Ինչպես հասնել իսկական երջանկության
ԵՀՈՎԱՆ՝ ‘երանելի Աստվածը’, և Հիսուս Քրիստոսը՝ «Երանելին եւ միայն Հզօրը», բոլորից լավ գիտեն, թե ինչ է հարկավոր երջանիկ լինելու համար (Ա Տիմոթէոս 1։11; 6։15)։ Ուստի զարմանալի չէ, որ Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում, կարելի է գտնել երջանկության բանալին (Յայտնութիւն 1։3; 22։7)։
Իր հռչակավոր Լեռան քարոզում Հիսուսը բացատրեց, թե ինչը կարող է երջանկացնել մարդուն։ Նա երջանիկ անվանեց՝ 1) իրենց հոգևոր կարիքները գիտակցողներին, 2) սգավորներին, 3) հեզերին, 4) նրանց, որ սոված և ծարավ են արդարությանը, 5) ողորմածներին, 6) մաքուր սիրտ ունեցողներին, 7) խաղաղություն սիրողներին, 8) արդարության համար հալածվածներին և 9) նրա անվան համար նախատվածներին ու հալածվածներին (Մատթէոս 5։3 ՆԱ, 4–11)։a
Արդյո՞ք Հիսուսը իրավացի էր
Հիսուսի այդ խոսքերից մի քանիսի ճշմարտացիությունը փաստելու համար մի փոքր բացատրություն է հարկավոր։ Ո՞վ չի համաձայնվի, որ հեզ, ողորմած և խաղաղասեր անհատը, որ գործում է մաքուր սրտով, ավելի երջանիկ է, քան զայրացած, ագրեսիվ և անողորմ անձնավորությունը։
Սակայն մեր մեջ գուցե հարց առաջանա, թե ինչպես կարող են արդարության սոված ու ծարավ կամ սգավոր մարդիկ երանելի կոչվել։ Բանն այն է, որ նման անհատները իրատեսորեն են նայում աշխարհում տիրող պայմաններին։ Նրանք «հառաչում եւ ողբում են [մեր օրերում կատարվող] բոլոր պղծութիւնների համար» (Եզեկիէլ 9։4)։ Սա ինքնին այդ մարդկանց երջանիկ չի դարձնում։ Բայց երբ նրանք տեղեկանում են, որ Աստված նպատակ ունի արդարություն հաստատել երկրի վրա և օգնել անարդարության զոհ դարձածներին, անսահման ուրախություն են ապրում (Եսայիա 11։4)։
Բացի դրանից, արդարության հանդեպ սերը մղում է որոշ անհատների ողբալ այն բանի համար, որ նրանք հաճախ թերանում են ճիշտն անել։ Սա ցույց է տալիս որ նրանք գիտակցում են իրենց հոգևոր կարիքները։ Նման անհատները ցանկանում են Աստծո կողմից առաջնորդություն ստանալ, քանզի հասկանում են, որ միայն նա կարող է օգնել մարդուն հաղթահարել իր թերությունները (Առակաց 16։3, 9; 20։24)։
Սգավոր, արդարության ծարավ, ինչպես նաև իրենց հոգևոր կարիքները գիտակցող մարդիկ հասկանում են, որ շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ Արարչի հետ։ Երջանկության կարելի է հասնել՝ անգամ մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ ունենալով, առավել ևս եթե լավ փոխհարաբերությունների մեջ լինենք Աստծո հետ։ Այո, այն անհատները, ովքեր իրոք սիրում են արդարությունը և ընդունում են Աստծո առաջնորդությունը, իսկապես կարող են երջանիկ կոչվել։
Ձեզ գուցե դժվար լինի հավատալ նաև, որ հնարավոր է երջանիկ լինել՝ հալածվելով ու նախատվելով հանդերձ։ Սակայն դա պիտի որ ճշմարիտ լինի, քանի որ Հիսուսն ինքն է այդպես ասել։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ նրա խոսքերը։
Հալածված, բայց երջանիկ. ինչպե՞ս է հնարավոր
Ուշագրավ է, որ Հիսուսը չասաց, թե նախատինքներն ու հալածանքն են երջանկություն բերում։ Նա այսպիսի պայման ավելացրեց. «Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են.... երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն.... իմ պատճառովը» (Մատթէոս 5։10, 11)։ Ուստի նախատինքի ենթարկվող մարդը երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե տառապանքներ կրի Քրիստոսի հետևորդը լինելու և նրա ավանդած արդար սկզբունքներով առաջնորդվելու համար։
Սա երևում է առաջին քրիստոնյաների օրինակից։ Մի անգամ հրեական բարձրագույն ատյանի անդամները «առաքեալներին կանչեցին՝ ծեծեցին, եւ պատուէր տուին, որ չ’խօսեն Յիսուսի անունովը. եւ արձակեցին նորանց»։ Ինչպիսի՞ն էր առաքյալների արձագանքը։ «Նորանք ուրախանալով գնացին ատեանի երեսիցը. որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ։ Եւ բոլոր օրը չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել» (Գործք 5։40–42; 13։50–52)։
Այն մասին, որ, նախատինքի ենթարկվելով հանդերձ, հնարավոր է երջանիկ լինել, խոսում է նաև Պետրոս առաքյալը։ Նա գրում է. «Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ» (Ա Պետրոս 4։14)։ Այո՛, որքան էլ ծանր լինի տառապանք կրել ճիշտն անելու համար, քրիստոնյան իրեն երջանիկ կզգա այն բանի գիտակցումից, որ ստանում է Աստծո սուրբ ոգին։ Իսկ ինչպե՞ս է Աստծո ոգին առնչվում երջանկության հետ։
Մարմնի գործե՞րը, թե՞ ոգու պտուղը
Աստծո ոգին ստանում են միայն նրանք, ովքեր հնազանդվում են Աստծուն (Գործք 5։32)։ Եհովան իր սուրբ ոգին չի տալիս այն մարդկանց, որոնք սովորություն ունեն կատարելու «մարմնի գործերը»։ Այդ գործերն են՝ «շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանմունքներ, չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են» (Գաղատացիս 5։19–21)։ Ինչ խոսք, աշխարհում «մարմնի գործերը» այսօր սովորական բան են դարձել։ Սակայն այդ գործերով զբաղվող մարդիկ իսկական ու հարատև երջանկություն չեն վայելում։ Ընդհակառակը՝ նման գործերը խզում են մարդու լավ փոխհարաբերությունները իր հարազատների, ընկերների ու ծանոթների հետ։ Բացի այդ, Աստծո Խոսքում ասվում է, որ նման բաներով զբաղվողները «Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ»։
Մինչդեռ Արարիչը իր ոգին տալիս է նրանց, ովքեր մշակում են ‘ոգու պտուղը’։ Այդ պտուղը կազմող հատկություններն են՝ «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղատացիս 5։22, 23)։ Այս հատկությունները ցուցաբերելով՝ մենք խաղաղ փոխհարաբերություններ կունենանք ինչպես մարդկանց, այնպես էլ Աստծո հետ և արդյունքում իսկական երջանկություն կվայելենք (տե՛ս շրջանակը)։ Իսկ որ ավելի կարևոր է, դրսևորելով սեր, բարություն, քաղցրություն և Աստծուն հաճելի այլ հատկություններ՝ մենք կգոհացնենք Եհովային և ձեռք կբերենք Աստծո արդար նոր աշխարհում հավիտյան ապրելու ուրախալի հույսը։
Երջանկությունը կախված է ընտրությունից
Երբ Վոլֆգանգն ու Բրիջիթը՝ Գերմանիայում ապրող մի ամուսնական զույգ, սկսեցին լրջորեն ուսումնասիրել Աստվածաշունչը, նրանք նյութական շատ բաներ ունեին՝ այնպիսի բաներ, որոնք, մարդկանց կարծիքով, անհրաժեշտ են երջանիկ լինելու համար։ Նրանք երիտասարդ էին ու առողջ, թանկարժեք հագուստներ էին կրում, ապրում էին գեղեցիկ տան մեջ և ունեին հաջող բիզնես։ Ժամանակի մեծ մասը նրանք ծախսում էին իրենց ունեցվածքը ավելացնելու վրա, ինչը, սակայն, իսկական երջանկություն չէր բերում։ Որոշ ժամանակ անց Վոլֆգանգն ու Բրիջիթը չափազանց կարևոր մի որոշում կայացրեցին։ Նրանք սկսեցին ավելի շատ ժամանակ տրամադրել հոգևոր արժեքներին ու ջանք թափել Եհովային ավելի մոտենալու։ Շնորհիվ դրա՝ կարճ ժամանակ անց Վոլֆգանգն ու Բրիջիթը փոխեցին իրենց հայացքները, ինչն իր հերթին մղեց նրանց ապրել ավելի պարզ կյանքով և ծառայել որպես ռահվիրաներ՝ Թագավորության լիաժամ ավետարանիչներ։ Այսօր Վոլֆգանգն ու Բրիջիթը ծառայում են Եհովայի վկաների՝ Գերմանիայի մասնաճյուղում։ Ավելին, նրանք սովորում են ասիական լեզուներից մեկը, որպեսզի օգնեն օտարազգի մարդկանց սերտելու ճշմարտությունը Աստծո Խոսքից՝ Աստվածաշնչից։
Արդյո՞ք այս զույգը իսկական երջանկություն գտավ։ Ահա թե ինչ է ասում Վոլֆգանգը. «Այն ժամանակվանից, ինչ սկսեցինք ավելի շատ զբաղվել հոգևոր գործերով, ավելի մեծ երջանկություն ու բավականություն ենք զգում։ Եհովային ամբողջ սրտով ծառայելը ամրացրել է մեր ամուսնական միությունը։ Թեպետ ամուսնական կյանքում մենք մինչ այդ էլ էինք երջանիկ, սակայն ունեինք պարտականություններ ու հետաքրքրություններ, որոնք մեզ իրարից հեռացնում էին։ Իսկ հիմա միասնաբար ծառայում ենք նույն նպատակին»։
Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար
Ինչպես տեսանք, հարկավոր է խուսափել ‘մարմնի գործերից’ և զարգացնել ‘ոգու պտուղը’։ Երջանիկ լինելու համար մարդը պետք է ձգտի մտերիմ հարաբերություններ ունենալ Աստծո հետ։ Այն անձնավորությունը, որը ջանք է թափում դրան հասնելու, կհամապատասխանի երջանիկ մարդու վերաբերյալ Հիսուսի նկարագրությանը։
Ուրեմն՝ սխալմամբ մի եզրակացրեք, թե երջանկությունը անհասանելի բան է։ Ինչ խոսք, հնարավոր է, որ ներկայումս վատառողջ լինեք կամ նույնիսկ խնդիրներ ունենաք ձեր կողակցի հետ, զրկված լինեք ծնող լինելու ուրախությունից կամ պայքարել հաջող կարիերա ստեղծելու համար։ Միգուցե ձեր գրպանն այնքան լիքը չէ, որքան նախկինում։ Այնուամենայնիվ, հուսահատվելու կարիք չկա։ Աստծո Թագավորությունը կլուծի ինչպես այս խնդիրները, այնպես էլ հարյուրավոր ուրիշ խնդիրներ։ Շուտով Եհովա Աստված կիրականացնի իր խոստումը, որի մասին սաղմոսերգուն ասել է. «Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է.... Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» (Սաղմոս 145։13, 16)։ Եհովայի այս մխիթարական խոստումը մտքում պահելով՝ ձեզ շատ ավելի երջանիկ կզգաք արդեն այսօր։ Դա կարող են փաստել աշխարհի բոլոր ծայրերում ապրող միլիոնավոր այն անհատները, ովքեր ծառայում են Եհովային (Յայտնութիւն 21։3)։
[ծանոթագրություն]
a «Երանիներ» անվանումը ստացած այս ինը խոսքերը սկսվում են հունարեն մակա՛րիի բառով։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններ այս բառը փոխանցում են «օրհնյալ են» ձևով, սակայն «Նոր աշխարհ թարգմանությունը», ինչպես նաև ուրիշ, օրինակ՝ հայերեն թարգմանությունները, օգտագործում են շատ ավելի ճշգրիտ տարբերակ՝ «երանելի», կամ՝ «երջանիկ»։
[շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]
Երջանկությանը նպաստող գործոններ
Սերը մղում է մարդկանց պատասխան սեր ցուցաբերել ձեր հանդեպ։
Ուրախությունը դժվարություններին դիմագրավելու ուժ կտա ձեզ։
Խաղաղությունը կօգնի, որ համերաշխություն պահպանեք բոլորի հետ։
Երկայնամտությունը կօգնի, որ երջանիկ մնաք նույնիսկ փորձության ներքո։
Քաղցրությունը ձեզ հետ մտերմանալու ցանկություն կառաջացնի մարդկանց մեջ։
Բարություն ցուցաբերեք, և ուրիշները օգնության ձեռք կմեկնեն, երբ դրա կարիքն ունենաք։
Հավատ դրսևորեք և անպայման կտեսնեք, թե ինչպես է Աստված սիրով առաջնորդում ձեզ։
Հեզությունը ձեզ մտավոր, զգացական և ֆիզիկական հանգստություն կպարգևի։
Ինքնատիրապետում ցուցաբերելու շնորհիվ ձեր սխալները կնվազեն։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Երջանկության հասնելու համար պետք է բավարարեք ձեր հոգևոր կարիքները