Երջանիկ են՝ չնայած հալածանքին
«Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը» (ՄԱՏԹԷՈՍ 5։11)։
1. Ի՞նչ հավաստիացում տվեց Հիսուսը իր հետևորդներին երջանկության և հալածանքի առնչությամբ։
ԵՐԲ Հիսուսն առաջին անգամ իր առաքյալներին ուղարկեց Աստծո Թագավորության մասին քարոզելու, նա նախազգուշացրեց, որ նրանք հակառակության են հանդիպելու։ Նա ասաց. «Ամենից կ’ատուիք իմ անունի համար» (Մատթէոս 10։5–18, 22)։ Բայց ավելի վաղ նա Լեռան քարոզում իր առաքյալներին և ուրիշներին հավաստիացրել էր, որ այդպիսի հակառակությունը չէր վտանգելու նրանց խորին երջանկությունը։ Փաստորեն, ըստ Հիսուսի՝ երջանկության ու որպես քրիստոնյա հալածվելու միջև նույնիսկ կապ գոյություն ունի։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կարող է հալածանքը երջանկություն բերել։
Տառապում են արդարության համար
2. Հիսուսի և Պետրոս առաքյալի խոսքերով՝ ինչպիսի՞ տառապանքն է երջանկություն բերում։
2 Ութերորդ «երանին», որ Հիսուսն ասաց, հետևյալն է. «Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը» (Մատթէոս 5։10)։ Իհարկե, տառապանք կրելու մեջ ինքնին գովասանք չկա։ Պետրոս առաքյալն այսպիսի խոսքեր գրեց. «Ի՞նչ գովասանք է, եթէ մեղանչէք եւ նորա համար ծեծուիք, ու համբերէք. այլ եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից»։ Իսկ հետո նա ասաց. «Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող. բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին» (Ա Պետրոս 2։20; 4։15, 16)։ Ուստի Հիսուսի խոսքերի համաձայն՝ տառապանքը երջանկություն է բերում այն դեպքում, երբ անհատը այն կրում է արդարության համար։
3. ա) Ի՞նչ է նշանակում հալածվել արդարության համար։ բ) Հալածանքն ինչպե՞ս անդրադարձավ առաջին քրիստոնյաների վրա։
3 Որևէ մեկի իսկապես արդար լինելը երևում է նրանից, թե որքանով է նա հնազանդվում Աստծո կամքին և նրա պատվերներին։ Ուստի արդարության համար տառապել՝ նշանակում է, որ անհատը, չնայած իր վրա գործադրվող ճնշումներին, տառապելով հանդերձ, չի խախտում Աստծո չափանիշներն ու պատվերները։ Առաքյալները հալածվեցին հրեա առաջնորդների կողմից, քանի որ չդադարեցրին Հիսուսի անունով քարոզելը (Գործք 4։18–20; 5։27–29, 40)։ Բայց արդյո՞ք դրա պատճառով նվազեց նրանց ուրախությունը, կամ քարոզչությունը կանգ առա՞վ։ Բոլորովի՛ն։ «Նորանք ուրախանալով գնացին ատեանի երեսիցը. որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ։ Եւ բոլոր օրը չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել» (Գործք 5։41, 42)։ Այս հալածանքը նրանց ուրախություն պատճառեց և բոցավառեց նրանց քարոզչական եռանդը։ Հետագայում վաղ քրիստոնյաները հալածվեցին հռոմեացիների կողմից, քանի որ հրաժարվում էին երկրպագել կայսրին։
4. Որո՞նք են քրիստոնյաների կրած հալածանքի պատճառներից մի քանիսը։
4 Մեր օրերում Եհովայի վկաները հալածվում են այն պատճառով, որ անդադար քարոզում են «արքայութեան այս աւետարանը» (Մատթէոս 24։14)։ Երբ նրանց քրիստոնեական հավաքույթները արգելքի տակ են դրվում, նրանք ավելի շուտ պատրաստ են զրկանքներ կրել, քան դադարեցնել միասին հավաքվելը, ինչը աստվածաշնչյան պատվեր է (Եբրայեցիս 10։24, 25)։ Նրանք նաև հալածվել են իրենց քրիստոնեական չեզոքության, ինչպես նաև արյան սխալ գործածությունից հրաժարվելու համար (Յովհաննէս 17։14; Գործք 15։28, 29)։ Այնուհանդերձ, հաստատապես արդարության կողմը դիրք բռնելով՝ Աստծո ժողովուրդը անհամեմատելի հոգեկան անդորր ու երջանկություն է ձեռք բերում (Ա Պետրոս 3։14)։
Նախատվում են Քրիստոսի պատճառով
5. Մեր օրերում ո՞րն է Եհովայի ժողովրդի կրած հալածանքի հիմնական պատճառը։
5 Իններորդ «երանին», որ Հիսուսն ասաց Լեռան քարոզում, նույնպես առնչվում է հալածանքին։ Ահա նրա խոսքերը. «Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը» (Մատթէոս 5։11)։ Եհովայի ժողովրդի կրած հալածանքների հիմնական պատճառն այն է, որ նրանք ներկա չար համակարգի մաս չեն կազմում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ» (Յովհաննէս 15։19)։ Նմանատիպ խոսքեր ասաց նաև Պետրոս առաքյալը. «Որ դորա վերայ զարմանում են, որ դուք նորանց հետ չէք վազում նոյն անկարգ զեղխութեան մէջ, եւ հայհոյում են» (Ա Պետրոս 4։4)։
6. ա) Ինչո՞ւ են օծյալ մնացորդն ու նրա ուղեկիցները նախատվում և հալածվում։ բ) Այդպիսի նախատինքը նվազեցնո՞ւմ է արդյոք մեր երջանկությունը։
6 Ինչպես արդեն իմացանք, առաջին քրիստոնյաները հալածվում էին այն բանի համար, որ չէին դադարում քարոզել Հիսուսի անունով։ Քրիստոսն իր հետևորդներին առաջադրանք էր տվել. «Իմ վկաները կ’լինիք .... մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Քրիստոսի օծյալ եղբայրների հավատարիմ մնացորդը իր անձնվեր ուղեկիցների օգնությամբ եռանդորեն կատարում է այդ հանձնարարությունը (Յայտնութիւն 7։9)։ Ահա թե ինչու է Սատանան պատերազմ մղում «նորա միւս զաւակների [«կնոջ»՝ Աստծո կազմակերպության երկնային մասի, սերնդի] հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի Քրիստոսի վկայութիւնն ունին [«վկայությունն [են] տալիս Հիսուսի մասին», ԱՆԹ]» (Յայտնութիւն 12։9, 17)։ Որպես Եհովայի վկաներ՝ մենք վկայություն ենք տալիս Հիսուսի մասին, որն այժմ իշխում է որպես Աստծո Թագավորության Թագավոր, Թագավորություն, որը կոչնչացնի մարդկային կառավարությունները, որոնք խոչընդոտ են Աստծո արդար նոր աշխարհի համար (Դանիէլ 2։44; Բ Պետրոս 3։13)։ Վկայություն տալու համար մեզ նախատում և հալածում են, բայց մենք երջանիկ ենք տառապանքներ կրելու Քրիստոսի անվան համար (Ա Պետրոս 4։14)։
7, 8. Ի՞նչ ստեր էին հակառակորդները տարածում առաջին քրիստոնյաների մասին։
7 Հիսուսն ասաց, որ իր հետևորդները իրենք իրենց պետք է երջանիկ համարեն նույնիսկ այն դեպքում, երբ իր պատճառով մարդիկ «ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն» իրենց մասին (Մատթէոս 5։11)։ Անկասկած, այս խոսքերը իրականություն դարձան առաջին քրիստոնյաների պարագայում։ Մոտավորապես մ.թ. 59–61 թվականներին, երբ Պողոս առաքյալը Հռոմում կալանքի տակ էր, տեղի հրեա առաջնորդները քրիստոնյաների մասին այսպես արտահայտվեցին. «Այդ աղանդի համար մեզ յայտնի է, որ ամեն տեղ դորա դէմ են խօսում» (Գործք 28։22)։ Պողոսին ու Շիղային մեղադրեցին ‘աշխարհը շփոթեցնելու’ և «կայսեր հրամաններին հակառակ» գործելու մեջ (Գործք 17։6, 7)։
8 Հռոմեական կայսրությունում ապրող քրիստոնյաների մասին պատմաբան Լաթուրեթը հետևյալն է գրել. «Մեղադրանքները տարբեր էին։ Քանի որ նրանք հրաժարվում էին մասնակցել հեթանոսական արարողություններին, նրանց վրա աթեիստների պիտակ էր փակցվել։ Գրեթե ամբողջությամբ մեկուսանալով հասարակական կյանքից՝ հեթանոսական տոներից, զվարճություններից՝ նրանք ծաղրուծանակի էին արժանանում և համարվում էին մարդատյացներ։ .... Նրանց մասին ասում էին, թե տարբեր սեռի անհատներ գիշերով հավաքվում են մեկտեղ .... և ապա խառնակ սեռական հարաբերություններ ունենում։ .... Այն փաստը, որ [Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն] նշվում էր միայն հավատացյալների ներկայությամբ, հիմք ծառայեց ասեկոսեների համար, թե քրիստոնյաները ամեն անգամ երեխա են զոհում, ապա ուտում են նրա արյունն ու մարմինը»։ Ի հավելումն այս ամենի՝ քանի որ քրիստոնյաները հրաժարվում էին երկրպագել կայսրին, նրանք մեղադրվում էին պետության թշնամիներ լինելու մեջ։
9. Իրենց դեմ ուղղված կեղծ մեղադրանքներին ինչպե՞ս էին հակազդում առաջին դարի քրիստոնյաները, և ինչպիսի՞ն է պարագան մեր օրերում։
9 Այս կեղծ մեղադրանքները ամենևին էլ չխոչընդոտեցին վաղ քրիստոնյաներին կատարելու իրենց հանձնարարությունը՝ քարոզել Թագավորության բարի լուրը։ Մ.թ. 60–61-ին Պողոսը «աւետարանի» մասին կարող էր ասել, որ «ամեն աշխարհի մէջ.... պտուղ է բերում» և «երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ» (Կողոսացիս 1։5, 6, 23)։ Նույնն է պարագան և այսօր։ Եհովայի վկաների հասցեին կեղծ մեղադրանքներ են հնչում, ինչպես որ առաջին դարի քրիստոնյաների։ Այնուամենայնիվ, այսօր Թագավորության լուրի քարոզչությունը ծաղկում է և երջանկություն պարգևում բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այդ գործին։
Երջանիկ են, քանի որ հալածվում են ինչպես մարգարեները
10, 11. ա) Ի՞նչ խոսքերով Հիսուսն ավարտեց իններորդ «երանին»։ բ) Ինչո՞ւ մարգարեները հալածվեցին։ Բերեք օրինակներ։
10 Իններորդ «երանին» Հիսուսն ավարտեց հետևյալ խոսքերով. «Ուրախացէք.... որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային» (Մատթէոս 5։12)։ Մարգարեները, որոնց Եհովան ուղարկում էր անհավատարիմ Իսրայելին նախազգուշացումներ տալու նպատակով, վատ վերաբերմունքի էին արժանանում և հաճախ հալածվում (Երեմիա 7։25, 26)։ Պողոս առաքյալը հաստատեց այս իրողությունը այսպիսի խոսքերով. «Էլ ի՞նչ ասեմ. որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ.... ուրիշ մարգարէների համար, որոնք հաւատքով.... նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան» (Եբրայեցիս 11։32–38)։
11 Ամբարիշտ թագավոր Աքաաբի և նրա կնոջ՝ Հեզաբելի իշխանության օրոք Եհովայի մարգարեներից շատերը սրի բերանով ընկան (Գ Թագաւորաց 18։4, 13; 19։10)։ Երեմիա մարգարեին դրեցին կոճղի մեջ, ապա ավելի ուշ գցեցին տիղմով լի գուբը (Երեմիա 20։1, 2; 38։6)։ Իսկ Դանիել մարգարեն գցվեց առյուծների որջը (Դանիէլ 6։16, 17)։ Նախաքրիստոնեական ժամանակների բոլոր մարգարեներն էլ հալածվել են, քանի որ նրանք պաշտպանել են Եհովայի մաքուր երկրպագությունը։ Նրանցից շատերը սպանվեցին հրեա կրոնական առաջնորդների կողմից։ Հիսուսը դպիրներին և փարիսեցիներին անվանեց ‘մարգարեներին սպանողների որդիներ’ (Մատթէոս 23։31)։
12. Որպես Եհովայի վկաներ՝ ինչո՞ւ ենք պատիվ համարում վաղեմի մարգարեների նման հալածվելը։
12 Մենք՝ Եհովայի վկաներս, այսօր հաճախ ենք հալածանքներ կրում, քանի որ եռանդորեն քարոզում ենք Թագավորության բարի լուրը։ Մեր թշնամիները մեզ մեղադրում են «ագրեսիվ հոգեորսության» մեջ, սակայն մենք գիտենք, որ Եհովայի հավատարիմ երկրպագուները, որ եղել են մեզանից առաջ, նույնպես այդպիսի քննադատության են արժանացել (Երեմիա 11։21; 20։8, 11)։ Մեզ համար պատիվ է տառապել այն նույն բանի համար, ինչի համար որ տառապել են վաղեմի հավատարիմ մարգարեները։ Հակոբոս աշակերտը հետևյալն ասաց. «Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։ Ահա համբերողներին երանի ենք տալիս» (Յակոբոս 5։10, 11)։
Երջանիկ լինելու հիմնավոր պատճառներ
13. ա) Ինչո՞ւ հալածանքները մեզ չեն վհատեցնում։ բ) Ի՞նչն է օգնում մեզ անսասան մնալ, և դա ինչի՞ ապացույցն է։
13 Հալածանքը մեզ ամենևին էլ չի վհատեցնում։ Ավելին, մեզ մխիթարում է այն միտքը, որ հալածանքներ կրելով՝ հետևում ենք մարգարեների, առաջին քրիստոնյաների և Հիսուս Քրիստոսի հետքերին (Ա Պետրոս 2։21)։ Մենք մեծ բավարարվածություն ենք ստանում Գրություններից, ինչպես օրինակ՝ Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերից. «Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։ Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում» (Ա Պետրոս 4։12, 14)։ Մեր անձնական փորձից գիտենք, որ հալածանքների ներքո ի վիճակի ենք անսասան մնալ միայն այն պատճառով, որ Եհովայի ոգին «հանգչում է» մեզ վրա և զորացնում է մեզ։ Սուրբ ոգու աջակցությունը ապացույցն է այն բանի, որ Եհովան օրհնում է մեզ, և դա մեզ մեծապես երջանկացնում է (Սաղմոս 5։12; Փիլիպպեցիս 1։27–29)։
14. Արդարության համար հալածվելիս ի՞նչ հիմքեր ունենք ուրախանալու։
14 Մեկ ուրիշ պատճառ էլ կա, թե ինչու ենք մենք երջանիկ, երբ արդարության համար հալածվում կամ հակառակության ենք հանդիպում։ Այդ բոլոր դժվարությունները փաստում են, որ մենք ճշմարիտ և աստվածապաշտ քրիստոնյաներ ենք։ Պողոս առաքյալը գրեց. «Ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթէոս 3։12)։ Մեզ անչափ երջանկացնում է այն միտքը, որ փորձությունների ժամանակ մեր անարատ մնալը հիմք է ծառայում Աստծո համար՝ պատասխան տալու Սատանայի բարձրացրած այն հարցին, ըստ որի՝ Եհովայի ստեղծած բոլոր էակները ծառայում են նրան՝ ելնելով եսասիրական շահերից (Յոբ 1։9–11; 2։3, 4)։ Իրոք որ, մեզ համար մեծ ուրախություն է մասնակցել, թեպետ շատ քիչ չափով, Եհովայի արդար գերիշխանության արդարացման գործին (Առակաց 27։11)։
Ցնծացեք, քանի որ վարձատրություն ունեք
15, 16. ա) ‘Ուրախանալու և ցնծալու’ ի՞նչ հիմք տվեց մեզ Հիսուսը։ բ) Օծյալ քրիստոնյաների համար ի՞նչ վարձատրություն է պահված երկնքում, և ինչպե՞ս են վարձատրվելու նրանց ուղեկիցները՝ «ուրիշ ոչխարները»։
15 Հիսուսը բերեց ևս մեկ պատճառ, թե ինչու կարող ենք շարունակել ուրախ մնալ, երբ մեզ չարախոսում ու հալածում են, ինչպես որ վաղեմի մարգարեներին էին անում։ Իններորդ «երանիի» վերջում նա ասաց. «Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը» (Մատթէոս 5։12)։ Պողոս առաքյալը հետևյալը գրեց. «Մէղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 6։23)։ Այո, Հիսուսի նշած մեծ «վարձքը» կյանքն է, և դա մի այնպիսի վարձ չէ, որը կարող ենք վաստակել։ Դա շնորհ է։ Հիսուսն ասաց, որ վարձատրությունը ‘երկնքում է’, այսինքն՝ Եհովան է այն տալիս։
16 Օծյալ քրիստոնյաները ստանում են «կեանքի պսակը», այսինքն իրենց դեպքում՝ անմահ կյանք Քրիստոսի հետ երկնքում (Յակոբոս 1։12, 17)։ Իսկ երկրային հույս ունեցողները՝ «ուրիշ ոչխարները», անձկագին սպասում են երկրային դրախտում հավիտենական կյանքը ժառանգելուն (Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 21։3–5)։ Այս երկու խմբերը իրենց տրված «վարձքը» չեն վաստակել։ Ե՛վ օծյալները, և՛ «ուրիշ ոչխարները» իրենց վարձատրությունը ստանում են Եհովայի «առատ շնորհքի [«անարժան բարության», ՆԱ]» շնորհիվ, որը և մղեց Պողոս առաքյալին ասելու. «Շնորհակալութիւն Աստուծուն նորա անպատմելի պարգեւի համար» (Բ Կորնթացիս 9։14, 15)։
17. Հալածվելիս ինչո՞ւ կարող ենք երջանիկ լինել ու ցնծալ։
17 Պողոս առաքյալը, գրելով այն քրիստոնյաներին, որոնցից մի քանիսը շուտով դաժան հալածանքների էին ենթարկվելու Ներոն կայսեր կողմից, ասաց. «Նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում, համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս. յոյսն էլ չէ ամաչեցնում»։ Նա նաև ասաց. «Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք» (Հռովմայեցիս 5։3–5; 12։12)։ Անկախ նրանից՝ մեր հույսը երկնային է, թե երկրային՝ փորձություններին հավատարմորեն տոկալու համար մեզ շնորհված վարձատրությունը անհամեմատ ավելի մեծ է, քան ցանկացած բան, որին արժանի ենք։ Մեր ուրախությունը սահման չունի, քանզի ունենք հավիտյան ապրելու, մեր սիրառատ Հորը՝ Եհովային ծառայելու և փառաբանելու հեռանկար մեր Թագավոր Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո։ Իրոք որ ցնծո՛ւմ ենք։
18. Մինչ մոտենում է վախճանը, ի՞նչ են անելու ազգերը, և ի՞նչ կանի Եհովան։
18 Որոշ երկրներում Եհովայի վկաները հալածվել և մինչև օրս հալածվում են։ Իրերի համակարգի վախճանի վերաբերյալ իր մարգարեության մեջ Հիսուսը ճշմարիտ քրիստոնյաներին զգուշացրեց. «Իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք» (Մատթէոս 24։9)։ Մինչ մոտենում ենք «վախճանին, Սատանան կդրդի ազգերին, որ դրսևորեն իրենց ատելությունը Եհովայի ժողովրդի հանդեպ (Եզեկիէլ 38։10–12, 14–16)։ Հենց դա էլ կնշանակի, որ հասել է Եհովայի գործի անցնելու ժամանակը։ «Ես պիտի փառաւորուիմ եւ սրբուիմ եւ ճանաչուիմ շատ ազգերի աչքի առաջին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը [Եհովան]» (Եզեկիէլ 38։23)։ Եհովան կսրբացնի իր մեծ անունը և իր ժողովրդին կազատի հալածանքից։ Ուստի «երանելի է այն մարդը որ համբերում է» (Յակոբոս 1։12)։
19. Մինչ սպասում ենք ‘Տիրոջ օրվան’, ի՞նչ պետք է անենք։
19 Եհովայի մեծ օրը ավելի ու ավելի է մոտենում, ուրեմն եկեք ուրախ լինենք, որովհետև «արժանի» ենք Հիսուսի անվան համար «անարգուիլ» (Բ Պետրոս 3։10–13; Գործք 5։41)։ Առաջին դարի քրիստոնյաների պես՝ թող որ ‘չդադարենք սովորեցնել և ավետարանել Հիսուս Քրիստոսի’ և նրա Թագավորության մասին, մինչ սպասում ենք Եհովայի վարձատրությանը, որ կստանանք արդար նոր աշխարհում (Գործք 5։42; Յակոբոս 5։11)։
Կրկնություն
• Ի՞նչ է նշանակում տառապել արդարության համար։
• Հալածանքն ինչպե՞ս անդրադարձավ առաջին քրիստոնյաների վրա։
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովայի վկաները հալածվում են այնպես, ինչպես որ վաղեմի մարգարեները։
• Հալածվելիս ինչո՞ւ կարող ենք ‘ուրախանալ և ցնծալ’։
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
«Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն»
[թույլտվությամբ]
Group in prison: Chicago Herald-American