդօրինակել նրան (1 Տիմոթ. 1։11; Սաղ. 16։11)։ Նա երջանկության Աղբյուրն է և ուզում է, որ մենք էլ երջանիկ լինենք։ Եհովան շատ բաներ է անում մեզ երջանկացնելու համար (2 Օրենք 12։7; Ժող. 3։12, 13)։
2, 3. ա) Ի՞նչ է երջանկությունը։ բ) Ինչո՞ւ հեշտ չէ երջանիկ լինել։
2 Իսկ դու երջանի՞կ ես։ Կցանկանայի՞ր ավելի երջանիկ լինել։ Ըստ մի բառարանի՝ երջանկությունը գոհունակ և ուրախ լինելու վիճակն է, որը համեմատաբար տևական բնույթ է կրում։ Դրան հատուկ են տարբեր ուժգնության զգացումներ՝ սկսած պարզապես գոհ լինելուց մինչև անսահման բերկրանքի զգացումը։ Երջանիկ մարդը այդ վիճակը պահպանելու բնական ցանկություն է ունենում։ Աստվածաշունչը բացատրում է, որ իսկապես երջանիկ է այն մարդը, ով լավ փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ։ Սակայն այսօրվա աշխարհում հեշտ չէ երջանիկ լինել։ Ինչո՞ւ։
3 Կյանքը լի է ցավալի իրադարձություններով, որոնք խլում են մեր երջանկությունը։ Մարդու սիրտը դառնությամբ է լցվում, երբ իր հարազատը մահանում է կամ զրկվում է ընկերակցությունից, երբ իր ընտանիքը քայքայվում է, կամ նա կորցնում է աշխատանքը։ Վհատության պատճառ կարող են դառնալ ընտանեկան տարաձայնություններն ու վեճերը։ Բացի այդ, դժվար է երջանիկ լինել, երբ մեր աշխատակիցները կամ համադասարանցիները ծաղրում են մեզ, երբ հալածվում ենք կամ բանտարկվում։ Հուսահատության պատճառ են դառնում նաև գնալով վատթարացող առողջությունը, քրոնիկ հիվանդությունները կամ դեպրեսիան։ Չնայած այս ամենին՝ մենք կարո՛ղ ենք երջանիկ լինել. Հիսուս Քրիստոսը՝ «երջանիկ և միակ Տիրակալը», սիրում էր մխիթարել ու երջանկացնել մարդկանց (1 Տիմոթ. 6։15; Մատթ. 11։28–30)։ Լեռան քարոզում նա խոսեց մի քանի հատկությունների մասին, որոնք նպաստում են երջանկությանը՝ անկախ այն բանից, թե Սատանայի աշխարհում ինչ դժվարությունների ենք բախվում։
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՄՈՒՐ ԼԻՆԵԼՈՒՑ
4, 5. Ինչպե՞ս կարող ենք երջանիկ լինել և չկորցնել մեր երջանկությունը։
4 Առաջին բանը, ինչի վրա ուշադրություն դարձրեց Հիսուսը, հատկապես կարևոր է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթ. 5։3)։ Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ գիտակցում ենք մեր հոգևոր կարիքները։ Մենք դա անում ենք, երբ հոգևորապես սնվում ենք, գնահատում ենք հոգևոր արժեքները և մեր երջանիկ Աստծուն ծառայելը կյանքում ամենակարևոր բանն ենք համարում։ Եթե այս ամենն անենք, ավելի երջանիկ կլինենք, կամրացնենք մեր հավատն առ այն, որ Աստծու խոստումները շուտով իրականություն կդառնան, ինչպես նաև կզորանանք այն «սքանչելի հույսով», որ Սուրբ Գիրքը տալիս է ճշմարիտ քրիստոնյաներին (Տիտոս 2։13)։
5 Հարատև երջանկություն գտնելու համար շատ կարևոր է Եհովայի հետ ամուր հարաբերություններ կառուցել։ Պողոս առաքյալը գրել է. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով [Եհովայով]։ Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք» (Փիլիպ. 4։4)։ Աստծու հետ մտերմանալու համար հարկավոր է նրանից իմաստություն սովորել։ Սուրբ Գրքում ասվում է. «Երջանիկ է այն մարդը, որը իմաստություն է գտել, և այն մարդը, որը խորաթափանցություն է ձեռք բերել։ Այն կյանքի ծառ է նրանց համար, ովքեր բռնում են նրան, և նրան ամուր բռնողները երջանիկ կկոչվեն» (Առակ. 3։13, 18)։
6. Իսկապես երջանիկ լինելու համար ուրիշ ի՞նչ է հարկավոր անել։
6 Սակայն իսկապես երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն կարդալ Աստծու Խոսքը, այլև կիրառել այնտեղ գրվածը։ Հիսուսը շեշտեց դրա կարևորությունը՝ ասելով. «Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք» (Հովհ. 13։17; կարդա Հակոբոս 1։25)։ Այո՛, մեր հոգևոր կարիքները բավարարելու և հարատև երջանկություն վայելելու համար պետք է կիրառենք այն, ինչ սովորում ենք։ Այնուամենայնիվ, մեր շուրջը շատ բան կա, որ կարող է խլել մեր երջանկությունը։ Ի՞նչ անենք, որ չկորցնենք այն։ Եկեք տեսնենք, թե Հիսուսը է՛լ ինչ ասաց Լեռան քարոզում։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ
7. Սգացողները ինչպե՞ս կարող են երջանիկ լինել։
7 «Երջանիկ են նրանք, ովքեր սգում են, որովհետև նրանք կմխիթարվեն» (Մատթ. 5։4)։ Ոմանք գուցե ասեն. «Ինչպե՞ս է հնարավոր երջանիկ լինել, եթե սգում ես»։ Հիսուսը նկատի չուներ ցանկացած պատճառով սգալը։ Նույնիսկ չարերն են ողբում այն խնդիրների պատճառով, որոնք բնորոշ են այս «չափազանց դժվար ժամանակներին» (2 Տիմոթ. 3։1)։ Սակայն նրանք միայն իրենց վրա են կենտրոնանում, իսկ դա նրանց չի մտերմացնում Եհովայի հետ և չի տանում երջանկության։ Հիսուսը, ըստ ամենայնի, նկատի ուներ այն մարդկանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները և ողբում են աշխարհում տիրող հոգևոր թշվառ վիճակի պատճառով։ Նրանք հասկանում են, որ մեղավոր ու անկատար են, և տեսնում են մեղքի բերած աղետալի հետևանքները։ Եհովան նկատում է այս անկեղծ մարդկանց։ Նա իր Խոսքով մխիթարում և օրհնում է նրանց՝ տալով ներքին խաղաղություն, երջանկություն և հավիտենական կյանքի հույս (կարդա Եզեկիել 5։11; 9։4)։
8. Մեղմությունը ինչպե՞ս է նպաստում երջանկությանը։
8 «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են [կամ՝ «մեղմ», ծնթ.], որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթ. 5։5)։ Մեղմությունն ինչպե՞ս է նպաստում երջանկությանը։ Երբ մարդը խորությամբ հասկանում է ճշմարտությունը, սկսում է փոխվել։ Հնարավոր է՝ ժամանակին նա եղել է կոպիտ, կռվարար ու դաժան։ Սակայն այժմ հագել է «նոր անձնավորությունը» և դրսևորում է «խոր կարեկցանք, բարություն, խոնարհամտություն, մեղմություն և համբերատարություն» (Կող. 3։9–12)։ Դրա շնորհիվ նա խաղաղ է ու երջանիկ և ուրիշների հետ ջերմ փոխհարաբերություններ ունի։ Բացի այդ, Աստվածաշունչը խոստանում է, որ այդպիսի մարդիկ «կժառանգեն երկիրը» (Սաղ. 37։8–10, 29)։
9. ա) Հեզերն ի՞նչ իմաստով «կժառանգեն երկիրը»։ բ) «Նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության», ինչո՞ւ կարող են երջանիկ լինել։
9 Հեզերն ի՞նչ իմաստով «կժառանգեն երկիրը»։ Հիսուսի օծյալ եղբայրները երկիրը կժառանգեն այն ժամանակ, երբ սկսեն այն ղեկավարել որպես թագավորներ ու քահանաներ (Հայտն. 20։6)։ Իսկ երկնային կոչում չունեցող միլիոնավոր այլ մարդիկ երկիրը կժառանգեն այն իմաստով, որ նրանց հնարավորություն կտրվի հավիտյան ապրելու երկրի վրա։ Այնտեղ նրանք կատարյալ կդառնան և խաղաղ ու երջանիկ կյանք կվայելեն։ Հեզերը նույն մարդիկ են, ում մասին Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության» (Մատթ. 5։6)։ Նոր աշխարհում արդարության նրանց ծարավը լիովին կհագենա (2 Պետ. 3։13)։ Երբ Աստված վերջնականապես վերացնի ամեն չարություն, այլևս ոչ մի անօրենություն և անարդարություն չի խլի արդարների երջանկությունը (Սաղ. 37։17)։
10. Ի՞նչ է նշանակում ողորմած լինել։
10 «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են, որովհետև նրանց հանդեպ ողորմած կլինեն» (Մատթ. 5։7)։ Եբրայերենում «ողորմություն» բառը կապված է մի բայի հետ, որը նշանակում է «ջերմ զգացմունքներ տածել, գութ զգալ.... կարեկից լինել»։ Համապատասխան հունարեն բայը նշանակում է մեկին ցավակից լինել։ Սակայն ողորմությունը միայն ջերմ զգացմունք չէ։ Ըստ Աստվածաշնչի՝ այն պետք է գործերով արտահայտվի։
11. Ողորմած լինելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում բարի սամարացու մասին առակից։
11 Կարդա Ղուկաս 10։30–37։ Բարի սամարացու մասին Հիսուսի պատմած առակը պատկերավոր կերպով ցույց է տալիս, թե ինչպես պետք է ողորմություն դրսևորենք։ Կարեկցանքից ու ողորմությունից դրդված՝ սամարացին կոնկրետ քայլեր ձեռնարկեց տուժածի ցավը թեթևացնելու համար։ Առակը պատմելուց հետո Հիսուսն ասաց. «Գնա և դու էլ այդպես արա»։ Ուստի ինքդ քեզ հարցրու. «Վարվո՞ւմ եմ բարի սամարացու պես։ Կարո՞ղ եմ ավելի ողորմած լինել և բարի գործեր անել մարդկանց համար։ Օրինակ՝ կարո՞ղ եմ գործնական օգնություն ցույց տալ տարեց հավատակիցներին, այրիներին և այն երեխաներին, որոնց ծնողները ճշմարտության մեջ չեն։ Կարո՞ղ եմ նախաձեռնություն վերցնել և «սփոփել վհատված հոգիներին»» (1 Թեսաղ. 5։14; Հակ. 1։27)։
12. Ողորմությունն ինչպե՞ս է նպաստում երջանկությանը։
12 Ողորմությունն ինչպե՞ս է նպաստում երջանկությանը։ Երբ ողորմություն ենք դրսևորում, զգում ենք այն երջանկությունը, որ մարդը զգում է, երբ ինչ-որ բան է տալիս։ Բացի այդ, գիտակցում ենք, որ այդպես հաճեցնում ենք Եհովային (Գործ. 20։35; կարդա Եբրայեցիներ 13։16)։ Հոգատար մարդու մասին Դավիթ թագավորն ասել է. «Եհովան կպահպանի ու կենդանի կպահի նրան։ Երկրի վրա նա երջանիկ կանվանվի» (Սաղ. 41։1, 2)։ Եթե կարեկցենք մարդկանց, Եհովան էլ մեր հանդեպ ողորմած կլինի։ Արդյունքում մենք հավիտյան երջանիկ կլինենք (Հակ. 2։13)։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ «ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՍՐՏՈՎ ՄԱՔՈՒՐ ԵՆ»
13, 14. Սրտով մաքուր մարդիկ ինչո՞ւ են երջանիկ։
13 Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն» (Մատթ. 5։8)։ Մեր սրտերը մաքուր պահելու համար պետք է հետևենք, որ մեր մեջ սխալ մտքեր ու ցանկություններ չզարգանան։ Դա անելով՝ հոգևորապես չենք պղծվի, և մեր երկրպագությունը հաճելի կլինի Եհովային (կարդա 2 Կորնթացիներ 4։2; 1 Տիմոթ. 1։5)։
14 Սրտով մաքուր մարդիկ լավ փոխհարաբերություններ ունեն Եհովայի հետ։ Նա ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր լվացել են իրենց պատմուճանները» (Հայտն. 22։14)։ Այս մարդիկ ի՞նչ իմաստով են «լվացել իրենց պատմուճանները»։ Օծյալ քրիստոնյաների պարագայում դա նշանակում է, որ նրանք մաքուր են Եհովայի աչքում։ Այդ քրիստոնյաները անմահություն են ստանալու երկնքում և մշտնջենապես երջանիկ են լինելու։ Իսկ այն մարդկանց, ովքեր երկրի վրա ապրելու հույս ունեն, Եհովան թույլ է տալիս լինել իր ընկերները, քանի որ նրանց արդար է համարում։ Նրանք «իրենց պատմուճանները լվանում ու սպիտակեցնում են Գառան արյունով» (Հայտն. 7։9, 13, 14)։
15, 16. «Նրանք, ովքեր սրտով մաքուր են», ինչպե՞ս կարող են «տեսնել Աստծուն»։
15 Իսկ ինչպե՞ս է հնարավոր, որ սրտով մաքուր մարդիկ «տեսնեն Աստծուն», չէ՞ որ «ոչ մի մարդ չի կարող տեսնել [նրան] ու ողջ մնալ» (Ելք 33։20)։ «Տեսնել» թարգմանված հունարեն բառը ունի նաև «մտովի տեսնել, հասկանալ, ճանաչել» իմաստը։ Սրտով մաքուր մարդիկ Աստծուն տեսնում են իրենց «սրտի աչքերով». նրանք իսկապես ճանաչում են Եհովային, գիտեն՝ ինչպիսին է նա, և սիրում են նրան (Եփես. 1։18)։ Աստծուն «տեսնում» ենք նաև՝ ուսումնասիրելով Հիսուսի կյանքը, ով կատարելապես արտացոլում էր իր Հոր էությունը։ Նա իրավամբ կարող էր ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։7–9)։
16 Մենք «տեսնում ենք Աստծուն» նաև այն իմաստով, որ նկատում ենք, թե նա ինչպես է գործում մեր օգտին (Հոբ 42։5)։ Բացի այդ, մեր «սրտի աչքերով» կարող ենք տեսնել այն հիանալի օրհնությունները, որ Աստված կտա նրանց, ովքեր ջանում են սրտով մաքուր մնալ և անձնվիրաբար ծառայել իրեն։ Իսկ օծյալները բառիս բուն իմաստով կտեսնեն Եհովային, երբ հարություն առնեն և ստանան իրենց երկնային պարգևը (1 Հովհ. 3։2)։
ԵՐՋԱՆԻԿ՝ ՉՆԱՅԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
17. Խաղաղարար մարդիկ ինչո՞ւ են երջանիկ։
17 Հիսուսը շարունակեց. «Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են» (Մատթ. 5։9)։ Նրանք, ովքեր նախաձեռնություն են վերցնում և խաղաղություն են հաստատում, երջանիկ լինելու հիմնավոր պատճառ ունեն։ Հակոբոս աշակերտը գրեց. «Արդարության պտղի սերմը խաղաղ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3։18)։ Եթե ժողովում կամ ընտանիքում ինչ-որ մեկի հետ լարված փոխհարաբերություններ ունենք, կարող ենք Աստծուն խնդրել, որ օգնի մեզ խաղաղարար լինել։ Եհովան մեզ կտա իր սուրբ ոգին, որի շնորհիվ կկարողանանք քրիստոնեական հատկություններ դրսևորել։ Արդյունքում երջանիկ կլինենք։ Հիսուսն ընդգծեց, որ շատ կարևոր է խաղաղություն հաստատելու հարցում նախաձեռնություն վերցնել։ Նա ասաց. «Եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթ. 5։23, 24)։
18, 19. Քրիստոնյաները ինչո՞ւ կարող են ուրախանալ, նույնիսկ երբ հալածվում են։
18 «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ ու ստելով ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով»։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։ Շարունակության մեջ նա բացատրեց. «Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ ձեզանից առաջ այդպես հալածեցին մարգարեներին» (Մատթ. 5։11, 12)։ Երբ առաքյալներին ծեծեցին ու հրամայեցին այլևս չքարոզել, «նրանք ուրախանալով գնացին Սինեդրիոնի առաջից»։ Իհարկե, նրանց տհաճ էր մտրակի պատճառած ցավը։ Սակայն նրանք ուրախանում էին, «որովհետև արժանի եղան [Հիսուսի] անվան համար անարգանքի ենթարկվելու» (Գործ. 5։41)։
19 Մեր ժամանակներում Եհովայի ժողովուրդը նույնպես ուրախությամբ տոկում է, երբ Հիսուսի անվան համար տառապանքներ կամ ծանր փորձություններ է կրում (կարդա Հակոբոս 1։2–4)։ Առաքյալների պես՝ մենք ևս հաճույք չենք ստանում տառապելուց։ Բայց երբ փորձությունների ժամանակ հավատարիմ ենք մնում Աստծուն, նա ուժ և քաջություն է տալիս, որ տոկանք։ Օրինակ՝ Հենրիկ Դորնիկն ու իր եղբայրը հալածվեցին բռնապետական վարչակարգի կողմից։ 1944 թ. օգոստոսին իշխանությունները նրանց ուղարկեցին համակենտրոնացման ճամբար։ Տեսնելով, որ նրանք զիջումների չեն գնում՝ իշխանության ներկայացուցիչներն ասացին. «Դրանց հնարավոր չէ համոզել։ Նահատակ դառնալը դրանց համար ուրախություն է»։ «Ես, իհարկե, մահանալու ցանկություն չունեի,— բացատրում է Դորնիկը,— բայց այն միտքը, որ համարձակությամբ ու արժանապատվորեն եմ հաղթահարում փորձություններս, ուրախություն էր պատճառում ինձ.... Ջերմեռանդ աղոթքներս ավելի մոտեցրին ինձ Եհովային, և նա ինձ համար դարձավ վստահելի Օգնական»։
20. «Երջանիկ Աստծուն» ծառայելը ինչո՞ւ է մեզ ուրախությամբ լցնում։
20 Այն միտքը, որ մենք հաճեցնում ենք մեր «երջանիկ Աստծուն», մեզ իսկական երջանկությամբ է լցնում՝ չնայած հալածանքներին, ընտանիքի անդամների հակառակությանը, հիվանդություններին և ծերությանը (1 Տիմոթ. 1։11)։ Մեզ ուրախություն են պատճառում նաև այն անգին խոստումները, որոնք մեզ տվել է Աստված, ով «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Եհովայի խոստումների իրականացումը այնքան տպավորիչ կլինի, որ այսօրվա մեր դժվարություններն ու փորձությունները մեզ աննշան կթվան։ Նույնիսկ ամենավառ երևակայությամբ անհնար է պատկերացնել այն հիանալի օրհնությունները, որոնք Եհովան գալիք դրախտում կթափի իր ծառաների վրա։ Այդ ժամանակ մենք անասելի երջանկություն կվայելենք և «անսահման կուրախանանք խաղաղության առատությամբ» (Սաղ. 37։11)։