Ինչ ենք սովորում Հիսուսից
Աշխարհի «վերջի» մասին
Ի՞նչն է կործանվելու
Մի անգամ Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Այս հարցին պատասխանելիս Հիսուսը չասաց, որ երկրագունդը կործանվելու է։ Նախկինում նա խոսել էր «իրերի համակարգի» մասին, որի քաղաքական, առևտրական և կրոնական համակարգերը ղեկավարվում են Սատանայի կողմից (Մատթեոս 13։22, 40, 49)։ Հետևաբար հենց այս համակարգի վերջը նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Կգա վերջը» (Մատթեոս 24։14)։
Ինչպիսի՞ն է լինելու վերջը
Ուրախալի է իմանալ, որ այս անարդար համակարգի վերջը գալու է։ Դա բարի լուր է։ Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։ Իսկ ի՞նչ է լինելու այդ ժամանակ։ Կարդում ենք. «Մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի։ Իրականում, եթե այդ օրերը չկարճացվեին, ոչ մի մարմին չէր փրկվի» (Մատթեոս 24։14, 21, 22)։
Ովքե՞ր կկործանվեն
Նրանք, ովքեր չեն սիրում ու չեն ծառայում Եհովային և նրա Որդուն, կկործանվեն։ Հիսուսն ասաց. «Ինչպես որ Նոյի օրերն էին, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայությունը։ Որովհետև ինչպես այն օրերում էր՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ .... ուշադրություն չդարձրեցին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթեոս 24։36–39)։ Այո՛, շատերն են բռնել կործանման ուղին։ Սակայն Աստծու Որդին նշեց նաև, որ կա նեղ ճանապարհ, որը «դեպի կյանք է տանում» (Մատթեոս 7։13, 14)։
Ե՞րբ կլինի այս համակարգի վերջը
Երբ Հիսուսին հարցրին, թե որն է լինելու նրա ներկայության և «իրերի համակարգի վախճանի նշանը», նա պատասխանեց. «Ազգը ազգի դեմ դուրս կգա, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և տեղ–տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն .... և անօրենության շատանալու պատճառով շատ–շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24։3–12)։ Փաստորեն, այսօրվա վատ լուրերը ինչ–որ իմաստով մխիթարական են. շուտով Աստծու Թագավորությունը խաղաղություն կհաստատի երկրի վրա։ Հիսուսն ասաց. «Երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է» (Ղուկաս 21։31)։
Ի՞նչ պետք է անես
Աստված «իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Իսկ որպեսզի Աստծու և նրա Որդու նկատմամբ հավատ դրսևորես, պետք է լավ ճանաչես նրանց։ Այդ պատճառով Հիսուսն ասաց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։
Թող որ մտահոգությունների ու խնդիրների պատճառով հետ չկանգնես գիտելիքներ ստանալուց և Աստծու հանդեպ քո սերը դրսևորելուց։ Միշտ հիշի՛ր այս խոսքերը. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան .... կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ։ Որովհետև այն կգա»։ Եթե լրջորեն վերաբերվես այս նախազգուշացմանը, քեզ «կհաջողվի փախչել այս բոլոր բաներից, որ պետք է կատարվեն» (Ղուկաս 21։34–36)։
[նկար 17–րդ էջի վրա]
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9–րդ գլուխը, որը վերնագրված է՝ «Արդյո՞ք վերջին օրերում ենք ապրում»a։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։