ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 47
Ջերմորեն սիրենք իրար
«Եկեք սիրենք իրար, որովհետև սերը Աստծուց է» (1 ՀՈՎՀ. 4։7)։
ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1-2. ա) Ինչո՞ւ Պողոսն ասաց, որը սերը «մեծագույն» հատկությունն է։ բ) Ո՞ր հարցերն ենք քննելու։
ՀԱՎԱՏԻ, հույսի և սիրո մասին խոսելիս Պողոս առաքյալը իր խոսքը եզրափակեց՝ ասելով. «Սրանցից մեծագույնը սերն է» (1 Կորնթ. 13։13)։ Ինչո՞ւ Պողոսը նման բան ասաց։ Ապագայում կարիք չի լինի հավատալու նոր աշխարհի մասին Աստծու խոստմանը, քանի որ այն իրականացած կլինի։ Բայց մենք միշտ պետք է սիրենք Եհովային և մարդկանց։ Դեռ ավելին՝ հավիտենության ընթացքում մեր սերը նրանց հանդեպ գնալով աճելու է։
2 Քանի որ մենք միշտ ենք սեր դրսևորելու, եկեք այդ առնչությամբ քննենք հետևյալ երեք հարցերը. «Ինչո՞ւ պետք է սիրենք իրար, ինչպե՞ս պետք է սիրենք իրար և ինչպե՞ս կարող ենք շարունակ ամրացնել մեր սերը միմյանց հանդեպ»։
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ
3. Միմյանց սիրելու ի՞նչ պատճառներ ունենք։
3 Միմյանց սիրելը ինչո՞ւ է կարևոր։ Նախևառաջ այն պատճառով, որ սերը բնորոշում է ճշմարիտ քրիստոնյաներին։ Հիսուսն ասաց իր առաքյալներին. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։35)։ Բացի այդ՝ սերը օգնում է, որ միասնական լինենք։ Պողոսը այն կոչեց «միասնության կատարյալ կապ» (Կող. 3։14)։ Սակայն ևս մի կարևոր պատճառ կա, թե ինչու պետք է սիրենք միմյանց։ Դրա մասին կարդում ենք Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքերում, որոնք նա գրեց իր հավատակիցներին. «Ով սիրում է Աստծուն, պետք է նաև իր եղբորը սիրի» (1 Հովհ. 4։21)։ Երբ միմյանց հանդեպ սեր ենք դրսևորում, փաստում ենք, որ սիրում ենք Աստծուն։
4-5. Բացատրիր, թե Աստծուն սիրելը ինչպե՞ս է կապված միմյանց սիրելու հետ։
4 Ի՞նչ առումով է Աստծուն սիրելը սերտորեն կապված հավատակիցներին սիրելու հետ։ Ավելի լավ պատկերացնելու համար մտածենք այն մասին, թե մեր սիրտը ինչպես է փոխկապակցված մարմնի մյուս անդամների հետ։ Երբ բժիշկը բռնում է մեր դաստակը, որ ստուգի՝ սրտի զարկերը թույլ են, թե ուժեղ, դրանով որոշակի պատկերացում է կազմում մեր սրտի վիճակի մասին։ Իսկ ի՞նչ կապ ունի այս օրինակը քննարկվող նյութի հետ։
5 Ինչպես բժիշկն է, մեր զարկերակը ստուգելով, որոշակի պատկերացում կազմում մեր սրտի վիճակի մասին, այնպես էլ մենք, հավատակիցների հանդեպ մեր սերը ստուգելով, կարող ենք պարզել, թե որքան խորն է մեր սերը Աստծու հանդեպ։ Եթե նկատում ենք, որ հավատակիցների հանդեպ մեր սերը ինչ-որ չափով թուլացել է, ապա դա նշան է, որ Աստծու հանդեպ մեր սերն էլ է թուլացել։ Բայց երբ միշտ սեր ենք դրսևորում մեր հավատակիցների հանդեպ, դրանից երևում է, որ Աստծու հանդեպ մեր սերը ամուր է։
6. Հավատակիցների հանդեպ սիրո պակասը ինչո՞ւ է լուրջ խնդիր (1 Հովհաննես 4։7-9, 11)։
6 Եթե եղբայրների ու քույրերի հանդեպ մեր սերը թուլացել է, ուրեմն լուրջ խնդիր ունենք։ Ինչո՞ւ։ Քանի որ դա կարող է նշանակել, որ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունը վտանգված է։ Հովհաննես առաքյալը ընդգծեց այս միտքը՝ գրելով. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում» (1 Հովհ. 4։20)։ Այստեղից սովորում ենք, որ Եհովային կհաճեցնենք միայն այն դեպքում, եթե «սիրենք իրար» (կարդա 1 Հովհաննես 4։7-9, 11)։
ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ
7-8. Ի՞նչ կերպերով կարող ենք սեր դրսևորել միմյանց հանդեպ։
7 Աստծու Խոսքում բազմիցս հորդոր է տրվում, որ «սիրենք միմյանց» (Հովհ. 15։12, 17; Հռոմ. 13։8; 1 Թեսաղ. 4։9; 1 Պետ. 1։22; 1 Հովհ. 4։11)։ Սակայն սերը մի հատկություն է, որն առաջանում է մեր սրտում։ Այն մեր ներքին անձնավորությանն է բնորոշ և տեսանելի չէ ուրիշներին։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են ուրիշներն իմանալ, որ սիրում ենք իրենց։ Նրանք դա կտեսնեն մեր խոսքերից ու գործերից։
8 Մենք կարող ենք տարբեր կերպերով արտահայտել մեր սերը հավատակիցների հանդեպ։ Ահա մի քանի օրինակ՝ «ճշմարտությունն ասեք իրար» (Զաք. 8։16), «իրար միջև խաղաղություն պահպանեք» (Մարկ. 9։50), «միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք» (Հռոմ. 12։10), «ընդունեք միմյանց» (Հռոմ. 15։7), «շարունակեք.... ներել միմյանց» (Կող. 3։13), «շարունակեք կրել միմյանց ծանրությունները» (Գաղ. 6։2), «շարունակեք մխիթարել միմյանց» (1 Թեսաղ. 4։18), «շարունակեք.... կերտել միմյանց» (1 Թեսաղ. 5։11), «աղոթեք իրար համար» (Հակ. 5։16)։
9. Ուրիշներին մխիթարելը ինչո՞ւ է սիրո դրսևորում (տես նաև նկարը)։
9 Ուշադրություն դարձնենք նախորդ պարբերությունում հիշատակված սեր արտահայտելու կերպերից մեկին։ Պողոսը հորդորեց. «Շարունակեք մխիթարել միմյանց»։ Ինչո՞ւ ենք ասում, որ ուրիշներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։ Աստվածաշնչի մասին մի աշխատությունում ասվում է, որ Պողոսի օգտագործած «մխիթարել» բառը նշանակում է «կանգնել մեկի կողքին և քաջալերել նրան, երբ նա ծանր փորձությունների միջով է անցնում»։ Մխիթարելով նեղության մեջ եղող մեր հավատակցին՝ մենք օգնում ենք նրան վեր կենալ և շարունակել քայլել կյանքի ճանապարհով։ Ուստի ամեն անգամ, երբ մխիթարում ենք մեր հավատակցին, ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան (2 Կորնթ. 7։6, 7, 13)։
10. Ի՞նչ կապ կա կարեկցանքի և մխիթարության միջև։
10 Կարեկցանք դրսևորելն ու մխիթարելը սերտորեն կապված են։ Ինչպե՞ս։ Կարեկից մարդը մղվում է մխիթարելու ուրիշներին և թեթևացնելու նրանց ցավը։ Հետևաբար նախ՝ մենք կարեկցում ենք մարդկանց, ապա՝ մխիթարում նրանց։ Պողոսը ցույց տվեց, որ Եհովան էլ է այդպես վարվում։ Նա ասաց, որ Եհովան «գթության Հայրն [է] և ամենայն մխիթարության Աստվածը» (2 Կորնթ. 1։3)։ Այստեղ Պողոսը օգտագործեց «գթություն» բառը, որն ունի ուրիշներին կարեկցելու իմաստ։ Աստված կոչվում է գթության Հայրը, կամ՝ Աղբյուրը, քանի որ խորապես կարեկցում է մարդկանց, իսկ կարեկցանքը մղում է նրան «մխիթարել մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթ. 1։4)։ Ճիշտ ինչպես աղբյուրից բխող զուլալ ջուրն է թարմացնում ծարավ մարդուն, այնպես էլ Եհովան է թարմացնում և մխիթարում նրանց, ովքեր նեղության մեջ են։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այդ հարցում։ Կերպերից մեկը այնպիսի հատկություններ զարգացնելն է, որոնք կօգնեն մեզ կարեկցել և մխիթարել ուրիշներին։ Որո՞նք են այդ հատկություններից մի քանիսը։
11. Կողոսացիներ 3։12 և 1 Պետրոս 3։8 համարների համաձայն՝ ի՞նչ հատկություններ պետք է զարգացնենք, որպեսզի կարողանանք վառ պահել մեր սերը և մխիթարել ուրիշներին։
11 Ի՞նչը կօգնի մեզ վառ պահել մեր սերը և «շարունակել մխիթարել միմյանց» ամեն օր։ Դրա համար պետք է զարգացնենք այնպիսի ջերմ հատկություններ, ինչպիսիք են ցավակից լինելը, եղբայրասիրությունը և բարությունը (կարդա Կողոսացիներ 3։12; 1 Պետրոս 3։8)։ Այս հատկությունները ինչպե՞ս կօգնեն մեզ։ Երբ կարեկցանքն ու դրա հետ կապված հատկությունները դառնան մեր էության մի մասը, մենք մեծ ցանկություն կունենանք մխիթարելու նեղության մեջ եղողներին։ Հիսուսն ասաց. «Սրտի լիությունից է բերանը խոսում։ Բարի մարդը իր բարի գանձերից բարի բաներ է հանում» (Մատթ. 12։34, 35)։ Այո՛, նեղության մեջ գտնվող մեր հավատակիցներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։
ԽՈՐԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՍԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԵՊ
12. ա) Ինչո՞ւ պետք է զգոն լինենք։ բ) Ի՞նչ հարց ենք քննելու։
12 Մենք բոլորս ուզում ենք շարունակ սեր դրսևորել միմյանց հանդեպ (1 Հովհ. 4։7)։ Սակայն կարևոր է հիշել Հիսուսի այն նախազգուշացումը, որ «շատ-շատերի սերը սառչելու է» (Մատթ. 24։12)։ Հիսուսը չասաց, որ իր աշակերտների մեծ մասը այդպիսին կլինի։ Այդուհանդերձ, մենք պետք է զգոն լինենք, որ սիրուց զուրկ այս աշխարհը չազդի մեզ վրա։ Սա ի մտի ունենալով՝ եկեք քննենք հետևյալ հարցը. «Ինչպե՞ս կարող ենք ստուգել, թե որքանով է ամուր մեր սերը հավատակիցների հանդեպ»։
13. Հավատակիցների հանդեպ մեր սերը ինչպե՞ս գուցե փորձվի։
13 Հավատակիցների հանդեպ մեր սերը կարող է երևալ այն բանից, թե ինչպես ենք վարվում որոշ իրավիճակներում (2 Կորնթ. 8։8)։ Այդպիսի մի իրավիճակի մասին նշեց Պետրոսը. «Ամենից շատ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» (1 Պետ. 4։8)։ Այսինքն՝ այն, թե ինչպես ենք արձագանքում մեր հավատակիցների թերություններին և անկատարության դրսևորումներին, ցույց է տալիս, թե արդյոք նրանց հանդեպ մեր սերը ամուր է։
14. 1 Պետրոս 4։8-ի համաձայն՝ ինչպիսի՞ սեր պետք է ունենանք։ Բացատրիր։
14 Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք Պետրոսի խոսքերը։ 8-րդ համարի առաջին մասում ասվում է, որ մենք պետք է «ուժգին սեր» ունենանք։ «Ուժգին» թարգմանված բառը հունարեն բառացի նշանակում է «ձգված»։ Համարի երկրորդ մասում ասվում է, որ այդպիսի սերը կարող է ծածկել մեր հավատակիցների մեղքերը։ Դա կարող ենք պատկերացնել հետևյալ կերպ։ Մենք երկու ձեռքով բռնում ենք սերը, որն ասես ձգվող կտոր լինի, և այնքան ենք ձգում, որ դրանով կարողանանք ծածկել ոչ թե մեկ կամ երկու, այլ «բազմաթիվ մեղքեր»։ Ներելը նկարագրվում է «ծածկել» բառով։ Ինչպես կտորը կարող է ծածկել առարկայի վրայի բծերը, այնպես էլ սերը կարող է ծածկել ուրիշների թերությունները և անկատարության դրսևորումները։
15. Եթե հավատակիցներիդ հանդեպ ուժգին սեր ունենաս, ի՞նչ կարող ես անել (Կողոսացիներ 3։13)։
15 Մեր հավատակիցների հանդեպ սերը այնքան ամուր պետք է լինի, որ կարողանանք ներել նրանց բացթողումները, նույնիսկ եթե այդպես վարվելը երբեմն դժվար է (կարդա Կողոսացիներ 3։13)։ Ներելով կփաստենք, որ ուժգին սեր ունենք և ցանկանում ենք հաճեցնել Եհովային։ Է՞լ ինչը կօգնի, որ անտեսենք ուրիշների սխալներն ու բնավորության այն գծերը, որոնք նյարդայնացնում են մեզ։
16-17. Ի՞նչը կօգնի մեզ անտեսել ուրիշների փոքր մեղքերը։ Բացատրիր օրինակով (տես նաև նկարը)։
16 Կենտրոնացիր հավատակիցներիդ դրական կողմերի վրա, ոչ թե բացասական։ Նկատի առնենք հետևյալ օրինակը։ Պատկերացրու մի խումբ եղբայրների ու քույրերի հետ հավաքույթի ես մասնակցում։ Դուք հրաշալի ժամանակ եք անցկացնում և հավաքույթի վերջում միասին լուսանկարվում եք։ Ապահովության համար երեք լուսանկար ես անում։ Այնուհետև նկատում ես, որ մի նկարում եղբայրներից մեկի դեմքը խոժոռված է։ Ինչպե՞ս կվարվես։ Հավանաբար պարզապես կջնջես այդ նկարը, քանի որ ևս երկու նկար կա, որոնցում բոլորը, այդ թվում՝ այդ եղբայրը, ժպտում են։
17 Եկեք լուսանկարները համեմատենք մեր հիշողությունների հետ։ Սովորաբար մեր եղբայրների ու քույրերի հետ շփվելուց հետո մենք լավ հիշողություններ ենք ունենում։ Բայց գուցե մի անգամ մեր հավատակիցը տհաճ բան ասի կամ անի։ Ինչպե՞ս կվարվենք։ Մի՞թե չարժե ջնջել այն մեր հիշողությունից, ինչպես անհաջող նկարը կջնջեինք (Առակ. 19։11; Եփես. 4։32)։ Իրականում, մենք կարող ենք մեր հավատակցի գործած փոքր մեղքի վերաբերյալ հիշողությունը ջնջել մեր մտքից, քանի որ ուրիշ շատ անգամներ նրա հետ հրաշալի ժամանակ ենք անցկացրել և լավ հիշողություններ ունենք։ Մենք հենց այդպիսի հիշողություններն ենք ուզում պահել մեր սրտում։
ՍԻՐԵԼԸ ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՍՕՐ
18. Սիրո վերաբերյալ ի՞նչ մտքեր քննեցինք այս հոդվածում։
18 Ինչո՞ւ ենք ուզում միմյանց հանդեպ ուժգին սեր ունենալ։ Ինչպես տեսանք, երբ սեր ենք դրսևորում մեր հավատակիցների հանդեպ, փաստում ենք, որ սիրում ենք Եհովային։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Կերպերից մեկը նրանց մխիթարելն է։ Կարեկցանքը կօգնի, որ «շարունակենք մխիթարել միմյանց»։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ միշտ ուժգին սեր ունենանք իրար հանդեպ։ Դա մեզ կհաջողվի, եթե ձգտենք ներել միմյանց սխալները։
19. Միմյանց սիրելը ինչո՞ւ է կարևոր հատկապես այսօր։
19 Ինչո՞ւ է հատկապես այսօր կարևոր, որ սեր դրսևորենք միմյանց հանդեպ։ Ահա թե ինչ է ասում Պետրոս առաքյալը. «Ամեն ինչի վերջը մոտեցել է։ Ուրեմն.... ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ» (1 Պետ. 4։7, 8)։ Ի՞նչ պետք է ակնկալենք, մինչ մոտենում է այս աշխարհի վախճանը։ Իր հետևորդների վերաբերյալ Հիսուսը հետևյալն է կանխագուշակել. «Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատված կլինեք» (Մատթ. 24։9)։ Որպեսզի կարողանանք հավատարիմ մնալ Եհովային՝ չնայած այդ ատելությանը, մենք պետք է միասնական լինենք։ Այդ դեպքում մեզ բաժանելու Սատանայի ջանքերը կձախողվեն, քանի որ մենք միավորված կլինենք սիրով՝ «միասնության կատարյալ կապով» (Կող. 3։14; Փիլիպ. 2։1, 2)։
ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք
a Այսօր առավել, քան երբևէ, կարևոր է, որ սեր դրսևորենք մեր հավատակիցների հանդեպ։ Հոդվածից կիմանանք, թե ինչու է դա կարևոր, և ինչպես կարող ենք այդպես վարվել։