Մեկ հոտ, մեկ հովիվ
«Դուք էլ, որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին ու կդատեք Իսրայելի տասներկու ցեղերին» (ՄԱՏԹ. 19։28)։
1. Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում Աբրահամի սերնդին, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ նա բոլորովին անտարբեր չէր մյուս ազգերի նկատմամբ։
ԵՀՈՎԱՆ սիրում էր Աբրահամին, ուստի սեր ու նվիրվածություն էր դրսևորում նաև նրա սերնդի՝ Իսրայել ազգի նկատմամբ։ Ավելի քան 15 դար շարունակ Աստված նրանց համարում էր ընտրյալ ազգ, «սեպհական ժողովուրդ» (կարդա՛ Բ Օրինաց 7։6)։ Սակայն արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա բոլորովին անտարբեր էր մյուս ազգերի մարդկանց նկատմամբ։ Անշուշտ ոչ։ Այդ դարերի ընթացքում այլազգի մարդիկ, ովքեր ցանկանում էին պաշտել Եհովային, հնարավորություն ունեին միանալու Աստծու ընտրյալ ժողովրդին։ Դավանափոխ եղած այս մարդիկ՝ պրոզելիտները, ազգի մի մասն էին կազմում։ Իսրայելացիները նրանց պետք է վերաբերվեին ազգակիցների պես (Ղեւտ. 19։33, 34)։ Նրանցից պահանջվում էր հնազանդվել Աստծու տված բոլոր օրենքներին (Ղեւտ. 24։22)։
2. Ի՞նչ ցնցող հայտարարություն արեց Հիսուսը, և ի՞նչ հարցեր են ծագում։
2 Սակայն երբ Հիսուսը երկրի վրա էր, մի ցնցող հայտարարություն արեց, որն ուղղված էր հրեաներին։ Նա ասաց. «Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» (Մատթ. 21։43)։ Ովքե՞ր էին կազմելու այս նոր ազգը, և ինչպե՞ս է այդ փոփոխությունը այսօր ազդում մեզ վրա։
Նոր ազգը
3, 4. ա) Ի՞նչ գրեց Պետրոս առաքյալը նոր ազգի մասին։ բ) Ովքե՞ր են կազմում նոր ազգը։
3 Պետրոս առաքյալը նոր ազգի մասին իր հավատակիցներին գրեց. «Դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու, որպեսզի ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները» նրա, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսի մեջ» (1 Պետ. 2։9)։ Ինչպես որ նախագուշակվել էր, այն իսրայելացիները, ովքեր ընդունեցին Հիսուսին որպես Մեսիայի, դարձան այս նոր ազգի առաջին անդամները (Դան. 9։27ա, ՆԱ; Մատթ. 10։6)։ Պետրոսի հաջորդ խոսքերից տեսնում ենք, որ հետագայում նաև ոչ իսրայելացիները դարձան այս նոր ազգի անդամներ։ Առաքյալը գրեց. «Մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք» (1 Պետ. 2։10)։
4 Ո՞ւմ էին ուղղված Պետրոսի խոսքերը։ Իր նամակի սկզբում նա գրել է. «[Աստված] մեզ նոր ծնունդ տվեց դեպի կենդանի հույսը մահացածների միջից Հիսուս Քրիստոսի հարության միջոցով, դեպի մի անապականելի, անպիղծ և անթառամ ժառանգություն։ Այն պահված է երկնքում ձեզ համար» (1 Պետ. 1։3, 4)։ Փաստորեն, այս նոր ազգը կազմված է օծյալ քրիստոնյաներից, որոնք ունեն երկնային կյանքի հույս։ Նրանք «Աստծու Իսրայելն» են (Գաղ. 6։16)։ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ, որ հոգևոր Իսրայելի անդամները 144 000 հոգի են։ Նրանք «գնվել են մարդկանց միջից՝ որպես առաջին պտուղներ Աստծու և Գառան համար», որ ծառայեն որպես «քահանաներ» և «[Հիսուսի] հետ թագավորեն հազար տարի» (Հայտն. 5։10; 7։4; 14։1, 4; 20։6; Հակ. 1։18)։
Ուրիշներն էլ են ընդգրկված
5. ա) Ո՞ւմ է վերաբերում «Աստծու Իսրայել» արտահայտությունը։ բ) Կա՞ն արդյոք դեպքեր, երբ Իսրայել ազգի օրինակով Եհովան, օծյալ քրիստոնյաներից բացի, այլ խմբի է ակնարկում։
5 Պարզ է ուրեմն, որ Գաղատացիներ 6։16 համարում նշված «Աստծու Իսրայել» արտահայտությունը վերաբերում է բացառապես օծյալ քրիստոնյաներին։ Իսկ կա՞ն արդյոք դեպքեր, երբ Իսրայել ազգի օրինակով Եհովան, օծյալ քրիստոնյաներից բացի, այլ խմբի է ակնարկում։ Այո՛։ Այդ մասին կարդում ենք հավատարիմ առաքյալներին ուղղված Հիսուսի հետևյալ խոսքերում. «Ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց թագավորության համար, որ դուք իմ թագավորության մեջ ուտեք ու խմեք իմ սեղանից և գահերի վրա նստեք Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար» (Ղուկ. 22։28–30)։ Սա տեղի կունենա «վերաստեղծման», կամ՝ վերականգնման ժամանակ՝ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում (կարդա՛ Մատթեոս 19։28)։
6, 7. Ո՞ւմ են ներկայացնում Մատթեոս 19։28 և Ղուկաս 22։30 համարներում նշված «Իսրայելի տասներկու ցեղերը»։
6 144 000 օծյալ քրիստոնյաները Հազարամյա Իշխանության ժամանակ լինելու են երկնային թագավորներ, քահանաներ և դատավորներ (Հայտն. 20։4)։ Ո՞ւմ են դատելու նրանք և ո՞ւմ վրա են իշխելու։ Մատթեոս 19։28 և Ղուկաս 22։30 համարները ցույց են տալիս, որ նրանք դատելու են «Իսրայելի տասներկու ցեղերին»։ Իսկ ո՞ւմ են ներկայացնում «Իսրայելի տասներկու ցեղերը»։ Նրանք ներկայացնում են բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն երկրային կյանքի հույս և հավատ են ընծայում Հիսուսի զոհաբերությանը, սակայն չեն մտնում թագավորական և քահանայական դասի մեջ (Ղևիի ցեղը չէր մտնում Իսրայելի 12 ցեղերի մեջ)։ Այս համատեքստի համաձայն՝ Իսրայելի 12 ցեղերը ներկայացնող անհատները հոգևոր առումով մեծ օգուտներ կստանան 144 000–ի քահանայական ծառայությունից։ Եվ քանի որ այդ ցեղերը նույնպես Աստծու ժողովուրդ են համարվում, Եհովան սիրում է և ընդունում է նրանց։ Հետևաբար տեղին է, որ նրանք նույնպես համեմատվում են հնում ապրած Եհովայի ժողովրդի հետ։
7 Պարզ է, թե ինչու այն բանից հետո, երբ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ 144 000 հոգևոր Իսրայելի անդամների վերջնական կնքումը մեծ նեղությունից առաջ, նա նաև «մի մեծ բազմություն» տեսավ «բոլոր ազգերից», որ ոչ ոք չէր կարող հաշվել (Հայտն. 7։4, 9)։ Այդ մարդիկ անցնելու են մեծ նեղությունը և ապրելու են Քրիստոսի Հազարամյա Իշխանության ներքո։ Նրանց միանալու են հարություն առած միլիարդավոր մարդիկ (Հովհ. 5։28, 29; Հայտն. 20։13)։ Թե՛ մեծ բազմության անդամները, թե՛ հարություն առած բոլոր մարդիկ դառնալու են խորհրդանշական «Իսրայելի տասներկու ցեղերը», որոնց կդատեն Հիսուսը և իր 144 000 իշխանակիցները (Գործ. 17։31; 24։15; Հայտն. 20։12)։
8. Քավության օրը տեղի ունեցող դեպքերը ինչպե՞ս են նախապատկերում այն, թե ինչ կապ էր գոյություն ունենալու 144 000–ի և մյուս մարդկանց միջև։
8 Քավության օրը տեղի ունեցող դեպքերը նախապատկերում էին այն, թե ինչ կապ էր գոյություն ունենալու 144 000–ի և մնացած մարդկանց միջև (Ղեւտ. 16։6–10)։ Այդ օրը քահանայապետը նախևառաջ մի ցուլ էր զոհաբերում որպես մեղքի պատարագ «իր և իր տան համար»։ Մեծ քահանայապետի՝ Հիսուսի արյան արժեքը առաջին հերթին կիրառվում է 144 000 օծյալներից բաղկացած «հոգևոր տան» նկատմամբ, ովքեր Հիսուսի հետ իշխելու են երկնքում։ Այնուհետև այդ օրը քահանայապետը վերցնում էր երկու այծ, որոնց զոհաբերում էր որպես մեղքի պատարագ մյուս իսրայելացիների համար։ Իսկ ո՞ւմ են ներկայացնում մյուս իսրայելացիները։ Քանի որ քահանայական ցեղը պատկերում է 144 000–ին, ուստի մյուս իսրայելացիները ներկայացնում են բոլոր նրանց, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։ Փաստորեն, Մատթեոս 19։28–ում գրված «Իսրայելի տասներկու ցեղերը» արտահայտությունը վերաբերում է ոչ թե ոգով օծված քահանաներին, այլ բոլոր մարդկանց, ովքեր հավատ են ընծայում Հիսուսի քավիչ զոհաբերությանըa։
9. Եզեկիելի տեսիլքում ո՞ւմ են ներկայացնում քահանաները և այն իսրայելացիները, որոնք չեն պատկանում քահանայական ցեղին։
9 Քննենք մեկ ուրիշ օրինակ։ Եզեկիել մարգարեին Եհովայի տաճարի մասին տեսիլք տրվեց (Եզեկ. 40–48 գլուխներ)։ Այդ տեսիլքում քահանաները ծառայում են տաճարում, հրահանգներ են տալիս, ինչպես նաև խորհուրդ և առաջնորդություն են ստանում Եհովայից (Եզեկ. 44։23–31)։ Տեսիլքում պատկերված են նաև տարբեր ցեղեր, ովքեր գալիս են տաճար երկրպագելու և զոհեր մատուցելու համար (Եզեկ. 45։16, 17)։ Քահանաները ներկայացնում են օծյալներին, իսկ ոչ քահանայական ցեղերին պատկանող իսրայելացիները նրանց, ովքեր երկրային հույս ունեն։ Տեսիլքն ընդգծում է, որ այս երկու խմբերն էլ միասին համագործակցում են, իսկ մաքուր երկրպագության մեջ քահանայական դասն է առաջնորդություն վերցնում։
10, 11. ա) Ինչպե՞ս է Հիսուսի խոսքերի կատարումը ամրացրել մեր հավատը։ բ) Ի՞նչ հարց է առաջանում ուրիշ ոչխարների վերաբերյալ։
10 Հիսուսը նշեց, որ բացի «փոքր հոտից», ունի նաև «ուրիշ ոչխարներ», որոնք, սակայն, այդ նույն փարախից չեն (Հովհ. 10։16; Ղուկ. 12։32)։ Նա ասաց. «Նրանց էլ պետք է բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ ու մեկ հովիվ կլինեն»։ Որքա՜ն է ամրացել մեր հավատը՝ տեսնելով այս խոսքերի իրականացումը։ Թե՛ օծյալների փոքր խումբը, թե՛ ուրիշ ոչխարների մեծ բազմությունը համախմբվել են և միասնականորեն ծառայում են իրենց Աստծուն (կարդա՛ Զաքարիա 8։23)։ Թեև ուրիշ ոչխարները փոխաբերական իմաստով չեն ծառայում ներքին գավիթում, սակայն ծառայում են այդ նույն տաճարի դրսի գավիթում։
11 Իսկ կարո՞ղ են արդյոք ուրիշ ոչխարները օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից այն պատճառով, որ երբեմն Եհովան հին Իսրայելի ոչ քահանայական ցեղերին պատկանող իսրայելացիների օրինակը կիրառել է իրենց վրա։ Տեսնենք։
Նոր ուխտը
12. Ի՞նչ էր Եհովան կանխագուշակել։
12 Եհովան կանխագուշակել էր. «Այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ,.... իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (Երեմ. 31։31–33)։ Այս նոր ուխտի միջոցով Աբրահամին տված Եհովայի խոստումը պետք է փառավոր կերպով իրականանար ու հարատև օրհնություններ բերեր երկրի վրա ապրող բոլոր մարդկանց (կարդա՛ Ծննդոց 22։18)։
13, 14. ա) Ովքե՞ր են նոր ուխտի մասնակիցները։ բ) Ովքե՞ր են օգուտներ քաղում նոր ուխտից, և ինչպե՞ս են նրանք կառչում դրանից։
13 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը այս ուխտի մասին էր խոսում, երբ ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա, որ թափվելու է ձեզ համար» (Ղուկ. 22։20; 1 Կորնթ. 11։25)։ Արդյոք բոլո՞ր քրիստոնյաներն են ընդգրկված այս նոր ուխտի մեջ։ Ո՛չ։ Ոմանք, առաքյալների նման, ովքեր այդ երեկո խմեցին այդ բաժակից, համարվում են նոր ուխտի մասնակիցներb։ Հիսուսը նաև մեկ ուրիշ ուխտ կապեց նրանց հետ (Ղուկ. 22։28–30)։ Նրանք պետք է իշխեին Հիսուսի հետ նրա Թագավորության մեջ (Ղուկ. 22։15, 16)։
14 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր ապրելու են երկրի վրա Հիսուսի Թագավորության ներքո։ Նրանք օգուտներ են քաղում նոր ուխտից (Գաղ. 3։8, 9)։ Թեև մասնակիցներ չեն, բայց ուխտը «բռնողներ» են, այսինքն՝ կառչում են այդ ուխտից՝ հետևելով պահանջներին, ինչպես կանխագուշակել էր Եսայիա մարգարեն. «Այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու եւ Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները, նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ»։ Այնուհետև Եհովան ասում է. «Որովհետեւ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար» (Ես. 56։6, 7)։
Ովքե՞ր պետք է օգտվեն խորհրդանիշներից
15, 16. ա) Պողոս առաքյալի խոսքերի համաձայն՝ ի՞նչ առանձնաշնորհում էին ունենալու նոր ուխտի մասնակիցները։ բ) Ինչո՞ւ պետք է երկրային հույս ունեցողները չօգտվեն Տիրոջ ընթրիքի խորհրդանիշներից։
15 Նոր ուխտի մասնակիցները «համարձակություն ունեն.... սուրբ վայրը մտնելու» (կարդա՛ Եբրայեցիներ 10։15–20)։ Նրանք «ստանալու են մի թագավորություն, որը չի կարող ցնցվել» (Եբր. 12։28)։ Ուստի միայն նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի հետ թագավորներ և քահանաներ են լինելու երկնքում, պետք է խմեն «բաժակից», որը ներկայացնում է նոր ուխտը։ Այս նոր ուխտի մասնակիցներին խոստում է տրվել, որ կամուսնանան Գառի հետ (2 Կորնթ. 11։2; Հայտն. 21։2, 9)։ Իսկ Հիշատակի երեկոյին խորհրդանիշներից չօգտվող մնացած բոլոր ներկաները պարզապես հարգալից ունկնդիրներ են։
16 Պողոսը օգնում է մեզ հասկանալու, որ երկրային հույս ունեցողները չեն օգտվում Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Օծյալ քրիստոնյաներին նա ասաց. «Որովհետև ամեն անգամ, երբ ուտեք այս հացը և խմեք այս բաժակից, հռչակեք Տիրոջ մահը, մինչև որ նա գա» (1 Կորնթ. 11։26)։ Իսկ ե՞րբ է գալու Տերը։ Այն ժամանակ, երբ գա իր հարս դասակարգի վերջին օծյալին երկնային տուն տանելու (Հովհ. 14։2, 3)։ Հստակ է, որ Տիրոջ ընթրիքը չի նշվելու հավիտյան։ Սակայն քանի դեռ կնոջ սերնդի «մնացածները» երկրի վրա են, նրանք շարունակում են օգտվել խորհրդանիշներից, մինչև որ բոլորը կստանան իրենց երկնային վարձատրությունը (Հայտն. 12։17)։ Իսկ եթե երկրային հույս ունեցողները իրավունք ունենային օգտվելու խորհրդանիշներից, ապա Տիրոջ ընթրիքը հավիտյան կնշվեր։
«Նորանք իմ ժողովուրդը կ’լինեն»
17, 18. Ինչպե՞ս է Եզեկիէլ 37։26, 27 համարներում գրված մարգարեությունը իրականացել։
17 Եհովան կանխագուշակել էր, որ իր ժողովրդի մեջ պետք է միասնականություն լինի՝ ասելով. «Նորանց համար խաղաղութեան ուխտ կ’դնեմ՝ յաւիտենական ուխտ կ’լինի նորանց հետ. եւ նորանց պիտի հաստատեմ եւ շատացնեմ, եւ իմ սրբարանը նորանց մէջ դնեմ յաւիտեան։ Եւ իմ խորանը նորանց մօտ կ’լինի ես նորանց Աստուած կ’լինեմ եւ նորանք իմ ժողովուրդը կ’լինեն» (Եզեկ. 37։26, 27)։
18 Աստծու ժողովրդի բոլոր անդամները կարող են օգուտներ քաղել այս հրաշալի խոստման կատարումից, որը խաղաղության ուխտ է։ Այո՛, Եհովան երաշխիք է տվել, որ իր բոլոր հնազանդ ծառաների միջև խաղաղություն է տիրելու, ինչը այսօր ակնհայտ է։ Նրա սրբարանը, որը ներկայացնում է մաքուր երկրպագությունը, նրա ժողովրդի մեջ է։ Նրանք իրոք դարձել են Աստծու ժողովուրդը, քանի որ մերժել են կռապաշտության բոլոր ձևերը և երկրպագում են միմիայն Եհովա Աստծուն։
19, 20. Ո՞ւմ է Եհովան կոչում «իմ ժողովուրդ», և ի՞նչ է հնարավոր դարձել նոր ուխտի շնորհիվ։
19 Որքա՜ն ուրախալի է վկայություն տալ միասնության մեջ գտնվող այս երկու խմբերի մասին։ Թեև մեծ բազմության անթիվ–անհամար անդամները չունեն երկնային հույս, այդուհանդերձ, նրանք հպարտ են, որ պատիվ ունեն ընկերակցելու օծյալներին։ Նրանք կառչած են Աստծու Իսրայելին։ Այդ պատճառով էլ Եհովան նրանց կոչում է «իմ ժողովուրդը»։ Այդպիսով կատարվում են հետևյալ մարգարեական խոսքերը. «Շատ ազգեր Տիրոջն են յարելու, եւ ինձ ժողովուրդ են լինելու. եւ ես քո միջումն եմ բնակուելու» (Զաք. 2։11; 8։21; կարդա՛ Եսայիա 65։22; Հայտնություն 21։3, 4)։
20 Այս ամենը Եհովան հնարավոր է դարձրել նոր ուխտի միջոցով։ Տարբեր ազգերից միլիոնավոր մարդիկ դարձել են Եհովայի ժողովուրդը և ունեն նրա հավանությունը (Միք. 4։1–5)։ Նրանք վճռել են կառչած մնալ այդ ուխտից՝ հնազանդություն դրսևորելով Աստծու հանդեպ (Ես. 56։6, 7)։ Համագործակցելով Աստծու Իսրայելի հետ՝ նրանք առատ օրհնություններ են ստանում, քանի որ նրանց միջև խաղաղություն է տիրում։ Թող որ վայելես այդ օրհնությունները հիմա և հավիտյա՛ն։
[Ծանոթագրություններ]
a Օծյալների մասին նաև խոսվում է որպես «ժողով» (Եբր. 12։23)։ Սակայն «ժողով» բառը կարող է նաև ավելի լայն իմաստ ունենալ և վերաբերել բոլոր քրիստոնյաներին, անկախ նրանից, թե ինչ հույս ունեն նրանք (տե՛ս «Դիտարանի» 2007 թ. ապրիլի 15–ի համարը, էջ 21–23)։
b Հիսուսը նոր ուխտի միջնորդն է և ոչ թե մասնակիցը։ Որպես միջնորդ՝ նա, ակներևաբար, չի օգտվել խորհրդանիշներից։
Հիշո՞ւմ ես
• Ովքե՞ր են «Իսրայելի տասներկու ցեղերը», որոնց 144 000–ը պետք է դատի։
• Ինչպե՞ս են նոր ուխտից օգտվում օծյալները և ուրիշ ոչխարները։
• Բոլո՞ր քրիստոնյաներն են օգտվում Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։
• Ի՞նչ միասնության մասին է մարգարեացվել մեր օրերի վերաբերյալ։
[Գրաֆիկ/Նկարներ 25–րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Շատերն այսօր ծառայում են Աստծու Իսրայելի հետ]
1950 | 373,430
1970 | 1,483,430
1990 | 4,017,213
2009 | 7,313,173