ԳԼՈՒԽ 20
Ուզում ես միշտ առաջի՞նը լինել
Ճանաչո՞ւմ ես որևէ մեկի, որն ուզում է ամեն տեղ առաջինը լինել։ ~ Նա հերթերում կարող է հրել մյուսներին, որպեսզի կանգնի բոլորից առաջ։ Երբևիցե տեսե՞լ ես նման բան։ ~ Մեծ Ուսուցիչը տեսավ, որ նույնիսկ մեծերն են փորձում առաջին կամ ամենալավ տեղերը զբաղեցնել, և դա նրան դուր չեկավ։ Տեսնենք, թե ինչպես այդ ամենը տեղի ունեցավ։
Աստվածաշունչը պատմում է, որ Հիսուսը մեծ ճաշկերույթի էր հրավիրված մի փարիսեցու՝ կրոնական առաջնորդի տանը։ Այնտեղ Հիսուսը տեսավ, թե ինչպես էին հյուրերը գալիս և իրենց համար ընտրում ամենալավ տեղերը։ Նա հրավիրվածներին մի դաս սովորեցրեց։ Կուզեի՞ր լսել այդ մասին։ ~
Հիսուսն ասաց. «Երբ որ հարսանիքի ես հրավիրվում, մի՛ նստիր պատվավոր տեղը»։ Կուզե՞ս իմանալ, թե նա ինչու այդպես ասաց։ ~ Նա բացատրեց, որ հնարավոր է ավելի պատվավոր մարդ հրավիրված լինի։ Ինչպես տեսնում ես նկարում, տանտերը մոտենում է և ասում. «Տեղդ զիջիր այս մարդուն, իսկ դու գնա ուրիշ տեղ նստիր»։ Ինչպե՞ս իրեն կզգար այդ հյուրը։ ~ Նա կամաչեր, որովհետև բոլոր հյուրերը կտեսնեին, թե ինչպես է նա ստիպված գնում ու նստում ամենավերջին տեղը։
Հիսուսը ցույց տվեց, որ ճիշտ չէ ձգտել ամենալավ տեղը զբաղեցնել։ Նա ասաց. «Երբ հարսանիքի հրավիրվես, գնա՛ նստիր վերջին տեղը։ Եվ գուցե քեզ հրավիրողը գա ու ասի. «Բարեկա՛մ, ավելի մոտ նստիր»։ Այն ժամանակ քո բոլոր սեղանակիցների մոտ պատվի արժանացած կլինես, քանի որ քեզ պատվավոր տեղը նստեցրին» (Ղուկաս 14։1, 7–11)։
Հասկացա՞ր Հիսուսի պատմության ողջ իմաստը։ ~ Փորձենք տեսնել օրինակով։ Պատկերացրու՝ շատ մարդկանց հետ բարձրանում ես ավտոբուս։ Ի՞նչ կանես, անմիջապես կնստե՞ս՝ թողնելով, որ ծերերը կանգնած մնան։ ~ Հիսուսին դուր կգա՞, եթե այդպես վարվես։ ~
Գուցե ինչ–որ մեկն ասի, թե Հիսուսի համար միևնույն է՝ մենք ինչ կանենք։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։ ~ Երբ Հիսուսը ճաշկերույթի էր նստած փարիսեցու տանը, նայում էր, թե ինչպես էին մարդիկ իրենց համար նստելու տեղ ընտրում։ Չե՞ս կարծում, որ նրան այսօր էլ հետաքրքրում է, թե ինչպես ենք մենք վարվում։ ~ Այժմ, երբ Հիսուսը գտնվում է երկնքում, ավելի լավ է տեսնում մեզ։
Երբ որևէ մեկը փորձում է լինել առաջինը, կարող են խնդիրներ առաջանալ։ Հաճախ վեճեր են ծագում, ու մարդիկ բորբոքվում են։ Երբեմն նման բան կարող է տեղի ունենալ, երբ երեխաները միասին ինչ–որ տեղ են գնում ավտոբուսով։ Հենց ավտոբուսի դռները բացվում են, նրանք իրար հրմշտում են, որպեսզի առաջինը բարձրանան ու զբաղեցնեն ամենալավ տեղերը՝ պատուհանի մոտ։ Եվ հետո ի՞նչ կարող է տեղի ունենալ։ ~ Նրանք կարող է վիճեն ու իրար նեղացնեն։
Առաջինը լինելու ցանկությունը շատ խնդիրների պատճառ է դառնում։ Նման խնդիր առաջացավ նույնիսկ Հիսուսի աշակերտների մեջ։ Ինչպես իմացանք այս գրքի 6–րդ գլխից, նրանք իրար հետ վիճում էին, թե ով է ավելի կարևոր։ Հիշո՞ւմ ես, թե ինչ արեց Հիսուսը։ ~ Նա ուղղեց նրանց մտածելակերպը։ Բայց շատ չանցած՝ նրանք նորից սկսեցին վիճել։ Տեսնենք, թե ինչպես դա պատահեց։
Առաքյալները և էլի ուրիշ մարդիկ վերջին անգամ Հիսուսի հետ գնում էին Երուսաղեմ։ Մինչ այդ Հիսուսն առաքյալների հետ խոսել էր իր Թագավորության մասին։ Ուստի Հակոբոսն ու Հովհաննեսը մտածում էին Հիսուսի հետ թագավորելու մասին։ Նրանք նույնիսկ իրենց մոր՝ Սաղոմեի հետ խոսեցին այդ մասին (Մատթէոս 27։56; Մարկոս 15։40)։ Ուստի Երուսաղեմ գնալու ճանապարհին Սաղոմեն մոտեցավ Հիսուսին, խոնարհվեց նրա առաջ և ասաց, որ խնդրանք ունի։
«Ի՞նչ ես կամենում»,— հարցրեց Հիսուսը։ Նա խնդրեց, որ Հիսուսն իր Թագավորության մեջ նրա երկու որդիներին իր երկու կողմերում նստեցնի, մեկին՝ աջ կողմում, մյուսին՝ ձախ։ Քո կարծիքով՝ ի՞նչ զգացին մյուս տասը առաքյալները, երբ իմացան, թե ինչ էին Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրել իրենց մորից։ ~
Նրանք շատ զայրացան Հակոբոսի ու Հովհաննեսի վրա։ Հիսուսը իր բոլոր առաքյալներին իմաստուն խորհուրդ տվեց։ Նա բացատրեց, որ ազգերի իշխաններն են սիրում իշխել ուրիշների վրա և ուզում են բարձր դիրք գրավել, որպեսզի ամենքը հնազանդվեն իրենց։ Բայց իր հետևորդները չպիտի լինեին այդպիսին։ Հիսուսն ասաց. «Ձեզանից ով որ ուզում է առաջին լինել, թող ծառա լինի»։ Տեսնենք, թե ինչ է դա նշանակում (Մատթէոս 20։20–28)։
Գիտե՞ս, թե ինչ է անում ծառան։ ~ Նա ծառայում է ուրիշներին և չի սպասում, որ ուրիշներն իրեն ծառայեն։ Նա համեստ տեղ է ընտրում, ոչ թե՝ պատվավոր։ Նա իրեն չի համարում կարևոր անձնավորություն։ Հիշի՛ր՝ Հիսուսն ասաց, որ նա, ով ուզում է լինել առաջինը, պիտի ուրիշներին ծառայի։
Քո կարծիքով՝ ի՞նչ կարող է դա նշանակել մեզ համար։ ~ Ծառան վիճո՞ւմ է իր տիրոջ հետ, թե ով է նստելու ամենալավ տեղը, կամ՝ թե ով է առաջինը ուտելու։ ~ Հիսուսը բացատրեց, որ ծառան տիրոջը իրենից բարձր է համարում (Ղուկաս 17։7–10)։
Ուրեմն՝ բարձր դիրքի ձգտելու փոխարեն՝ ի՞նչ պետք է անենք։ ~ Այո, մենք պետք է իբրև ծառա լինենք ուրիշների համար։ Դա նշանակում է ուրիշներին մեզանից ավելի բարձր դասել՝ մտածել, որ մենք նրանցից ավելի լավը չենք։ Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ իրավիճակներում կարող է այդպես վարվելու անհրաժեշտություն առաջանալ։ ~ Բացենք 40–րդ և 41–րդ էջերը ու տեսնենք, թե ինչպես կարող ենք ծառայել ուրիշներին։
Պետք է հիշես, որ Մեծ Ուսուցիչը ուրիշների շահերը իր շահերից բարձր էր դասում՝ ծառայելով նրանց։ Իր կյանքի վերջին օրը նա անցկացրեց առաքյալների հետ, իսկ երեկոյան նույնիսկ լվաց նրանց ոտքերը։ Եթե մենք էլ ուրիշներին մեզանից բարձր դասենք՝ ծառայելով նրանց, կուրախացնենք և՛ Մեծ Ուսուցչին, և՛ նրա Հորը՝ Եհովա Աստծուն։
Կարդանք մի քանի համարներ Աստվածաշնչից, որոնք մեզ քաջալերում են ուրիշներին բարձր դասել մեզանից. Ղուկաս 9։48; Հռովմայեցիս 12։3 և Փիլիպպեցիս 2։3, 4։