ԳԼՈՒԽ 129
Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»
ՄԱՏԹԵՈՍ 27։15–17, 20–30 ՄԱՐԿՈՍ 15։6–19 ՂՈՒԿԱՍ 23։18–25 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։39–19։5
ՊԻՂԱՏՈՍԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ
ՀՐԵԱՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՐԱԲԲԱՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ
ՀԻՍՈՒՍԻՆ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ ՈՒ ԽԱՐԱԶԱՆՈՒՄ
Պիղատոսը Հիսուսի մահը ցանկացող ամբոխին ասում է. «Այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա, որ համապատասխաներ նրա դեմ ուղղված ձեր մեղադրանքներին։ Հերովդեսն էլ չգտավ» (Ղուկաս 23։14, 15)։ Ապա նա Հիսուսին ազատելու համար մեկ այլ միջոց է փորձում։ Նա ասում է մարդկանց. «Դուք սովորություն ունեք, որ Պասեքին ձեզ համար մի մարդ ազատ արձակեմ։ Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ» (Հովհաննես 18։39)։
Պիղատոսը գիտի, որ բանտարկյալների մեջ կա Բարաբբա անունով մի մարդ, որը հայտնի է որպես կողոպտիչ, խռովարար ու մարդասպան։ Ուստի նա հարցնում է. «Ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ այսպես կոչված Քրիստոսին»։ Ավագ քահանաների դրդմամբ ժողովուրդն ասում է, որ Բարաբբային ազատ արձակի, ոչ թե Հիսուսին։ Պիղատոսը կրկին հարցնում է. «Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար»։ Ամբոխը բացականչում է. «Բարաբբայի՛ն» (Մատթեոս 27։17, 21)։
Պիղատոսը ճարահատյալ հարցնում է. «Այդ դեպքում ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Ամբոխը բղավում է. «Թող ցցի՛ն գամվի» (Մատթեոս 27։22)։ Նրանք, առանց խղճի խայթ զգալու, պահանջում են, որ մահվան մատնվի անմեղ մի մարդ։ Պիղատոսն ասում է. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել այս մարդը։ Մահվան արժանի ոչինչ չգտա նրա մեջ. ուստի կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ» (Ղուկաս 23։22)։
Չնայած Պիղատոսի բոլոր ջանքերին՝ կատաղած ամբոխը միաձայն բղավում է. «Թող ցցի՛ն գամվի» (Մատթեոս 27։23)։ Կրոնական առաջնորդների հրահրմամբ մարդիկ այնպես են մոլեգնել, որ ուզում են՝ արյուն թափվի, այն էլ ոչ թե ինչ-որ հանցագործի արյուն, այլ մի անմեղ մարդու։ Մինչդեռ ընդամենը հինգ օր առաջ այդ մարդուն ուրախությամբ ողջունել են որպես Թագավորի, երբ նա մտնում էր Երուսաղեմ։ Թերևս այնտեղ ներկա են նաև Հիսուսի աշակերտները, սակայն փորձում են աննկատ մնալ։
Պիղատոսը, տեսնելով, որ իր ջանքերն ապարդյուն են անցնում, և ժողովրդի մեջ խռովություն է բարձրանում, ջուր է վերցնում ու բոլորի առաջ լվանալով իր ձեռքերը՝ ասում է. «Ես անմեղ եմ այս մարդու արյունից։ Դո՛ւք տեսեք»։ Սակայն նույնիսկ դա չի ազդում ամբոխի վրա։ Նրանք պատասխանում են. «Նրա արյունը մեզ ու մեր երեխաների վրա թող լինի» (Մատթեոս 27։24, 25)։
Կուսակալ Պիղատոսն ավելի շատ ցանկանում է հաճեցնել ամբոխին, քան անել այն, ինչ ճիշտ է։ Ուստի նա կատարում է նրանց ուզածը և ազատ է արձակում Բարաբբային։ Ապա պատվիրում է, որ Հիսուսին մերկացնեն ու խարազանեն։
Այդ դաժան ծեծից հետո զինվորները Հիսուսին տանում են կուսակալի պալատ։ Այնտեղ է հավաքվում զորագունդը և ծաղրուծանակի ու անարգանքի է ենթարկում Հիսուսին։ Նրանք փշերից մի պսակ են պատրաստում ու դնում նրա գլխին՝ որպես «թագ»։ Զինվորները մի եղեգ են դնում Հիսուսի աջ ձեռքի մեջ և նրան հագցնում են ծիրանի զգեստ, ինչպիսին թագավորներն են կրում։ Ապա ծաղրանքով ասում են. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր» (Մատթեոս 27։28, 29)։ Նրանք նաև թքում են Հիսուսի վրա և ապտակում նրան։ Հետո Հիսուսի ձեռքից վերցնում են եղեգը ու դրանով խփում նրա գլխին, և պսակի փշերը ավելի խորն են մխրճվում նրա գլխի մաշկի մեջ։
Չնայած այս ամենին՝ Հիսուսը մեծ կամքի ուժ է դրսևորում ու արժանապատվորեն կրում այդ նախատինքը։ Դա այնքան է տպավորում Պիղատոսին, որ նա կրկին փորձում է ազատ արձակել նրան ու այդպիսով ազատվել պատասխանատվությունից։ Նա ասում է. «Ահա ես նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որպեսզի իմանաք, որ նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ Հնարավոր է՝ նա մտածում է, որ եթե մարդիկ Հիսուսին տեսնեն արյունլվա ու տանջահար վիճակում, նրանց սիրտը կփափկի։ Եվ երբ Հիսուսին կանգնեցնում են այդ անսիրտ ամբոխի առջև, Պիղատոսն ասում է. «Ահա՛ մարդը» (Հովհաննես 19։4, 5)։
Ծեծի ու անարգանքի ենթարկվելով հանդերձ՝ Հիսուսը պահում է իր արժանապատվությունն ու հանդարտությունը։ Նույնիսկ Պիղատոսն է ընդունում դա, քանի որ, ըստ ամենայնի, նրա խոսքերն արտահայտում են խոր հարգանք ու կարեկցանք։