Քրիստոնյաները երկրպագում են «հոգով եւ ճշմարտութեամբ»
«Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 4։24)։
1. Ո՞ր երկրպագությունն է հաճելի Աստծուն։
ԵՀՈՎԱՅԻ միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հստակորեն ցույց տվեց, թե որ երկրպագությունն է հաճելի իր երկնային Հորը։ Սամարացի կնոջը Սյուքար քաղաքի մոտակայքում՝ ջրհորի մոտ քարոզելիս նա ասաց. «Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է։ Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ’երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում։ Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն» (Յովհաննէս 4։22–24)։ Ինչպե՞ս պետք է հասկանանք այս խոսքերը։
2. Ինչի՞ վրա էր հիմնված սամարացիների երկրպագությունը։
2 Սամարացիները սխալ կրոնական հայացքներ ունեին։ Նրանք Աստծո կողմից ներշնչված էին համարում Սուրբ Գրությունների միայն առաջին հինգ գրքերը, և այն էլ՝ իրենց կողմից արված փոփոխություններով։ Այդ հինգ գրքերը կոչվում են «Սամարական Հնգամատյան»։ Սամարացիներն իրականում չէին ճանաչում Աստծուն, այնինչ հրեաներին վստահվել էին սուրբգրային գիտելիքները (Հռովմայեցիս 3։1, 2)։ Հավատարիմ հրեաները և այլոք հնարավորություն ունեին վայելելու Եհովայի բարեհաճությունը։ Բայց դրա համար ի՞նչ էր պահանջվում նրանցից։
3. Ի՞նչ է պահանջվում Աստծուն «հոգով եւ ճշմարտութեամբ» երկրպագելու համար։
3 Ի՞նչ պետք է անեին հրեաները, սամարացիները և ուրիշներ, որպեսզի հաճելի լինեին Եհովային։ Նրանք պետք է երկրպագեին նրան «հոգով եւ ճշմարտութեամբ»։ Նույնը մեզնից է պահանջվում։ Թեև պետք է Աստծուն ամբողջ հոգով ծառայենք՝ նրան սրտանց սիրելով ու հավատալով, այնուամենայնիվ Աստծուն ‘հոգով երկրպագելն’ ավելի շատ նշանակում է ունենալ նրա սուրբ ոգին ու հնարավորություն տալ այդ ոգուն, որ առաջնորդի մեզ։ Մենք կարող ենք մեր հոգին՝ մեր սիրտը, ներդաշնակեցնել Եհովայի ոգուն՝ նրա Խոսքն ուսումնասիրելով և այդ Խոսքով ղեկավարվելով (Ա Կորնթացիս 2։8–12)։ Որպեսզի մեր երկրպագությունն ընդունելի լինի Աստծուն, մենք պետք է այն մատուցենք նաև ճշմարտությամբ. մեր երկրպագությունը պետք է համապատասխանի այն ամենին, ինչ որ Աստվածաշնչում ասվում է Աստծո և նրա նպատակների մասին։
Ճշմարտությունը հնարավոր է գտնել
4. Ոմանց կարծիքով՝ ինչպիսի՞ն է ճշմարտությունը։
4 Փիլիսոփայություն ուսումնասիրող որոշ անձինք այն կարծիքն են պաշտպանում, թե հնարավոր չէ բացարձակ ճշմարտության հասնել։ Շվեդ գրող Ալֆ Ալբերգը ասում է. «Փիլիսոփայական շատ հարցեր այնպիսին են, որ անհնար է գտնել դրանց սպառիչ պատասխանները»։ Ոմանք ասում են, թե ճշմարտությունը միայն հարաբերական կարող է լինել։ Բայց արդյոք այդպե՞ս է։ Հիսուս Քրիստոսը նման ձևով չէր մտածում։
5. Ինչո՞ւ էր Հիսուսը եկել աշխարհ։
5 Եկեք մի պահ պատկերացնենք, որ ներկա ենք հետևյալ տեսարանին. մ.թ. 33–ի գարունն է. Հիսուսը կանգնած է հռոմեացի կուսակալ Պոնտացի Պիղատոսի առջև։ Հիսուսը նրան ասում է. «Ես.... եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ»։ Պիղատոսը հարցնում է. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»,— բայց նա չի էլ սպասում Հիսուսի պատասխանին (Յովհաննէս 18։36–38)։
6. ա) Ինչպե՞ս է սահմանվում «ճշմարտություն» հասկացությունը։ բ) Ի՞նչ հանձնարարություն տվեց Հիսուսն իր հետևորդներին։
6 «Ճշմարտություն» հասկացությունը սահմանվում է որպես «իրական փաստերի ու իրադարձությունների ամբողջություն» («Webster’s Ninth New Collegiate Dictionary»)։ Բայց արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ ճշմարտությունն ընդհանրապես։ Ոչ։ Նա նկատի ուներ բավական կոնկրետ ճշմարտություն։ Հիսուսն իր հետևորդներին հանձնարարեց հռչակել այդ ճշմարտությունը՝ պատվիրելով. «Աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Նախքան իրերի այս համակարգի վախճանը Հիսուսի իսկական հետևորդներն ամենուրեք պետք է քարոզեին ‘Ավետարանի ճշմարտությունը’ (Մատթէոս 24։3; Գաղատացիս 2։14)։ Սրանով իրականանալու էին Հիսուսի հետևյալ խոսքերը. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։ Ուստի շատ կարևոր է իմանալ, թե ովքեր են, Թագավորության բարի լուրը քարոզելով, ուսուցանում ճշմարտությունը ‘բոլոր հեթանոսներին’՝ բոլոր ազգերին։
Ինչպես կարող ենք իմանալ ճշմարտությունը
7. Ինչպե՞ս կփաստեիք, որ Եհովան ճշմարտության Աղբյուրն է։
7 Եհովան հոգևոր ճշմարտության Աղբյուրն է։ Սաղմոսերգու Դավիթը Եհովային անվանում է «ճշմարիտ Աստուած» (Սաղմոս 31։5; 43։3)։ Հիսուսը մի անգամ ասաց, որ իր Հոր խոսքը ճշմարտություն է։ Մեկ ուրիշ անգամ էլ ասել էր. «Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»։ Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ» (Յովհաննէս 6։45; 17։17; Եսայիա 54։13)։ Հստակ է, ուրեմն, որ ճշմարտությունը փնտրողները պետք է սովորեն Եհովայից՝ «Մեծ Խրատողից» (ՆԱ) (Եսայիա 30։20, 21)։ Ովքեր փափագում են իմանալ ճշմարտությունը, պետք է ստանան «Աստուծոյ գիտութիւնը» (Առակաց 2։5)։ Եհովան սովորեցրել կամ փոխանցել է ճշմարտությունը տարբեր ձևերով։
8. Ինչպե՞ս է Աստված փոխանցել ճշմարտությունը։
8 Օրինակ՝ հրեշտակների միջոցով Եհովան Մովսիսական օրենքը փոխանցեց իսրայելացիներին (Գաղատացիս 3։19, ԱՆԹ)։ Աբրահամ և Հակոբ նահապետներին օրհնություններ խոստացավ երազների միջոցով (Ծննդոց 15։12–16; 28։10–19)։ Հիսուսի մկրտության ժամանակ Աստված նույնիսկ խոսեց երկնքից՝ ասելով. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթէոս 3։17, ԱԹ)։ Աստված ճշմարտությունը փոխանցել է նաև Աստվածաշնչի միջոցով, որի համար մենք երախտապարտ ենք (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Սովորելով Աստծո Խոսքից՝ մենք կարող ենք ձեռք բերել «ճշմարտութեան հաւատ» (Բ Թեսաղոնիկեցիս 2։12)։
Ճշմարտությունը և Աստծո Որդին
9. Ինչպե՞ս է Աստված իր Որդու միջոցով բացահայտել ճշմարտությունը։
9 Աստված ճշմարտությունը մարդկությանը բացեց առանձնապես իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Եբրայեցիս 1։1–3)։ Հիսուսն ասում էր այնպիսի ճշմարտություններ, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր խոսել (Յովհաննէս 7։46)։ Երկինք համբարձվելուց հետո էլ նա շարունակեց հայտնել իր Հորից բխող ճշմարտությունը։ Օրինակ՝ Հովհաննես առաքյալը ստացավ «Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու, ինչ որ շուտով պիտի լինի» (Յայտնութիւն 1։1–3, ԱԹ)։
10, 11. ա) Հիսուսի քարոզած ճշմարտությունն ինչի՞ հետ էր կապված։ բ) Ինչպե՞ս Հիսուսը ճշմարտությունն իրականություն դարձրեց։
10 Հիսուսը, ինչպես Պոնտացի Պիղատոսին հայտնեց, երկիր էր եկել ճշմարտությունը վկայելու նպատակով։ Ծառայության ընթացքում նա ցույց էր տվել, որ այդ ճշմարտությունը կապված է Աստծո Թագավորության միջոցով Եհովայի գերիշխանության արդարացման հետ, և այդ Թագավորության Թագավորը ինքն էր՝ Քրիստոսը։ Բայց ճշմարտությունը վկայելու համար Հիսուսից ավելին էր պահանջվում, քան քարոզելն ու ուսուցանելը. նա, այդ ճշմարտության համաձայն ապրելով, այն իրականություն դարձրեց։ Դրա համար էլ Պողոս առաքյալը գրեց. «Թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ ըմպելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիք բաների ստուերներն են. բուն մարմինը [«իրականությունը», ԱՆԹ] Քրիստոսն է» (Կողոսացիս 2։16, 17)։
11 Օրինակ՝ ճշմարտությունը իրականություն դարձավ Հիսուսի՝ Բեթլեհեմում ծնվելով, ինչի մասին մարգարեացվել էր (Միքիա 5։2; Ղուկաս 2։4–11)։ Ճշմարտությունը իրականություն դարձավ նաև Դանիելի մարգարեական խոսքերի կատարմամբ, որոնք վերաբերում էին Մեսիայի՝ 69 ‘յոթնյակների’ վերջում հայտնվելուն։ Դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, որի մասին նշվում էր մարգարեության մեջ՝ մ.թ. 29 թվականին, երբ Հիսուսը մկրտվելով՝ իրեն ներկայացրեց Աստծուն ու օծվեց սուրբ ոգով (Դանիէլ 9։25; Ղուկաս 3։1, 21, 22)։ Բացի այդ, Հիսուսը՝ որպես Թագավորության քարոզիչ, ճշմարտությունը իրականություն դարձրեց իր ծառայությամբ (Եսայիա 9։1, 2, 6, 7; 61։1, 2; Մատթէոս 4։13–17; Ղուկաս 4։18–21)։ Եվ վերջապես, ճշմարտությունը իրականություն դարձավ նաև Հիսուսի մեռնելով ու հարություն առնելով (Սաղմոս 16։8–11; Եսայիա 53։5, 8, 11, 12; Մատթէոս 20։28; Յովհաննէս 1։29; Գործք 2։25–31)։
12. Ինչո՞ւ Հիսուսը կարող էր ասել. «Ես եմ ճշմարտութիւնը»։
12 Հիսուսը կարևոր դեր ուներ ճշմարտության մեջ, ուստի կարող էր ասել. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով» (Յովհաննէս 14։6)։ Մարդիկ դուրս են գալիս հոգևոր մոլորությունից, երբ «կողմնակից» են դառնում «ճշմարտությանը»՝ ճանաչելով Հիսուսի դերը Աստծո նպատակի իրագործման մեջ (Յովհաննէս 8։32–36; 18։37, ԱՆԹ)։ Քանի որ ոչխարանման անհատներն ընդունում են ճշմարտությունը և հավատով ընդօրինակում Քրիստոսին, նրանք հավիտենական կյանքի կարժանանան (Յովհաննէս 10։24–28)։
13. Ո՞ր երեք հարցերի առնչությամբ ենք քննելու սուրբգրային ճշմարտությունը։
13 Հիսուսի ու իր աշակերտների տարածած ճշմարտությունները կազմում են ճշմարիտ քրիստոնեական հավատը։ Ովքեր «հնազանդւում [են] հաւատին», «ճշմարտութեամբ են ընթանում» (Գործք 6։7; Գ Յովհաննէս 3, 4)։ Իսկ ովքե՞ր են մեր օրերում ճշմարտությամբ ընթանում։ Ովքե՞ր են բոլոր ազգերին իսկապես սովորեցնում ճշմարտությունը։ Որպեսզի գտնենք այս հարցերի պատասխանները, եկեք խոսենք վաղ քրիստոնյաների մասին ու քննենք սուրբգրային ճշմարտությունը 1) համոզմունքների, 2) երկրպագության ձևի և 3) մարդու վարքի առնչությամբ։
Ճշմարտությունը և համոզմունքները
14, 15. Ի՞նչ կասեիք Գրությունների նկատմամբ առաջին դարի քրիստոնյաների ու Եհովայի վկաների ունեցած հայացքների մասին։
14 Վաղ քրիստոնյաները բարձր էին գնահատում Եհովայի գրավոր Խոսքը (Յովհաննէս 17։17)։ Այդ Խոսքն ընկած էր իրենց համոզմունքների ու գործելակերպի հիմքում։ Երկրորդ և երրորդ դարերում ապրած աստվածաբան Կղեմես Ալեքսանդրացին ասել է. «Ովքեր կատարելության են ձգտում, նրանք կշարունակեն ճշմարտությունը փնտրել այնքան ժամանակ, մինչև որ Գրություններից գտնեն իրենց համոզմունքները հաստատող ապացույցները»։
15 Եհովայի վկաները առաջին դարի քրիստոնյաների պես բարձր են գնահատում Աստվածաշունչը։ Նրանք հավատում են, որ «բոլոր Սուրբ գրքերը Աստծու ներշնչումով են գրված և օգտակար են» ուսուցանելու համար (Բ Տիմոթէոս 3։16, ԱՆԹ, ծան.)։ Եկեք քննարկենք վաղ քրիստոնյաների մի քանի համոզմունքներ, ու դրանք համեմատենք Եհովայի ժամանակակից ծառաների համոզմունքների հետ՝ հիշելով, որ վերջիններս Աստվածաշունչը համարում են իրենց գլխավոր ուղեցույցը։
Ճշմարտությունը հոգու մասին
16. Ո՞րն է ճշմարտությունը հոգու մասին։
16 Առաջին դարի քրիստոնյաները հավատում էին Գրություններին, ուստիև հոգու մասին ճշմարտությունն էին սովորեցնում։ Նրանք գիտեին, որ «մարդը կենդանի հոգի եղաւ» այն ժամանակ, երբ Աստված ստեղծեց նրան (Ծննդոց 2։7)։ Ավելին՝ նրանք ընդունում էին, որ մարդու հոգին մահանում է (Յակոբոս 5։20)։ Նրանք նաև գիտեին, որ «մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5, 10)։
17. Ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչ է սպասում մահացածներին։
17 Բայց մյուս կողմից՝ Հիսուսի վաղ աշակերտները վստահ էին, որ եթե Աստված իր հիշողության մեջ պահում է մահացածին, ապա նրան հարություն է տալու։ Այս համոզմունքը Պողոս առաքյալը հստակորեն արտահայտում է հետևյալ խոսքերով. «Յոյս ունեմ առ Աստուած, որ.... յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների» (Գործք 24։15)։ Նույնիսկ ավելի ուշ ժամանակներում քրիստոնեություն դավանող Մինուկիոս Ֆելիքսը գրեց. «Կա՞ այնպիսի անխելք մարդ, որ համարձակվի պնդել, թե հնարավոր չէ, որ մարդը, որին Աստված է արարել, կրկին ստեղծվի նրա կողմից»։ Առաջին դարի քրիստոնյաների պես Եհովայի վկաները կառչած են մնում մարդու հոգու, մահվան ու հարություն առնելու վերաբերյալ սուրբգրային ճշմարտությանը։ Այժմ եկեք քննենք Աստծո և Հիսուս Քրիստոսի ինքնությունը։
Ճշմարտությունը և երրորդությունը
18, 19. Ինչո՞ւ կարելի է ասել, որ երրորդությունը սուրբգրային ուսմունք չէ։
18 Վաղ քրիստոնյաները Աստծուն, Քրիստոսին և սուրբ ոգուն չէին համարում երրորդություն։ «Բրիտանական հանրագիտարանում» (անգլ.) ասվում է. «Նոր Կտակարանում չկա «երրորդություն» բառը, չկա նաև հստակ ուսմունք այդ մասին։ Հիսուսն ու իր հետևորդները չէին տրամադրված ընդդեմ Հին Կտակարանի «Շմայի» [հրեական աղոթքի], որտեղ ասվում է. «Լսիր, ով Իսրայել. մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ Օրին. 6։4)»։ Քրիստոնյաները չէին երկրպագում հռոմեական եռանձնյա և այլ աստվածների։ Նրանք հետևում էին Հիսուսի այն խոսքին, որ միայն Եհովային պետք է երկրպագել ու հավատում էին նրա՝ «Հայրը մեծ է, քան ես» խոսքերին (Մատթէոս 4։10; Յովհաննէս 14։28)։Եհովայի վկաները նույն տեսակետներն ունեն։
19 Հիսուսի վաղ հետևորդները հստակ տարբերություններ էին դնում Աստծո, Քրիստոսի և սուրբ ոգու միջև։ Նրանք նոր աշակերտներին մկրտումէին 1) Հոր, 2) Որդու և 3) սուրբ ոգու անունով և ոչ թե՝ երրորդության։ Նրանց պես Եհովայի վկաները սովորեցնում են Աստվածաշնչի ճշմարտությունը, հետևաբար տարբերություն են դնում Աստծո, իր Որդու և սուրբ ոգու միջև (Մատթէոս 28։19)։
Ճշմարտությունը և մկրտությունը
20. Ի՞նչ գիտելիքներ պետք է ունենա մկրտության թեկնածուն։
20 Հիսուսը հանձնարարեց իր հետևորդներին, որ մարդկանց սովորեցնեն ճշմարտությունը և աշակերտներ պատրաստեն։ Մկրտության չափանիշներին համապատասխանելու համար անհատը պետք է իմանա Գրությունների հիմնական ուսուցումները։ Օրինակ՝ նա պետք է ճանաչի Հոր և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի դիրքն ու իշխանությունը (Յովհաննէս 3։16)։ Մկրտության թեկնածուն պետք է նաև հասկանա, որ սուրբ ոգին ոչ թե անձ է, այլ Աստծո գործուն ուժն է (Գործք 2։1–4)։
21, 22. Ինչո՞ւ կարող ես ասել, որ մկրտությունը հավատ ունեցող մարդկանց համար է։
21 Առաջին դարի քրիստոնյաները մկրտում էին միայն այն անհատներին, ովքեր լավ հասկանում էին, թե ինչի համար են մկրտվում։ Նախքան այդ քայլը նրանք ամբողջ սրտով զղջացած էին լինում իրենց մեղքերի համար ու անվերապահորեն նվիրված էին լինում Աստծուն՝ կատարելու նրա կամքը։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին ներկա հրեաներն ու պրոզելիտները արդեն քաջատեղյակ էին Եբրայերեն Գրություններին։ Լսելով Պետրոս առաքյալի ելույթը Հիսուս Մեսիայի վերաբերյալ՝ մոտ 3 000 անձինք «յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին» (Գործք 2։41; 3։19–4։4; 10։34–38)։
22 Մկրտվող անհատը պետք է հավատ ունենա։ Սամարացիներն ընդունեցին ճշմարտությունը և «երբոր հաւատացին Փիլիպպոսին, որ աւետարանում էր Աստուծոյ արքայութեան եւ Յիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՝ թէ մարդիկ եւ թէ կանայք» (Գործք 8։12, ԱԹ)։ Եթովպացի ներքինին՝ որպես նվիրված պրոզելիտ, որը ճանաչում էր Եհովային, նախ ընդունեց Փիլիպպոսի խոսքերը Մեսիայի վերաբերյալ մարգարեության կատարման մասին, հետո մկրտվեց (Գործք 8։34–36)։ Պետրոսը Կոռնելիոսին ու այլ հեթանոսների ասաց, որ «ով երկնչում է [Աստծուց] եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան», և ով հավատ է ընծայում Հիսուս Քրիստոսին, մեղքերի թողություն է ստանում (Գործք 10։35, 43; 11։18)։ Այս ամենը համահունչ է Հիսուսի պատվերին. «Աշակերտ դարձրէ՛ք.... նրանց մկրտեցէ՛ք.... ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20; Գործք 1։8)։ Եհովայի վկաները հետևում են առաջին դարի քրիստոնյաների օրինակին՝ մկրտելով միայն այն անձանց, ովքեր գիտեն Աստվածաշնչի հիմնական ուսուցումները ու նվիրվել են Աստծուն։
23, 24. Ինչպե՞ս է կատարվում իսկական քրիստոնեական մկրտությունը։
23 Մկրտվելիս անհատը պետք է ամբողջությամբ ընկղմվի ջուրը։ Հորդանան գետում մկրտվելով՝ Հիսուսը «ջրից դուրս» եկավ (Մարկոս 1։10)։ Եթովպացի ներքինին մկրտվելուց առաջ Փիլիպպոսի հետ «ջուրն իջա[վ]», իսկ հետո նրանք «ջրից դուրս ելան» (Գործք 8։36–40)։ Սուրբգրային այլ համարներ մկրտության պրոցեսը այլաբանորեն զուգակցում են թաղման հետ, ինչը նույնպես ցույց է տալիս, որ մկրտվելիս անհատը պետք է ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ (Հռովմայեցիս 6։4–6; Կողոսացիս 2։12)։
24 Մի աշխատության մեջ ասվում է. «Նոր Կտակարանում մկրտությունների նկարագրությունները ցույց են տալիս, որ մկրտվող անհատը ընկղմվում էր ջրի մեջ» («The Oxford Companion to the Bible»)։ Համաձայն «Լառուսը 20-րդ դարում» (Փարիզ, 1928 թ.) ֆրանսերեն աշխատության՝ «առաջին քրիստոնյաները բոլոր վայրերում, որտեղ բավականաչափ ջուր կար, մկրտվում էին ընկղմվելով» («Larousse du XXe Siècle»)։ Իսկ «Հիսուսից հետո. քրիստոնեության հաղթանակը» գրքում էլ նշվում է. «Մկրտության ամենահիմնական ձևերում թեկնածուից պահանջվում էր հրապարակավ ցույց տալ իր հավատը, ինչին հետևում էր նրա ամբողջական ընկղմումը ջրում՝ Հիսուսի անունով» («After Jesus—The Triumph of Christianity»)։
25. Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
25 Այս բոլոր քննարկումներն ընդամենը մի քանի օրինակներ են առաջին դարի քրիստոնյաների՝ Գրություններով հիմնավորված համոզմունքների ու գործելակերպի վերաբերյալ։ Կարելի է ուրիշ զուգահեռներ էլ անցկացնել նրանց ու Եհովայի վկաների համոզմունքների միջև։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ուրիշ ինչպես կարող ենք ճանաչել ճշմարտությունն ուսուցանողներին։
Ո՞րն է ձեր պատասխանը
• Ո՞ր երկրպագությունն է ընդունելի Աստծուն։
• Հիսուս Քրիստոսի միջոցով ինչպե՞ս ճշմարտությունն իրականություն դարձավ։
• Ո՞րն է ճշմարտությունը հոգու և մահվան վերաբերյալ։
• Ինչպե՞ս է կատարվում քրիստոնեական մկրտությունը, և ի՞նչ է սպասվում մկրտության թեկնածուներից։
[նկար 16–րդ էջի վրա]
Հիսուսն ասաց Պիղատոսին. «Ես եկել եմ, որ ճշմարտությունը վկայեմ»
[նկար 17–րդ էջի վրա]
Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու Հիսուսն ասաց. «Ես եմ ճշմարտությունը»
[նկար 18–րդ էջի վրա]
Ո՞րն է քրիստոնեական մկրտության վերաբերյալ ճշմարտությունը