Մենք մեր Տեր Աստծու անունով պիտի գնանք
«Մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից» (ՄԻՔԻԱ 4։5)։
1. Նոյի օրերում ինչպիսի՞ն էր մարդկանց բարոյական վիճակը, և ինչո՞վ էր Նոյը նրանցից տարբերվում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ հիշատակված առաջին մարդը, որը քայլեց Աստծու հետ՝ Ենովքն էր։ Իսկ երկրորդը՝ Նոյը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նոյը մի արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը. Նոյը Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», ԱԱ]» (Ծննդոց 6։9)։ Նոյի օրերում մարդկությունն ընդհանուր առմամբ շեղվել էր ճշմարիտ երկրպագությունից։ Իրավիճակն ավելի վատացավ, երբ Աստծուն անհավատարիմ հրեշտակները, անբնական կապերի մեջ մտնելով կանանց հետ, առաջ բերեցին հսկաների սերունդ, որոնք այն ժամանակվա «զօրաւորներն» ու «անուանի մարդիկ էին» (Ծննդոց 6։2, 4, 11)։ Սակայն Նոյը անթերի մարդ էր և ‘արդարություն էր քարոզում’ (Բ Պետրոս 2։5)։ Երբ Աստված պատվիրեց նրան տապան կառուցել փրկության համար, Նոյը հնազանդորեն «արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ» (Ծննդոց 6։22)։ Իսկապես, Նոյը քայլեց Աստծու հետ։
2, 3. Ի՞նչ լավ օրինակ է թողել Նոյը։
2 Հավատարիմ վկաների մասին խոսելիս, Պողոսը հիշատակեց նաև Նոյին. «Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը» (Եբրայեցիս 11։7)։ Ի՜նչ հիանալի օրինակ։ Վստահ լինելով, որ Եհովայի խոսքերը կիրականանան՝ Նոյը ժամանակ, եռանդ և միջոցներ չխնայեց Աստծու պատվերները կատարելու համար։ Նմանապես այսօր շատերը հրաժարվում են աշխարհում հաջողությունների հասնելու հնարավորություններից և ժամանակ, եռանդ ու միջոցներ չեն խնայում Եհովայի պատվերներին հնազանդվելու համար։ Այդ մարդկանց հավատը ուշադրության է արժանի։ Այդպիսով նրանք կփրկեն թե՛ իրենց և թե՛ ուրիշների կյանքը (Ղուկաս 16։9; Ա Տիմոթէոս 4։16)։
3 Ակներևաբար, հավատ դրսևորելը դժվար է եղել ինչպես Նոյի և իր ընտանիքի, այնպես էլ Ենովքի՝ Նոյի նախահոր համար, որի մասին քննարկվեց նախորդ հոդվածում։ Թե՛ Ենովքի և թե՛ Նոյի օրերում ճշմարիտ երկրպագուները փոքր թիվ էին կազմում. ընդամենը ութ մարդ հավատարիմ մնաց Աստծուն և վերապրեց Ջրհեղեղից։ Նոյը արդարության մասին քարոզում էր բռնությամբ և անբարոյությամբ լեցուն աշխարհում։ Դեռ ավելին, Նոյն ու իր ընտանիքը կառուցում էին հսկայական փայտե տապան՝ պատրաստվելով համաշխարհային Ջրհեղեղի, չնայած որ նախկինում նման բան տեղի չէր ունեցել։ Հավանաբար շրջապատի մարդկանց դա շատ տարօրինակ էր թվում։
4. Նոյի ժամանակակիցների ո՞ր սխալն ընդգծեց Հիսուսը։
4 Հետաքրքիր է, որ երբ Հիսուսը խոսում էր Նոյի օրերի մասին, նա չհիշատակեց բռնությունը, կեղծ կրոնը կամ անբարոյությունը, թեև դա ցավալի իրականություն էր։ Ըստ Հիսուսի՝ մարդկանց սխալը կայանում էր նրանում, որ նրանք հրաժարվում էին ականջ դնել իրենց տրված նախազգուշացմանը։ Նա ասաց, որ «մարդիկ ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը»։ Ի՞նչ սխալ բան կար ուտելու, խմելու և ամուսնանալու մեջ։ Չէ՞ որ նրանք ապրում էին «նորմալ» կյանքով։ Սակայն ջրհեղեղ էր սպասվում, իսկ Նոյը քարոզում էր արդարության մասին։ Վերջինիս խոսքերն ու վարքը արդեն իսկ պետք է զգուշացում լինեին նրանց համար։ Այնուամենայնիվ, նրանք «չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ» (Մատթէոս 24։38, 39)։
5. Ի՞նչ հատկություններ էին հարկավոր Նոյին և իր ընտանիքին։
5 Հայացք նետելով այն ժամանակներին՝ հասկանում ենք, որ Նոյը ճիշտ ուղի էր բռնել։ Սակայն Ջրհեղեղից առաջ եղած օրերում մյուսներից տարբերվելու համար քաջություն էր պահանջվում։ Նոյն ու իր ընտանիքը պետք է մեծ հավատ ունենային, որպեսզի կառուցեին հսկայական տապանը և այն լցնեին բոլոր տեսակի կենդանիներով։ Արդյո՞ք այդ փոքրաթիվ հավատարիմ անհատներից ոմանք երբեմն մտածում էին, որ կցանկանային ավելի քիչ տարբերվել ուրիշներից և պարզապես ապրել «նորմալ» կյանքով։ Անգամ եթե նրանց մոտ այդպիսի մտքեր են ծագել, միևնույն է, նրանք միշտ պահել են իրենց անարատությունը։ Շատ տարիներ անց (ավելի երկար, քան մեզանից որևէ մեկը ստիպված կլինի տոկալ իրերի այս համակարգում) Նոյը փրկվեց Ջրհեղեղից իր հավատի շնորհիվ։ Իսկ Եհովան իրագործեց իր դատավճիռը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր «նորմալ» կյանք էին վարում և ուշադրություն չէին դարձնում, թե ինչ ժամանակներում էին ապրում։
Բռնությունը կրկին հեղեղում է աշխարհը
6. Ջրհեղեղից հետո ի՞նչ իրավիճակ էր դեռ տիրում։
6 Այն բանից հետո, երբ Ջրհեղեղի ջրերը ետ քաշվեցին, մարդկության համար կյանքի նոր փուլ սկսվեց։ Սակայն մարդիկ դեռ անկատար էին, և «մարդի սրտի խորհուրդը» շարունակում էր «չար [լինել] իր մանկութիւնիցը» (Ծննդոց 8։21)։ Բացի այդ, թեև դևերը այլևս չէին կարող մարդկային մարմիններ հագնել, միևնույն է, նրանք չափազանց ակտիվ էին։ Շուտով երևաց, որ անաստված մարդկանցով լի աշխարհը «Չարի իշխանության տակ է» (ՆԱ), և ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ ճշմարիտ երկրպագուները պետք է պայքարեին ‘Սատանայի հնարքների’ դեմ (Ա Յովհաննէս 5։19; Եփեսացիս 6։11, 12)։
7. Հետջրհեղեղյան աշխարհում բռնությունն ինչպե՞ս հասավ ավելի մեծ չափերի։
7 Նեբրովթի ժամանակներից սկսած՝ հետջրհեղեղյան աշխարհը կրկին ողողվեց բռնությամբ։ Բնակչության աճի և տեխնիկական առաջընթացի հետևանքով բռնությունը ավելի մեծ չափերի հասավ։ Հին ժամանակներում մարդիկ կռվում էին սրով, նիզակով, նետ ու աղեղով և մարտակառքերով։ Ավելի ուշ՝ ատրճանակներով, հրանոթներով, հետագայում՝ 20–րդ դարի սկզբին, հրացաններով և ավելի կատարելագործված հրետանիով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ի հայտ եկան ավելի սարսափազդու մարտական միջոցներ, ինչպիսիք են՝ ինքնաթիռը, տանկը, սուզանավը և թունավոր գազը։ Այդ պատերազմում այս զենքերը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեցին։ Մի՞թե դա անսպասելի էր։ Ո՛չ։
8. Ինչպե՞ս են կատարվում «Յայտնութիւն» 6։1–4 համարները։
8 1914 թ.–ին Հիսուսը թագադրվեց որպես Աստծու երկնային Թագավորության Թագավոր, և սկսվեց «Տիրոջ օրը» (Յայտնութիւն 1։10, ԱՆԹ, ծան.)։ «Յայտնութիւն» գրքում արձանագրված տեսիլքում Հիսուսը նկարագրվում է՝ որպես սպիտակ ձիու վրա հաղթականորեն առաջ ընթացող Թագավոր։ Նրան հետևող մյուս ձիավորները ներկայացնում են մարդկության վրա թափվող աղետները։ Նրանցից մեկը նստած է կարմիր ձիու վրա և նրան հանձնարարված է «խաղաղութիւնը վեր առնէ[լ] երկրիցը, եւ որ իրար մորթեն. եւ մի մեծ սուր տրուեցաւ նորան» (Յայտնութիւն 6։1–4)։ Այս ձին և հեծյալը ներկայացնում են պատերազմը, իսկ մեծ սուրը՝ հզոր զենքերով մղվող ժամանակակից պատերազմների կործանարարությունը։ Այսօր այդ զենքերի մեջ են մտնում միջուկային զենքերը, որոնցից յուրաքանչյուրը կարող է ոչնչացնել տասնյակ հազարավոր մարդկանց, հրթիռները, որոնք կարող են տեղափոխել այդ զենքերը հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչպես նաև մասսայական ոչնչացման քիմիական և բակտերիոլոգիական կատարելագործված զենքերը։
Մենք ուշադրություն ենք դարձնում Եհովայի նախազգուշացումներին
9. Ի՞նչ զուգահեռներ ենք տեսնում այսօրվա աշխարհի և նախաջրհեղեղյան աշխարհի միջև։
9 Նոյի օրերում Եհովան կործանեց մարդկությանը, քանի որ չար մարդիկ հսկաների դրդմամբ բռնի գործեր էին կատարում։ Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Կարելի՞ է ասել, որ երկիրն այսօր ավելի քիչ է ողողված բռնությամբ, քան այն ժամանակ։ Իհարկե ո՛չ։ Դեռ ավելին, ինչպես որ Նոյի օրերում էր, այսօր նույնպես մարդիկ զբաղվում են իրենց առօրյա գործերով՝ ձգտելով ապրել «նորմալ» կյանքով, և մերժում են ականջ դնել իրենց տրված նախազգուշացումներին (Ղուկաս 17։26, 27)։ Ուրեմն ունե՞նք արդյոք որևէ պատճառ կասկածելու, որ Եհովան կրկին կործանում կբերի մարդկանց վրա։ Ո՛չ։
10. ա) Ի՞նչ նախազգուշացում է բազմիցս տրվում Աստվածաշնչի մարգարեություններում։ բ) Ո՞րն է այսօր միակ իմաստուն ուղին։
10 Ջրհեղեղից հարյուրավոր տարիներ առաջ Ենովքը մարգարեացել էր այն կործանման մասին, որը տեղի էր ունենալու մեր օրերում (Յուդա 14, 15)։ Հիսուսը նույնպես խոսեց գալիք «մեծ նեղութ[յան]» մասին (Մատթէոս 24։21)։ Մյուս մարգարեները նախազգուշացումներ են գրել այդ ժամանակների վերաբերյալ (Եզեկիէլ 38։18–23; Դանիէլ 12։1; Յովէլ 2։31, 32)։ Իսկ «Յայտնութիւն» գրքում կարդում ենք վերջնական կործանման վառ նկարագրությունը (Յայտնութիւն 19։11–21)։ Մենք անհատապես ընդօրինակում ենք Նոյին և ակտիվորեն քարոզում ենք արդարության մասին։ Մենք ուշադրություն ենք դարձնում Եհովայի նախազգուշացումներին և սիրով օգնում ենք մեր դրացիներին անել նույնը։ Հետևաբար, Նոյի նման մենք քայլում ենք Աստծու հետ։ Իրականում, ցանկացած անձնավորություն, որն ուզում է ապրել, պետք է քայլի Աստծու հետ։ Ինչպե՞ս կարող ենք անել դա, չնայած այն դժվարություններին, որոնց բախվում ենք ամեն օր։ Մենք պետք է խորապես հավատանք, որ Աստծու նպատակները իրականություն են դառնալու (Եբրայեցիս 11։6)։
Շարունակիր քայլել Աստծու հետ անհանգիստ ժամանակներում
11. Ի՞նչ առումով ենք մենք ընդօրինակում առաջին դարի քրիստոնյաներին։
11 Առաջին դարում օծյալ քրիստոնյաների մասին ասում էին, որ նրանք որոշակի «ճանապարհ[ով]» են գնում (Գործք 9։2)։ Կյանքի բոլոր ոլորտներում նրանք առաջնորդվում էին Եհովայի և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Նրանք քայլում էին այն ճանապարհով, որով իրենց Տերն էր քայլել։ Այսօր հավատարիմ քրիստոնյաները նույն կերպ են վարվում։
12. Ի՞նչ պատահեց այն բանից հետո, երբ Հիսուսը հրաշքով մի ամբոխի կերակրեց։
12 Այն, որ հավատը շատ կարևոր է, կարելի է տեսնել մի դեպքից, որը տեղի է ունեցել Հիսուսի ծառայության ընթացքում։ Մի առիթով Հիսուսը հրաշքով կերակրեց մոտ 5 000–ոց ամբոխի։ Մարդիկ ապշել էին ու հիացել։ Սակայն ուշադրություն դարձրեք, թե դրանից հետո ինչ պատահեց։ Կարդում ենք. «Մարդիկն՝ երբոր տեսան այն նշանն որ արաւ Յիսուսը, ասում էին թէ Սա է ճշմարտապէս այն մարգարէն որ պիտի աշխարհք գար։ Յիսուսն էլ իմանալով թէ գալու են իրան յափշտակեն, որ թագաւոր շինեն իրան, դարձեալ մինակ գնաց սարը» (Յովհաննէս 6։10–15)։ Այդ գիշեր նա գնաց մեկ ուրիշ տեղ։ Շատերը գուցե հիասթափություն ապրեցին այն բանից, որ Հիսուսը մերժեց թագավոր դառնալ։ Չէ՞ որ նա ցույց էր տվել, որ թագավորելու համար անհրաժեշտ իմաստություն ուներ և մարդկանց ֆիզիկական կարիքները բավարարելու համար՝ բավականաչափ զորություն։ Սակայն Թագավոր դառնալու համար Եհովայի նշանակած ժամանակը դեռ չէր եկել։ Բացի այդ, Հիսուսի Թագավորությունը պետք է երկնային լիներ և ոչ թե երկրային։
13, 14. Ի՞նչ մտածելակերպ ունեին շատերը, և ինչպե՞ս նրանց հավատը փորձվեց։
13 Այնուամենայնիվ, այդ մարդիկ վճռականորեն գնացին Հիսուսի հետևից և գտան նրան, ինչպես Հովհաննեսն է ասում՝ «ծովի այն կողմին»։ Ինչո՞ւ նրանք գնացին նրա ետևից այն բանից հետո, երբ Հիսուսը խուսափեց իրականացնել իրեն թագավոր դարձնելու նրանց ցանկությունը։ Պարզ դարձավ, որ շատերը մարմնավոր մտածելակերպ ունեին, քանի որ խոսում էին այն բարիքների մասին, որ Եհովան Մովսեսի օրոք տվել էր անապատում։ Դրանով նրանք կարծես ակնարկում էին, որ Հիսուսը պետք է նյութական բարիքներ մատակարարեր նրանց։ Տեսնելով նրանց սխալ մղումները՝ Հիսուսը սկսեց սովորեցնել հոգևոր ճշմարտություններ, որոնք կարող էին օգնել նրանց ուղղելու իրենց մտածելակերպը (Յովհաննէս 6։17, 24, 25, 30, 31, 35–40)։ Ի պատասխան՝ ոմանք տրտնջացին Հիսուսի դեմ, հատկապես երբ նա մի պատկերավոր օրինակ բերեց (Յովհաննէս 6։54, 55)։
14 Հիսուսի օրինակները հաճախ հնարավորություն էին տալիս մարդկանց ցույց տալ, թե արդյոք նրանք իրականում ցանկանում էին քայլել Աստծու հետ։ Նույնն էր պարագան նաև այս դեպքում։ Օրինակը բուռն արձագանքներ առաջ բերեց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նորա աշակերտներից շատերը որ լսեցին, ասեցին. Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան»։ Հիսուսը բացատրեց, որ նրանք պետք է պարզեին իր խոսքերի հոգևոր նշանակությունը։ Նա ասաց. «Հոգին է կենդանացնողը, մարմինը օգուտ չէ տալիս. այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է»։ Այնուամենայնիվ, շատերը չլսեցին նրան։ Արձանագրությունը հայտնում է. «Սորանից յետոյ նորա աշակերտներից շատերը ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ» (Յովհաննէս 6։61, 64, 67)։
15. Ի՞նչ ճիշտ տեսակետ ունեին Հիսուսի հետևորդներից ոմանք։
15 Սակայն Հիսուսի բոլոր աշակերտները չէին, որ այդպես արձագանքեցին։ Իհարկե, հավատարիմ աշակերտները լիովին չէին հասկացել Հիսուսի խոսքերը, բայց շարունակեցին ամուր վստահություն ցուցաբերել նրա հանդեպ։ Հավատարիմ աշակերտներից մեկը՝ Պետրոսը, արտահայտեց մնացածների զգացումները՝ ասելով. «Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու» (Յովհաննէս 6։69)։ Ի՜նչ հիանալի վերաբերմունք, և ի՜նչ հրաշալի օրինակ։
16. Ինչպե՞ս գուցե փորձվենք, և ի՞նչ ճիշտ տեսակետ պետք է զարգացնենք։
16 Այսօր մենք էլ գուցե այնպես փորձվենք, ինչպես այն առաջին աշակերտները։ Գուցե մենք հիասթափություն ենք ապրում այն պատճառով, որ Եհովայի խոստումները չեն իրականանում այնքան արագ, որքան կցանկանայինք։ Գուցե մտածում ենք, որ մեր հրատարակություններում տրված սուրբգրային համարների բացատրությունը դժվար է հասկանալ։ Կամ միգուցե հավատակցի վարքն է մեզ հիասթափեցնում։ Արդյոք ճիշտ կլինի՞ դադարել Աստծու հետ քայլելուց այս կամ նմանատիպ պատճառներով։ Իհարկե ո՛չ։ Այն աշակերտները, որոնք լքեցին Հիսուսին, ցույց տվեցին, որ մարմնավոր մտածելակերպ ունեին։ Մենք պետք է խուսափենք այդպես վարվելուց։
«Մենք ետ քաշուողներիցը չենք»
17. Ի՞նչը կարող է մեզ օգնել շարունակաբար քայլել Աստծու հետ։
17 Պողոս առաքյալը գրեց. «Ամեն Գիրք աստուածաշունչ են» (Բ Տիմոթէոս 3։16)։ Աստվածաշնչի միջոցով Եհովան հստակորեն հայտնում է. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Եսայիա 30։21)։ Աստծու Խոսքին հնազանդվելը օգնում է մեզ «զգուշութեամբ վարու[ել]» (Եփեսացիս 5։15)։ Աստվածաշունչն ուսումնասիրելը և մեր սովորածի շուրջ խորհրդածելը օգնում է մեզ «ճշմարտութեան մէջ գն[ալ]» (Գ Յովհաննէս 3)։ Իսկապես, ինչպես ասել է Հիսուսը. «Հոգին է կենդանացնողը, մարմինը օգուտ չէ տալիս»։ Միակ վստահելի առաջնորդությունը, որով կարող ենք ուղղել մեր քայլերը, հոգևոր առաջնորդությունն է, որը տրվում է Եհովայի Խոսքի, ոգու և կազմակերպության միջոցով։
18. ա) Ոմանք ի՞նչ անխոհեմ քայլի են դիմում։ բ) Ինչպիսի՞ հավատ պետք է զարգացնենք։
18 Այսօր նրանք, ովքեր դժգոհություն են արտահայտում մարմնավոր մտածելակերպի կամ չիրականացած ակնկալիքների պատճառով, դառնում են դեպի աշխարհը՝ ամբողջովին օգտվելով նրա առաջարկած բաներից։ Կորցնելով հրատապության զգացումը՝ նրանք չեն զգում ‘արթուն մնալու’ անհրաժեշտությունը։ Այդ մարդիկ, Թագավորության շահերը առաջին տեղում դնելու փոխարեն, որոշում են եսասիրական նպատակներ հետապնդել (Մատթէոս 24։42)։ Այդպիսի քայլի դիմելը պարզապես անխոհեմություն է։ Ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալի խոսքերին. «Մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին» (Եբրայեցիս 10։39)։ Ինչպես Ենովքը և Նոյը, մենք նույնպես ապրում ենք անհանգիստ ժամանակներում, և նրանց պես մենք էլ առանձնաշնորհում ունենք քայլելու Աստծու հետ։ Այդպես վարվելով՝ կարող ենք վստահ լինել, որ ականատես կլինենք Եհովայի խոստումների իրականացմանը, չարության վերացմանը և նոր աշխարհի հաստատմանը։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։
19. Ինչպե՞ս է Միքիան նկարագրում ճշմարիտ երկրպագուների բռնած ուղին։
19 Միքիա մարգարեն ներշնչման ներքո գրեց, որ ամեն մի ազգ «իր աստուծոյն անունովը կը քա[յլի]»։ Այնուհետև նա խոսեց իր և Աստծու մյուս հավատարիմ երկրպագուների մասին՝ ասելով. «Մենք յաւիտեանս յաւիտենից մեր Տէր Աստուծոյն անունովը պիտի քալենք» (Միքիա 4։5, ԱԱ)։ Եթե դու էլ Միքիայի պես վճռականորեն ես տրամադրված, մոտ մնա Եհովային, անկախ այն բանից, թե ինչպիսի անհանգիստ ժամանակներ դեռ կլինեն (Յակոբոս 4։8)։ Թող որ մեզանից յուրաքանչյուրի սրտանց ցանկությունը լինի քայլել Եհովայի՝ մեր Աստծու հետ այժմ և հավիտյան։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ նմանություններ կան Նոյի օրերի և մեր օրերի միջև։
• Ի՞նչ ընթացք էին բռնել Նոյն ու իր ընտանիքը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց հավատը։
• Ի՞նչ սխալ տեսակետ ունեին Հիսուսի հետևորդներից ոմանք։
• Ի՞նչ են վճռել անել ճշմարիտ քրիստոնյաները։
[նկարներ 20–րդ էջի վրա]
Ինչպես Նոյի օրերում, այնպես էլ այսօր մարդիկ կլանված են իրենց առօրյա գործերով
[նկար 21–րդ էջի վրա]
Որպես Թագավորության քարոզիչներ՝ «մենք ետ քաշուողներիցը չենք»