Գլուխ 16
Ինչպես կարող եք մոտենալ Աստծուն
1. Ինչպիսի՞ նմանություն է նկատվում շատ կրոնների միջև։
ԱՐԵՎԵԼՅԱՆ երկրներից մեկն այցելած մի զբոսաշրջիկ, դիտելով բուդդայական տաճարում անցկացվող կրոնական ծեսերը, զարմանք ապրեց։ Թեև այնտեղ գործածվող պատկերները չէին ներկայացնում Մարիամին ու Քրիստոսին, սակայն շատ արարողություններ նման էին իր երկրի եկեղեցիներում անցկացվող ծեսերին։ Օրինակ՝ նա նշեց, որ այնտեղ համրիչներ էին օգտագործում ու երգելով աղոթքներ կարդում։ Այդպիսի նմանություն են նկատել նաև ուրիշ մարդիկ։ Արևելքում թե արևմուտքում՝ այն ձևերը, որով հավատացյալները փորձում են մոտենալ Աստծուն կամ իրենց պաշտամունքի առարկային, զարմանալիորեն նման են իրար։
2. Ի՞նչ սահմանում է տրվում աղոթքի վերաբերյալ, և ինչո՞ւ են շատերը աղոթում։
2 Մասնավորապես՝ շատերը փորձում են մոտենալ Աստծուն աղոթքի միջոցով։ Այն սահմանվում է հետևյալ կերպ. «Հաղորդակցություն սրբության կամ սրբի՝ Աստծո, աստվածների, բարձրագույն ոլորտի, գերբնական ուժերի հետ» («The New Encyclopædia Britannica»)։ Ոմանք աղոթքը համարում են Աստծուց զուտ ինչ–որ բան ստանալու միջոց։ Մի տղամարդ, օրինակ, Եհովայի վկաներին հարցրեց. «Եթե ինձ համար աղոթեք, կլուծվե՞ն արդյոք իմ ընտանիքում, աշխատանքիս վայրում և առողջությանս հետ կապված խնդիրները»։ Ըստ երևույթին, նա կարծում էր, թե այդպես էլ կլինի։ Բայց շատերը, աղոթելով հանդերձ, տեսնում են, որ իրենց խնդիրները չեն լուծվում։ Ուստի՝ մեր մեջ գուցե հարց առաջանա. «Ինչո՞ւ պետք է մոտենանք Աստծուն»։
Ինչու պետք է մոտենանք Աստծուն
3. Ո՞ւմ պետք է ուղղենք մեր աղոթքները և ինչո՞ւ։
3 Աղոթքը դատարկ արարողություն չէ և ոչ էլ ինչ–որ բան ստանալու միջոց։ Աստծուն դիմելու հիմնական նպատակը նրա հետ մտերիմ հարաբերություններ հաստատելն է։ Հետևաբար մեր աղոթքները պետք է ուղղվեն Եհովա Աստծուն։ «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին»,— ասում է սաղմոսերգու Դավիթը (Սաղմոս 145։18)։ Եհովան մեզ հրավիրում է իր հետ խաղաղ փոխհարաբերություններ հաստատել (Եսայիա 1։18)։ Այդ հրավերին արձագանքողները համաձայն են սաղմոսերգուի հետևյալ խոսքերին. «Բայց ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն»։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք, ովքեր մտերմանում են Եհովա Աստծո հետ, իսկական երջանկություն և ներքին խաղաղություն են վայելում (Սաղմոս 73։28)։
4, 5. ա) Աստծուն աղոթելը ինչո՞ւ է կարևոր։ բ) Աղոթքի միջոցով ինչպիսի՞ փոխհարաբերություններ կարող ենք հաստատել Աստծո հետ։
4 Իսկ ինչո՞ւ աղոթքով օգնություն խնդրել Աստծուց, եթե նա ‘գիտի, թե ինչ բաներ են մեզ պետք նրանից խնդրելուց առաջ’ (Մատթէոս 6։8; Սաղմոս 139։4)։ Աղոթելով՝ ցույց ենք տալիս, որ հավատում ենք Աստծուն և համարում ենք նրան «ամէն բարի շնորհ[ի] եւ ամէն կատարեալ պարգեւ[ի]» Աղբյուր (Յակոբոս 1։17; Եբրայեցիս 11։6)։ Մեր աղոթքները հաճելի են Եհովային (Առակաց 15։8)։ Նա ուրախությամբ է լսում երախտագիտության ու փառաբանության մեր իմաստալից խոսքերը, ինչպես որ հայրն է ուրախանում իր փոքրիկի անկեղծ շնորհակալական խոսքերը լսելիս (Սաղմոս 119։108)։ Եթե հոր և որդու միջև գոյություն ունեն լավ փոխհարաբերություններ, ապա նրանք ջերմորեն են հաղորդակցվում միմյանց հետ։ Սովորաբար, իր հոր կողմից սիրված երեխան ցանկություն է ունենում նրա հետ խոսելու։ Նույնը կարելի է ասել նաև Աստծո հետ մեր հարաբերությունների վերաբերյալ։ Եթե իրոք գնահատում ենք այն, ինչ սովորում ենք Եհովայի մասին, եթե երախտապարտ ենք այն սիրո համար, որ նա ցուցաբերել է մեր հանդեպ, ապա մեծ ցանկություն կունենանք աղոթքի միջոցով նրա առջև մեր սիրտը բացելու (Ա Յովհաննէս 4։16–18)։
5 Թեև Ամենաբարձրյալ Աստծուն դիմելիս պետք է խոսենք հարգալից կերպով, սակայն կարիք չկա չափազանց մտահոգվել ճշգրիտ բառեր ընտրելու համար (Եբրայեցիս 4։16)։ Մենք կարող ենք Եհովային դիմել ամեն ժամանակ։ Ինչպիսի՜ պատիվ է, որ աղոթքի միջոցով հնարավորություն ունենք ‘բացել մեր սրտերը’ Աստծո առջև (Սաղմոս 62։8, ԱԱ)։ Եհովայի հանդեպ երախտագիտությունը նպաստում է նրա հետ ջերմ փոխհարաբերություններ ունենալուն, ինչպիսին որ վայելում էր Աբրահամը՝ որպես Աստծո բարեկամ (Յակոբոս 2։23)։ Սակայն տիեզերքի Գերիշխանին աղոթքով դիմելու համար հարկավոր է համապատասխանել որոշակի պահանջների։
Պահանջներ՝ Աստծուն մոտենալու համար
6, 7. Թեև հարկ չկա վճարել Աստծուն՝ աղոթքներ լսելու համար, այնուամենայնիվ, ի՞նչ է նա պահանջում մեզանից, երբ աղոթում ենք։
6 Արդյո՞ք Աստծուն մոտենալու համար դրամ է հարկավոր։ Շատ մարդիկ վճարում են հոգևորականներին, որպեսզի վերջիններս աղոթեն իրենց համար։ Ոմանք նույնիսկ հավատում են, թե աղոթքները լսվում են՝ ըստ նվիրատվության չափի։ Սակայն Աստծո Խոսքում չի ասվում, որ Եհովային աղոթքով դիմելու համար դրամական նվիրատվություն է անհրաժեշտ։ Աստծո տրամադրած հոգևոր միջոցները, ինչպես նաև այն օրհնությունները, որ գալիս են աղոթքի միջոցով նրա հետ հաղորդակցվելուց, հնարավոր է ստանալ անվճար (Եսայիա 55։1, 2)։
7 Այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ։ Կարևոր պահանջներից մեկը սրտի ճիշտ տրամադրվածությունն է (Բ Մնացորդաց 6։29, 30; Առակաց 15։11)։ Սրտի խորքում մենք պետք է հավատ ցուցաբերենք Եհովա Աստծո՝ աղոթքներ Լսողի և ‘իրեն խնդրողներին վարձահատույց’ լինողի հանդեպ (Սաղմոս 65։2; Եբրայեցիս 11։6)։ Մեր սիրտը պետք է նաև խոնարհ լինի (Դ Թագաւորաց 22։19; Սաղմոս 51։17)։ Հիսուսի օրինակներից մեկում Եհովային աղոթելու ժամանակ խոնարհասիրտ մաքսավորը ավելի արդար ճանաչվեց, քան ինքնահավան փարիսեցին (Ղուկաս 18։10–14)։ Աստծուն աղոթքով դիմելիս եկեք հիշենք, որ «Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները» (Առակաց 16։5)։
8. Եթե ցանկանում ենք, որ Աստված պատասխանի մեր աղոթքներին, ինչի՞ց պետք է հրաժարվենք։
8 Եթե ցանկանում ենք, որ Աստված պատասխանի մեր աղոթքներին, պետք է հրաժարվենք մեղավոր վարքից։ Քաջալերելով ուրիշներին մոտենալ Աստծուն՝ Հակոբոս աշակերտը ասաց նաև հետևյալը. «Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ» (Յակոբոս 4։8)։ Նույնիսկ մեղսագործները կարող են խաղաղ փոխհարաբերություններ հաստատել Եհովայի հետ, եթե զղջան ու հրաժարվեն իրենց նախկին ապրելակերպից (Առակաց 28։13)։ Եհովան մեզ չի լսի, եթե միայն ձևացնենք, թե հոգևորապես մաքրվել ենք։ «Տիրոջ աչքերն արդարների վերայ են, եւ նորա ականջները դէպի նորանց աղօթքը, Տիրոջ երեսը չարագործների վերայ է»,— գրված է Աստծո Խոսքում (Ա Պետրոս 3։12)։
9. Ո՞ւմ միջոցով պետք է դիմենք Եհովային և ինչո՞ւ։
9 Աստվածաշունչն ասում է. «Երկրի վերայ արդար մարդ չ’կայ, որ բարի գործէ եւ չ’մեղանչէ» (Ժողովող 7։20)։ Ուստի ձեր մեջ գուցե հարց առաջանա. «Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք դիմել Եհովային»։ Աստծո Խոսքում տրվում է հետևյալ պատասխանը. «Եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին» (Ա Յովհաննէս 2։1)։ Թեև բոլորս էլ մեղավոր ենք, սակայն կարող ենք ազատորեն դիմել Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, որը մահացավ մեր փրկության համար (Մատթէոս 20։28)։ Նա է Եհովային դիմելու միակ «ճանապարհը» (Յովհաննէս 14։6)։ Մենք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք Հիսուսի քավիչ զոհաբերության արժեքին և գիտակցաբար մեղք գործենք (Եբրայեցիս 10։26)։ Սակայն եթե ամեն կերպ ջանալով հեռու մնալ չար գործերից երբեմն սխալվենք, ապա կարող ենք զղջալ և Աստծուց ներում խնդրել։ Եթե դիմենք Եհովային խոնարհ սրտով, նա կլսի մեզ (Ղուկաս 11։4)։
Աստծո հետ խոսելու առիթներ
10. Աղոթելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին, և Աստծուն առանձին աղոթելու ի՞նչ առիթներ կան։
10 Հիսուս Քրիստոսը շատ բարձր էր գնահատում Եհովայի հետ իր փոխհարաբերությունները։ Այդ պատճառով նա ժամանակ էր հատկացնում առանձնանալուն և Աստծուն աղոթելուն (Մարկոս 1։35; Ղուկաս 22։40–46)։ Լավ կանենք, եթե հետևենք Հիսուսի օրինակին ու կանոնավորապես աղոթենք Աստծուն (Հռովմայեցիս 12։12)։ Տեղին է աղոթել օրվա սկզբում։ Ճիշտ կլինի նաև, եթե քնելուց առաջ շնորհակալություն հայտնենք Եհովային օրվա ընթացքում մեր կատարած գործերի համար։ Օրվա մեջ նպատակ դրեք Աստծուն դիմել «ամեն ժամանակ» (Եփեսացիս 6։18)։ Մենք կարող ենք աղոթել նույնիսկ անձայն՝ մտքում, քանզի գիտենք, որ Եհովան կարող է լսել մեզ։ Աստծո հետ առանձին խոսելը ամրացնում է մեր հարաբերությունները նրա հետ։ Եհովային ամեն օր աղոթելը օգնում է միշտ մոտենալ նրան։
11. ա) Ինչո՞ւ է հարկավոր աղոթել ընտանիքով։ բ) Ի՞նչ է նշանակում աղոթքի վերջում ասվող «ամեն» բառը։
11 Եհովան լսում է նաև մի խումբ մարդկանց համար ասվող աղոթքները (Գ Թագաւորաց 8։22–53)։ Կարելի է դիմել Աստծուն ընտանիքով հանդերձ։ Այդ դեպքում աղոթքը սովորաբար ասում է ընտանիքի գլուխը։ Դա ամրացնում է ընտանեկան կապերը։ Բացի դրանից, Եհովան երեխաների համար դառնում է իրական անձնավորություն, քանի որ նրանք լսում են, թե ինչպես են իրենց ծնողները խոնարհաբար աղոթում Աստծուն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել, երբ ինչ–որ մեկը աղոթքով ներկայացնում է մի խումբ մարդկանց, ինչպես օրինակ, դա տեղի է ունենում Եհովայի վկաների հանդիպումներին։ Եթե գտնվում ենք լսողների թվում, ապա եկեք ուշադրությամբ լսենք, որպեսզի աղոթքի վերջում կարողանանք ամբողջ սրտով ասել՝ ամեն, որ նշանակում է «թող այդպես լինի» (Ա Կորնթացիս 14։16)։
Աղոթքներ, որ ԵՀովան լսում է
12. ա) Ինչո՞ւ Աստված չի պատասխանում որոշ աղոթքների։ բ) Ինչո՞ւ աղոթելիս չպետք է կենտրոնանանք միայն մեր անձնական կարիքների վրա։
12 Ոմանց գուցե թվա, թե Աստված չի լսում իրենց աղոթքները, նույնիսկ երբ նրանք աղոթում են Քրիստոսի միջոցով։ Սակայն, ինչպես ասել է Հովհաննեսը, «ի՛նչ էլ խնդրենք ըստ [Աստծո] կամքի, նա մեզ կը լսի» (Ա Յովհաննէս 5։14, էԹ)։ Հետևաբար՝ հարկավոր է աղոթել այն մասին, ինչը ներդաշնակ է Աստծո կամքին։ Քանի որ Եհովան հետաքրքրված է մեր հոգևոր բարօրությամբ, ուրեմն ցանկացած բան, որ ազդում է մեր հոգևորի վրա, աղոթելու հարմար թեմա է։ Մենք պետք է ջանանք խուսափել զուտ ֆիզիկական կարիքների վրա կենտրոնանալուց։ Օրինակ՝ թեպետ հիվանդության ժամանակ տեղին է աղոթել խոհեմություն և տոկունություն ցուցաբերելու մասին, սակայն առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով հոգևորը չպետք է ետին պլան մղվի (Սաղմոս 41։1–3)։ Մի քրիստոնյա կին, տեսնելով, որ չափից շատ է մտահոգվում իր առողջությամբ, Եհովային խնդրեց, որ օգնի իրեն ճիշտ տեսակետ ունենալ հիվանդության հանդեպ։ Արդյունքում՝ նա սկսեց շատ ավելի քիչ անհանգստանալ առողջության հետ կապված խնդիրներով ու զգաց, որ ‘զորության գերազանցություն’ է ստանում (Բ Կորնթացիս 4։7)։ Նրա մեջ ուժեղացավ ուրիշներին հոգևորապես օգնելու ցանկությունը, և այդ կինը դարձավ Թագավորության լիաժամ քարոզիչ։
13. Ըստ Մատթէոս 6։9–13-ի՝ ինչի՞ մասին տեղին կլինի աղոթել։
13 Ի՞նչ պետք է ընդգրկենք մեր աղոթքներում, որպեսզի դրանք հաճելի լինեն Եհովային։ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց իր աշակերտներին, թե ինչպես աղոթել։ Մատթէոս 6։9–13-ում արձանագրված տիպար աղոթքում նա, որպես օրինակ, մի շարք բաներ նշեց, որոնց մասին ճիշտ կլինի խնդրել։ Ի՞նչը պիտի լինի մեր աղոթքների գլխավոր թեման։ Առաջնային տեղը պետք է հատկացնել Եհովա Աստծո անվան սրբացմանը ու նրա Թագավորությանը։ Տեղին է աղոթել մեր նյութական կարիքների համար։ Կարևոր է խնդրել մեղքերի թողության, ինչպես նաև փորձություններից ու չարից՝ Բանսարկու Սատանայից ազատվելու մասին։ Հիսուսը չէր ցանկանում, որ մենք երգելով կարդանք այդ աղոթքը կամ էլ անգիր արած՝ նորից ու նորից կրկնենք այն՝ առանց իմաստի շուրջ խորհելու (Մատթէոս 6։7, ՆԱ)։ Եթե երեխան հոր հետ խոսելիս ամեն անգամ նույն բառերն օգտագործի, ինչպիսի՞ն կլինեն նրանց փոխհարաբերությունները։
14. Խնդրանքներից բացի՝ ուրիշ ի՞նչ աղոթքներ պիտի մատուցենք։
14 Խնդրանքներից ու աղաչանքներից բացի՝ հարկավոր է փառաբանության և շնորհակալական աղոթքներ մատուցել (Սաղմոս 34։1; 92։1; Ա Թեսաղոնիկեցիս 5։18)։ Կարող ենք աղոթել նաև ուրիշների համար։ Դժբախտության պատճառով տառապող կամ հալածանքներ կրող մեր հոգևոր եղբայրների ու քույրերի մասին աղոթելով՝ ցույց կտանք, որ մտահոգվում ենք նրանցով, ու կգոհացնենք Եհովային (Ղուկաս 22։32; Յովհաննէս 17։20; Ա Թեսաղոնիկեցիս 5։25)։ Պողոս առաքյալը գրում է. «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4։6, 7)։
Աղոթքում հարատևեք
15. Ի՞նչ պետք է հիշենք, երբ թվում է, թե մեր աղոթքները մնում են անպատասխան։
15 Գուցե այնպես թվա, թե ձեր աղոթքները երբեմն անպատասխան են մնում, թեև շարունակում եք գիտություն ստանալ Աստծո մասին։ Պատճառը կարող է լինել այն, որ Եհովայի տեսանկյունից դեռևս չի եկել տվյալ աղոթքին պատասխանելու ժամանակը (Ժողովող 3։1–9)։ Աստված կարող է թույլատրել, որ իրավիճակը որոշ ժամանակ նույնը մնա։ Բայց Եհովան պատասխանո՛ւմ է աղոթքներին։ Նա գիտի, թե որն է դա անելու լավագույն ժամանակը (Բ Կորնթացիս 12։7–9)։
16. Ինչո՞ւ պետք է հարատևել աղոթքում, և ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների վրա։
16 Եթե աղոթենք շարունակաբար, ցույց կտանք, որ խորապես հետաքրքրված ենք այն բանով, ինչի մասին խնդրում ենք Աստծուց (Ղուկաս 18։1–8)։ Ասենք՝ Եհովայից խնդրում ենք, որ նա օգնի մեզ հաղթահարել ինչ–որ մի թերություն։ Եթե հարատևենք աղոթքում և գործենք մեր խնդրածին համապատասխան, ցույց կտանք, որ իսկապես ցանկանում ենք այն, ինչ խնդրում ենք։ Աղոթքները պետք է լինեն անկեղծ ու կոնկրետ։ Հատկապես կարևոր է ջերմեռանդորեն աղոթել, երբ փորձության մեջ ենք (Մատթէոս 6։13)։ Եթե շարունակաբար աղոթենք ու միևնույն ժամանակ ջանք թափենք վերահսկել մեր մեղավոր ցանկությունները, ապա կտեսնենք, թե ինչպես է Եհովան օգնում մեզ։ Դա կամրացնի մեր հավատը, ինչպես նաև մեր հարաբերությունները նրա հետ (Ա Կորնթացիս 10։13; Փիլիպպեցիս 4։13 ԱԱ)։
17. Եհովային ծառայելիս աղոթելու տրամադրվածություն զարգացնելով՝ ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել։
17 Եթե Եհովա Աստծուն սրբազան ծառայություն մատուցելիս աղոթելու տրամադրվածություն զարգացնենք, ապա կսկսենք գիտակցել, որ մեր սեփական ուժերով չէ, որ ծառայում ենք նրան։ Եհովան է ուժ տալիս մեզ՝ դա անելու (Ա Կորնթացիս 4։7, ԱԱ)։ Այս բանն ընդունելը կօգնի, որ լինենք խոնարհ, ու կամրապնդի մեր հարաբերությունները Աստծո հետ (Ա Պետրոս 5։5, 6)։ Այո՛, մենք ծանրակշիռ հիմքեր ունենք աղոթքում հարատևելու։ Ջերմեռանդ աղոթքները և անգնահատելի գիտությունն այն մասին, թե ինչպես մոտենալ մեր սիրառատ երկնային Հորը, իսկապես կերջանկացնեն մեր կյանքը։
Հաղորդակցությունը Եհովայի հետ միակողմանի չէ
18. Ինչպե՞ս կարող ենք լսել Աստծուն։
18 Եթե ցանկանում ենք, որ Աստված լսի մեր աղոթքները, ապա մենք էլ պետք է նրան լսենք (Զաքարիա 7։13)։ Եհովան այլևս լուրեր չի ուղարկում իր կողմից ներշնչված մարգարեների միջոցով և, ինչ խոսք, չի օգտագործում նաև ոգեհարցության հետ առնչվող միջոցներ (Բ Օրինաց 18։10–12)։ Բայց մենք կարող ենք լսել Աստծուն, եթե ուսումնասիրենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (Հռովմայեցիս 15։4; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Մեզ հորդոր է տրվում ‘բանավոր, անխարդախ կաթի’ հանդեպ փափագ զարգացնելու, ինչպես որ երբեմն անհրաժեշտ է լինում ախորժակ զարգացնել առողջարար ֆիզիկական կերակրի նկատմամբ։ Փափագ զարգացրեք հոգևոր սննդի հանդեպ՝ Աստծո Խոսքը ամեն օր կարդալով (Ա Պետրոս 2։2, 3; Գործք 17։11)։
19. Ի՞նչ օգուտներ կստանաք, եթե խորհեք այն բաների շուրջ, որ կարդում եք Աստվածաշնչում։
19 Մտածեք այն բանի մասին, ինչ կարդում եք Աստվածաշնչից (Սաղմոս 1։1–3; 77։11, 12)։ Այսինքն՝ հարկավոր է խորհրդածել կարդացածի շուրջ։ Դա կարելի է նմանեցնել կերածը մարսելուն։ Դուք կարող եք «մարսել» հոգևոր սնունդը, եթե ձեր կարդացածը կապեք այն բանի հետ, ինչ արդեն գիտեք։ Խորհեք, թե ինչպես է տվյալ նյութը անդրադառնում ձեր կյանքի վրա, կամ թե ինչ է այն հայտնում Եհովայի հատկությունների ու գործերի մասին։ Այդպես՝ անձնական ուսումնասիրության միջոցով դուք կարող եք յուրացնել Եհովայից տրվող հոգևոր սնունդը։ Դրա շնորհիվ ավելի կմոտենաք Աստծուն և կկարողանաք հաղթահարել ամենօրյա խնդիրները։
20. Քրիստոնեական հանդիպումներին հաճախելը ինչպե՞ս է օգնում մեզ մոտենալ Աստծուն։
20 Բացի այդ, Աստծո հետ կարող եք մտերմանալ, եթե լսեք քրիստոնեական հանդիպումների ժամանակ նրա Խոսքի հիման վրա անցկացվող քննարկումները։ Այդպես վարվելով՝ կնմանվեք իսրայելացիներին, որոնք միասին հավաքվելով՝ ուշադրությամբ լսում էին Աստծո օրենքի հանրային ընթերցանությունը։ Այն ժամանակվա ուսուցիչները մեկնաբանում էին իրենց կարդացածը՝ օգնելով լսողներին հասկանալ Օրենքը և ձգտում ունենալ իրենց կյանքում այն կիրառելու։ Դա մեծ ուրախության պատճառ էր դառնում (Նէեմիա 8։8, 12)։ Ուստի՝ Եհովայի վկաների հանդիպումներին հաճախելը սովորություն դարձրեք (Եբրայեցիս 10։24, 25)։ Դա կօգնի, որ հասկանաք և հետո կյանքում կիրառեք Աստծո գիտությունը, ինչը երջանկություն կբերի ձեզ։ Համաշխարհային քրիստոնեական եղբայրության մաս կազմելով՝ կկարողանաք պահպանել ձեր մտերմությունը Եհովայի հետ։ Ինչպես կտեսնենք, դուք կարող եք իսկական ապահովություն գտնել Աստծո ժողովրդի մեջ։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
• Ինչո՞ւ պետք է մոտենաք Եհովային։
• Ի՞նչ պահանջներ կան Աստծուն մոտենալու համար։
• Ի՞նչ կարող եք ընդգրկել ձեր աղոթքներում։
• Ինչո՞ւ պետք է հարատևենք աղոթքում։
• Ինչպե՞ս կարող եք Եհովային լսել այսօր։
[նկար ամբողջ 157–րդ էջի վրա]