ԳԼՈՒԽ 98
Առաքյալները կրկին բարձր դիրքի են ձգտում
ՄԱՏԹԵՈՍ 20։17–28 ՄԱՐԿՈՍ 10։32–45 ՂՈՒԿԱՍ 18։31–34
ՀԻՍՈՒՍԸ ԿՐԿԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԻՐ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
ՕԳՆՈՒՄ Է ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ
Հիսուսն ու իր աշակերտները շարունակում են իրենց ճամփորդությունը դեպի հարավ՝ Երուսաղեմ։ Նրանք դուրս են գալիս Պիրեայից, անցնում են Հորդանան գետը և մոտենում են Երիքովին։ Նրանց հետ ճամփորդում են նաև ուրիշ մարդիկ, որոնք նույնպես գնում են Երուսաղեմ՝ մ.թ. 33-ի Պասեքը նշելու։
Հիսուսը գնում է աշակերտների առջևից. նա վճռականությամբ է լցված և ցանկանում է տեղ հասնել ճիշտ ժամանակին։ Սակայն աշակերտները վախով են համակված։ Երբ Ղազարոսը մահացել էր և Հիսուսը ուզում էր Պիրեայից գնալ Հրեաստան, Թովմասն ասել էր. «Եկեք մենք էլ գնանք նրա հետ մեռնելու» (Հովհաննես 11։16, 47–53)։ Իսկապես, Երուսաղեմ գնալը վտանգավոր է, ուստի զարմանալի չէ, որ աշակերտները անհանգստացած են։
Հիսուսը աշակերտներին մի կողմ է տանում, որ նրանց հետ խոսի մոտալուտ իրադարձությունների մասին։ Նա ասում է. «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան, ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց, որպեսզի նրան ծաղրեն, խարազանեն ու ցցին գամեն։ Իսկ երրորդ օրը նա հարություն կառնի» (Մատթեոս 20։18, 19)։
Սա երրորդ անգամն է, որ Հիսուսը իր աշակերտների հետ խոսում է իր մահվան ու հարության մասին (Մատթեոս 16։21; 17։22, 23)։ Սակայն այս անգամ նա ասում է, որ իրեն սպանելու են՝ ցցին գամելով։ Աշակերտները լսում են Հիսուսին, սակայն դեռ չեն հասկանում, թե ինչ է նա ուզում ասել։ Նրանք հավանաբար ակնկալում են, որ երկրի վրա կվերականգնվի Իսրայելի թագավորությունը, և ցանկանում են Քրիստոսի հետ այդ թագավորության մեջ փառք ու պատիվ վայելել։
Ճամփորդողների մեջ է նաև Հակոբոսի ու Հովհաննեսի մայրը (հավանաբար Սալոմեն)։ Հիսուսը այս երկու առաքյալներին կոչում է «որոտի որդիներ», ակներևաբար, նրանց տաքարյուն բնավորության պատճառով (Մարկոս 3։17; Ղուկաս 9։54)։ Արդեն որոշ ժամանակ է, ինչ այս երկու եղբայրները ուզում են բարձր դիրք ունենալ Քրիստոսի Թագավորության մեջ։ Նրանց մայրը գիտի դրա մասին։ Այժմ նա մոտենում է Հիսուսին, խոնարհվում է և ասում, որ մի խնդրանք ունի։ Հիսուսն էլ հարցնում է նրան. «Ի՞նչ ես ուզում»։ Կինը պատասխանում է. «Խոսք տուր, որ քո թագավորության մեջ իմ այս երկու որդիները կնստեն մեկը քո աջ կողմը, իսկ մյուսը՝ քո ձախ կողմը» (Մատթեոս 20։20, 21)։
Իրականում այդ խնդրանքով մայրն արտահայտում է իր որդիների՝ Հակոբոսի և Հովհաննեսի ցանկությունը։ Հիսուսը քիչ առաջ նշել է, թե ինքը ինչ նախատինք է կրելու, և այժմ ասում է. «Դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որը ես եմ խմելու»։ Նրանք պատասխանում են. «Կարո՛ղ ենք» (Մատթեոս 20։22)։ Սակայն նրանք, հավանաբար, դեռ ամբողջությամբ չեն հասկանում, թե ինչ է դա նշանակում։
Այնուամենայնիվ, Հիսուսն ասում է. «Դուք անշուշտ կխմեք իմ բաժակից, բայց իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ։ Այդ տեղերը նրանցն են, ում համար պատրաստել է իմ Հայրը» (Մատթեոս 20։23)։
Երբ մյուս տասը առաքյալները իմանում են Հակոբոսի ու Հովհաննեսի խնդրանքի մասին, շատ են վրդովվում։ Հնարավոր է՝ ավելի վաղ, երբ աշակերտները վիճում էին, թե իրենցից ով է մեծ, Հակոբոսն ու Հովհաննեսը արտահայտել էին իրենց այդ ցանկությունը (Ղուկաս 9։46–48)։ Ամեն դեպքում, այս խնդրանքը և մյուս առաքյալների արձագանքը ցույց են տալիս, որ նրանք չեն կիրառել խոնարհ լինելու մասին Հիսուսի խորհուրդը։ Նրանք շարունակում են բարձր դիրքի ձգտել։
Հիսուսը ցանկանում է հարթել այս վիճաբանությունը։ Նա կանչում է տասներկուսին և սիրառատ կերպով խորհուրդ է տալիս. «Դուք գիտեք, որ ազգերի իշխաններ համարվողները տիրում են ժողովրդի վրա, և նրանց մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի, և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի բոլորի ծառան լինի» (Մարկոս 10։42–44)։
Հիսուսը բացատրում է, թե ում օրինակին պետք է աշակերտները հետևեն։ Նա ասում է. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Արդեն մոտ երեք տարի է՝ Հիսուսը ծառայում է ուրիշներին և նույնիսկ պատրաստվում է իր կյանքը տալ մարդկության համար։ Աշակերտները պետք է նույն մտածելակերպը ունենան, ինչ Քրիստոսը, և պետք է ցանկանան ծառայել ուրիշներին, ոչ թե ակնկալեն, որ ուրիշները ծառայեն իրենց։ Նաև պետք է լինեն փոքրի պես և չձգտեն բարձր դիրքի։