Լավ առաջնորդություն. որտե՞ղ կարող ենք գտնել
«ԱՄԷՆ տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում,— ասում է Աստվածաշունչը,— իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է» (Եբրայեցիս 3։4; Յայտնութիւն 4։11)։ Քանի որ ճշմարիտ Աստվածը՝ Եհովան, մեր Արարիչն է, ապա նա լավ «գիտէ մեր կազմուածքը» (Սաղմոս 103։14)։ Նա լիովին տեղյակ է մեր կարիքներին ու սահմանափակ հնարավորություններին։ Իսկ քանի որ Աստված սիրում է մարդկանց, նա ցանկանում է բավարարել այդ կարիքները (Սաղմոս 145։16; Ա Յովհաննէս 4։8)։ Եվ այս հարցում բացառություն չէ լավ առաջնորդության կարիքը։
Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հայտարարեց. «Ահա ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար» (Եսայիա 55։4)։ Առաջնորդության ներկայիս ճգնաժամի վերացումը կախված է Ամենակարողի կողմից նշանակված Առաջնորդին ճանաչելուց, ինչպես նաև վերջինիս առաջնորդությունն ընդունելուց։ Ո՞վ է, ուրեմն, այս Առաջնորդն ու Հրամանատարը, որի մասին կանխագուշակվել էր։ Որպես առաջնորդ՝ ի՞նչ արժանիքներ նա ունի։ Ո՞ւր է նա մեզ առաջնորդելու։ Ի՞նչ պետք է անենք, որ նրա առաջնորդությունը մեզ օգուտ բերի։
Խոստացյալ Առաջնորդը երևան է գալիս
Մոտ 2 500 տարի առաջ Գաբրիել հրեշտակը հայտնվեց Դանիել մարգարեին ու ասաց. «Իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում» (Դանիէլ 9։25)։
Հստակ է, որ հրեշտակը տեղեկացնում էր Դանիելին մի որոշակի ժամանակի մասին, թե երբ պիտի գար Եհովայի ընտրյալ Առաջնորդը։ Մեսիա իշխանը, կամ առաջնորդը, պետք է գար 69 ‘յոթնյակների’, կամ 483 տարիների վերջում։ Այդ տարիների հաշիվը սկսվում է մ.թ.ա. 455–ից, երբ Երուսաղեմը վերակառուցելու հրամանը դուրս եկավa (Նէեմիա 2։1–8)։ Ի՞նչ տեղի ունեցավ այդ ժամանակաշրջանի վերջում։ Ղուկասը, որ գրել է Ավետարաններից մեկը, պատմում է. «Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի [մ.թ. 29–ին].... Աստծու խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում։ Եւ նա եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար»։ Այդ ժամանակ «ժողովուրդը սպասման մէջ էր». նրանք սպասում էին Մեսիա–Առաջնորդին (Ղուկաս 3։1–3, 15)։ Թեև բազմություններ էին հորդում դեպի Հովհաննեսը, բայց նա չէր Առաջնորդը։
29 թ. հոկտեմբեր ամսին նազարեթցի Հիսուսը եկավ Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու։ Վերջինս վկայեց Հիսուսի մասին՝ ասելով. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ։ Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»։ Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին» (Յովհաննէս 1։32–34)։ Մկրտվելով՝ Հիսուսը դարձավ օծյալ առաջնորդ՝ Մեսիա, կամ Քրիստոս։
Այո՛, ‘ազգերի [խոստացյալ] առաջնորդն ու հրամանատարը’ Հիսուս Քրիստոսն էր։ Քննելով նրա՝ որպես առաջնորդի հատկությունները՝ մենք հեշտությամբ նկատում ենք, որ այս առումով նա շատ ու շատ անգամ գերազանցում է այն չափանիշները, որոնց մեր օրերում պետք է համապատասխանի իդեալական առաջնորդը։
Մեսիան իդեալական առաջնորդ է
Լավ ղեկավարը հստակ առաջնորդություն է ցույց տալիս իր հոգածության ներքո գտնվող մարդկանց ու օգնում է նրանց ուժ և կորով ստանալու, որպեսզի կարողանան հաջողությամբ լուծել իրենց խնդիրները։ «Առանց դրա 21–րդ դարի ոչ մի ղեկավար չի կարող հաջողության հասնել»,— ասվում է «Առաջնորդությունը 21–րդ դարում. զրույցներ 100 անվանի առաջնորդների հետ» գրքում (անգլ.)։ Ինչպիսի՜ հմտությամբ էր Հիսուսն օգնում իր ունկնդիրներին գլուխ հանելու առօրյա խնդիրներից։ Այդ մասին, օրինակ, գրված է նրա հանրահայտ Լեռան քարոզում, որ գտնվում է Մատթեոս 5–7 գլուխներում։ Հիսուսն այդ քարոզն ասելիս բավական գործնական խորհուրդներ տվեց լսողներին։
Խոսենք, օրինակ, այն մասին, թե ինչ խորհուրդ էր նա տալիս անձնական տարաձայնությունները լուծելու համար։ Հիսուսն ասաց. «Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ [«բան», ԱԹ] ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա եկ քո ընծան մատուցիր» (Մատթէոս 5։23, 24)։ Մարդկանց հետ խաղաղ հարաբերություններ ունենալու մեջ նախաձեռնություն հանդես բերելը ամենից կարևորն է. այո՛, ավելի կարևոր, քան կրոնական պարտականություն կատարելը, ինչպիսին որ Երուսաղեմի տաճարի սեղանի վրա ընծա մատուցելն էր, որ պահանջվում էր Մովսիսական օրենքով։ Հակառակ դեպքում պաշտամունքն անընդունելի է Աստծուն։ Հիսուսի խորհուրդն այսօր նույնքան գործնական է, որքան դարեր առաջ։
Հիսուսը նաև օգնեց իր ունկնդիրներին խուսափելու անբարոյականության ծուղակից։ Նա հորդորեց նրանց. «Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթէոս 5։27, 28)։ Ինչպիսի՜ տեղին զգուշացում։ Ինչո՞ւ նման մտքեր ունենանք ու սկսենք քայլել դեպի շնություն տանող ճանապարհով։ Հիսուսն ասաց, որ պոռնկությունն ու շնությունը սրտից են դուրս գալիս (Մատթէոս 15։18, 19)։ Մենք իմաստությամբ կվարվենք, եթե պահպանենք մեր սիրտը (Առակաց 4։23)։
Լեռան քարոզը նաև գերազանց խորհուրդներ է պարունակում թշնամիներին սիրելու, մեծահոգի լինելու, նյութական ու հոգևոր բաների հանդեպ պատշաճ տեսակետ ունենալու և շատ ուրիշ հարցերի մասին (Մատթէոս 5։43–47; 6։1–4, 19–21, 24–34)։ Իր ունկնդիրներին սովորեցնելով աղոթել՝ Հիսուսը ցույց տվեց նրանց, թե ինչպես Աստծուց օգնություն խնդրել (Մատթէոս 6։9–13)։ Մեսիա–Առաջնորդը մեր օրերում էլ շարունակում է զորացնել ու նախապատրաստել իր հետևորդներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել իրենց այն դժվարությունները, որ բոլոր մարդիկ էլ ունենում են։
Լեռան քարոզում Հիսուսը վեց անգամ խոսքը սկսում է «լսել էք, թէ ինչ ասուեց» կամ «արդարեւ ասուել է» արտահայտություններով, բայց հետո միտքը շարունակում է այսպես՝ «իսկ ես ձեզ ասում եմ» (Մատթէոս 5։21, 22, 27, 28, 31–34, 38, 39, 43, 44)։ Սա վկայում է այն մասին, որ նրա ունկնդիրները սովոր էին որոշակի ձևով վարվելուն՝ համաձայն փարիսեցիության բանավոր ավանդույթների։ Բայց հիմա Հիսուսը նրանց ուրիշ ուղի էր սովորեցնում. ուղի, որն արտացոլում էր Մովսիսական օրենքի իսկական ոգին։ Այսպիսով Հիսուսն առաջարկում էր իր հետևորդներին փոխվել, և նա այնպես էր անում, որ նրանց համար դա հեշտ լիներ։ Այո՛, Հիսուսը մարդկանց մեջ ցանկություն էր առաջացնում և՛ հոգևոր, և՛ բարոյական առումով մեծ փոփոխություններ կատարել իրենց կյանքում։ Ահա թե ի՛նչ է նշանակում իսկական առաջնորդ լինել։
Մենեջմենթի (ղեկավարելու և կազմակերպելու) մասին մի գրքում (անգլ.) շեշտվում է, թե որքան դժվար է մարդկանց մղել նման փոփոխությունների։ Գրքում ասվում է. «Նա [առաջնորդը], որ ձգտում է մարդկանց մեջ ինչ–որ փոփոխություններ տեսնել, պետք է ունենա սոցիալական խնդիրների ոլորտում աշխատողի զգայունություն, հոգեբանի խորաթափանցություն, մարաթոնյան վազորդի տոկունություն, բուլդոգի համառություն, ճգնավորի՝ սեփական ուժերի հանդեպ վստահություն ու սրբի համբերություն։ Եվ նույնիսկ այս բոլոր հատկությունների առկայության դեպքում հաջողությունը դեռևս երաշխավորված չէ»։
«Առաջնորդը պետք է այնպիսի վարք ունենա, ինչպիսին որ ցանկանում է տեսնել իր հետևորդների մեջ»,— գրվում է այս գրքի «Առաջնորդություն. նշանակություն ունի՞ բնավորությունը» ենթաբաժնում։ Իսկապես, լավ առաջնորդի խոսքն ու գործը իրար համապատասխանում են։ Որքա՜ն ճշմարիտ է դա Հիսուս Քրիստոսի առնչությամբ։ Այո՛, նա իր աշակերտներին սովորեցնում էր խոնարհ լինել, բայց դա նաև գործով էր ցույց տալիս. օրինակ՝ նա լվաց նրանց ոտքերը (Յովհաննէս 13։5–15)։ Նա ոչ թե պարզապես իր աշակերտներին ուղարկում էր քարոզելու Աստծո Թագավորության բարի լուրը, այլ ինքն էլ եռանդորեն մասնակցում էր այդ գործին (Մատթէոս 4։18–25; Ղուկաս 8։1–3; 9։1–6; 10։1–24; Յովհաննէս 10։40–42)։ Հիսուսն օրինակ է թողել նաև առաջնորդության հետևելու առումով։ «Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել,— ասաց նա իր մասին,— այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է» (Յովհաննէս 5։19)։
Հիսուսի խոսքերի ու գործերի վերաբերյալ վերոհիշյալ քննարկումը հստակորեն ցույց է տալիս, որ նա իդեալական առաջնորդ է։ Իրողությունն այն է, որ նա լավ առաջնորդության առումով գերազանցում է մարդկանց կողմից սահմանված ամեն մի չափանիշ։ Հիսուսը կատարյալ անձնավորություն է։ Մահվանից հետո հարություն առնելով՝ նա անմահություն է ստացել և հավիտյան է ապրելու (Ա Պետրոս 3։18; Յայտնութիւն 1։13–18)։ Մարդկային առաջնորդներից ո՞վ կարող է նմանվել նրան։
Ի՞նչ պետք է անենք
Մեսիա Առաջնորդն այժմ իշխում է որպես Աստծո Թագավորության Թագավոր, և նա հնազանդ մարդկանց մեծապես կօրհնի։ Գրությունները խոստանում են. «Երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։ «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։ «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի» (Միքիա 4։4)։ «[Աստված] պիտի բնակուի նրանց հետ.... եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Յայտնութիւն 21։3, 4)։
Այսօր աշխարհը առաջնորդության ճգնաժամ է ապրում։ Բայց միևնույն ժամանակ Հիսուս Քրիստոսն այժմ խոնարհ ու հնազանդ մարդկանց առաջնորդում է դեպի նոր աշխարհ, որտեղ նրանք միասնաբար կերկրպագեն Եհովա Աստծուն՝ առաջ ընթանալով դեպի կատարելություն։ Որքա՜ն կարևոր է, որ գիտելիքներ ստանանք ճշմարիտ Աստծո և նրա նշանակած Առաջնորդի մասին, ինչպես նաև գործենք այդ գիտելիքների համաձայն (Յովհաննէս 17։3)։
Որևէ մեկի հանդեպ մեր հիացմունքը կարող ենք արտահայտել նրանով, որ ընդօրինակենք այդ անհատին։ Չպե՞տք է, ուրեմն, փորձենք ընդօրինակել մարդկության պատմության մեջ եղած մեծագույն առաջնորդին՝ Հիսուս Քրիստոսին։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Ի՞նչ ազդեցություն կթողնի նրա առաջնորդությունը մեզ վրա։ Ահա այս և ուրիշ հարցեր կքննարկվեն հաջորդ երկու հոդվածներում։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Ուշադրութիւն Ընծայեցէ՛ք Դանիէլի Մարգարեութեան» գիրքը (էջ186–192)՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
[նկար 4–րդ էջի վրա]
Դանիելը կանխագուշակեց Աստծո ընտրյալ առաջնորդի գալուստը
[նկարներ 7–րդ էջի վրա]
Հիսուսի ուսուցումներն օգնեցին մարդկանց հաղթահարելու առօրյա խնդիրները
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսը հնազանդ մարդկանց առաջնորդելու է դեպի խաղաղ նոր աշխարհ