Եթե մեկը քեզ հարկադրում է ծառայել
«Է՛Յ, ԴՈՒ։ Գործդ թո՛ղ ու արի տար այս բեռը»։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարձագանքեր առաջին դարում ապրող հրեան, եթե այսպիսի խոսքեր լսեր հռոմեացի զինվորից։ Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա» (Մատթէոս 5։41, ԷԹ)։ Հիսուսի ունկնդիրներն ինչպե՞ս պետք է հասկանային նրա այս խորհուրդը։ Եվ ինչպե՞ս պետք է մենք հասկանանք այն այսօր։
Պատասխանը ստանալու համար պետք է իմանանք, թե հին ժամանակներում ինչ էր իրենից ներկայացնում պարտադիր ծառայությունը։ Այս տեսակ ծառայությունը լավ ծանոթ էր Հիսուսի օրերում Իսրայելում բնակվող մարդկանց։
Պարտադիր ծառայություն
Ապացույցներ կան, որ Մերձավոր Արևելքում պարտադիր ծառայություն (կամ՝ «կորվե») գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 18–րդ դարում։ Ասորական հնագույն քաղաք Ալալախի վարչական փաստաթղթերում նշվում է կորվե կատարող խմբերի մասին, որոնց՝ կառավարությունը պահում էր իրեն ծառայություններ մատուցելու համար։ Ասորիքի ափին գտնվող Ուգարիթ քաղաքում վարձակալ հողագործները նույնպես ենթակա էին նման պարտականություններ կատարելու, եթե իհարկե թագավորը նրանց չէր ազատում այդ ծառայությունից։
Փաստ է, որ ստրկացված կամ գերեվարված մարդկանց հաճախ պարտադիր աշխատանքների էին նշանակում։ Օրինակ՝ Եգիպտոսում վերակացուները իսրայելացիներին ստիպում էին ստրուկի պես աշխատել, այն է՝ պատրաստել աղյուսներ։ Հետագայում իսրայելացիները պարտադրեցին Ավետյաց երկրում ապրող քանանացիներին ծառայել իրենց։ Նույն բանն արեցին նաև Դավիթն ու Սողոմոնը (Ելից 1։13, 14; Բ Թագաւորաց 12։31; Գ Թագաւորաց 9։20, 21)։
Երբ իսրայելացիները խնդրեցին Սամուելին, որ իրենց վրա թագավոր նշանակի, նա բացատրեց, թե թագավորն ինչ կարող էր իրավացիորեն պահանջել նրանցից։ Թագավորը իր հպատակներին ծառայեցնելու էր որպես կառապաններ, ձիապաններ, մշակներ, հնձվորներ, զենք պատրաստողներ և այլն (Ա Թագաւորաց 8։4–17)։ Սակայն Եհովայի տաճարի կառուցման ժամանակ Սողոմոնը օտարերկրացիներին նշանակեց պարտադիր աշխատանքների, իսկ «Իսրայէլի որդիներիցը.... ծառայ չ’շինեց. որովհետեւ նորանք պատերազմի մարդիկ էին, եւ նորա ծառաները, նորա իշխանները նորա զօրավարները, եւ նորա կառքերի ու ձիաւորների վերակացուներն էին լինում» (Գ Թագաւորաց 9։22)։
Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներում իսրայելացիների մասնակցությանը, Գ Թագաւորաց 5։13, 14 համարներում ասվում է. «Սողոմոն թագաւորը բոլոր Իսրայէլից մարդահարկ առաւ, եւ մարդահարկը եղաւ երեսուն հազար մարդ։ Եւ նորանց յաջորդաբար ուղարկեց Լիբանան ամիսը տասը հազար. մէկ ամիս լինում էին Լիբանան՝ երկու ամիս տանը»։ Մի աստվածաշնչագետ ասում է. «Կասկած չի կարող լինել այն բանում, որ Իսրայելի և Հուդայի թագավորները կորվեի միջոցով ապահովել են չվարձատրվող աշխատակազմ՝ շինարարական գործերի, ինչպես նաև թագավորական հողատարածքներում կատարվող աշխատանքների համար»։
Սողոմոնի իշխանության տարիներին ժողովրդի բեռը ծանր էր և այնքան ճնշող, որ երբ Ռոբովամը սպառնաց ավելի ծանրացնել այդ բեռը, բոլոր իսրայելացիները ապստամբեցին և քարկոծեցին այն պաշտոնյային, որը նշանակված էր վերահսկելու պարտադիր աշխատանքները (Գ Թագաւորաց 12։12–18)։ Այնուամենայնիվ, նույնիսկ դրանից հետո այս հասկացությունը չվերացավ։ Ասան՝ Ռոբովամի թոռը, հրամայեց Հուդայի բոլոր բնակիչներին՝ «առանց բացառության», կառուցել Գաբա և Մասփա քաղաքները (Գ Թագաւորաց 15։22)։
Հռոմի իշխանության տարիներին
Հիսուսի Լեռան քարոզը ցույց է տալիս, որ առաջին դարի հրեաները գիտեին, որ իրենց կարող էին ‘հարկադրել’ ծառայելու։ «Հարկադրել» բառը թարգմանվում է հունարեն «անգարիո» բառից, որը սկզբում վերաբերում էր պարսկական սուրհանդակների կատարած ծառայությանը։ Նրանք իշխանություն ունեին ծառայեցնելու մարդկանց, օգտագործելու ձիեր, նավեր և ինչ որ պետք էր հասարակական գործը արագ կատարելու համար։
Հիսուսի օրերում Իսրայելում բնակվում էին հռոմեացիներ, որոնք նմանատիպ համակարգ էին որդեգրել։ Արևելյան գավառներում, բացի սովորական հարկերից, հռոմեացիները կարող էին պահանջել, որ բնակիչները պարտադիր աշխատանքներ կատարեին կանոնավոր կերպով կամ բացառիկ իրավիճակներում։ Իհարկե, նման պարտականությունները հաճելի չէին։ Բացի այդ, պետության համար կենդանիներ, կառապաններ կամ բեռնատար միջոցներ անօրինական ձևով խլելը սովորական երևույթ էր։ Ըստ պատմաբան Մայքլ Ռոստովցևի՝ կառավարիչները «ձգտում էին կարգավորել և համակարգել [այս կառույցը], սակայն ապարդյուն։ Քանի դեռ այս ծառայությունները գոյություն ունեին, դրանք վատ հետևանքներ էին առաջ բերելու։ Պրեֆեկտները հրապարակում էին հրամանագիր հրամանագրի ետևից՝ անկեղծորեն ձգտելով կասեցնել իշխանության բռնի դրսևորումը և այդ համակարգի գործադրած ճնշումը.... Սակայն այս կառույցը մնաց բռնապետական»։
«Ցանկացած մարդու կարող էին ստիպել բանակի ուղեբեռը տեղափոխել մի որոշ տարածություն,— ասում է Աստվածաշնչի մի հույն վերլուծաբան,— ցանկացած մարդու կարող էին ստիպել կատարելու այնպիսի ծառայություններ, ինչպիսին որ ուզում էին երկրի տիրակալները»։ Հենց դա պատահեց Կյուրենացի Սիմոնին, որին հռոմեացի զինվորները «ստիպեցին» տանել Հիսուսի տանջանքի ցիցը (Մատթէոս 27։32, ԷԹ)։
Ռաբունական գրություններում նույնպես նշվում է այս տհաճ կառույցի մասին։ Օրինակ՝ մի ռաբբիի ստիպել էին մրտենու ճյուղեր տանել մինչև պալատ։ Հռոմեացիները կարող էին վերցնել որևէ գործատիրոջ աշխատողների և նշանակել այլ աշխատանք կատարելու, մինչդեռ գործատերերը պետք է նույնությամբ վճարեին նրանց աշխատավարձը։ Կարող էին բռնի ձևով վերցնել բեռնակիր կամ եղջերավոր անասուններ։ Իսկ եթե վերադարձնում էին այդ կենդանիներին, ապա նրանք այնպիսի վիճակում էին լինում, որ այլևս հնարավոր չէր նրանց օգտագործել աշխատանքի մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ երբ մարդկանցից, հակառակ նրանց կամքի, ինչ–որ բան էին վերցնում, ժողովուրդը դա բռնագրավում էր համարում։ Հրեական մի ասացվածք հետևյալն է ասում. «Անգարեան կարծես մահ լինի»։ Իսկ մի պատմաբան գրում է. «Մի ամբողջ գյուղ կարող էր կործանվել այն պատճառով, որ անգարեայի համար մարդկանցից բռնի կերպով վերցնում էին եղջերավոր անասուններին, և ոչ թե բեռներ կրելու համար նախատեսվածներին»։
Կարելի է պատկերացնել, թե որքան տհաճություն էր պատճառում այս ամենը բնակիչներին, քանի որ այդ գործերը վերահսկողները հաճախ հպարտություն և անարդարություն էին դրսևորում։ Հրեաները ատելությամբ էին լցված իրենց վրա իշխող հեթանոս տերությունների հանդեպ։ Նրանք խիստ վրդովվում ու նվաստացած էին զգում իրենց այդ տհաճ ծառայությունները կատարելիս։ Մեզ հասած օրենքներից ոչ մեկում տեղեկություններ չկան այն մասին, թե քաղաքացին որքան տարածություն պետք է տաներ իրեն հանձնված բեռը։ Ամենայն հավանականությամբ, շատերը չէին ցանկանա օրենքով նախատեսված տարածությունից մի քայլ անգամ ավել գնալ։
Մինչդեռ Հիսուսը հենց այս կարգը նկատի ուներ, երբ ասաց. «Եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա» (Մատթէոս 5։41, ԷԹ)։ Լսելով այս խոսքերը՝ շատերը գուցե մտածեին, թե Հիսուսը խելամիտ բաներ չէր ասում։ Բայց ի՞նչ ի նկատի ուներ նա։
Ինչպե՞ս պետք է արձագանքեն քրիստոնյաները
Պարզ ասած՝ Հիսուսն իր ունկնդիրներին ուզում էր հասկացնել, որ եթե մի իշխանավոր ստիպում էր նրանց օրենքով պահանջվող որևէ ծառայություն կատարել, ապա նրանք պետք է դա անեին պատրաստակամորեն և առանց վիրավորվելու։ Այդպիսով նրանք կվճարեին «Կայսրինը Կայսրին», սակայն չպետք է անուշադրության մատնեին նաև «Աստուծունը՝ Աստուծուն» տալու պարտականությունը (Մարկոս 12։17)։a
Ավելին, Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց. «Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։ Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում.... եթէ չարը գործես՝ վախեցիր. որովհետեւ զուր տեղը սուր չէ կրում» (Հռովմայեցիս 13։1–4)։
Այսպիսով՝ Հիսուսն ու Պողոսը ընդունում էին, որ թագավորը կամ կառավարությունը իրավունք ունի պատժել իրենց պահանջները ոտնահարողներին։ Ի՞նչ պատիժ կարող էին տալ նրանք։ Հույն փիլիսոփա Էպիկտետոսը, որն ապրել է առաջինից երկրորդ դարերում, տալիս է այս հարցի պատասխաններից մեկը. «Եթե զինվորը հանկարծ ուզում է քեզանից վերցնել էշդ, թող վերցնի։ Մի հակառակվիր, մի տրտնջա, որպեսզի էշդ կորցնելու հետ մեկտեղ հարվածներ չստանաս»։
Այնուամենայնիվ, թե՛ հնում և թե՛ մեր օրերում ապրող քրիստոնյաները զգացել են, որ չեն կարող մաքուր խղճով կատարել կառավարության որոշ պահանջներ։ Երբեմն դա լուրջ հետևանքներ է առաջ բերել։ Քրիստոնյաներից ոմանց մահվան են դատապարտել։ Մյուսները բազմաթիվ տարիներ բանտում են անցկացրել, քանի որ մերժել են այնպիսի գործերը, որոնց մասնակցելով կխախտեին իրենց չեզոք դիրքորոշումը (Եսայիա 2։4; Յովհաննէս 17։16; 18։36)։ Մյուս կողմից՝ քրիստոնյաներից շատերը գտնում են, որ կարող են կատարել իրենցից պահանջվածը։ Օրինակ՝ որոշ քրիստոնյաներ մտածում են, որ կառավարության վերահսկողության տակ կարող են ինչ–ինչ ծառայություններ կատարել, որոնք օգտակար են հասարակության համար։ Այդ ծառայությունների մեջ են մտնում ծերերին կամ հաշմանդամներին հոգ տանելը, որպես հրշեջ ծառայելը, լողափեր մաքրելը, այգիներում, անտառներում, գրադարաններում և այլուր աշխատելը։
Իհարկե, ամեն մի երկրում իրավիճակները տարբեր են։ Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա, երբ որոշում է կատարել կամ չկատարել պետության պահանջները, պետք է առաջնորդվի Աստվածաշնչով դաստիարակված իր խղճով։
Գնա՛ երկրորդ մղոնը
Հիսուսի տված սկզբունքը՝ օրինական պահանջները պատրաստակամորեն կատարելու մասին, կիրառելի է ոչ միայն պետության պահանջները կատարելու առնչությամբ, այլև մարդկային առօրյա փոխհարաբերություններում։ Օրինակ՝ հնարավոր է՝ վերադաս մեկը խնդրի քեզ անել մի բան, որը կնախընտրեիր չանել, սակայն որը չի հակասում Աստծու օրենքներին։ Ինչպե՞ս կարձագանքես։ Կդժգոհե՞ս, մտածելով, որ դա խելամիտ չէ ու խլում է քո ժամանակը և ուժերը։ Արդյունքում թերևս լարվածություն առաջանա ձեր միջև։ Մյուս կողմից՝ եթե արտաքուստ հանգիստ ձևով կատարես այդ առաջադրանքը, սակայն ներքուստ վատ զգացումներ ունենաս, գուցե կորցնես ներքին խաղաղությունդ։ Ո՞րն է ելքը։ Վարվիր ինչպես Հիսուսն ասաց. գնա՛ երկրորդ մղոնը։ Կատարիր ոչ միայն այն, ինչ պահանջվում է քեզանից, այլև ավելին։ Արա պատրաստակամորե՛ն։ Եթե այդպիսի մտածելակերպ ունենաս, այլևս չես կարծի, թե քեզ շահագործում են, այլ դու ինքդ կլինես քո գործի տերը։
Մի հեղինակ նկատում է. «Շատերն ամբողջ կյանքում անում են միայն այն բաները, ինչը որ ստիպված են անել։ Նրանց համար կյանքը ծանր փորձություն է, և նրանք միշտ հոգնած են։ Մյուսները չեն սահմանափակվում միայն իրենց պարտականությունները կատարելով, այլ պատրաստակամորեն իրենց անձը տրամադրում են ուրիշներին»։ Իրականում, շատ իրավիճակներ հնարավորություն են տալիս պարզապես մեկ կամ երկու մղոն ավել գնալ։ Առաջին դեպքում՝ անհատը գուցե հակված լինի իր իրավունքները պնդելու։ Երկրորդ դեպքում՝ նա թերևս շատ հաճելի զգացումներ ունենա։ Իսկ ինչպիսի՞ անձնավորություն ես դո՛ւ։ Միգուցե ավելի երջանիկ և արդյունավետ կլինես, եթե գործերիդ նայես ոչ թե զուտ որպես պարտականությունների, այլ այնպիսի բաների, որոնք ցանկանում ես անել։
Իսկ ի՞նչ, եթե դու ինքդ ես վերադաս։ Պարզ է, որ եթե իշխանությունդ գործածես՝ մարդկանց ստիպելու, որ անեն այն, ինչ չեն ցանկանում, դա քո կողմից ո՛չ քրիստոնեավայել կլինի և ո՛չ էլ սիրո դրսևորում։ Հիսուսն ասաց. «Ազգերի իշխանները տիրում են նորանց վերայ, եւ մեծամեծները իշխում են նորանց վերայ»։ Սակայն քրիստոնյային վայել չէ նման վարքը (Մատթէոս 20։25, 26)։ Ուղղակիորեն ինչ–որ պահանջներ ներկայացնելը գուցե որոշ արդյունքներ տա։ Բայց որքա՜ն լավ փոխհարաբերություններ կտիրեն բոլորի միջև, եթե մարդիկ հարգալից կերպով արձագանքեն և ուրախությամբ հնազանդվեն, երբ իրենց խնդրում են որևէ բան անել։ Այո՛, պատրաստակամորեն մեկի փոխարեն երկու մղոն գնալը իսկապես կարող է բովանդակալից դարձնել քո կյանքը։
[ծանոթագրություն]
a Այն, թե քրիստոնյայի համար ինչ է նշանակում «Կայսրինը Կայսրին տ[ալ], եւ Աստուծունը՝ Աստուծուն», տե՛ս 1996 թ. օգոստոսի 1–ի «Դիտարանը», էջ 13–18, արևմտ. (1996 թ. մայիսի 1, էջ 14–20, ռուս.)։
[շրջանակ 25–րդ էջի վրա ]
Պարտադիր աշխատանքների չարաշահումը հնում
Այն, որ բռնի ձևով աշխատեցնելու մեթոդը հաճախ օգտագործվել է որոշակի ծառայություններ ապահովելու համար, երևում է կանոններից, որոնք ստեղծվել էին այդ մեթոդի չարաշահումները կանխելու նպատակով։ Մ.թ.ա. 118 թ. Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս Եվերգետես II–ը հրամանագիր արձակեց, որ իր պաշտոնյաները «երկրի ոչ մի բնակչի չստիպեն իրենց համար անձնական գործեր կատարել, ոչ էլ բռնագրավեն (անգարիոն) նրանց անասունները որևէ նպատակով»։ Ինչպես նաև՝ «ոչ մեկը չպետք է որևէ պատրվակով բռնագրավի.... նավակներ իր անձնական օգտագործման համար»։ Մ.թ. 49 թ. մի մակագրության մեջ, որը գտնվել է Մեծ օազիս տաճարում, հռոմեացի պրեֆեկտ Վերգիլիոս Կապիտոն նշում է, որ զինվորները անօրինական բռնագրավումներ էին կատարում, և նա հրաման էր տվել, որ «ոչ մեկը չվերցնի կամ բռնագրավի.... որևէ բան, եթե դրա համար գրավոր թույլտվություն չունի»։
[նկար 24–րդ էջի վրա]
Սիմոն Կյուրենացուն հարկադրեցին ծառայել
[նկար 26–րդ էջի վրա]
Բազմաթիվ Վկաներ բանտարկվել են իրենց քրիստոնեական դիրքորոշմանը հավատարիմ մնալու համար