Գիտեի՞ք արդյոք
Ի՞նչ կարող ենք սովորել Պետրոս առաքյալից այն մասին, որ նա մինչև Կոռնելիոսի մոտ գնալու պատվեր ստանալը մնաց կաշեգործի տանը։
▪ «Գործեր» գրքում ասվում է, որ Պետրոսը «շատ օրեր մնաց Հոպպեում ոմն Սիմոնի՝ մի կաշեգործի մոտ», որի «տունը ծովի մոտ էր» (Գործեր 9։43; 10։6)։ Կաշեգործի աշխատանքը անմաքուր էր համարվում, և հրեաների կարծիքով՝ սա ստորացուցիչ գործ էր։ Ըստ Թալմուդի՝ կաշեգործները գոմաղբ հավաքողներից ցածր էին դասվում։ Գործի բերումով՝ Սիմոնը միշտ առնչվում էր կենդանիների դիակների հետ։ Դա նշանակում էր, որ նա մշտապես ծիսականորեն անմաքուր էր համարվում (Ղևտական 5։2; 11։39)։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Սիմոնը թերևս իր գործի մեջ օգտագործել է ծովի ջուրը, և իր արհեստանոցը հավանաբար գտնվել է քաղաքի ծայրամասում, քանի որ կաշեգործի աշխատանքը «գարշահոտություն առաջ բերող պրոցես էր»։
Չնայած այս ամենին՝ Պետրոսը, ակներևաբար, չառարկեց և պատրաստ էր մնալու Սիմոնի տանը։ Առաքյալի այս քայլը ցույց է տալիս, որ նա, ըստ ամենայնի, մերժել էր հրեաների կանխակալ կարծիքը այն մարդկանց մասին, ովքեր անմաքուր էին համարվում։ Իրականում Պետրոսն ընդօրինակեց Հիսուսին, որը ժամանակին ճիշտ այդպես էր վարվել (Մատթեոս 9։11; Ղուկաս 7։36–50)։
Ի՞նչ էին նշանակում Հիսուսի այս խոսքերը՝ «դո՛ւ ասացիր»
▪ Երբ Կայիափան՝ հրեաների քահանայապետը, պահանջեց, որ Հիսուսը հանրապես ասի, թե արդյոք ինքն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, վերջինս պատասխանեց. «Դո՛ւ ասացիր» (Մատթեոս 26։63, 64)։ Ի՞նչ նկատի ուներ նա։
Հիսուսը չէր փորձում խույս տալ Կայիափայի հարցից։ «Դու ասացիր» արտահայտությունը ակներևաբար հրեական լեզվում տարածված արտահայտություն էր, որը հաստատում էր տվյալ պնդման ճշմարիտ լինելը։ Օրինակ՝ Երուսաղեմի Թալմուդում՝ հրեական կրոնական մի աշխատության մեջ, որը կազմվել է մ.թ. չորրորդ դարում, պատմվում է մի հրեայի մասին, որը այն հարցին, թե արդյոք ռաբբին մահացել է, պատասխանեց՝ «դու ասացիր»։ Այսպիսով հրեան ուզում էր հաստատել ռաբբիի մահվան փաստը։
Հիսուսն ընդունում էր, որ քահանայապետը իրավունք ունի իրեն երդվեցնելու, որպեսզի ինքը ասի ճշմարտությունը։ Բացի այդ, եթե Հիսուսը լուռ մնար, կարող էին ասել, որ նա մերժում է իր՝ Քրիստոս լինելը։ Ուստի երբ ասաց «դո՛ւ ասացիր», Հիսուսը հաստատեց քահանայապետի խոսքերը։ Իսկ զուգահեռ արձանագրության մեջ՝ «Մարկոս» գրքում, երբ Կայիափան հարցրեց, թե արդյոք նա է Մեսիան, Հիսուսը քաջաբար պատասխանեց՝ «ես եմ» (Մարկոս 14։62; տե՛ս նաև Մատթեոս 26։25 և Մարկոս 15։2)։
[նկար 18-րդ էջի վրա]
ԿԱՇԵԳՈՐԾԱՐԱՆ ՖԵՍՈՒՄ (ՄԱՐՈԿԿՈ)