Մարգարեություններ Մեսիայի մասին
ՀՐԵԱՆԵՐԸ դարեր շարունակ սպասել են Մեսիայի գալստին, քանի որ գիտեին, թե ինչ են Եսայիան և այլ մարգարեներ գրել նրա մասին։ Ուստի Հիսուսի օրերում նրանցից շատերը «սպասման մեջ էին», թե երբ է հայտնվելու Մեսիան (Ղուկաս 3։15)։ Ուշագրավ է, որ Աստվածաշնչում մարգարեացվել էին Մեսիայի կյանքին վերաբերող մանրամասները։ Մարդկանցից ոչ ոք չէր կարող կանխագուշակել այս դեպքերը, ավելին, չէր կարող որևէ կերպ ազդել, որ դրանք կատարվեին Հիսուսի օրերում։
Մանրամասներ Մեսիայի ծննդի վերաբերյալ։ Եսայիան մարգարեացել էր, որ Մեսիան՝ Քրիստոսը, ծնվելու է կույսից։ Իսկ Մատթեոս առաքյալը Հիսուսի ծնունդը նկարագրելուց հետո գրեց. «Այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով Եհովայի ասած խոսքերը, որ ասում է՝ «ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի»» (Մատթեոս 1։22, 23; Եսայիա 7։14)։ Եսայիան նաև կանխագուշակել էր, որ Քրիստոսը գալու է Հեսսեի՝ Դավթի հոր սերնդից։ Ճիշտ այդպես էլ եղավ (Մատթեոս 1։6, 16; Ղուկաս 3։23, 31, 32)։ Նախքան Հիսուսի ծնվելը Գաբրիել հրեշտակն ասաց Մարիամին. «Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը» (Ղուկաս 1։32, 33; Եսայիա 11։1–5, 10; Հռոմեացիներ 15։12)։
Մանրամասներ Մեսիայի կյանքի վերաբերյալ։ Ժողովարանում Հիսուսը բարձրաձայն մի հատված կարդաց Եսայիայի մարգարեությունից. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ»։ Հիսուսը մատնանշեց, որ այդ մարգարեությունը իրեն է վերաբերում։ Նա ասաց. «Այս գրությունը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց» (Ղուկաս 4։17–21; Եսայիա 61։1, 2)։ Եսայիան նաև կանխագուշակել էր, որ Հիսուսը խոնարհ անձնավորություն է լինելու, բարությամբ ու մեղմությամբ է վերաբերվելու հիվանդներին։ Իսկ Մատթեոսը գրեց. «Շատերը գնացին նրա հետևից, և նա բոլորին էլ բժշկեց, սակայն խստորեն պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի չհայտնեն, որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը. «.... Նա չի հակաճառի, չի բղավի.... չի կոտրի վնասված եղեգը»» (Մատթեոս 8։16, 17; 12։10–21; Եսայիա 42։1–4; 53։4, 5)։
Մանրամասներ Մեսիայի չարչարանքների վերաբերյալ։ Եսայիան կանխագուշակել էր, որ իսրայելացիների մեծ մասը չի ընդունելու Մեսիային, փոխարենը՝ նրանց համար «գայթակղության քար» է դառնալու (1 Պետրոս 2։6–8; Եսայիա 8։14, 15)։ Եվ իրոք, թեև Հիսուսը բազմաթիվ հրաշքներ էր կատարում, մարդիկ «չէին հավատում նրան, որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի խոսքերը, որ ասաց. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեր լսած լուրին»» (Հովհաննես 12։37, 38; Եսայիա 53։1)։ Պատճառներից մեկը, թե ինչու հրեաները չընդունեցին Հիսուսին որպես Մեսիայի, այն տարածված, սակայն սխալ կարծիքն էր, թե Մեսիան պետք է ազատեր ժողովրդին հռոմեական լծից և երկրի վրա վերահաստատեր Դավթի թագավորությունը։ Բայց քանի որ Հիսուսը չարչարվեց ու մահացավ, հրեաներից շատերը չհավատացին, որ նա է Մեսիան։ Իրականում, սակայն, Եսայիան ասել էր, որ մինչ թագավոր դառնալը Քրիստոսը չարչարվելու է։
Եսայիա գրքում Մեսիան մարգարեաբար ասում է. «Իմ թիկունքը տուի հարուածողներին.... իմ երեսը չ’ծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը»։ Մատթեոսի Ավետարանում հստակ տեսնում ենք այս մարգարեության կատարումը. «[Հիսուսին դատելու ժամանակ] թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան։ Մյուսներն էլ ապտակեցին նրան» (Եսայիա 50։6; Մատթեոս 26։67)։ Ահա մեկ ուրիշ մարգարեություն։ Եսայիան գրեց. «Նա.... չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ»։ Այս մարգարեությունը ևս կատարվեց։ Երբ Պիղատոսը հարցրեց Հիսուսին, թե ինչում են հրեաները մեղադրում նրան, «նա մի բառ անգամ չպատասխանեց նրան, այնպես որ կուսակալը շատ զարմացավ» (Եսայիա 53։7; Մատթեոս 27։12–14; Գործեր 8։28, 32–35)։
Մանրամասներ Մեսիայի մահվան վերաբերյալ։ Եսայիա գրքում կան մարգարեություններ, որոնք վերաբերում են Հիսուսի մահվանն ու դրան հաջորդող դեպքերին։ Մարգարեն կանխագուշակել էր. «Ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը» (Եսայիա 53։9)։ Ինչպե՞ս կատարվեց այս մարգարեությունը։ Երբ Հիսուսը մահացավ, նրան երկու ավազակների հետ ցիցը հանեցին (Մատթեոս 27։38)։ Իսկ հետո Հովսեփ անունով արիմաթեացի մի հարուստ մարդ Հիսուսի մարմինը դրեց իր նոր գերեզմանում, որը փորել էր ժայռի մեջ (Մատթեոս 27։57–60)։ Եվ ամենակարևորը, Հիսուսի մահով իրականացավ մի մարգարեություն ևս։ Խոսելով Մեսիայի մասին՝ Եսայիան ասաց. «Պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց»։ Իրոք, Հիսուսի մահը բոլոր հավատարիմ մարդկանց ազատելու էր մեղքի լծից (Եսայիա 53։8, 11; Հռոմեացիներ 4։25)։
Ուրիշ մարգարեություններ
Գրությունների հիման վրա Մեսիային բնորոշելու համար առաքյալները ավելի շատ մեջբերումներ էին անում Եսայիայի մարգարեությունից, քան Աստվածաշնչի մյուս գրքերից։ Հիսուսն էլ էր հաճախ «Եսայիա» գրքից մեջբերում։ Սակայն այս գիրքը միակը չէ, որը կանխագուշակում է ապագան։ Հին Կտակարանի շատ ուրիշ մարգարեություններում նույնպես խոսվում է Հիսուսի, նրա Թագավորության և բոլոր այն բարի բաների մասին, որ այդ Թագավորությունը կիրագործի ապագայումa (Գործեր 28։23; Հայտնություն 19։10)։ Կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ այս մարգարեությունները կկատարվեն։ Հիսուսը հրեաներին ասաց. «Մի՛ կարծեք, թե ես եկա Օրենքը կամ Մարգարեները [այսինքն՝ Հին Կտակարանը] կործանելու։ Ես եկա ոչ թե կործանելու, այլ կատարելու. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ավելի շուտ երկինքն ու երկիրը կանհետանան, քան թե Օրենքի ամենափոքր տառը կամ տառի մի մասնիկը, մինչև որ բոլոր բաները կատարվեն» (Մատթեոս 5։17, 18)։
Հիսուսը նաև խոսեց Աստվածաշնչի այն մարգարեությունների մասին, որոնք կատարվելու էին առաջին դարում և ապագայում (Դանիէլ 9։27; Մատթեոս 15։7–9; 24։15)։ Ավելի ուշ Հիսուսը և իր աշակերտները կանխագուշակեցին, թե ինչ դեպքեր են տեղի ունենալու ապագայում։ Դրանցից շատերի կատարումը տեսնում ենք այսօր։ Հաջորդ հոդվածում խոսվելու է մեր օրերի և ապագայում տեղի ունենալիք ուրիշ աստվածաշնչային մարգարեությունների մասին։
[ծանոթագրություն]
a Հիսուսին վերաբերող մարգարեությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, էջ 200։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 4–րդ էջի վրա]
«Կույսը.... մի որդի կծնի»
[նկար 5–րդ էջի վրա]
«Իմ երեսը չ’ծածկեցի նախատինքիցը»