Հիսուսը խաչի՞ վրա է մահացել
Աստվածաշնչի պատասխանը
Շատերը խաչը համարում են քրիստոնեության հիմնական խորհրդանիշը։ Սակայն այն, ինչի վրա Հիսուսը սպանվեց, մանրամասնորեն նկարագրված չէ Աստվածաշնչում։ Ուստի ոչ ոք բացարձակ վստահությամբ չի կարող ասել, թե ինչ ձև է ունեցել այն։ Այդուհանդերձ Աստվածաշնչում կան փաստեր, որ Հիսուսը մահացել է ոչ թե խաչի, այլ ուղղահայաց գերանի վրա։
Աստվածաշնչում հիմնականում օգտագործվում է հունարեն «ստավրոս» բառը, երբ ներկայացվում է, թե ինչի վրա Հիսուսին սպանեցին (Մատթեոս 27:40; Հովհաննես 19:17)։ Թեև Աստվածաշնչի թարգմանություններում հաճախ այն թարգմանվում է որպես խաչ, սակայն շատ աստվածաշնչագետներ համաձայն են, որ այն իրականում ունի ուղղահայաց գերանի իմաստa։ Համաձայն մի աշխատության՝ «ստավրոս» բառը երբեք չի նշանակել և չի նշանակում որևէ անկյան տակ իրար ամրացված երկու փայտե գերան (A Critical Lexicon and Concordance to the English and Greek New Testament)։
Աստվածաշնչում նաև օգտագործվում է հունարեն «քսիլոն» բառը, որը «ստավրոսի» հոմանիշն է (Գործեր 5:30; 1 Պետրոս 2:24)։ Այս բառը նշանակում է «փայտ», «գերան» կամ «ծառ»b։ «The Companion Bible» աշխատության մեջ հետևյալ եզրահանգումն է արվում. «Հունարենում [Նոր Կտակարանում] չկա ոչ մի արձանագրություն, որ դա գերանի երկու կտոր է»։
Պաշտամունքի մեջ խաչի գործածությունը ընդունելի՞ է Աստծուն
Անկախ այն բանից, թե ինչ ձև է ունեցել Հիսուսի մահապատժի «գործիքը», հետևյալ փաստերը և աստվածաշնչյան համարները ցույց են տալիս, որ մենք չպետք է այն գործածենք պաշտամունքի կամ երկրպագության մեջ։
Աստված չի ընդունում այն պաշտամունքը, որի մեջ պատկերներ կամ խորհրդանիշներ են գործածվում, այդ թվում նաև խաչ։ Հնում Աստված պատվիրել էր իսրայելացիներին երկրպագության մեջ «որևէ խորհրդանիշի կերպարանք» չօգտագործել։ Հետագայում նմանատիպ հրահանգ ստացել էին նաև քրիստոնյաները. «Փախեք կռապաշտությունից» (2 Օրենք 4:15–19; 1 Կորնթացիներ 10:14)։
Առաջին դարի քրիստոնյաները երկրպագության մեջ խաչ չեն օգտագործելc։ Ինչ որ առաքյալներն են սովորեցրել, և ինչպես որ նրանք են վարվել, օրինակ է բոլոր քրիստոնյաների համար, որ հետևեն (2 Թեսաղոնիկեցիներ 2:15)։
Պաշտամունքի մեջ խաչի գործածությունը հեթանոսական արմատներ ունիd։ Հիսուսի մահից հարյուրավոր տարիներ հետո, երբ եկեղեցիները շեղվեցին նրա ուսմունքներից, եկեղեցու նոր անդամներին «թույլ էր տրվում պահպանել իրենց հեթանոսական նշաններն ու խորհրդանիշները», այդ թվում նաև խաչը (The Expanded Vine’s Expository Dictionary of New Testament Words)։ Սակայն Աստվածաշնչից հստակ երևում է, որ այլադավան մարդկանց նորահավատ դարձնելու համար հեթանոսական խորհրդանիշներ որդեգրելը անընդունելի է (2 Կորնթացիներ 6:17)։
a Տես նաև հետևյալ անգլերեն աշխատությունները՝ New Bible Dictionary, Third Edition, edited by D. R. W. Wood, էջ 245;Theological Dictionary of the New Testament, հատոր VII, էջ 572; The International Standard Bible Encyclopedia, Revised Edition, հատոր 1, էջ 825 և The Imperial Bible-Dictionary, հատոր II, էջ 84։
b Տես նաև հետևյալ անգլերեն աշխատությունները՝ The Expanded Vine’s Expository Dictionary of New Testament Words, էջ 1165; A Greek-English Lexicon, by Liddell and Scott, Ninth Edition, էջ 1191–1192 և Theological Dictionary of the New Testament, հատոր V, էջ 37։
c Տես հետևյալ անգլերեն աշխատությունները՝ Encyclopædia Britannica, 2003, գլխաբառ՝ «Cross»; The Cross—Its History and Symbolism, էջ 40 և The Companion Bible, Oxford University Press, հավելված 162, էջ 186։
d Տես հետևյալ անգլերեն աշխատությունները՝ The Encyclopedia of Religion, հատոր 4, էջ 165; The Encyclopedia Americana, հատոր 8, էջ 246 և Symbols Around Us, էջ 205–207։