Ապրել ազատ՝ քրիստոնեական նվիրման համաձայն
«Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է» (Բ Կորնթացիս 3։17)։
1. Ո՞ւմ են նվիրվում Եհովայի վկաները, և ինչո՞ւ են նրանք օգտվում իրավական մարմիններից։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ հավատում են, որ իրենց կրոնը անվերջ գոյատևելու է։ Ուստի նրանք սպասում են այն ժամանակին, երբ «հոգով եւ ճշմարտութեամբ» հավիտյան կծառայեն Աստծուն (Յովհաննէս 4։23, 24)։ Իրենց հոժար կամքով այս քրիստոնյաներն անկեղծորեն նվիրվել են Եհովա Աստծուն՝ որոշելով ապրել այդ նվիրման համաձայն։ Այս նպատակով նրանք ապավինում են Աստծո Խոսքին և նրա սուրբ հոգուն։ Աստվածատուր ազատությամբ օժտված և մեծ սիրով քայլելով քրիստոնեական նվիրման ուղով՝ Վկաները պատշաճ հարգանք են ցուցաբերում պետական «իշխանութիւնների» հանդեպ և ճշգրտորեն օգտվում իրավական միջոցներից ու որոշումներից (Հռովմայեցիս 13։1; Յակոբոս 1։25)։ Օրինակ՝ «Դիտարան» ընկերությունը Վկաների՝ տարբեր երկրներում ունեցած իրավական մարմիններից մեկն է, որը նրանք օգտագործում են իրենց գործունեությունն ի կատար ածելու համար, որը կայանում է մարդկանց՝ հատկապես հոգևոր առումով օգնություն մատուցելու մեջ։ Սակայն Վկաները ոչ թե որևէ իրավական մարմնի են նվիրված, այլ Աստծուն, և իրենց նվիրումը կմնա հավիտյան։
2. Ինչո՞ւ են Եհովայի վկաները բարձր գնահատում «Դիտարան» ընկերությանը և նման այլ իրավական մարմիններին։
2 Որպես Աստծուն նվիրված ծառաներ՝ Եհովայի վկաները պետք է հետևեն Հիսուսի տված հրահանգին. «Աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց....» (Մատթէոս 28։19, 20)։ Այս աշխատանքը շարունակվելու է մինչև իրերի ներկա համակարգի վերջը, քանի որ Հիսուսը նաև ասաց. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։3, 14)։ Ամեն տարի «Դիտարան» ընկերության և նման այլ իրավական մարմինների տպարանները Եհովայի վկաներին միլիոնավոր քանակությամբ Աստվածաշնչեր, գրքեր, բրոշյուրներ և ամսագրեր են հայթայթում համաշխարհային քարոզչական գործունեության մեջ օգտագործելու համար։ Այսպիսով՝ իրավական կազմակերպություններն անգնահատելի ծառայություն են մատուցում՝ օգնելով Աստծուն նվիրված ծառաներին ապրել իրենց նվիրման համաձայն։
3. Եհովայի վկաները նախկինում ի՞նչ իմաստով են օգտագործել «Ընկերություն» բառը։
3 Գուցե մեկը փաստարկի, թե Վկաները «Դիտարան» ընկերության կամ ավելի հաճախ հենց «Ընկերության» մասին խոսելիս՝ ցույց են տալիս, որ իրենք ավելին ի նկատի ունեն, քան թե լոկ իրավական միջոց։ Արդյոք չե՞ն համարում նրան վերջնական հեղինակություն երկրպագության հարցերի կապակցությամբ։ «Եհովայի վկաներ՝ Աստծո Թագավորության քարոզիչներ» գիրքը պարզաբանում է այս հարցը՝ բացատրելով. « «Ընկերություն» ասելով «Դիտարան»–ում [հունիս 1, 1938 թ.] հասկացվում էր ոչ թե պարզապես իրավական միջոց, այլ օծյալ քրիստոնյաների մարմինը, որը հիմնել և օգտագործել էր տվյալ իրավական օրգանիզմը։ Այսպիսով՝ այս բառով ներկայացվում էր հավատարիմ և իմաստուն ծառան»a (Մատթէոս 24։45)։ Ահա այս իմաստով են Վկաները սովորաբար օգտագործել «Ընկերություն» արտահայտությունը։ Իհարկե, «իրավական մարմին» ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» արտահայտությունները համանշանակ իմաստ չեն կրում։ «Դիտարան» ընկերության տնօրեններն ընտրված են, մինչդեռ ‘հաւատարիմ ծառա’ դասակարգը կազմող Վկաները օծված են Եհովայի սուրբ հոգով։
4. ա) Թյուրիմացություններից խուսափելու համար Վկաներից շատերն ի՞նչ արտահայտություններ են օգտագործում։ բ) Ինչո՞ւ է հավասարակշռվածություն պահանջվում, երբ հարցը վերաբերվում է տերմինների ընտրությանը։
4 Թյուրիմացություններից խուսափելու համար Վկաներն ուրիշներին իրենց նեկայացնելիս փորձում են զգույշ լինել։ « «Ընկերությունը» սովորեցնում է» կամ «Եհովայի վկաները հավատում են» ասելու փոխարեն՝ Վկաներից շատերը գերադասում են կիրառել այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «Աստվածաշունչն ասում է» կամ՝ «Ես հասկանում եմ, որ Աստվածաշունչը սովորեցնում է»։ Այսպես վարվելով՝ նրանք ընդգծում են Աստվածաշնչի ուսմունքներն ընդունելիս յուրաքանչյուր Վկայի կայացրած անհատական որոշումը, որով և խուսափում են այնպիսի կարծիք ստեղծելուց, թե Վկաները ինչ–որ կրոնական աղանդի կազմակերպիչների հրամաններն են կատարում։ Իհարկե, ինչ վերաբերվում է տերմինների օգտագործմանը, ապա այն երբեք չպետք է վիճաբանության առարկա դառնա։ Տերմինների ընտրությունն անհրաժեշտ է միայն նրա համար, որպեսզի կանխվեն տարաձայնությունները։ Քրիստոնեական հավասարակշռվածություն է պահանջվում, քանի որ Աստվածաշունչը զգուշացնում է, որ «բանակռիւներ չմղվեն» (Բ Տիմոթէոս 2։14, 15)։ Աստվածաշունչը նշում է նաև հետևյալ սկզբունքը. «Եթէ լեզուներով յստակ չդարձնէք խօսքը, ինչպէ՞ս կը հասկացուի խօսուածը» (Ա Կորնթացիս 14։9)։
Աստծո հոգուց առաջացած սկզբունքներ
5. Ինչպե՞ս պետք է հասկանալ Ա Կորնթացիս 10։23–ը։
5 «Ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն բան չէ, որ օգտակար է,– նշում է Պողոս առաքյալը, ապա ավելացնում,– ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն ինչ չէ, որ հաւատը հաստատում է» (Ա Կորնթացիս 10։23)։ Պողոսն, իհարկե, նկատի չուներ այնպիսի գործերով զբաղվելը, որոնց Աստծո Խոսքը բացահայտորեն դատապարտում է։ Հին Իսրայելին տրված 600 օրենքների հետ համեմատած գոյություն ունեն քրիստոնեական կյանքը կարգավորող միայն մի քանի որոշակի օրենքներ։ Ուստի շատ հարցեր են թողնվում անհատի խղճին։ Եհովային նվիրված անհատն ազատություն է վայելում, այնպիսի ազատություն, որն Աստծո հոգով ղեկավարվելու հետևանքն է։ Յուրացնելով ճշմարտությունը՝ քրիստոնյան հետևում է Աստվածաշնչով դաստիարակված խղճին և ապավինում սուրբ հոգու միջոցով հայթայթվող Աստծու առաջնորդությանը։ Դա օգնում է նվիրված քրիստոնյային որոշել, թե ինչը ‘կհաստատի’ և ինչը ‘օգտակար’ կլինի իրեն և ուրիշներին։ Նա գիտակցում է, որ իր ընդունած որոշումներն ազդելու են Աստծու հետ ունեցած իր փոխհարաբերութան վրա, որին որ ինքը նվիրվել է։
6. Քրիստոնեական հավաքույթներում ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ յուրացրել ենք ճշմարտությունը։
6 Մասնակցելով Քրիստոնեական հավաքույթներում տրվող մեկնաբանություններին՝ Վկան ցույց է տալիս, որ յուրացրել է ճշմարտությունը։ Սկզբում նրա պատասխանը թերևս սահմանափակվի ուսումնասիրվող հոդվածում գրվածը կրկնելով։ Սակայն ժամանակի ընթացքում անհատը կառաջադիմի Աստվածաշնչի ուսմունքներն իր խոսքերով բացատրելու խնդրում։ Այսպիսով՝ իրոք ակնհայտ է դառնում, որ նա զարգացնում է իր մտածելու կարողությունը և ոչ թե ընդամենը կրկնում ուրիշների ասածները։ Իր խոսքերով մտքերը ձևակերպելը և ճշմարտության խոսքերը սիրով ու ճշգրտությամբ արտասանելը հաճույք է պատճառում անհատին և ցույց տալիս ճշմարտության մեջ նրա համոզված լինելը (Ժողովող 12։10; համեմատեցեք Հռովմայեցիս 14։5բ)։
7. Ի՞նչ որոշումներ են Եհովայի ծառաները հոժարակամորեն կայացնում։
7 Եհովայի վկաների շարժառիթը Աստծու և իրենց մտերիմների հանդեպ սերն է (Մատթէոս 22։36—40)։ Նրանք համաշխարհային եղբայրությամբ սերտորեն համախմբված են քրիստոնեական սիրո կապով (Կողոսացիս 3։14; Ա Պետրոս 5։9)։ Սակայն յուրաքանչյուր անձ ինքն է իր հոժար կամքով անձամբ որոշում կայացնում Աստծո Թագավորության բարի լուրը քարոզելու, քաղաքականության մեջ չեզոք մնալու, արյունից խուսափելու, որոշակի զվարճություններից հեռու մնալու և Աստվածաշնչի չափանիշներով ապրելու հարցերում։ Այս որոշումները կայացվում են առանց ստիպողականության, քանի որ դրանք այն ապրելակերպի մասն են կազմում, որն ընտրել են անհատները նախքան իրենց քրիստոնեական նվիրումը։
Պատասխանատու՝ Կառավարիչ մարմնի առա՞ջ
8. Ո՞ր հարցն է պարզաբանության կարիք զգում։
8 Աստվածաշունչը պարզորոշ ցույց է տալիս, որ ճշմարիտ քրիստոնյաներն Աստծուն ստիպողաբար չեն ծառայում։ Աստվածաշունչն ասում է. «Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է» (Բ Կորնթացիս 3։17)։ Սակայն ինչպե՞ս կարելի է այս մեջբերումը համաձայնեցնել «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» ու «Կառավարիչ մարմին» հասկացողությունների հետ (Մատթէոս 24։45—47)։
9, 10. ա) Ինչպե՞ս է կիրառվում գլխավորության սկզբունքը քրիստոնեական ժողովում։ բ) Ի՞նչ էր անհրաժեշտ անել առաջին դարի քրիստոնեական ժողովում գլխավորության սկզբունքն ընդունելիս։
9 Այս հարցին պատասխանելու համար պետք է հիշենք Աստվածաշնչի գլխավորության սկզբունքը (Ա Կորնթացիս 11։3)։ Եփեսացիս 5։21—24–ում Հիսուսը հանդես է գալիս որպես ‘եկեղեցու գլուխ’, որին եկեղեցին ‘հնազանդվում’ է։ Եհովայի վկաների ըմբռնմամբ հավատարիմ և իմաստուն ծառան կազմված է Հիսուսի հոգևոր եղբայրներից (Եբրայեցիս 2։10—13)։ Այդ հավատարիմ ծառա դասակարգին հանձնարարված է Աստծու ժողովրդին «իր ժամին [հոգևոր] կերակուրով» ապահովելը։ Այս վերջին ժամանակներում Քրիստոսը նշանակել է այդ ծառային «իր ամբողջ ունեցուածքի վրայ»։ Այսպիսով՝ դասակարգի դիրքը յուրաքանչյուր քրիստոնյայի համար հարգանքի է արժանի։
10 Գլխավորության սկզբունքի նպատակն է՝ պահպանել միասնությունն ու երաշխավորել, որ «ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի» լինի (Ա Կորնթացիս 14։40)։ Այդ նպատակով առաջին դարում ամբողջ խումբը ներկայացնելու համար հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգից մի քանի օծյալ քրիստոնյաներ ընտրվեցին։ Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Եհովան հավանություն էր տալիս առաջին դարի կառավարիչ մարմնի ցուցաբերած առաջնորդությանը և օրհնում նրան։ Վաղեմի քրիստոնյաները սիրով ընդունեցին այդ միջոցառումը, ողջունեցին այն և ուրախացան նրա լավ արդյունքներով (Գործք 15։1—32)։
11. Ինչպիսի՞ մոտեցում պետք է ունենալ ներկայիս Կառավարիչ մարմնի նկատմամբ։
11 Այդպիսի միջոցառման արժեքը զգացվում է նաև ներկայումս։ Այսօր Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը բաղկացած է տասը օծյալ անհատներից, որոնք՝ որպես քրիստոնյա, տասնամյակների փորձ ունեն։ Նրանք Եհովայի վկաներին ապահովում են հոգևոր առաջնորդությամբ, ինչպես որ առաջին դարի կառավարիչ մարմինն էր վարվում (Գործք 16։4)։ Վաղեմի քրիստոնյաների նման Վկաները երկրպագությանը վերաբերվող հարցերում սիրով հետևում են Կառավարիչ մարմնի հրահանգներին և ղեկավարությանը, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա։ Չնայած Կառավարիչ մարմնի անդամները, ինչպես և նրանց քրիստոնյա եղբայրակիցները Եհովայի և Հիսուսի ծառաներն են, անուամենայնիվ, Աստվածաշունչը սովորեցնում է մեզ. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին և հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. և նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը և ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ» (Եբրայեցիս 13։17)։
12. Քրիստոնյան ո՞ւմ պիտի հաշվետվություն ներկայացնի։
12 Վերահսկողությունը, որով, ըստ Աստվածաշնչի, լիազորված է Կառավարիչ մարմինը, նշանակո՞ւմ է, թե յուրաքանչյուր Եհովայի վկա պետք է իր գործերով վերջինիս հաշիվ տա։ Ըստ Հռոմի քրիստոնյաներին հասցեագրված Պողոսի նամակի՝ ոչ. «Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ.... Ապա ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար» (Հռովմայեցիս 14։10—12)։
13. Ինչո՞ւ են Եհովայի վկաները իրենց քարոզչական գործունեության մասին զեկուցում։
13 Իսկ մի՞թե Վկաները չեն զեկուցում իրենց քարոզչական գործունեության մասին։ Այո՛, զեկուցում են, և դրա նպատակը պարզորոշ բացատրվում է Վկաների օգտագործած ձեռնարկներից մեկում, որտեղ ասվում է. «Հիսուս Քրիստոսի վաղեմի հետևորդները հետաքրքրվում էին քարոզչական գործունեության հաջողություններով (Մարկոս 6։30)։ Գործունեության ծաղկման ժամանակ վիճակագրական տվյալների հետ մեկտեղ տեղեկություններ էին հավաքվում նաև բարի լուրը քարոզողների փորձառությունների մասին.... (Գործք 2։5—11, 41, 47; 6։7; 1։15; 4։4) ....Որքա՜ն քաջալերիչ էր այդ հավատարիմ քրիստոնյաների համար աշխատանքի արդյունքների մասին լսելը։ ....Նմանապես, Եհովայի ժամանակակից կազմակերպությունը փորձում է Մատթէոս 24։14–ում արձանագրված գործունեության ծավալման մասին ճշգրիտ գրանցումներ անել»։
14, 15. ա) Ինչպե՞ս է Բ Կորնթացիս 1։24 համարը վերաբերվում Կառավարիչ մարմնին։ բ) Ինչի՞ հիման վրա է յուրաքանչյուր քրիստոնյա որոշում կայացնում և միևնույն ժամանակ ի՞նչ իրողություն է ընդունում։
14 Կառավարիչ մարմնի գոյությունը մեր օգտի համար է, և նրա ցուցաբերած հավատն օրինակելի է (Փիլիպպեցիս 3։17; Եբրայեցիս 13։7)։ Հավատարիմ մնալով և հետևելով Քրիստոսի օրինակին՝ նրանք արձագանքում են Պողոսի խոսքերին. «Ոչ թէ ձեր հաւատքի վերայ տիրապետում ենք՝ այլ ձեր ուրախութեանը գործընկեր ենք, որովհետեւ դուք հաւատքով հաստատ կանգնած էք» (Բ Կորնթացիս 1։24, ԱԹ)։ Քննելով մարդկության բռնած ընդհանուր ուղղությունը՝ Կառավարիչ մարմինն ուշադրությունը կենտրոնացնում է Աստվածաշնչի խորհուրդներին հետևելու օգուտների վրա, առաջարկություններ անում Աստվածաշնչի օրենքների և սկզբունքների կիրառման վերաբերյալ, զգուշացնում է աննկատելի վտանգների մասին և քաջալերում իր ‘գործակիցներին’։ Այսպիսով՝ Կառավարիչ մարմինն իրականացնում է իր քրիստոնեական սպասավորությունը, օգնում է պահպանել նրանց ուրախությունը և զորացնում հավատով, որ կարողանան ամուր լինել (Ա Կորնթացիս 4։1, 2; Տիտոս 1։7—9)։
15 Կառավարիչ մարմնի տված խորհուրդների հիման վրա որոշում կայացնելիս՝ Վկան գործում է սեփական ցանկությամբ՝ Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո այդ վարվելակերպի ճիշտ լինելու մեջ համոզված լինելով։ Աստծո Խոսքը դրդում է յուրաքանչյուր Վկայի կիրառել Կառավարիչ մարմնի կողմից առաջարկած Աստվածաշնչի խորհուրդները՝ գիտակցելով, որ իր ընդունած որոշումներն ազդելու են Աստծու հետ իր անձնական փոխհարաբերության վրա, քանի որ նա նվիրվել է Աստծուն (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։
Աշակերտներ և զինվորներ
16. Չնայած վարքագծի վերաբերյալ որոշումներն անձնական բնույթի հարցեր են, ոմանք ինչո՞ւ են ընկերակցությունից զրկվում։
16 Եթե վարքագծի վերաբերյալ որոշումներն անձնական բնույթի հարցեր են, ապա ինչո՞ւ են Եհովայի վկաներից ոմանց ընկերակցությունից զրկում։ Ոչ ոք ինքնակամորեն չի որոշում, որ որոշակի մեղք գործելու համար պետք է ընկերակցությունից զրկել։ Ավելի ճիշտ, ընկերակցությունից զրկելն, ըստ Աստվածաշնչի, պահանջվում է միայն այն դեպքում, երբ ժողովի անդամը չզղջալով այնպիսի ծանր մեղքեր է գործում, որոնց մասին խոսվում է Ա Կորնթացիս 5–րդ գլխում։ Այսպիսով՝ քրիստոնյան կարող է ընկերակցությունից զրկվել պոռնկություն գործելու համար միայն այն դեպքում, եթե նա հրաժարվում է սիրալիր հովիվների հոգևոր օգնությունից։ Միայն Եհովայի վկաները չեն, որ հետևում են քրիստոնեության մեջ գործածվող այս սկզբունքին։ «Կրոնագիտական հանրագիտարանը» (անգլ.) նշում է. «Յուրաքանչյուր համայնք իր իրավունքն է համարում պաշտպանվել այն անդամներից, որոնք, չենթարկվելով համայնքում ընդունված կարգին, կարող են վնասել համընդհանուր բարեկեցությանը։ Կրոնական համայնքում այս իրավունքը կրկնապատկվում է այն համոզմունքի հիման վրա, որ պատիժը՝ [եկեղեցուց վտարելը], ազդում է Աստծու առջև ունեցած դիրքի վրա»։
17, 18. Ինչպե՞ս է ընկերակցությունից զրկելու տեղին լինելը պատկերվում ա) դպրոցում բ) զինվորական ծառայության մեջ։
17 Եհովայի վկաները Աստվածաշնչի ուսանողներ են (Յեսու 1։8; Սաղմոս 1։2; Գործք 17։11)։ Իսկ Կառավարիչ մարմնի կողմից ապահովված Աստվածաշնչի կրթական ծրագիրը կարելի է համեմատել Լուսավորության նախարարության կողմից սահմանված դպրոցի ուսումնական ծրագրի հետ։ Թեպետ ինքը՝ նախարարությունը, ուսումնասիրվելիք նյութի հեղինակը չէ, սակայն նա է կազմում ուսումնական ծրագիրը, նա է որոշում ուսուցման մեթոդները և տալիս անհրաժեշտ հրահանգներ։ Եթե որևէ մեկը համառորեն հրաժարվում է ենթարկվել ուսումնական հաստատության պահանջներին, իր վարքով դժվարություններ ստեղծում համադասարանցիների համար կամ անպատվություն բերում դպրոցին, ապա նրան կարող են հեռացնել։ Դպրոցի ղեկավարությունը սովորողների համընդհանուր օգտի համար վարվելու իրավունք ունի։
18 Աշակերտ լինելուց բացի՝ Եհովայի վկաները Հիսուս Քրիստոսի զինվորներն են, որոնք սովորում են ‘հաւատի բարի մարտը մղել’ (Ա Տիմոթէոս 6։12; Բ Տիմոթէոս 2։3)։ Բնական է, որ քրիստոնյա զինվորին անվայել, համառ վարքագիծը Աստծու հավանությանը չի արժանանա։ Որպես ընտրության ազատությամբ օժտված անհատ՝ քրիստոնյա զինվորն իր ցանկությամբ է որոշում կայացնում, սակայն պիտի կրի իր որոշման հետևանքները։ Պողոսն այսպես է դատում. «Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Բ Տիմոթէոս 2։4, 5)։ Հասուն քրիստոնյաները, այդ թվում նաև Կառավարիչ մարմնի անդամները, ամբողջովին մնում են իրենց Առաջնորդի՝ Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո՝ պահելով ‘օրենքները’, որպեսզի ստանան հավիտենական կյանքի պսակը (Յովհաննէս 17։3; Յայտնութիւն 2։10)։
19. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել՝ ուսումնասիրելով քրիստոնեական նվիրման վերաբերյալ փաստերը։
19 Արդյոք փաստերը ցույց չե՞ն տալիս, որ Եհովայի վկաները Աստծու ծառան են, և ոչ թե մարդկանց ստրուկը։ Վայելելով այն ազատությունը, որի համար Քրիստոսն իրենց ազատագրեց, նվիրված քրիստոնյաներն ընդունում են Աստծո հոգու ու նրա Խոսքի ղեկավարությունը և շարունակում իրենց եղբայրների հետ միասնաբար ծառայել Աստծո ժողովում (Սաղմոս 133։1)։ Ապացույցներն այդ մասին պիտի ջնջեն ամեն կասկած, ինչը վերաբերվում է իրենց ստացած ուժի աղբյուրին։ Այսպիսով՝ սաղմոսերգուի հետ միասին նրանք երգում են. «Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան» (Սաղմոս 28։7)։
[ծանոթագրություն]
a Տպագրված է 1993 թ. «Դիտարան» ընկերության կողմից։
Ինչպե՞ս կպատասխանես
◻ Ինչպե՞ս են «Դիտարան» ընկերությունը և նրան կից իրավական մարմիններն օգնում Եհովայի վկաներին
◻ Ինչպե՞ս են քրիստոնյաներն օգուտ քաղում Եհովայի վկաների Կառավարիչ
մարմնի ունեցած դերից
◻ Ինչո՞ւ է Եհովայի ժողովուրդը իր քարոզչական գործունեության մասին զեկուցում
◻ Ո՞ր դեպքերում է տեղին նվիրված քրիստոնյային ընկերակցությունից զրկելը
[նկար 17–րդ էջի վրա]
Առաջին դարի կառավարիչ մարմինը պահպանում էր դավանանքների միասնությունը
[նկար 19–րդ էջի վրա]
Եհովայի վկաները համայն աշխարհում վայելում են այն ազատությունը, որի համար Քրիստոսն իրենց ազատագրեց