ԳԼՈՒԽ 3
«Հիշեցեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ»
ԱՅՍ խոսքերը, որ գրի է առել Պողոս առաքյալը, գտնվում են Եբրայեցիներ 13։7-ում։ Դրանք կարող են նաև թարգմանվել այսպես. «Հիշեք նրանց, ովքեր ձեր մեջ կառավարիչ են»։ Մ. թ. 33 թ. Պենտեկոստեից սկսած՝ Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ առաքյալները կատարեցին այդ դերը որպես կառավարիչ մարմին՝ առաջնորդություն տալով նոր կազմավորված քրիստոնեական ժողովին (Գործ. 6։2–4)։ Մ. թ. 49 թ.-ին կառավարիչ մարմնի մեջ միայն առաքյալները չէին։ Երբ որոշվում էր թլփատության հարցը, այդ մարմինը բաղկացած էր «առաքյալներից և երեցներից» (Գործ. 15։1, 2)։ Նրանց պատասխանատվությունն էր քննել տարբեր հարցեր, որոնք ինչ-որ ձևով առնչվում էին բոլոր քրիստոնյաներին։ Նրանք նամակներ էին ուղարկում և իրենց որոշումների մասին հայտնում ժողովներին՝ այդպիսով զորացնելով եղբայրներին և օգնելով, որ աշակերտները մտքով ու գործով միաբան լինեն։ Ժողովները հետևում էին կառավարիչ մարմնի առաջնորդությանը. արդյունքում ստանում էին Եհովայի օրհնությունը և բարգավաճում էին (Գործ. 8։1, 14, 15; 15։22–31; 16։4, 5; Եբր. 13։17)։
2 Առաքյալների մահից հետո եկավ մեծ հավատուրացությունը (2 Թեսաղ. 2։3–12)։ Ինչպես կանխագուշակել էր Հիսուսը ցորենի և որոմների մասին առակում, ցորենի (օծյալ քրիստոնյաների) հետ ցանվեցին նաև որոմներ (կեղծ քրիստոնյաներ)։ Դարերի ընթացքում թե՛ ցորենը, թե՛ որոմները միասին աճեցին մինչև հնձի ժամանակը՝ «աշխարհի վախճանը» (Մատթ. 13։24–30, 36–43)։ Այս ընթացքում առանձին օծյալ քրիստոնյաներ ունեին Հիսուսի հաճությունը, սակայն կառավարիչ մարմին չկար, երկրի վրա չկար հստակ միջոց, որով Հիսուսը կառաջնորդեր իր հետևորդներին (Մատթ. 28։20)։ Սակայն նա կանխագուշակել էր, որ այդ միջոցը կհայտնվի հնձի ընթացքում։
3 «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»։ Այս հարցի հետ կապված՝ Հիսուսը մի այլաբանություն օգտագործեց, որը կազմում է «աշխարհի վախճանի նշանի» բաղկացուցիչ մասը (Մատթ. 24։3, 42–47)։ Հիսուսը ցույց տվեց, որ այդ «ծառան» զբաղված էր լինելու Աստծու ժողովրդին «ճիշտ ժամանակին» հոգևոր կերակուր տալով։ Ինչպես որ առաջին դարում ոչ թե մեկ անձնավորություն, այլ տղամարդկանց մի խումբ էր առաջնորդություն տալիս, այնպես էլ հավատարիմ ծառան, որին Հիսուսը առաջնորդելու էր աշխարհի վախճանի ընթացքում, մեկ անձնավորություն չէր լինելու։
Ո՞Վ Է «ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԾԱՌԱՆ»
4 Ո՞ւմ էր Հիսուսը հանձնարարել իր հետևորդներին հոգևոր կերակուր տալու գործը։ Ինչ խոսք, երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաներին։ Աստվածաշունչը նրանց անվանում է «թագավորական քահանայություն», որին հանձնարարված է «ամենուրեք հռչակել գերազանց հատկությունները նրա, ով խավարից կանչեց [նրանց] իր սքանչելի լույսի մեջ» (1 Պետ. 2։9; Մաղ. 2։7; Հայտն. 12։17)։ Արդյոք երկրի վրա ապրող բոլո՞ր օծյալներն են կազմում իմաստուն ծառան։ Ո՛չ։ Երբ Հիսուսը հրաշքով կերակրեց մոտ 5 000 հոգու՝ չհաշված կանանց ու երեխաներին, նա կերակուրը բաժանեց իր աշակերտներին, աշակերտներն էլ բաժանեցին ժողովրդին (Մատթ. 14։19)։ Նա քչերի միջոցով կերակրեց շատերին։ Այսօր նույն ձևով նա տալիս է մեզ հոգևոր կերակուր։
5 Փաստորեն, «հավատարիմ և իմաստուն տնտեսը» օծյալ եղբայրների մի փոքր խումբ է, որը անմիջականորեն մասնակցում է հոգևոր կերակուր պատրաստելու և մատակարարելու գործին Քրիստոսի ներկայության ժամանակ (Ղուկ. 12։42)։ Վերջին օրերի ողջ ընթացքում «հավատարիմ և իմաստուն ծառան» կազմող օծյալ եղբայրները միասին ծառայել են գլխավոր վարչությունում։ Այսօր այդ օծյալները կազմում են Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը։
6 Քրիստոսն օգտագործում է այս խմբին, որ տեղեկություններ հայտնի Աստվածաշնչի մարգարեությունների կատարման վերաբերյալ, ինչպես նաև տա ժամանակահարմար առաջնորդություն Աստվածաշնչի սկզբունքները կյանքում կիրառելու առնչությամբ։ Այս հոգևոր կերակուրը ուղարկվում է Եհովայի վկաների ժողովներ (Ես. 43։10; Գաղ. 6։16)։ Աստվածաշնչյան ժամանակներում վստահելի ծառան, կամ՝ տնտեսը վարում էր տան գործերը։ Նմանապես, հավատարիմ և իմաստուն ծառայի պատասխանատվությունն է ղեկավարել այն ամենը, ինչ պատկանում է Քրիստոսին։ Այդ ամենի մեջ մտնում են նյութական միջոցները, քարոզչական գործը, համաժողովները, վերակացուներ նշանակելը, որոնք կազմակերպության մեջ տարբեր պատասխանատվություններ են կրում, ինչպես նաև աստվածաշնչյան գրականության հրատարակումը, և այս ամենը մեծ օգուտներ է բերում «տան անդամներին» (Մատթ. 24։45)։
7 Իսկ ովքե՞ր են տան անդամները։ Նրանք, ովքեր ստանում են կերակուրը։ Վերջին օրերի սկզբնական շրջանում տան բոլոր անդամները օծյալներ էին։ Հետագայում տան անդամներ դարձան նաև նրանք, ովքեր մտնում են «ուրիշ ոչխարների» մեծ բազմության մեջ (Հովհ. 10։16)։ Երկու խումբն էլ օգտվում է հավատարիմ ծառայի կողմից ճիշտ ժամանակին տրվող հոգևոր կերակրից։
8 Մեծ նեղության ժամանակ, երբ Հիսուսը դատի այս չար աշխարհին, հավատարիմ և իմաստուն ծառային կնշանակի «իր ողջ ունեցվածքի վրա» (Մատթ. 24։46, 47)։ Նրանք, ովքեր հավատարիմ ծառայի անդամներ են, կստանան իրենց երկնային վարձատրությունը։ 144 000-ի մյուս անդամների հետ նրանք կդառնան Քրիստոսի իշխանակիցները։ Ու թեև այլևս չի լինի հավատարիմ և իմաստուն ծառա երկրի վրա, Եհովան ու Հիսուսը Մեսիական Թագավորության երկրային հպատակներին կառաջնորդեն նշանակված «իշխանների» միջոցով (Սաղ. 45։16)։
ԻՆՉՈ՞Ւ «ՀԻՇԵԼ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ»
9 Մենք բազում հիմքեր ունենք «հիշելու նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում», ինչպես նաև վստահելու այդ տղամարդկանց։ Ինչո՞ւ է այդպես անելը մեր օգտին ծառայում։ Պողոս առաքյալը գրեց. «Նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին և դրա համար հաշիվ պիտի տան։ Այդպես վարվեք, որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբր. 13։17)։ Ուստի կարևոր է, որ հնազանդվենք ու հպատակվենք առաջնորդություն վերցնող այդ տղամարդկանց, քանի որ նրանք անդադար հոգ են տանում մեր մասին, որպեսզի մենք հոգևորապես պաշտպանված և ապահով լինենք։
10 1 Կորնթացիներ 16։14-ում գրված է. «Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն»։ Աստծու ժողովրդի օգտին կայացրած որոշումները հիմնված են այս վեհ հատկության՝ սիրո վրա։ Այդ մասին 1 Կորնթացիներ 13։4–8-ում կարդում ենք. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում»։ Ուստի մենք բոլոր հիմքերն ունենք մեզ ապահով զգալու նման առաջնորդության ներքո, քանի որ Եհովայի ծառաների օգտին կայացրած բոլոր որոշումների հիմքում սերն է ընկած։ Ավելին, դա Եհովայի սիրո արտացոլումն է։
Անչափ կարևոր է հպատակվել նրանց, ովքեր հոգ են տանում մեր մասին, որպեսզի մենք հոգևորապես ապահով լինենք
11 Ինչպես առաջին դարում, այնպես էլ հիմա Եհովան անկատար մարդկանց միջոցով է առաջնորդում իր ժողովրդին։ Իր կամքն իրագործելու համար Եհովան անցյալում նույնպես անկատար մարդկանց է օգտագործել։ Նա Նոյին պատվիրեց տապան կառուցել և քարոզել գալիք կործանման մասին (Ծննդ. 6։13, 14, 22; 2 Պետ. 2։5)։ Մովսեսը Եհովայի ժողովրդին Եգիպտոսից դուրս բերելու հանձնարարություն ստացավ (Ելք 3։10)։ Սուրբ ոգով ներշնչված անկատար մարդիկ գրի առան Աստվածաշունչը (2 Տիմոթ. 3։16; 2 Պետ. 1։21)։ Այն, որ Եհովան այսօր էլ է օգտագործում անկատար մարդկանց, որպեսզի առաջնորդի քարոզելու և աշակերտ պատրաստելու գործը, չի նվազեցնում մեր վստահությունը Աստծու կազմակերպության նկատմամբ։ Ընդհակառակը՝ մենք զորանում ենք, քանի որ գիտենք, որ առանց Եհովայի աջակցության կազմակերպությունը երբեք չէր կարող անել այն ամենը, ինչ անում է այսօր։ Անցնելով բազում փորձությունների և դժվարությունների միջով՝ հավատարիմ ծառան ցույց է տվել, որ ամեն բան Աստծու ոգու առաջնորդությամբ է արվում։ Եհովայի կազմակերպության երկրային մասն այսօր առատ օրհնություններ է վայելում։ Այդ պատճառով մենք ամբողջ սրտով աջակցում և վստահում ենք կազմակերպությանը։
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
12 Այն անհատները, ովքեր պատասխանատվություններ ունեն ժողովում, ցույց են տալիս իրենց վստահությունը Եհովայի ու նրա հիմնած կառույցի հանդեպ, երբ ուրախությամբ ընդունում և հավատարմորեն կատարում են իրենց պարտականությունները (Գործ. 20։28)։ Որպես Թագավորությունը հռչակողներ՝ մենք եռանդորեն մասնակցում ենք տնետուն ծառայությանը, վերայցելություններ ենք կատարում և Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնում (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Որպեսզի լիարժեք օգուտներ քաղենք հոգևոր առատ կերակրից, որ տալիս է «հավատարիմ և իմաստուն ծառան», մենք նախապես պատրաստվում ենք և ներկա ենք լինում քրիստոնեական հանդիպումներին, այդ թվում նաև համաժողովներին։ Մենք մեծ օգուտներ ենք քաղում փոխադարձ քաջալերանքից, որը ստանում ենք քրիստոնեական հանդիպումների ժամանակ՝ ընկերակցելով մեր եղբայրների ու քույրերի հետ (Եբր. 10։24, 25)։
13 Մեր վստահությունը «հավատարիմ ծառայի» հանդեպ դրսևորում ենք նաև, երբ նյութապես աջակցում ենք կազմակերպությանը՝ նվիրաբերություններ անելով (Առակ. 3։9, 10)։ Իսկ երբ տեսնում ենք, որ մեր հավատակիցները կարիքի մեջ են, առանց հապաղելու օգնության ձեռք ենք մեկնում (Գաղ. 6։10; 1 Տիմոթ. 6։18)։ Մենք դա անում ենք եղբայրասիրությունից մղված և միշտ առիթներ ենք փնտրում, որ ցույց տանք Եհովային ու նրա կազմակերպությանը, որ անչափ գնահատում ենք մեր հանդեպ ցուցաբերված բարությունը (Հովհ. 13։35)։
14 Մենք ցույց ենք տալիս նաև, որ վստահում ենք հավատարիմ ծառային, երբ թիկունք ենք կանգնում նրա կայացրած որոշումներին։ Դա նշանակում է խոնարհաբար հետևել շրջանային վերակացուների և ժողովում ծառայող երեցների առաջնորդությանը։ Այս եղբայրները նույնպես «առաջնորդություն են վերցնում», ուստի մենք պետք է հնազանդվենք ու հպատակվենք նրանց (Եբր. 13։7, 17)։ Նույնիսկ եթե լիովին չենք հասկանում, թե ինչու են նման որոշումներ կայացվում, գիտենք, որ այդ որոշումներին հետևելը մեզ տևական օգուտներ կբերի։ Արդյունքում Եհովան օրհնում է մեզ իր Խոսքին և կազմակերպությանը հնազանդվելու համար։ Այդպիսով ցույց ենք տալիս, որ հպատակվում ենք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։
15 Այո՛, մենք բոլոր հիմքերն ունենք լիովին վստահելու «հավատարիմ և իմաստուն ծառային»։ Սատանան՝ այս աշխարհի աստվածը, ամեն ջանք գործադրում է, որ անարգանք բերի Եհովայի անվան ու նրա կազմակերպության վրա (2 Կորնթ. 4։4)։ Մի՛ դարձեք Սատանայի չար գործելակերպի զոհը (2 Կորնթ. 2։11)։ Նա գիտի, որ մինչ անդունդ նետվելը իրեն «քիչ ժամանակ» է մնացել, և փորձում է Եհովայի ժողովրդից հնարավորինս շատ մարդկանց իր հետ տանել դեպի կործանում (Հայտն. 12։12)։ Քանի որ Սատանան ավելի է լարում իր ուժերը, մենք է՛լ ավելի պետք է մոտենանք Եհովային։ Թող որ լիովին վստահենք Եհովային և այն միջոցին, որը նա այսօր օգտագործում է իր ժողովրդին առաջնորդելու համար։ Եթե յուրաքանչյուրս այդպես վարվի, մեր եղբայրությունը միասնական ու միաբանված կլինի։