«Ամբողջ Գալիլեայի զարդը»
ՆԱԶԱՐԵԹԻՑ, որտեղ մեծացել է Հիսուսը, ընդամենը 6,5 կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք գտնվում է մի քաղաք, որի մասին Ավետարաններում ընդհանրապես չի հիշատակվում։ Այնուհանդերձ, առաջին դարի հրեա պատմաբան Հովսեպոս Փլավիոսը այն անվանել է «ամբողջ Գալիլեայի զարդը»։ Դա Սեփորիս քաղաքն է։ Ի՞նչ է մեզ հայտնի այս քաղաքի մասին։
Հերովդես Մեծի մահից հետո՝ հավանաբար մ.թ.ա. 1 թ.–ին, Սեփորիսի բնակիչները ապստամբեցին Հռոմի դեմ, որի հետևանքով նրանց քաղաքը կործանվեց։ Երբ Հերովդեսի որդին՝ Անտիպասը, սկսեց կառավարել Գալիլեայում ու Պիրեայում, նա Սեփորիսի ավերակները ընտրեց որպես նոր մայրաքաղաքի տեղանք։ Այդ քաղաքը վերակառուցվեց հունահռոմեական ճարտարապետության ոճով, չնայած որ այնտեղ ապրում էին հիմնականում հրեաներ։ Պրոֆեսոր Ռիչարդ Բաթիի խոսքերով՝ այն դարձավ «Գալիլեայի և Պիրեայի կառավարման գլխավոր կենտրոնը» մինչև մ.թ. 21 թ.–ը, երբ Անտիպասը կառուցեց Տիբերիան, որը, որպես մայրաքաղաք, փոխարինեց Սեփորիսին։ Այդ ժամանակներում էր, որ Հիսուսը ապրում էր Սեփորիս քաղաքի մոտակայքում։
Պրոֆեսոր Ջեյմս Սթրենջը, որը պեղումներ է կատարել Սեփորիսում, նկարագրում է, որ այդ քաղաքը ունեցել է արխիվներ, գանձարան, զինանոց, բանկեր, շենքեր և շուկաներ, որտեղ վաճառվել է կերամիկա, ապակյա և մետաղյա իրեր, զարդեր և տարբեր ապրանքներ։ Այնտեղ եղել են ջուլհակներ, դերձակներ։ Քաղաքն ունեցել է նաև խանութներ, որտեղ վաճառվել են զամբյուղներ, կահույք, օծանելիք և այլն։ Ըստ հաշվարկների՝ այդ ժամանակ բնակչության թիվը կազմել է 8 000–12 000։
Արդյոք Հիսուսը երբևէ այցելե՞լ է այս քաղաքը, որը Նազարեթից մեկ ժամվա ոտքի ճանապարհ է։ Ավետարանները չեն պատասխանում այս հարցին։ Սակայն մի գրքում նշվում է, որ «Նազարեթից Գալիլեայի Կանա քաղաքն ընկած ճանապարհներից մեկը անցնում էր Սեփորիսի միջով» («The Anchor Bible Dictionary») (Յովհաննէս 2։1; 4։46)։ Նազարեթից երևում է Սեփորիսը, որը գտնվում է գրեթե 120 մետր բարձրության վրա։ Ոմանք կարծում են, որ Հիսուսը այս քաղաքը նկատի ուներ, երբ ասաց՝ «մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ» (Մատթէոս 5։14)։
Մ.թ. 70 թ.–ին՝ Երուսաղեմի կործանումից հետո, Գալիլեայում Սեփորիսը դարձավ հրեաների գլխավոր քաղաքը, իսկ ավելի ուշ այնտեղ սկսեց գործել հրեական բարձրագույն դատարանը՝ Ատյանը։ Որոշ ժամանակ այն նաև եղել է հրեաների կրթօջախը։
[քարտեզ/նկար 32-րդ էջի վրա]
ԳԱԼԻԼԵԱ
Կանա
ՍԵՓՈՐԻՍ
Նազարեթ
Տիբերիա
Գալիլեայի ծով
ՊԻՐԵԱ
[նկար 32-րդ էջի վրա, թույլտվությամբ՝]
Pottery: Excavated by Wohl Archaeological Museum, Herodian Quarter, Jewish Quarter. Owned by Company for the Reconstruction of the Jewish Quarter in the Old City of Jerusalem, Ltd