-
Ինչպե՞ս է քարոզվում բարի լուրըՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 21
Ինչպե՞ս է քարոզվում բարի լուրը
Շուտով Եհովան իր Թագավորության միջոցով վերացնելու է մարդկանց բոլոր խնդիրները։ Սա այնքան լավ լուր է, որ բոլորը պետք է լսեն։ Հիսուսն ուզում էր, որ իր հետևորդները այդ լուրը հայտնեին բոլորին (Մատթեոս 28։19, 20)։ Ինչպե՞ս են Եհովայի վկաները հետևում Հիսուսի այդ պատվերին։
1. Մեր օրերում ինչպե՞ս են կատարվում Մատթեոս 24։14-ի խոսքերը
Հիսուսը ասել էր, որ «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14)։ Եհովայի վկաները ուրախությամբ մասնակցում են այս կարևոր գործին։ Ամբողջ աշխարհում մենք ավելի քան 1 000 լեզուներով քարոզում ենք բարի լուրը։ Այս հսկայածավալ աշխատանքը մեծ ջանքեր և կազմակերպվածություն է պահանջում, և այն հնարավոր չէր լինի կատարել առանց Եհովայի օգնության։
2. Ի՞նչ ջանքեր ենք գործադրում մարդկանց քարոզելու համար
Մենք քարոզում ենք բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է հանդիպել մարդկանց, և առաջին դարի քրիստոնյաների պես քարոզում ենք «տնից տուն» (Գործեր 5։42)։ Քարոզելու այս մեթոդի շնորհիվ ամեն տարի միլիոնավոր մարդկանց հետ ենք զրուցում։ Քանի որ մարդիկ միշտ չէ, որ տանն են լինում, մենք նրանց քարոզում ենք նաև հանրային վայրերում։ Մենք միշտ առիթներ ենք փնտրում, որ պատմենք մարդկանց Եհովայի և նրա նպատակների մասին։
3. Ո՞վ պետք է քարոզի բարի լուրը
Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պատասխանատվություն ունեն քարոզելու բարի լուրը, և մենք մեր պատասխանատվությանը լուրջ ենք վերաբերվում։ Քանի որ սա կյանքեր փրկող գործ է, քարոզում ենք այնքան, որքան թույլ են տալիս մեր հանգամանքները (կարդա 1 Տիմոթեոս 4։16)։ Մենք գումար չենք ստանում այս աշխատանքի համար, որովհետև գրված է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։7, 8)։ Չնայած ոչ բոլորն են մեզ լսում, բայց մենք շարունակում ենք քարոզել, քանի որ դա մեր երկրպագության մի մասն է, և այդպես ուրախացնում ենք Եհովայի սիրտը։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր ավելին Եհովայի վկաների համաշխարհային քարոզչական գործունեության մասին և տես, թե Եհովան ինչպես է օգնում մեզ։
4. Մենք ջանք չենք խնայում, որ քարոզենք մարդկանց
Եհովայի վկաները հատուկ ջանքեր են գործադրում, որ բարի լուրը ամեն տեղ քարոզվի։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչն է քեզ տպավորում, երբ տեսնում ես, թե Եհովայի վկաները բարի լուրը քարոզելու համար ինչ ջանքեր են թափում։
Կարդացեք Մատթեոս 22։39 և Հռոմեացիներ 10։13–15 համարները, որից հետո քննարկեք հետևյալ հարցերը։
Մեր քարոզչությունը ինչպե՞ս է ցույց տալիս, որ սիրում ենք մեր մերձավորին։
Եհովան ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր քարոզում են բարի լուրը (տես 15-րդ համարը)։
5. Մենք Աստծու համագործակիցներն ենք
Շատ դեպքերից հստակ երևում է, որ Եհովան է առաջնորդում մեր գործը։ Տեսնենք մի օրինակ։ Նոր Զելանդիայում Փոլ անունով մի եղբայր տնետուն ծառայության ժամանակ մի կնոջ հանդիպեց։ Այդ նույն առավոտ՝ մինչև Փոլի գալը, կինը աղոթել էր Աստծուն՝ նրան դիմելով «Եհովա» անունով, և խնդրել էր, որ ինչ-որ մեկը այցելի իրեն։ «Երեք ժամ հետո ես նրա դռան շեմին էի»,— ասում է Փոլը։
Կարդացեք 1 Կորնթացիներ 3։9 և պատասխանեք հետևյալ հարցին։
Վերոնշյալ և նմանատիպ այլ դեպքերը ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան է առաջնորդում քարոզչական գործը։
Կարդացեք Գործեր 1։8 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ Եհովայի կարիքն ունենք քարոզչական գործն ավարտին հասցնելու համար։
Գիտեի՞ր
Միջշաբաթյա հանդիպումների ժամանակ մենք սովորում ենք, թե ինչպես քարոզենք ուրիշներին։ Եթե ներկա ես գտնվել այդ հանդիպումներից մեկին, ի՞նչ ես կարծում, որքանո՞վ են գործնական այդ գիտելիքները։
6. Մենք հնազանդվում ենք Աստծու տված քարոզելու պատվերին
Առաջին դարում Հիսուսի հակառակորդները փորձում էին խանգարել նրա աշակերտներին, որ չկատարեն քարոզչական գործը։ Սակայն նրանք պաշտպանեցին իրենց իրավունքները և «օրինականապես հաստատեցին» բարի լուրը (Փիլիպպեցիներ 1։7)։ Եհովայի վկաները այսօր նույն կերպ են վարվում։a
Կարդացեք Գործեր 5։27–42 և քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ չենք դադարի քարոզել (տես 29, 38 և 39-րդ համարները)։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ են Եհովայի վկաները գնում տնից տուն»։
Ի՞նչ կպատասխանեիր։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց բարի լուրը քարոզել բոլոր ազգերին։ Եհովան օգնում է իր ժողովրդին անել այս գործը։
Վերհիշենք
Բարի լուրն ինչպե՞ս է քարոզվում ամբողջ աշխարհում։
Ինչպե՞ս է մեր ծառայությունից երևում, որ սիրում ենք մեր մերձավորին։
Ի՞նչ ես կարծում, քարոզչական գործը կարո՞ղ է մեզ ուրախություն պատճառել։ Ինչո՞ւ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես են Եհովայի վկաները քարոզում մեծ քաղաքներում։
Ինչպե՞ս են Եհովայի վկաներն օգնել փախստականներին։
Տես, թե մի կին ինչ երջանիկ կյանք է ունեցել՝ ծառայելով լիաժամ։
Կարդա դատական մի քանի նշանակալից հաղթանակների մասին, որոնք նպաստել են քարոզչական գործի առաջխաղացմանը։
«Թագավորության քարոզիչները դիմում են դատարան» («Աստծու Թագավորությունը իշխում է», գլուխ 13)
a Աստված է պատվիրել մեզ քարոզել բարի լուրը, դրա համար էլ Եհովայի վկաները մարդկային կառավարություններից թույլտվություն ստանալու կարիք չունեն։
-
-
Մկրտություն. նպատակ, որին արժե ձգտելՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 23
Մկրտություն. նպատակ, որին արժե ձգտել
Հիսուսն ասաց, որ մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար (կարդա Մատթեոս 28։19, 20)։ Իսկ ի՞նչ է մկրտությունը, և ի՞նչ է պետք անել այդ նպատակին հասնելու համար։
1. Ի՞նչ է մկրտությունը
«Մկրտել» բառը ծագել է հունարեն մի բառից, որը նշանակում է «ընկղմել» ջրի մեջ։ Երբ Հիսուսը մկրտվեց, նա ընկղմվեց Հորդանան գետի մեջ, որից հետո «ջրից դուրս» եկավ (Մարկոս 1։9, 10)։ Նմանապես ճշմարիտ քրիստոնյաները մկրտվելիս ամբողջովին ընկղմվում են ջրի մեջ։
2. Ի՞նչ է ցույց տալիս մկրտությունը
Մկրտվելով անհատը ցույց է տալիս, որ նվիրվել է Եհովա Աստծուն։ Իսկ ինչպե՞ս է նվիրումը լինում։ Նախքան մկրտությունը նա աղոթքով Եհովային ասում է, որ ցանկանում է հավիտյան ծառայել նրան։ Նա խոստանում է պաշտել միայն Եհովային և նրա կամքը կատարելը ամենակարևոր բանը դարձնել կյանքում։ Նա վճռում է «իր անձը ուրանալ.... ու շարունակ [Հիսուսին] հետևել» (Մատթեոս 16։24)։ Նվիրումն ու մկրտությունը անհատին հնարավորություն են տալիս Եհովայի ու իր հավատակիցների հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալ։
3. Ի՞նչ պետք է անի անհատը, որ մկրտվի
Մկրտությանը կարող ես պատրաստվել՝ Եհովայի մասին սովորելով և նրա հանդեպ հավատ զարգացնելով (կարդա Եբրայեցիներ 11։6)։ Երբ գիտելիքներդ ու հավատդ ավելանան, Եհովայի հանդեպ սերդ էլ կաճի։ Արդյունքում կցանկանաս քարոզել Աստծու մասին և ապրել նրա չափանիշներով (2 Տիմոթեոս 4։2; 1 Հովհաննես 5։3)։ Երբ անհատն արդեն «Եհովային արժանի կերպով [է ապրում], որպեսզի լիովին հաճեցնի նրան», նա գուցե որոշի իր կյանքը նվիրել Աստծուն և մկրտվել (Կողոսացիներ 1։9, 10)։a
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ կարող ենք սովորել Հիսուսի մկրտությունից և ինչպես պատրաստվենք այս կարևոր քայլին։
4. Սովորենք Հիսուսի մկրտությունից
Հիսուսի մկրտության մասին ավելի շատ տեղեկություններ իմանալու համար կարդացեք Մատթեոս 3։13–17 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Հիսուսը նորածի՞ն էր, երբ մկրտվեց։
Նա ինչպե՞ս մկրտվեց։ Նրա վրա ջուր ցողեցի՞ն, թե՞ նրան ջրի մեջ ընկղմեցին։
Հիսուսը մկրտվելուց հետո սկսեց կատարել Աստծուց ստացած իր հատուկ հանձնարարությունը։ Կարդացեք Ղուկաս 3։21–23 և Հովհաննես 6։38 համարները, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։
Մկրտվելուց հետո Հիսուսը ո՞ր գործն առաջնահերթ դարձրեց իր կյանքում։
5. Մկրտությունը հասանելի նպատակ է
Նվիրվելու և մկրտվելու միտքը գուցե սկզբում վախեցնի քեզ։ Սակայն առաջադիմելով ավելի վստահ կդառնաս և կկարողանաս անել այդ կարևոր քայլը։ Տեսնենք՝ ինչ են ասում նրանք, ովքեր արել են այդ քայլը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Հովհաննես 17։3 և Հակոբոս 1։5 համարները, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչը կարող է օգնել անհատին նախապատրաստվել մկրտությանը։
Ա) Մենք նվիրվում ենք Եհովային՝ նրան ասելով, որ ուզում ենք հավիտյան ծառայել իրեն
Բ) Մկրտվելով մենք ցույց ենք տալիս ներկաներին, որ նվիրվել ենք Աստծուն
6. Մկրտվել նշանակում է դառնալ Եհովայի ընտանիքի մի մասնիկը
Երբ մկրտվում ենք, դառնում ենք համաշխարհային միասնական ընտանիքի մի մասնիկը։ Չնայած իրարից տարբերվում ենք թե՛ ծագումով և թե՛ մեր անցյալով, սակայն մեր հավատալիքներն ու բարոյական չափանիշները նույնն են։ Կարդացեք Սաղմոս 25։14 և 1 Պետրոս 2։17 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Մկրտությունն ինչպե՞ս է անդրադառնում Եհովայի ու նրան պաշտող մարդկանց հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես պատրաստ չեմ մկրտության»։
Եթե նույնիսկ մտածում ես, որ պատրաստ չես, արժե՞ ձգտել այդ նպատակին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսը սովորեցրեց, որ քրիստոնյաները պետք է մկրտվեն։ Այդ նպատակին հասնելու համար անհատը պետք է ամուր հավատ զարգացնի Եհովայի հանդեպ, ապրի նրա չափանիշներով և նվիրվի նրան։
Վերհիշենք
Ի՞նչ է մկրտությունը, և ինչո՞ւ է այն կարևոր։
Ի՞նչ է ցույց տալիս մկրտությունը։
Անհատն ի՞նչ քայլեր պետք է անի նախքան նվիրվելը և մկրտվելը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ սխալ կարծիքներ կան մկրտության վերաբերյալ, և ինչ է այն իրականում։
Տես, թե անհատն ինչպես կարող է առաջադիմել և հասնել մկրտության։
«Եհովայի հանդեպ սերն ու երախտագիտությունը կմղեն քեզ մկրտվելու» («Դիտարան», 2020 թ. մարտ)
Այս հոդվածում կտեսնես, թե ինչը մղեց մի մարդու մկրտվել. զգացմունքնե՞րը, թե՞ մեկ այլ բան։
«Նրանք ուզում էին, որ ինքս համոզվեմ ճշմարտության մեջ» («Դիտարան», 2013 թ. փետրվարի 1)
Քննիր, թե ինչու արժե ձգտել մկրտության, և ինչպես կարող ես պատրաստվել այդ քայլին։
«Պե՞տք է արդյոք մկրտվեմ» («Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ», հատոր 2, գլուխ 37)
a Եթե անհատը նախկինում այլ կրոնի է պատկանել և մկրտվել է, նա պետք է նորից մկրտվի։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ կրոնը չի սովորեցրել աստվածաշնչյան ճշմարտությունը (տես Գործեր 19։1–5 և դաս 13)։
-