Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ուրիշներին
«Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք նրանց» (ՂՈՒԿ. 6։31)։
1, 2. ա) Ի՞նչ է Լեռան քարոզը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս և հաջորդ հոդվածներում։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ իսկապես Մեծ Ուսուցիչ էր։ Երբ կրոնական հակառակորդները պահապաններին ուղարկեցին նրան ձերբակալելու, վերջիններս վերադարձան ձեռնունայն և ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (Հովհ. 7։32, 45, 46)։ Այո՛, Հիսուսի խոսքը ազդեցիկ էր։ Դրա վառ ապացույցը Լեռան քարոզն է։ Այն արձանագրված է Մատթեոսի Ավետարանի 5–7-րդ գլուխներում։ Նման տեղեկություն ենք կարդում նաև Ղուկաս 6։20–49 համարներումa։
2 Լեռան քարոզում Հիսուսն ասաց մի միտք, որը թերևս նրա խոսքերից ամենահայտնին է. այն հաճախ կոչում են Ոսկե կանոն։ Այդ կանոնը այն մասին է, թե ինչպես պետք է վերաբերվենք ուրիշներին։ «Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք նրանց»,— ասաց Հիսուսը (Ղուկ. 6։31)։ Նա մարդկանց համար աննկարագրելի բարի գործեր արեց։ Հիսուսը բուժեց հիվանդների և նույնիսկ հարություն տվեց մահացածների։ Սակայն մարդիկ ավելի մեծ օգուտներ էին ստանում, երբ ընդունում էին բարի լուրը (կարդա՛ Ղուկաս 7։20–22)։ Մենք՝ Եհովայի վկաներս, հաճույքով ենք նման գործ անում՝ քարոզում ենք Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Այս և հաջորդ հոդվածներում կքննարկենք, թե ինչ է Հիսուսն ասել այս գործի մասին։ Կքննենք նաև Լեռան քարոզում հնչած մտքեր այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք ուրիշներին։
Եղիր մեղմ
3. Ինչպիսի՞ հատկություն է մեղմությունը։
3 Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ [«մեղմ», ծնթ.] են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթ. 5։5)։ Այն մեղմությունը, որը նկարագրվում է Աստվածաշնչում, ոչ մի կապ չունի թուլության հետ։ Մենք դրսևորում ենք այդ հատկությունը, որովհետև ցանկանում ենք ենթարկվել Աստծու պահանջներին։ Մեղմությունը արտացոլվում է ուրիշների հետ մեր վարվեցողության մեջ։ Օրինակ՝ մենք «ոչ մեկին չարի փոխարեն չարով չենք հատուցում» (Հռոմ. 12։17–19)։
4. Ինչո՞ւ են մեղմ անձնավորությունները երջանիկ։
4 Մեղմ անձնավորությունները երջանիկ են, որովհետև «կժառանգեն երկիրը»։ Հիսուսը, որը «հեզ էր և սրտով խոնարհ», «բոլոր բաների վրա նշանակված ժառանգն» է, հետևաբար՝ երկրի գլխավոր Ժառանգորդը (Մատթ. 11։29; Եբր. 1։2; Սաղ. 2։8)։ Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ «մարդու Որդին»՝ Մեսիան, երկնային Թագավորությունում ունենալու է իշխանակիցներ (Դան. 7։13, 14, 21, 22, 27)։ «Քրիստոսի ժառանգակիցները»՝ 144 000 օծյալները, մեղմ անձնավորություններ են և Հիսուսի հետ ժառանգելու են երկիրը (Հռոմ. 8։16, 17; Հայտն. 14։1)։ Իսկ Թագավորության երկրային տիրույթներում հավիտյան կբնակվեն միայն մեղմ մարդիկ (Սաղ. 37։11)։
5. Քրիստոսի պես՝ մեղմություն դրսևորելն ի՞նչ օգուտներ է բերում մեզ։
5 Եթե մենք կոպիտ լինեինք, ամենայն հավանականությամբ, կազդեինք ուրիշների նյարդերի վրա և դրանով կվանեինք նրանց։ Սակայն երբ Քրիստոսի պես մեղմություն ենք դրսևորում, դառնում ենք հաճելի անձնավորություն և ժողովի անդամներին հոգևոր թարմություն ենք բերում։ Մեղմությունը Աստծու սուրբ ոգու պտղի մասերից է։ Սուրբ ոգին այդ հատկությունը զարգացնում է մեր մեջ, եթե «ապրում և քայլում ենք ոգով» (կարդա՛ Գաղատացիներ 5։22–25)։ Ինչ խոսք, մենք ցանկանում ենք այն մարդկանց թվում լինել, ովքեր մեղմ են և առաջնորդվում են Եհովայի սուրբ ոգով։
Երջանիկ են ողորմածները
6. Ի՞նչ ուշագրավ հատկություններ ունեն ողորմած մարդիկ։
6 Լեռան քարոզում Հիսուսը նաև ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են, որովհետև նրանց հանդեպ ողորմածություն ցույց կտրվի» (Մատթ. 5։7)։ «Ողորմած» մարդը բարյացակամ է, կարեկից և խղճում է նեղության մեջ գտնվողին։ Հիսուսը, հրաշք գործելով, թեթևացնում էր մարդկանց տառապանքները, քանի որ «խղճում էր նրանց» (Մատթ. 14։14; 20։34)։ Խղճահարությունը և կարեկցանքը պետք է մղեն մեզ ողորմած լինել (Հակ. 2։13)։
7. Խղճահարությունը ինչի՞ մղեց Հիսուսին։
7 Մի անգամ Հիսուսը ուզում էր հանգստանալ, բայց երբ հանդիպեց մարդկանց բազմության, «խղճաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների»։ Ուստի նա «սկսեց նրանց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6։34)։ Ի՜նչ մեծ ուրախություն ենք ապրում, երբ Հիսուսի պես քարոզում ենք Թագավորության լուրը և պատմում ենք Աստծու մեծ ողորմության մասին։
8. Ինչո՞ւ են ողորմած մարդիկ երջանիկ։
8 Ողորմածները երջանիկ են, քանի որ «նրանց հանդեպ ողորմածություն ցույց կտրվի»։ Երբ մարդկանց հետ ողորմածաբար ենք վարվում, սովորաբար նրանք էլ մեզ հետ են այդպես վարվում (Ղուկ. 6։38)։ Հիսուսը նաև ասաց. «Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6։14)։ Միայն ողորմածները գիտեն, թե ինչ ուրախություն է ստանում մարդը, երբ նրա մեղքերը ներվում են, և նա արժանանում է Աստծու բարեհաճությանը։
Ինչու են «խաղաղարարները» երջանիկ
9. Եթե խաղաղարար ենք, ապա ի՞նչ վարք կդրսևորենք։
9 Նշելով երջանիկ լինելու մեկ ուրիշ պատճառ՝ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են, որովհետև նրանք կկոչվեն «Աստծու որդիներ»» (Մատթ. 5։9)։ Եթե խաղաղարար ենք, ապա մատների արանքով չենք նայի կամ չենք մասնակցի այնպիսի բաների, որոնք կարող են «բաժանել մտերիմներին», օրինակ՝ զրպարտիչ խոսակցություններին (Առակ. 16։28)։ Խոսքով և գործով՝ մենք կձգտենք խաղաղություն պահպանել ինչպես մեր հավատակիցների, այնպես էլ ուրիշ մարդկանց հետ (Եբր. 12։14)։ Իսկ որ ավելի կարևոր է, մենք ամեն ինչ կանենք, որ խաղաղ հարաբերություններ ունենանք Եհովա Աստծու հետ (կարդա՛ 1 Պետրոս 3։10–12)։
10. Ինչո՞ւ են «խաղաղարարները» երջանիկ։
10 Հիսուսն ասաց, որ «խաղաղարարները» երջանիկ են, որովհետև նրանք «կկոչվեն «Աստծու որդիներ»»։ Օծյալ քրիստոնյաները հավատ են ընծայում Հիսուսին՝ որպես Մեսիայի, ուստի նրանք «իշխանություն [են ստանում]՝ դառնալու Աստծու զավակներ» (Հովհ. 1։12; 1 Պետ. 2։24)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի «ուրիշ ոչխարների» մասին։ Հիսուսը, որն իր երկնային իշխանակիցների հետ կկառավարի հազար տարի, կլինի նրանց հավիտենական Հայրը (Հովհ. 10։14, 16; Ես. 9։6; Հայտն. 20։6)։ Հազարամյա Իշխանության վերջում խաղաղարար մարդիկ բառի բուն իմաստով կդառնան Աստծու երկրային զավակներ (1 Կորնթ. 15։27, 28)։
11. Ինչպե՞ս կվարվենք ուրիշների հետ, եթե առաջնորդվենք «վերին իմաստությամբ»։
11 Եհովայի՝ «խաղաղության Աստծու» հետ մտերիմ փոխհարաբերություններ վայելելու համար մենք պետք է ընդօրինակենք նրա հատկությունները, այդ թվում նաև խաղաղասիրությունը (Փիլիպ. 4։9)։ Եթե թույլ տանք, որ «վերին իմաստությունը» առաջնորդի մեզ, ապա ուրիշների հետ կվարվենք խաղաղությամբ (Հակ. 3։17)։ Այո՛, խաղաղություն անելով՝ մենք երջանիկ կլինենք։
«Թող ձեր լույսը փայլի»
12. ա) Ի՞նչ ասաց Հիսուսը հոգևոր լույսի մասին։ բ) Ինչպե՞ս կարող ենք մեր լույսը փայլեցնել։
12 Մենք մարդկանց հնարավոր լավագույն վերաբերմունքն ենք ցույց տալիս, երբ օգնում ենք նրանց ստանալ Աստծուց եկող հոգևոր լույսը (Սաղ. 43։3)։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Դո՛ւք եք աշխարհի լույսը»։ Այնուհետև հորդորեց նրանց իրենց լույսը այնպես փայլեցնել, որ մարդիկ կարողանան տեսնել նրանց «բարի գործերը»։ Վարվելով Հիսուսի հորդորի համաձայն՝ աշակերտները մարդկանց հոգևոր լույս էին փոխանցելու, և մարդիկ օգուտներ էին ստանալու (կարդա՛ Մատթեոս 5։14–16)։ Այսօր մենք մեր լույսը փայլեցնում ենք՝ բարիք անելով մեր մերձավորներին և բարի լուրը քարոզելով «ամբողջ աշխարհում»՝ «բոլոր ազգերի մեջ» (Մատթ. 26։13; Մարկ. 13։10)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում ունենք։
13. Ի՞նչ են նկատում մարդիկ մեր առնչությամբ։
13 «Մի քաղաք, որ լեռան վրա է գտնվում, չի կարող թաքնվել»,— ասաց Հիսուսը։ Այո՛, ցանկացած քաղաք, որ գտնվում է լեռան վրա, հեշտությամբ է նկատվում։ Նմանապես, մարդիկ նկատում են մեր՝ Թագավորության քարոզիչներիս բարի գործերը, ինչպես նաև լավ հատկությունները, օրինակ՝ չափավորությունն ու բարոյական մաքրությունը (Տիտոս 2։1–14)։
14. ա) Ի՞նչ կառուցվածք ունեին ճրագները առաջին դարում։ բ) Ի՞նչ է նշանակում չթաքցնել հոգևոր լույսը «գրվանի» տակ։
14 Հիսուսն ասաց, որ երբ ճրագը վառում են, ապա այն դնում են ճրագակալի վրա և ոչ թե գրվանի տակ։ Այդպես այն լուսավորում է բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Առաջին դարում սովորական ճրագը պատրաստվում էր կավից։ Այն ուներ պատրույգ, և հեղուկ վառելանյութը (սովորաբար դա ձիթապտղի յուղ էր) անցնում էր նրա միջով և այրվում։ Ճրագը դրվում էր փայտե կամ մետաղյա կանգնակի վրա, ուստի այն կարող էր «լուսավորել բոլոր նրանց, ովքեր տան մեջ էին»։ Մարդիկ վառված ճրագը չէին դնի «գրվանի» տակ (գրվանը մոտ ինը լիտր տարողության մեծ աման էր)։ Հիսուսը չէր ուզում, որ իր աշակերտները թաքցնեն իրենց հոգևոր լույսը փոխաբերական գրվանի տակ։ Ուստի երբեք չպետք է թույլ տանք, որ հակառակությունն ու հալածանքը ստիպեն մեզ թաքցնելու կամ մեր մեջ պահելու Աստվածաշնչի ճշմարտությունները։ Ընդհակառակը՝ մեր լույսը պետք է միշտ փայլի։
15. Մեր «բարի գործերը» ինչպե՞ս են ազդում ոմանց վրա։
15 Վառվող ճրագի մասին խոսելուց հետո Հիսուսը աշակերտներին ասաց. «Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է»։ Մեր «բարի գործերի» շնորհիվ ոմանք «փառք են տալիս» Աստծուն նրանով, որ դառնում են նրա ծառաները։ Ուստի բոլոր հիմքերն ունենք շարունակելու «փայլել ինչպես լուսատուներ աշխարհում» (Փիլիպ. 2։15)։
16. Ի՞նչ պետք է անենք «աշխարհի լույսը» լինելու համար։
16 «Աշխարհի լույսը» լինելու համար պետք է քարոզենք բարի լուրը և աշակերտներ պատրաստենք։ Բայց ուրիշ բան էլ է անհրաժեշտ։ «Շարունակե՛ք քայլել որպես լույսի զավակներ,— գրեց Պողոս առաքյալը,— որովհետև լույսի պտուղն իր մեջ պարունակում է ամեն տեսակ բարեգործություն, արդարություն և ճշմարտություն» (Եփես. 5։8, 9)։ Մենք պետք է աստվածահաճո վարքի փայլուն օրինակներ լինենք։ Պետրոս առաքյալը խորհուրդ է տալիս. «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ, որ ինչ բանում որ ձեր դեմ խոսում են որպես չարագործների, ականատես լինելով ձեր բարի գործերին՝ փառավորեն Աստծուն այն օրը, երբ նա ստուգելու գա» (1 Պետ. 2։12)։ Բայց ի՞նչ պետք է անենք, եթե խնդիր է առաջանում մեր ու հավատակցի միջև։
«Հաշտվիր քո եղբոր հետ»
17–19. ա) Ի՞նչ էր այն «ընծան», որը հիշատակվում է Մատթեոս 5։23, 24–ում։ բ) Որքանո՞վ էր կարևոր հաշտվել եղբոր հետ, և ինչպե՞ս Հիսուսը դա ցույց տվեց։
17 Լեռան քարոզում Հիսուսն իր աշակերտներին զգուշացրեց, որ իրենց սրտում չարհամարհեն եղբորը և բարկացած չմնան։ Փոխարենը՝ նրանք պետք է ձգտեին արագորեն հաշտվել վիրավորված եղբոր հետ (կարդա՛ Մատթեոս 5։21–25)։ Ուշադրությամբ քննենք Հիսուսի խորհուրդը։ Հրեան իր ընծան բերում է զոհասեղանի մոտ և հենց այդ պահին հիշում, որ եղբայրը իր դեմ ինչ–որ բան ունի։ Ի՞նչ կանի նա։ Պետք է թողնի ընծան զոհասեղանի մոտ և գնա խաղաղություն հաստատելու եղբոր հետ։ Դրանից հետո կարող է վերադառնալ և մատուցել ընծան։
18 Այդ «ընծան» զոհաբերություն էր, որը անհատը կարող էր մատուցել Եհովայի տաճարում։ Կենդանական զոհաբերությունները շատ կարևոր էին, որովհետև Աստված Իսրայել ազգին տրված Օրենքում դա էր պատվիրել։ Սակայն եղբոր հետ առաջացած խնդիրը լուծելը ավելի կարևոր էր, քան ընծա մատուցելը։ Հիսուսն ասաց. «Թո՛ղ ընծադ զոհասեղանի դիմաց և գնա՛, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո, երբ վերադառնաս, մատուցիր քո ընծան»։ Եղբոր հետ հաշտվելը ավելի կարևոր էր, քան Օրենքի պարտադիր պահանջը կատարելը։
19 Հիսուսը չասաց, թե իր խոսքերը վերաբերում են միայն որոշակի նվիրաբերությունների և հանցանքների։ Հետևաբար, ցանկացած ընծայի մատուցում պետք է հետաձգվեր, եթե անհատը հիշեր, որ իր եղբայրը իր դեմ բան ունի։ Եթե նվիրաբերությունը կենդանի անասուն էր, այն պետք է թողնվեր ողջակեզի «զոհասեղանի դիմաց», որը գտնվում էր քահանաների գավիթում։ Խնդիրը հարթելուց հետո վիրավորողը կարող էր վերադառնալ և իր ընծան մատուցել։
20. Ինչո՞ւ պետք է ջանանք արագորեն հարթել խնդիրը եղբոր հետ, եթե բարկացած ենք նրա վրա։
20 Աստծու տեսանկյունից՝ հավատակցի ու մեր փոխհարաբերությունները ճշմարիտ երկրպագության կարևոր մասն են կազմում։ Եհովան չէր ընդունի կենդանական զոհեր այն մարդկանցից, ովքեր ճիշտ ձևով չէին վարվում եղբոր հետ (Միք. 6։6–8)։ Ուստի Հիսուսը իր աշակերտներին հորդորեց խնդիրները «արագորեն հարթել» (Մատթ. 5։25)։ Իսկ Պողոսը գրեց. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք. թող արևը մայր չմտնի, քանի դեռ դուք զայրացած վիճակում եք, ոչ էլ տեղ տվեք Բանսարկուին» (Եփես. 4։26, 27)։ Եթե նույնիսկ հիմնավոր պատճառ ունենք բարկանալու, մենք պետք է արագորեն լուծենք խնդիրը, որպեսզի չմնանք բարկացած վիճակում և թույլ չտանք, որ Բանսարկուն օգտագործի մեզ (Ղուկ. 17։3, 4)։
Միշտ հարգանքով վերաբերվիր
21, 22. ա) Ինչո՞ւ և ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի խորհրդին։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
21 Մենք քննարկեցինք մի քանի խոսքեր, որոնք Հիսուսն ասաց Լեռան քարոզում։ Այս քննարկումը կօգնի մեզ, որ ուրիշների հետ հարգանքով և բարությամբ վարվենք։ Ճիշտ է, բոլորս էլ անկատար ենք, բայցևայնպես կարող ենք հետևել Հիսուսի խորհրդին, որովհետև ո՛չ նա, ո՛չ էլ մեր երկնային Հայրը մեզանից չեն ակնկալում ավելին, քան կարող ենք անել։ Աղոթքի, անդադար ջանքերի և Եհովա Աստծու օգնությամբ կարող ենք լինել մեղմ, ողորմած և խաղաղարար։ Մենք կարող ենք հոգևոր լույս արձակել՝ փառք բերելով Եհովային։ Բացի այդ, եթե հավատակիցը մեր դեմ ինչ–որ բանի ունի, կարող ենք արագորեն հարթել խնդիրը և վերականգնել խաղաղությունը։
22 Եթե ուզում ենք Եհովային ընդունելի երկրպագություն մատուցել, պետք է ճիշտ վերաբերվենք մերձավորին (Մարկ. 12։31)։ Հաջորդ հոդվածում կքննարկենք Լեռան քարոզում հնչած այլ մտքեր, որոնք կօգնեն մեզ միշտ բարիք անել ուրիշներին։ Հիսուսի՝ վերը քննարկված խոսքերի շուրջ խորհրդածելուց հետո կարող ենք ինքներս մեզ հարց տալ. «Արդյոք լա՞վ եմ վերաբերվում ուրիշներին»։
[ծանոթագրություն]
a Նախքան այս և հաջորդ հոդվածները քննելը թերևս օգտակար համարես անձնական ուսումնասիրության ժամանակ ընթերցել նշված հատվածները։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ է նշանակում լինել մեղմ։
• Ինչո՞ւ են ողորմած մարդիկ երջանիկ։
• Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ մեր լույսը փայլի։
• Ինչո՞ւ պետք է արագորեն «հաշտվենք մեր եղբոր հետ»։
[նկար 4–րդ էջի վրա]
Որպեսզի մեր լույսը փայլի, շատ կարևոր է քարոզել Թագավորության լուրը
[նկար 5–րդ էջի վրա]
Քրիստոնյաները պետք է աստվածահաճո վարքի օրինակներ լինեն
[նկար 6–րդ էջի վրա]
Ամեն ինչ արա, որ հաշտվես քո եղբոր հետ