Եհովան գիտի, թե ինչպես ազատի իր ժողովրդին
«Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 ՊԵՏ. 2։9)։
ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ...
գիտի իր նպատակն իրագործելու ճիշտ ժամանակը,
կօգտագործի իր զորությունը հօգուտ իր ժողովրդի,
գիտի, թե ինչպես կզարգանան մեծ նեղության իրադարձությունները։
1. Ի՞նչ իրավիճակ է լինելու «մեծ նեղության» ժամանակ։
ԱՍՏԾՈՒ դատաստանը Սատանայի աշխարհի վրա շատ անսպասելի է լինելու (1 Թեսաղ. 5։2, 3)։ «Եհովայի մեծ օրվա» ընթացքում մարդկային հասարակությունը կմխրճվի քաոսի մեջ (Սոփ. 1։14–17)։ Դժվարություններն ու զրկանքները սովորական բնույթ կկրեն։ Դա մի այնպիսի նեղության ժամանակ կլինի, «որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա» (կարդա՛ Մատթեոս 24։21, 22)։
2, 3. ա) Ինչի՞ կենթարկվի Աստծու ժողովուրդը «մեծ նեղության» ժամանակ։ բ) Ի՞նչը կզորացնի մեզ, որ կարողանանք կանգնել գալիք իրադարձությունների առաջ։
2 Երբ «մեծ նեղությունը» հասնի իր գագաթնակետին, Աստծու ժողովուրդը կդառնա «Գոգի, որը Մագոգ երկրից է», գլխավոր թիրախը։ Այդ հարձակման ժամանակ «բազմաթիվ զորք» դուրս կգա Աստծու ժողովրդի դեմ, «ինչպես ամպ, որ ծածկում է երկիրը» (Եզեկ. 38։2, 14–16)։ Մարդկային ոչ մի կազմակերպություն Եհովայի ժողովրդին օգնության չի գա։ Նրա փրկությունը կախված կլինի միմիայն Աստծուց։ Ինչպե՞ս կարձագանքի այդ ժողովուրդը, երբ կանգնած լինի ոչնչացման առաջ։
3 Եթե Եհովայի ծառա ես, հավատո՞ւմ ես, որ նա կարող է և կփրկի իր ժողովրդին մեծ նեղության ժամանակ։ Պետրոս առաքյալը գրեց. «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից, իսկ անարդարներին պահի դատաստանի օրվա համար, որ կործանվեն» (2 Պետ. 2։9)։ Խորհրդածելը այն բանի շուրջ, թե ինչպես է Եհովան անցյալում ազատագրել իր ժողովրդին, կզորացնի մեզ, որ կարողանանք կանգնել գալիք իրադարձությունների առաջ։ Քննենք երեք օրինակ, որոնք վստահությամբ կլցնեն մեզ այն բանի հանդեպ, որ Եհովան կարող է ազատել իր ժողովրդին։
ՎԵՐԱՊՐԵՑԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂԻՑ
4. Ինչո՞ւ էր ժամանակ հարկավոր նախքան Ջրհեղեղը։
4 Նախ նկատի առնենք Նոյի օրերի մասին արձանագրությունը։ Նախքան Ջրհեղեղը որոշ գործեր կային անելու, իսկ դրա համար ժամանակ էր հարկավոր։ Օրինակ՝ պետք էր հսկայական տապան կառուցել և կենդանիներին ապահով մտցնել այնտեղ։ Սակայն «Ծննդոց» գիրքը չի ասում, որ Եհովան կառուցել էր տվել տապանը ու հետո որոշել, թե երբ ջրհեղեղ բերի։ Նա կարիք չուներ ճկուն գրաֆիկ կազմելու, որ եթե տապանը ժամանակին պատրաստ չլիներ, փոխեր Ջրհեղեղի օրը։ Ընդհակառակը՝ նախքան Նոյին տապանի շինարարության մասին որևէ բան ասելը Աստված երկար ժամանակ առաջ արդեն սահմանել էր այդ օրը։ Որտեղի՞ց գիտենք։
5. Ըստ Ծննդոց 6։3-ի՝ ի՞նչ հայտարարություն էր արել Եհովան ու ե՞րբ։
5 Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան որոշում էր կայացրել ու դրա մասին հայտարարել երկնքում։ Ըստ Ծննդոց 6։3-ի՝ նա հետևյալն էր ասել. «Իմ ոգին հավիտյան չի հանդուրժի մարդուն, քանի որ նա ընդամենը մարմին է։ Դրա համար նրա օրերը հարյուր քսան տարի պիտի լինեն»։ Խոսքն այստեղ մարդու կյանքի միջին տևողության մասին չէ։ Այն դատավճիռ էր, որով Եհովան հայտարարեց, թե երբ է գործի անցնելու, որ երկիրը մաքրի ամբարիշտ մարդկանցիցa։ Քանի որ Ջրհեղեղը սկսվեց մ.թ.ա. 2370-ին, եզրակացնում ենք, որ Աստված այդ խոսքերն ասաց մ.թ.ա. 2490-ին։ Այդ ժամանակ Նոյը 480 տարեկան էր (Ծննդ. 7։6)։ Մոտ 20 տարի անց՝ սկսած մ.թ.ա. 2470-ից, Նոյը որդիներ ունեցավ (Ծննդ. 5։32)։ Ջրհեղեղին մնում էր մոտ հարյուր տարի, սակայն Եհովան Նոյին դեռևս չէր հայտնել, թե վերջինս ինչ հատուկ դեր է ունենալու մարդկային ընտանիքը պահպանելու հարցում։ Որքա՞ն էր Աստված սպասելու մինչև Նոյին հայտնելը։
6. Եհովան ե՞րբ պատվիրեց Նոյին տապան շինել։
6 Ակներևաբար, Եհովան տասնամյակներ սպասեց նախքան Նոյին իր մտադրության մասին հայտնելը։ Ի՞նչ հիմք ունենք այդպես մտածելու։ Ներշնչված արձանագրությունը ցույց է տալիս, որ Նոյի որդիներն արդեն մեծացել ու ընտանիք էին կազմել, երբ Աստված պատվիրեց նրան տապան շինել։ Եհովան ասաց Նոյին. «Ես իմ ուխտն եմ հաստատում քեզ հետ։ Դու տապանը կմտնես, քեզ հետ նաև քո որդիները, կինդ ու որդիներիդ կանայք» (Ծննդ. 6։9–18)։ Ուստի հնարավոր է, որ, երբ Նոյը տապան շինելու հանձնարարություն ստացավ, 40 կամ 50 տարի էր մնացել Ջրհեղեղին։
7. ա) Նոյն ու իր ընտանիքը ինչպե՞ս հավատ դրսևորեցին։ բ) Աստված Նոյին ե՞րբ հայտնեց Ջրհեղեղը սկսվելու կոնկրետ ժամանակը։
7 Մինչ տապանի շինարարական աշխատանքները առաջ էին գնում, Նոյն ու իր ընտանիքը հավանաբար մտածում էին, թե Աստված ինչպես է իրագործելու իր նպատակը և թե երբ է սկսվելու Ջրհեղեղը։ Այնուամենայնիվ, մանրամասնությունները չիմանալու պատճառով նրանք չդադարեցին տապանը շինելուց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց» (Ծննդ. 6։22)։ Հեղեղը թափվելուց յոթ օր առաջ, ինչը բավական էր, որ Նոյն ու իր ընտանիքը կենդանիներին տապան բերեին, Եհովան, ի վերջո, ասաց Նոյին, թե կոնկրետ երբ է այն սկսվելու։ Ուստի երբ երկնքի ջրարգելակները բացվեցին «Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարվա երկրորդ ամսում՝ ամսվա տասնյոթերորդ օրը», ամեն բան պատրաստ էր (Ծննդ. 7։1–5, 11)։
8. Ջրհեղեղի մասին արձանագրությունը մեզ ինչպե՞ս է վստահեցնում, որ Եհովան գիտի, թե երբ ազատի իր ժողովրդին։
8 Ջրհեղեղի մասին արձանագրությունը փաստում է, որ Եհովան գիտի մարդկանց փրկելու ճիշտ ժամանակը և լավագույն ձևը։ Մինչ ավելի ու ավելի ենք մոտենում ներկա համակարգի վերջին, կարող ենք վստահ լինել, որ այն ամենը, ինչ Եհովան նպատակադրել է, տեղի կունենա իր նշանակած ժամանակին՝ հենց այն «օրը և ժամին», որ նա է որոշել (Մատթ. 24։36; կարդա՛ Ամբակում 2։3)։
ԱԶԱՏՎԵՑԻՆ ԿԱՐՄԻՐ ԾՈՎԻ ՄՈՏ
9, 10. Եհովան իր ժողովրդի միջոցով եգիպտական զորքին ինչպե՞ս ծուղակը գցեց։
9 Մենք տեսանք, որ իր նպատակն իրագործելու համար Եհովան իրադարձությունների կատարման ժամանակը լիովին իր վերահսկողության տակ է պահում։ Երկրորդ օրինակը, որ կքննենք, ընդգծում է մեկ ուրիշ պատճառ, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Եհովան կազատի իր ժողովրդին. նա կօգտագործի իր անսահման զորությունը, որ իր կամքն անպայման իրագործվի։ Իր ծառաներին ազատելու Եհովայի կարողությունն այնքան հաստատ է, որ երբեմն նա թույլ է տվել, որ նրանք հայտնվեն վտանգավոր իրավիճակում, որպեսզի թշնամիներին ծուղակը գցի։ Այդպես եղավ, երբ Աստված իսրայելացիներին ազատագրեց եգիպտական լծից։
10 Հավանաբար, Եգիպտոսից հեռացող իսրայելացիների թիվը հասնում էր երեք միլիոնի։ Եհովան Մովսեսի միջոցով իսրայելացիներին այնպիսի ճանապարհով տարավ, որ փարավոնը կարծեց, թե նրանք շփոթահար թափառում են (կարդա՛ Ելք 14։1–4)։ Ուստի իր զորքով հետապնդեց նախկին ստրուկներին ու Կարմիր ծովի մոտ փակուղու մեջ գցեց նրանց։ Թվում էր՝ ելք չկա (Ելք 14։5–10)։ Իրականում, սակայն, իսրայելացիներին ոչ մի վտանգ չէր սպառնում։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան պատրաստվում էր միջամտել հօգուտ նրանց։
11, 12. ա) Ինչպե՞ս Եհովան միջամտեց հօգուտ իր ժողովրդի։ բ) Ի՞նչ եղավ Աստծու միջամտության արդյունքը, և այս արձանագրությունն ի՞նչ է սովորեցնում մեզ Եհովայի մասին։
11 «Ամպի սյունը», որն առաջնորդում էր իսրայելացիներին, կանգնեց նրանց հետևի կողմը՝ թույլ չտալով, որ փարավոնի զորքը մոտենա նրանց, և խավարի մեջ պահելով թշնամիներին։ Սակայն այդ նույն սյունը հրաշքով լուսավորում էր գիշերը իսրայելացիների համար (կարդա՛ Ելք 14։19, 20)։ Այնուհետև Եհովան, ուժգին արևելյան քամի բերելով, ջրերը բաժանեց ու «ծովի հատակը չորացրեց»։ Անկասկած, դրա համար բավականին ժամանակ պահանջվեց, քանի որ արձանագրությունն ասում է. «Ի վերջո, Իսրայելի որդիները չոր հատակի վրայով անցան ծովի միջով»։ Մարտակառքերում գտնվող փարավոնի զորքի համեմատ՝ իսրայելացիները շատ դանդաղ էին առաջ շարժվում։ Սակայն եգիպտացիները ոչ մի հնարավորություն չունեին նրանց հասնելու, քանի որ Եհովան էր իսրայելացիների փոխարեն պատերազմում նրանց դեմ։ Նա «եգիպտացիների ճամբարը խուճապի մեջ գցեց։ Նա հանեց կառքերի անիվները, այնպես որ նրանք դժվարությամբ էին քշում դրանք» (Ելք 14։21–25)։
12 Երբ բոլոր իսրայելացիները ապահով հասան մյուս ափ, Եհովան Մովսեսին ասաց. «Ձեռքդ մեկնիր ծովի վրա, որ ջրերը հետ գան եգիպտացիների, նրանց մարտակառքերի ու հեծելազորի վրա»։ Երբ զինվորները փորձեցին փախուստի դիմել հեղեղող ջրերից, «Եհովան եգիպտացիներին ծովը նետեց»։ Փախչելու հնարավորություն չկար։ «Նրանցից մեկն անգամ չմնաց» (Ելք 14։26–28)։ Այդպիսով Եհովան ցույց տվեց, որ ի զորու է ազատելու իր ժողովրդին ցանկացած իրավիճակից։
ՓՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ
13. Ի՞նչ հրահանգներ տվեց Հիսուսն իր հետևորդներին, ու թերևս ի՞նչ հարց ծագեր նրանց մոտ։
13 Եհովան ճշգրիտ գիտի, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, որ կատարվի իր կամքը։ Այս կարևոր միտքն ընդգծվում է երրորդ օրինակում։ Դա առաջին դարում Երուսաղեմի պաշարումն է։ Իր Որդու միջոցով Եհովան փրկության համար հրահանգներ տվեց քրիստոնյաներին, որոնք մինչև մ.թ. 70թ. Երուսաղեմի կործանումը բնակվում էին այդ քաղաքում ու Հրեաստանում։ Հիսուսն ասաց. «Երբ տեսնեք ամայացում բերող պղծությունը (որի մասին խոսեց Դանիել մարգարեն)՝ կանգնած սուրբ վայրում.... այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն» (Մատթ. 24։15, 16)։ Սակայն ինչպե՞ս էին Հիսուսի հետևորդները հասկանալու, թե երբ է այս մարգարեությունը կատարվելու։
14. Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց Հիսուսի խոսքերի նշանակությունը ինչպե՞ս պարզ դարձավ։
14 Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց պարզ դարձավ Հիսուսի խոսքերի նշանակությունը։ Մ.թ. 66-ին հռոմեական զորքերը Կեստիոս Գալլոսի գլխավորությամբ եկան Երուսաղեմ, որ ճնշեն հրեաների ապստամբությունը։ Երբ հրեա ապստամբները՝ զելոտները, ապաստան գտան տաճարում, հռոմեացի զինվորները սկսեցին տաճարի պարսպի տակը փորել։ Հոգևորապես զգոն քրիստոնյաների համար ամեն ինչ պարզ էր. հեթանոս զորքն իր կռապաշտական նշաններով («պղծությամբ») հասավ տաճարի պարսպին («սուրբ վայրին»)։ Հիսուսի հետևորդների համար ժամանակն էր «սարերը փախչելու»։ Բայց ինչպե՞ս էին նրանք դուրս գալու պաշարված քաղաքից։ Իրադարձություններն անսպասելի ընթացք էին ստանալու։
15, 16. ա) Ի՞նչ հատուկ հրահանգ տվեց Հիսուսն իր հետևորդներին, և ինչո՞ւ էր շատ կարևոր, որ նրանք հնազանդվեին դրան։ բ) Ինչի՞ց է կախված լինելու մեր ազատագրումը։
15 Առանց որևէ ակնհայտ պատճառի՝ Կեստիոս Գալլոսն իր զորքով հեռացավ Երուսաղեմից ու սկսեց նահանջել։ Զելոտները հետապնդեցին նրանց։ Քանի որ մարտնչող կողմերը անսպասելի հեռացան, Հիսուսի հետևորդները փախչելու հնարավորություն ստացան։ Հիսուսը հատուկ հրահանգ էր տվել նրանց, որ թողնեն իրենց նյութական ունեցվածքը և, առանց հապաղելու, հեռանան (կարդա՛ Մատթեոս 24։17, 18)։ Իսկապե՞ս անհրաժեշտ էր շտապ գործել։ Պատասխանը շուտով պարզ դարձավ։ Մի քանի օրից զելոտները վերադարձան և ստիպեցին Երուսաղեմի ու Հրեաստանի բնակիչներին միանալ իրենց ապստամբությանը։ Իրավիճակը կտրուկ վատացավ, քանի որ հրեական մրցակցող խմբավորումները պայքարում էին քաղաքը իրենց հսկողության տակ առնելու համար։ Փախչելն ավելի ու ավելի դժվար էր դառնում։ Երբ 70-ին հռոմեացիները վերադարձան, փախչելու հնարավորություն այլևս չկար (Ղուկ. 19։43)։ Ով հապաղել էր, թակարդի մեջ էր հայտնվել։ Սարերը փախած քրիստոնյաների համար Հիսուսի հրահանգներին հետևելը փրկություն նշանակեց։ Նրանք իրենց աչքով տեսան, որ Եհովան գիտի, թե ինչպես ազատի իր ժողովրդին։ Ի՞նչ ենք սովորում այս արձանագրությունից։
16 Մեծ նեղության ընթացքում քրիստոնյաները պետք է հետևեն Աստծու Խոսքից ու նրա կազմակերպությունից եկող հրահանգներին։ Օրինակ՝ «սարերը փախչելու» մասին Հիսուսի պատվերը այսօր իր կիրառությունն ունի։ Իսկ թե մեծ նեղության ժամանակ ինչպես կլինի մեր «փախուստը», դեռևս հայտնի չէb։ Այդուհանդերձ, կարող ենք վստահ լինել, որ Եհովան պարզ կդարձնի այս հրահանգի նշանակությունը, երբ գա դրան հետևելու ժամանակը։ Քանի որ մեր ազատագրումը կախված է լինելու հնազանդությունից, լավ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս եմ արձագանքում այն հրահանգներին, որ հիմա Եհովան տալիս է իր ժողովրդին։ Արա՞գ եմ արձագանքում, թե՞ վարանում եմ հնազանդվել» (Հակ. 3։17)։
ԶՈՐԱՑԱԾ՝ ԳԱԼԻՔ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋ
17. Ամբակումի մարգարեությունն ի՞նչ է հայտնում Աստծու ժողովրդի վրա գալիք հարձակման մասին։
17 Հիմա անդրադառնանք Գոգի այն ուժգին հարձակմանը, որի մասին խոսեցինք նախաբանում։ Ամբակումը այդ ժամանակներին վերաբերող մի մարգարեության մեջ ասաց. «Ես լսեցի, և ներսս դող ընկավ։ Այդ լուրից շուրթերս դողացին, ոսկորներիս մեջ փտություն մտավ, այդ ժամանակ տագնապահար եղա։ Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան, որը գալու է [Աստծուց] և հարձակվելու է ժողովրդի վրա [այն զորքերի, որոնք սպառնում են Աստծու ծառաներին]» (Ամբ. 3։16)։ Աստծու ժողովրդի վրա գալիք հարձակման մասին լուրը լսելուց արդեն իսկ մարգարեի ներսը տակնուվրա եղավ, նրա շուրթերը դողացին, ուժը թուլացավ։ Ամբակումի արձագանքը ցույց է տալիս, թե մեր իրավիճակը որքան սարսափելի է թվալու, երբ Գոգի հորդաները դուրս գան մեր դեմ։ Սակայն մարգարեն ցանկանում էր հանգիստ սպասել Եհովայի մեծ օրվան՝ համոզված լինելով, որ նա կազատի իր ժողովրդին։ Նույն վստահությունը մենք էլ կարող ենք ունենալ (Ամբ. 3։18, 19)։
18. ա) Ինչո՞ւ պատճառ չունենք վախենալու գալիք հարձակումից։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
18 Մեր քննած երեք օրինակները ցույց են տալիս, որ Եհովան, անկասկած, գիտի, թե ինչպես ազատի իր ժողովրդին։ Նրա նպատակը չի կարող ձախողվել։ Հաղթանակը երաշխավորված է։ Սակայն այդ փառահեղ հաղթանակը տեսնելու համար մենք պետք է մինչև վերջ հավատարիմ մնանք։ Ինչպե՞ս է Եհովան այսօր օգնում մեզ պահելու մեր անարատությունը։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։
[ծանոթագրություններ]
[նկար 24-րդ էջի վրա]
Իրականում եգիպտական զորքը սպառնալի՞ք էր իսրայելացիների համար