ԳԼՈՒԽ 7
Աստղագուշակներ են գալիս՝ Հիսուսին տեսնելու
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ, «ԱՍՏՂԻՆ» ՀԵՏԵՎԵԼՈՎ, ՆԱԽ ԳՆՈՒՄ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ, ԱՊԱ՝ ՀԻՍՈՒՍԻ ՄՈՏ
Արևելքից մի քանի մարդիկ են գալիս։ Նրանք աստղագուշակներ են, որոնք ասում են, թե ուսումնասիրելով աստղերի դիրքը՝ կարող են հայտնել, թե ինչ դեպքեր են տեղի ունենալու մարդկանց կյանքում (Եսայիա 47։13)։ Դեռևս արևելքում եղած ժամանակ նրանք մի «աստղ» են տեսել և հետևելով այդ «աստղին»՝ հարյուրավոր կիլոմետրեր են անցել ու եկել են ոչ թե Բեթլեհեմ, այլ Երուսաղեմ։
Հասնելով Երուսաղեմ՝ աստղագուշակները հարցնում են մարդկանց. «Որտե՞ղ է հրեաների թագավորը, որ ծնվել է։ Երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ» (Մատթեոս 2։1, 2)։
Երբ Երուսաղեմի թագավոր Հերովդեսը լսում է այդ մասին, անչափ անհանգստանում է։ Նա կանչում է ավագ քահանաներին և այլ հրեա կրոնական առաջնորդների ու հարցնում է, թե որտեղ պետք է ծնվի Քրիստոսը։ Հիմնվելով մարգարեների գրվածքների վրա՝ նրանք ասում են, որ նա ծնվելու է Բեթլեհեմում (Մատթեոս 2։5; Միքիա 5։2)։ Այդ ժամանակ Հերովդեսն աստղագուշակներին գաղտնի իր մոտ է կանչում և ասում. «Գնացեք, որոնեք երեխային և երբ գտնեք, հայտնեք ինձ, որ ես էլ գնամ ու խոնարհվեմ նրա առաջ» (Մատթեոս 2։8)։ Բայց իրականում Հերովդեսն ուզում է գտնել երեխային, որ սպանի նրան։
Երբ աստղագուշակները հեռանում են Հերովդեսի մոտից, զարմանալի բան է տեղի ունենում։ Այն «աստղը», որ նրանք տեսել էին դեռևս արևելքում եղած ժամանակ, գնում է նրանց առջևից։ Ակնհայտ է, որ դա սովորական աստղ չէ։ Այն հատուկ ուղարկվել է նրանց առաջնորդելու համար։ Աստղագուշակները շարունակում են հետևել «աստղին», մինչև որ այդ «աստղը» կանգ է առնում հենց այն տան վերևում, որտեղ մնում են Հովսեփն ու Մարիամը իրենց փոքրիկի հետ։
Մտնելով տուն՝ աստղագուշակները տեսնում են Մարիամին ու Հիսուսին։ Նրանք խոնարհվում են երեխայի առաջ, ապա տալիս են նրան նվերներ՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ Ավելի ուշ, երբ պատրաստվում են վերադառնալ Հերովդեսի մոտ, Աստված երազի միջոցով ասում է նրանց, որ չգնան Երուսաղեմ։ Ուստի նրանք մեկ այլ ճանապարհով վերադառնում են իրենց երկիր։
Քո կարծիքով՝ ո՞վ էր այդ «աստղի» միջոցով առաջնորդում աստղագուշակներին։ Հիշենք, որ այն նրանց չբերեց անմիջապես Հիսուսի մոտ՝ Բեթլեհեմ, այլ առաջնորդեց դեպի Երուսաղեմ, որտեղ նրանք հանդիպեցին Հերովդեսին։ Լսելով նրանց ասածները՝ Հերովդեսը որոշեց սպանել Հիսուսին։ Ու նա այդպես էլ կվարվեր, եթե Աստված չմիջամտեր և չզգուշացներ աստղագուշակներին, որ չհայտնեն նրան, թե որտեղ է երեխան։ Պարզ է, որ Աստծու թշնամին՝ Սատանան էր ուզում սպանել Հիսուսին և օգտագործելով այդ «աստղը»՝ փորձում էր իրականացնել իր նպատակը։