Անհիմն համոզմո՞ւնք, թե՞ ճշմարտությունը Հիսուսի մասին
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ, ԹԵ՞ ԿԵՂԾԻՔ
Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25–ինa։
Երբ Հիսուսը ծնվեց, երեք մոգեր այցելեցին նրան։
Հիսուսը չուներ եղբայրներ և քույրեր։
Հիսուսը մարմնավորված Աստված է։
Հիսուսը պարզապես բարի մարդ չի եղել։
ՇԱՏԵՐԸ գուցե համաձայնվեն, որ վերը նշված հավատալիքները ճիշտ են։ Մյուսները թերևս ասեն, որ դժվար է կամ անհնար է ճշմարտությունն իմանալ։ Հավանաբար նրանք մտածում են, որ պատասխաններն իմանալը այդքան էլ էական չէ, կարևորը Հիսուսի հանդեպ հավատ ունենալն է։
Սակայն Աստվածաշունչը այլ բան է ասում։ Այն հորդորում է «մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտություն» ունենալ (2 Պետրոս 1։8)։ Իսկ գիտելիքներ կարող ենք ձեռք բերել՝ ուսումնասիրելով Ավետարանները։ Հիսուսի մասին ճշմարտությունը իմանալով՝ կկարողանանք տարբերել ճիշտը սխալից։ Տեսնենք, թե ինչ են հայտնում Ավետարանները վերոհիշյալ հավատալիքների մասին։
ՀԱՎԱՏԱԼԻՔ. Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25–ին։
ԱՆՀԻՄՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔ
Հիսուսի ծննդյան օրվա մասին կոնկրետ ոչ մի հիշատակում չկա Աստվածաշնչում։ Այդ դեպքում ինչո՞ւ են դեկտեմբերի 25–ին նշում նրա ծնունդը։ «Բրիտանական հանրագիտարանի» համաձայն՝ իրենց քրիստոնյա համարող որոշ մարդիկ «ցանկացան, որ այս ամսաթիվը համընկնի հռոմեական հեթանոսական տոնակատարությանը, որի ժամանակ նշվում է.... ձմեռային արևադարձը, երբ օրերը նորից սկսում են երկարել, իսկ արևը սկսում է ամպերից վեր բարձրանալ»։ Նույն աշխատության մեջ նշվում է նաև, որ Սուրբ ծննդի հետ կապված շատ սովորություններ «հեթանոսական ծագում ունեն և կապված են հողագործության ու ձմեռային արևադարձի ժամանակ նշվող տոնակատարությունների հետ»։
Իսկ Հիսուսը հավանություն կտա՞ր այն բանին, որ իր ծննդյան օրը նշվեր դեկտեմբերի 25–ին։ Եկեք մտածենք. մեզ հայտնի չէ, թե երբ է ծնվել Հիսուսը։ Աստվածաշնչում չի նշվում, որ մենք պետք է տոնենք նրա ծնունդը, ոչ էլ որևէ փաստ կա, որ վաղ քրիստոնյաներն են նշել այդ օրը։ Սակայն Աստծու Խոսքում հստակ նշվում է, թե երբ է մահացել Հիսուսը։ Նա ինքը պատվիրեց իր հետևորդներին նշել ա՛յդ օրըb (Ղուկաս 22։19)։ Փաստորեն, Հիսուսը ուզում է, որ մեծ ուշադրություն դարձվի ոչ թե իր ծննդյան, այլ մահվան օրվան, քանի որ իր զոհաբերական մահը մեծ արժեք ունի (Մատթեոս 20։28)։
ՀԱՎԱՏԱԼԻՔ. Երբ Հիսուսը ծնվեց, երեք մոգեր (կամ՝ ավանդության համաձայն՝ երեք թագավորներ) այցելեցին նրան։
ԱՆՀԻՄՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔ
Հավանաբար տեսել ես նկարներ կամ Սուրբ ծնունդի տեսարաններ, որոնցում պատկերված է, թե ինչպես են երեք մոգերը թանկարժեք նվերներ բերում մսուրի մեջ պառկած նորածին Հիսուսին։ Սակայն այս պատմությունը հիմնված է ոչ թե փաստի, այլ կեղծիքի վրա։
Ճիշտ է, որ Արևելքից որոշ մարդիկ այցելել են մանուկ Հիսուսին։ Իրականում այդ այցելուները եղել են աստղագուշակներ (Մատթեոս 2։1)։ Իսկ արդյո՞ք այդ ժամանակ Հիսուսը գտնվում էր մսուրի մեջ։ Ո՛չ, նրանք տեսակցության են եկել այն ժամանակ, երբ Հիսուսն արդեն փոքր երեխա էր և ապրում էր տան մեջ։ Ակներևաբար, նրանք այցելել են Հիսուսին նրա ծնվելուց մի քանի ամիս անց (Մատթեոս 2։9–11)։
Քանի՞ հոգի էին աստղագուշակները՝ երկո՞ւ, երե՞ք, երեսո՞ւն։ Աստվածաշունչը չի նշում նրանց թիվը։ Հավանաբար մարդիկ կարծել են, թե նրանք երեք հոգի են եղել այն պատճառով, որ երեք տեսակի նվեր են բերել Հիսուսինc (Մատթեոս 2։11)։ Ոմանք անգամ ասում են, թե այդ իմաստուն մարդկանցից յուրաքանչյուրը մի ազգ է ներկայացնում։ Սակայն նման միտք Աստվածաշնչում չկա։ Ինչպես նշում է մի մեկնաբան, այս անհիմն համոզմունքը «հարուստ երևակայության արդյունք է և ձևավորվել է ութերորդ դարում»։
ՀԱՎԱՏԱԼԻՔ. Հիսուսը եղբայրներ և քույրեր չուներ։
ԱՆՀԻՄՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔ
Ավետարաններում հստակ նշվում է, որ Հիսուսը ունեցել է եղբայրներ և քույրեր։ Ղուկասի Ավետարանում նշվում է, որ Հիսուսը Մարիամի «անդրանիկ» որդին էր, ինչը նշանակում է, որ հետագայում ծնվել են նաև ուրիշ երեխաներd (Ղուկաս 2։7)։ Իսկ Մարկոսի Ավետարանում արձանագրված է, որ Նազարեթ քաղաքում ապրողները ճանաչել են Հիսուսի եղբայրներին ու քույրերին։ Ըստ այդ մարդկանց՝ Հիսուսը ոչ մի բանով չի տարբերվում նրանցից։ Ահա թե ինչ ենք կարդում. «Սա այն ատաղձագործը չէ՞,.... Հակոբոսի, Հովսեփի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը։ Եվ այստեղ մեզ հետ չե՞ն արդյոք նրա քույրերը» (Մարկոս 6։3; Մատթեոս 12։46; Հովհաննես 7։5)։
Շատ աստվածաբաններ նշում են, որ Հիսուսը Մարիամի միակ երեխան է եղել։ Նրանք կարծում են, թե մյուս երեխաները իրականում Հիսուսի զարմիկներն էինe։ Ոմանք էլ այն կարծիքին են, թե նրանք Մարիամի խորթ երեխաներն էին։ Սակայն մի պահ տրամաբանենք. եթե Հիսուսը Մարիամի միակ երեխան էր, մի՞թե Նազարեթի բնակիչները նման խոսքեր կասեին։ Նրանցից ոմանք, ըստ երևույթին, իրենց աչքով են տեսել, որ Մարիամը մի քանի անգամ է հղի եղել։ Նրանք գիտեին, որ Հիսուսը Մարիամի երեխաներից մեկն է։
ՀԱՎԱՏԱԼԻՔ. Հիսուսը մարմնավորված Աստված է եղել։
ԱՆՀԻՄՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔ
Երկար ժամանակ մարդիկ հավատացել են, որ Աստված եկել է երկիր և ապրել է որպես մարդ։ Սա Երրորդության ուսմունքի գլխավոր գաղափարն է, սակայն Հիսուսի օրերում այս գաղափարը տարածված չի եղել։ Այս առնչությամբ «Բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Նոր Կտակարանում ո՛չ «երրորդություն» բառը կա գրված, ո՛չ էլ այդպիսի ուսմունք կա.... այս ուսմունքը դարերի ընթացքում աստիճանաբար է ձևավորվել, եղել են նաև բազում տարակարծություններ»։
Երբ կրոնը սովորեցնում է, թե Հիսուսը մարմնավորված Աստված է, իրականում աղավաղում է ճշմարտությունըf։ Բերենք մի օրինակ. ինչ–որ ձեռնարկության աշխատողներ խնդրանքով դիմում են փոխտնօրենին, սակայն վերջինս ասում է, որ չի կարող նրանց խնդրանքը կատարել։ Եթե իսկապես այդպես է, ուրեմն փոխտնօրենը խելամիտ մարդ է, քանի որ գիտակցում է իր հնարավորությունների սահմանափակ լինելը, իսկ եթե նա կարող էր կատարել աշխատողների խնդրանքը, բայց նախընտրեց չանել, ապա նա խաբեբա է։
Այժմ տեսնենք, թե ինչպես արձագանքեց Հիսուսը, երբ իր առաքյալներից երկուսը ցանկացան դիրք զբաղեցնել երկնքում։ Նա ասաց. «Իմ աջ և ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ, այլ դա նրանցն է, ում համար որ պատրաստել է իմ Հայրը» (Մատթեոս 20։23)։ Եթե Հիսուսը Աստված է, այդ դեպքում ինչո՞ւ նա ստեց։ Իրականում Հիսուսը հարգանք դրսևորեց Նրա հանդեպ, ով ավելի մեծ իշխանություն ունի։ Այդպիսով համեստության լավ օրինակ թողեց՝ ցույց տալով, որ ինքը հավասար չէ Աստծուն։
ՀԱՎԱՏԱԼԻՔ. Հիսուսը պարզապես բարի մարդ չի եղել։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Հիսուսը հստակ նշեց, որ ինքը պարզապես բարի մարդ չէ՝ ասելով. «[Ես] Աստծու Որդի եմ» (Հովհաննես 10։36)։ Ինչ խոսք, շատերը կարող են պնդել, թե Աստծու Որդի են։ Սակայն եթե Հիսուսը ստում էր, ապա նա ոչ թե բարի մարդ էր, այլ խաբեբա։
Ամենամեծ փաստը, որ նա իսկապես Աստծու Որդին է եղել, Եհովա Աստծու տված վկայությունն է։ Երկու անգամ նա Հիսուսի մասին ասել է. «Սա՛ է իմ սիրելի Որդին» (Մատթեոս 3։17; 17։5)։ Մի պահ մտածիր. Աստվածաշունչը հայտնում է, որ Աստծու ձայնը երկրի վրա լսվել է ընդամենը մի քանի անգամ, և այդ դեպքերից երկուսի ժամանակ Եհովան հավաստիացրել է, որ Հիսուսը իր Որդին է։ Այո՛, սա ամենահամոզիչ փաստն է, որ Հիսուսը եղել է Աստծու Որդին։
Հավանաբար այս հոդվածն ընթերցելիս Հիսուսի մասին շատ բան իմացար։ Եթե շարունակես քննել ներշնչված Ավետարանները, ավելի շատ գիտելիք ձեռք կբերես։ Դու նաև կվարձատրվես Աստծու կողմից։ Հիսուսն ասաց, որ իր և իր Հոր մասին ճշմարտությունն իմանալը առաջնորդում է «հավիտենական կյանքի» (Հովհաննես 17։3)։
[Ծանոթագրություններ]
a Կամ՝ հունվարի 6–ին։
b Հրեական օրացույցի համաձայն՝ Հիսուսը մահացել է Պասեքի օրը՝ նիսանի 14–ին (Մատթեոս 26։2)։
c Մատթեոսը նշում է, որ այդ մարդիկ «բաց արեցին իրենց գանձերը» և Հիսուսին տվեցին ոսկի, կնդրուկ ու զմուռս։ Հետաքրքիր է, այդ թանկարժեք նվերները ճիշտ ժամանակին տրվեցին, քանի որ Հիսուսի ընտանիքը հարուստ չէր և շուտով պետք է փախչեր և ապաստան գտներ օտար երկրում (Մատթեոս 2։11–15)։
d Թեև Մարիամը հրաշքի միջոցով հղիացավ Հիսուսին, սակայն նա մյուս երեխաներով հղիացել է իր ամուսնուց՝ Հովսեփից (Մատթեոս 1։25)։
e Այս պնդումը, որ արել է Հերոնիմոսը մոտ մ.թ. 383–ին, տարածված է նրանց մեջ, ովքեր հավատում են, որ Մարիամը իր ողջ կյանքի ընթացքում կույս է մնացել։ Թեև հետագայում Հերոնիմոսը կասկածներ արտահայտեց իր ասածի վերաբերյալ, սակայն նրա համոզմունքը մնաց շատերի հիշողության մեջ և դարձավ կաթոլիկ եկեղեցու հավատալիքներից մեկը։
f Երրորդության ուսմունքի մասին տեղեկություններ կարելի է ձեռք բերել «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» գրքույկից։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Շրջանակ/Նկար 14–րդ էջի վրա]
Լրացուցիչ փաստեր, որոնք գուցե զարմացնեն քեզ
Ինչպիսի՞ անձնավորություն է եղել Հիսուսը։ Արդյո՞ք նա եղել է խիստ, սառը մարդ և չի շփվել հասարակ մարդկանց հետ։ Ոմանք ասում են՝ այո։ Թերևս դա է պատճառը, որ նրանք զարմանում են՝ իմանալով, որ Հիսուսը
• մասնակցել է խնջույքների (Հովհաննես 2։1–11)։
• գովեստի խոսքեր է ասել մարդկանց (Մարկոս 14։6–9)։
• սիրել է երեխաների հետ ժամանակ անցկացնել (Մարկոս 10։13, 14)։
• ուրիշների առաջ արտասվել է (Հովհաննես 11։35)։
• կարեկցել և խղճացել է մարդկանց (Մարկոս 1։40, 41)։