Հույսով սպասիր Եհովային և քաջ եղիր
«Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը» (ՍԱՂՄՈՍ 27։14)։
1. Որքա՞ն կարևոր է հույսը, և ինչպե՞ս է այդ բառը օգտագործվում Գրություններում։
ԻՍԿԱԿԱՆ հույսը նման է վառ լույսի։ Այն օգնում է մեզ չկենտրոնանալ ներկա փորձությունների վրա և ապագային նայել քաջաբար և ուրախությամբ։ Միայն Եհովան կարող է տալ մեզ իրական հույս իր ներշնչված Խոսքի միջոցով (Բ Տիմոթէոս 3։16)։ «Հույս», «հուսաց» և «հուսալով» բառերը Աստվածաշնչում հանդիպում են շատ անգամ և վերաբերում են ինչ–որ լավ բանի անձկագին և հաստատ համոզվածությամբ սպասելուն, նաև կոնկրետ այն բանին, ինչին որ սպասում ենք։a Այսպիսի հույսը ավելին է, քան պարզապես ցանկությունը, որը կարող է ոչ մի հիմք կամ կատարվելու հեռանկար չունենալ։
2. Ի՞նչ դեր խաղաց հույսը Հիսուսի կյանքում։
2 Փորձությունների և դժվարությունների բախվելիս Հիսուսը չէր կենտրոնանում դրանց վրա և ապավինում էր Եհովային։ «Իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ [նա] խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12։2)։ Քանի որ Հիսուսը իր ուշադրությունը կենտրոնացրել էր Եհովայի գերիշխանությունը արդարացնելու և նրա անունը սրբացնելու վրա, նա երբեք չդադարեց Աստծուն հնազանդվել՝ անկախ այն բանից, թե ինչ գին կվճարեր դրա համար։
3. Ի՞նչ դեր է խաղում հույսը Աստծու ծառաների կյանքում։
3 Դավիթ թագավորը նշեց հույսի և քաջության միջև եղած կապը՝ ասելով. «Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը» (Սաղմոս 27։14)։ Եթե ուզում ենք, որ մեր սիրտը ամուր լինի, երբեք չպետք է թույլ տանք, որ մեր հույսը խամրի, այլ պետք է միշտ վառ պահենք այն մեր մտքում ու սրտում։ Այսպես վարվելը կօգնի մեզ ընդօրինակել Հիսուսին քաջություն և եռանդ դրսևորելու հարցում, երբ կատարում ենք այն գործը, որը նա հանձնարարել է իր աշակերտներին (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Իրականում հույսը Աստվածաշնչում հիշատակվում է հավատի և սիրո հետ միասին որպես կարևոր, մնայուն հատկություն, որը բնորոշ է Աստծու ծառաներին (Ա Կորնթացիս 13։13)։
Դու ‘առատանո՞ւմ ես հույսով’
4. Ինչի՞ն են սպասում օծյալ քրիստոնյաները և նրանց ընկերակցող «ուրիշ ոչխարները»։
4 Աստծու ծառաները հրաշալի ապագա ունեն իրենց առջև։ Օծյալ քրիստոնյաներն անձկագին սպասում են, որ Քրիստոսի հետ միասին ծառայեն երկնքում, իսկ «ուրիշ ոչխարները» հույս ունեն «ապականութեան ծառայութիւնիցը [ազատվել] Աստուծոյ [երկրային] որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով» (Յովհաննէս 10։16; Հռովմայեցիս 8։19–21; Փիլիպպեցիս 3։20)։ Այդ ‘փառավոր ազատությունը’ ներառում է ազատագրում մեղքից և դրա սարսափելի հետևանքներից։ Իսկապես, Եհովան՝ «ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ» Տվողը, իրեն նվիրված անհատներին խոստանում է լավագույն պարգևը (Յակոբոս 1։17; Եսայիա 25։8)։
5. Ինչպե՞ս կարող ենք ‘առատանալ հույսով’։
5 Որքա՞ն մեծ դեր պետք է խաղա քրիստոնեական հույսը մեր կյանքում։ Հռովմայեցիս 15։13–ում կարդում ենք. «Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յույսով աւելանաք [«առատանաք», ԷԹ] Սուրբ Հոգու զօրութիւնովը» (Հռովմայեցիս 15։13)։ Հույսը կարելի է նմանեցնել ոչ թե մթության մեջ լույս տվող մոմի, այլ արևածագի վառ շողերի, որոնք անհատի կյանքը լցնում են խաղաղությամբ, երջանկությամբ, իմաստով և քաջությամբ։ Ուշադրություն դարձրու, որ մենք ‘առատանում ենք հույսով’, երբ հավատում ենք Աստծու գրավոր Խոսքին և ստանում նրա սուրբ ոգին։ Հռովմայեցիս 15։4–ում ասվում է. «Ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք»։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք հույսս վառ եմ պահում՝ խորությամբ ուսումնասիրելով Աստվածաշունչը և ամեն օր այն կարդալով։ Աղոթքով խնդրո՞ւմ եմ հաճախ Աստծու սուրբ ոգին» (Ղուկաս 11։13)։
6. Ինչի՞ց պետք է զգուշանանք, որպեսզի մեր հույսը վառ պահենք։
6 Հիսուսը՝ մեր Օրինակը, զորանում էր Աստծու Խոսքով։ Խորությամբ մտածելով նրա օրինակի մասին՝ մենք չենք ‘հոգնի և հուսալքվի’ (Եբրայեցիս 12։3, ԷԹ)։ Իհարկե, եթե Աստծու տված հույսը մեր մտքում ու սրտում աղոտանա կամ եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք այլ բաների վրա, ինչպիսիք են՝ նյութական իրերը կամ աշխարհային նպատակները, կարճ ժամանակ անց մենք հոգևորապես կթմրենք և ի վերջո ուժ և քաջություն չենք ունենա ապրել բարոյական սկզբունքներով։ Այդ մտավիճակում մենք նույնիսկ կարող ենք «[մեր] հաւատքումը նաւակոծութիւն» կրել (Ա Տիմոթէոս 1։19)։ Սակայն իսկական հույսը զորացնում է մեր հավատը։
Հույսը կարևոր է հավատ ունենալու համար
7. Ինչո՞ւ է հույսը կարևոր հավատ ունենալու համար։
7 Աստվածաշունչն ասում է. «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւացող բաների ապացոյցն է» (Եբրայեցիս 11։1)։ Ուստի հույսը ոչ թե պատահաբար է առաջանում հավատի հետ միասին, այլ այն հավատի կարևոր մասն է։ Քննենք Աբրահամի օրինակը։ Մարդկային տեսանկյունից՝ նա և իր կինը՝ Սառան, շատ ծեր էին երեխա ունենալու համար, սակայն Եհովան խոստացավ, որ նրանք ժառանգ կունենան (Ծննդոց 17։15–17)։ Ինչպե՞ս արձագանքեց Աբրահամը։ Նա «առանց յոյսի՝ յոյսով հաւատաց՝ թէ շատ ազգերի հայր կ’լինի» (Հռովմայեցիս 4։18)։ Այո, Աբրահամի հույսը, որը նա ստացել էր Աստծուց, օգնեց նրան ամուր հավատ դրսևորել այն բանի հանդեպ, որ նա սերունդ է ունենալու։ Իր հերթին՝ այդ հավատը վառ պահեց և ամրացրեց նրա հույսը։ Դրա շնորհիվ Աբրահամն ու Սառան նույնիսկ քաջություն ունեցան թողնել իրենց տունն ու հարազատներին և մնացած կյանքն ապրել վրանների մեջ օտար երկրում։
8. Ինչպե՞ս է հավատարմորեն տոկալը ամրացնում մեր հույսը։
8 Աբրահամը իր հույսը վառ պահեց՝ անվերապահորեն հնազանդվելով Եհովային, նույնիսկ երբ դա դժվար էր (Ծննդոց 22։2, 12)։ Նմանապես, հնազանդվելով Եհովային և տոկալով ծառայության մեջ, մենք կարող ենք վստահությամբ սպասել մեր վարձատրությանը։ Պողոս առաքյալը գրեց. «Համբերութիւնը [«տոկունությունը», ՆԱ]՝ փորձառութիւն [է առաջ բերում], փորձառութիւնը՝ յոյս. յոյսն էլ չէ ամաչեցնում» (Հռովմայեցիս 5։4, 5)։ Նա նաև ասաց. «Փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ մինչեւ վերջը» (Եբրայեցիս 6։11)։ Այդպիսի դրական տեսակետը, որը հիմնված է Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու վրա, կօգնի մեզ քաջությամբ և նույնիսկ ուրախությամբ դիմագրավել դժվարությունները։
«Յուսով ուրախացէք»
9. Կանոնավորաբար ի՞նչ անելը կօգնի մեզ ‘ուրախանալ հույսով’։
9 Աստծուց ստացած մեր հույսը գերազանցում է ցանկացած բանի, որ կարող է առաջարկել այս աշխարհը։ Սաղմոս 37։34–ում ասվում է. «Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. եւ կը տեսնես ամբարիշտները սատակելիս»։ Այո՛, մենք ամեն պատճառ ունենք ‘հույսով ուրախանալու’ (Հռովմայեցիս 12։12)։ Դրա համար մենք միշտ պետք է վառ պահենք մեր հույսը։ Կանոնավորաբար խորհո՞ւմ ես Աստծու տված հույսի մասին։ Տեսնո՞ւմ ես քեզ դրախտում՝ կատարելապես առողջ, ազատված բոլոր հոգսերից, շրջապատված սիրելի մարդկանցով և իրական բավարարվածություն բերող աշխատանք կատարելիս։ Խորհո՞ւմ ես մեր հրատարակություններում պատկերված դրախտի տեսարանների շուրջ։ Այսպիսի կանոնավոր խորհրդածությունը կարելի է համեմատել պատուհան մաքրելու հետ, ինչի շնորհիվ հնարավոր է հիասքանչ տեսարան դիտել։ Եթե չմաքրենք ապակին, ապա կեղտի պատճառով շուտով տեսարանը պարզ և գրավիչ չի լինի։ Մեր ուշադրությունը ուրիշ բաների վրա կկենտրոնանա։ Եկեք երբեք թույլ չտանք, որ այդպես պատահի։
10. Ինչո՞ւ է վարձատրվելու մեր ակնկալիքը դրականորեն անդրադառնում Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։
10 Իհարկե, մենք ծառայում ենք Եհովային գլխավորապես այն պատճառով, որ սիրում ենք նրան (Մարկոս 12։30)։ Այնուամենայնիվ, մենք նաև անձկագին պետք է սպասենք վարձատրությանը։ Իրականում Եհովան ակնկալում է, որ այդպես վարվենք։ Եբրայեցիս 11։6–ում ասվում է. «Առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի»։ Ինչո՞ւ է Եհովան ցանկանում, որ մենք նրան դիտենք որպես Վարձատրողի։ Քանի որ երբ այդպես ենք վարվում, մենք ցույց ենք տալիս, որ լավ ենք ճանաչում մեր երկնային Հորը։ Նա առատաձեռն է և սիրում է իր զավակներին։ Մտածիր, թե որքան տխուր կլինեինք և հեշտությամբ կվհատվեինք, եթե չունենայինք «ապագան եւ յոյսը» (Երեմիա 29։11)։
11. Ինչպե՞ս Աստծու տված հույսը օգնեց Մովսեսին իմաստուն որոշումներ կայացնել։
11 Աստծու տված հույսի վրա կենտրոնացած մնալու ակնառու օրինակ է Մովսեսը։ Որպես «փարաւօնի աղջկայ որդի»՝ նա ուներ իշխանություն և հեղինակություն։ Նրա տրամադրության տակ էր Եգիպտոսի հարստությունը։ Արդյոք նա դրա՞նք կընտրեր, թե՞ կծառայեր Եհովային։ Մովսեսը քաջաբար ընտրեց վերջինը։ Ինչո՞ւ։ Քանի որ «աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը» (Եբրայեցիս 11։24–26)։ Այո՛, Մովսեսը անտարբեր չէր այն հույսի նկատմամբ, որ Եհովան տվել էր իրեն։
12. Ինչո՞ւ է քրիստոնյաների հույսը նմանեցվում սաղավարտի։
12 Պողոս առաքյալը հույսը նմանեցրեց սաղավարտի։ Այդ փոխաբերական սաղավարտը պաշտպանում է մեր մտային կարողությունները՝ օգնելով իմաստուն որոշումներ կայացնել, կյանքում ճիշտ նախապատվություններ դնել և պահպանել մեր անարատությունը (Ա Թեսաղոնիկեցիս 5։8)։ Արդյոք հագնո՞ւմ ես քո փոխաբերական սաղավարտն ամեն ժամանակ։ Եթե այո, ապա Մովսեսի նման՝ դու քո հույսը չես դնի «ունայն մեծութեան վերայ.... այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար»։ Այո՛, աշխարհում ընդունված բաները մերժելը, ինչպես նաև եսասեր ցանկություններին չտրվելը քաջություն է պահանջում, սակայն արժե՛ ջանքեր թափել։ Ի վերջո, ինչո՞ւ հրաժարվել ‘ճշմարիտ կյանքից’, որը սպասում է նրանց, ովքեր ապավինում և սիրում են Եհովային (Ա Տիմոթէոս 6։17, 19 ԷԹ)։
«Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ»
13. Ինչո՞ւմ է Եհովան վստահեցնում իր հավատարիմ ծառաներին։
13 Նրանք, ովքեր իրենց հույսը դնում են ներկա համակարգի վրա, պետք է լրջորեն մտածեն գալիք սարսափելի բաների մասին, քանի որ աշխարհի ‘ցավերը’ գնալով շատանում են (Մատթէոս 24։8)։ Սակայն Եհովային ապավինողները պատճառ չունեն վախենալու։ Նրանք «ապահով կ’բնակու[են], եւ հանդարտ կ’լին[են] չարիքի վախիցը» (Առակաց 1։33)։ Նրանք հույս չեն դնում ներկա համակարգի վրա, այլ հետևում են Պողոսի խոսքերին, որը գրեց. «Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13։5)։
14. Ինչո՞ւ քրիստոնյաները չպետք է չափից շատ անհանգստանան իրենց նյութական կարիքները հոգալու մասին։
14 Այս խոստումը ոչ մի կասկած չի թողնում այն բանում, որ Աստված հոգ կտանի իր ծառաներին։ Հիսուսը նույնպես վստահեցրեց, որ Աստված սիրառատ կերպով հոգ է տանում մեր մասին՝ ասելով. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ։ Ուրեմն էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ» (Մատթէոս 6։33, 34)։ Եհովան գիտի, որ մեզ համար դժվար է լինել նախանձախնդիր Թագավորության գործում և միևնույն ժամանակ լիարժեքորեն կրել մեր ֆիզիկական կարիքների մասին հոգ տանելու պատասխանատվությունը։ Ուստի եկեք ամբողջովին վստահ լինենք, որ Նա կարո՛ղ է և ցանկանում է հոգալ մեր կարիքները (Մատթէոս 6։25–32; 11։28–30)։
15. Ինչպե՞ս են քրիստոնյաները իրենց «աչքը պարզ» պահում։
15 Մենք ցույց ենք տալիս, որ ապավինում ենք Եհովային, երբ մեր «աչքը պարզ» ենք պահում (Մատթէոս 6։22, 23)։ Աչքը պարզ պահել նշանակում է լինել անկեղծ, ունենալ մաքուր մղումներ, չլինել ագահ և սեփական փառքը չփնտրել։ Սակայն պարզ աչք ունենալ չի նշանակում ապրել աղքատության մեջ կամ անտեսել մեր քրիստոնեական պարտականությունները։ Ընդհակառակը՝ դա նշանակում է ‘զգաստություն’ ցույց տալ և Եհովայի ծառայությունը առաջին տեղում դնել (Բ Տիմոթէոս 1։7)։
16. Ինչո՞ւ է հավատ և քաջություն անհրաժեշտ պարզ աչք պահելու համար։
16 Աչքը պարզ պահելու համար անհրաժեշտ են հավատ և քաջություն։ Օրինակ՝ եթե գործատերդ պահանջում է կանոնավորաբար աշխատել այն ժամերին, երբ ծրագրված են քրիստոնեական հանդիպումները, արդյոք քաջաբար շարունակո՞ւմ ես հոգևորը առաջին տեղում դնել։ Եթե անհատը կասկածում է, որ Եհովան կկատարի իր ծառաներին հոգ տանելու վերաբերյալ խոստումը, ապա Սատանան պարզապես կշարունակի ճնշում գործադրել, մինչև որ անհատը դադարի հաճախել հանդիպումներին։ Այո, մեր հավատի պակասը կարող է հնարավորություն տալ Սատանային, որ նա՛ որոշի, թե ինչն է մեզ համար առաջնահերթ և ոչ թե Եհովան։ Որքա՜ն ցավալի կլինի դա (Բ Կորնթացիս 13։5)։
Հույսով «սպասիր Տիրոջը»
17. Ինչպե՞ս են Եհովային ապավինողները նույնիսկ այսօր օրհնված։
17 Գրությունները հաճախ ցույց են տալիս, որ նրանք, ովքեր հույս են դնում Եհովայի վրա և նրան են ապավինում, երբեք չեն հիասթափվում (Առակաց 3։5, 6; Երեմիա 17։7)։ Չնայած երբեմն ստիպված են բավարարվել քչով, սակայն նրանք դա համարում են փոքր զոհողություն՝ համեմատած ապագա օրհնությունների հետ։ Այդպիսով նրանք ցույց են տալիս, որ ‘սպասում են Տիրոջը’ և վստահ են, որ նա ի վերջո կկատարի իրեն նվիրված ծառաների սրտի արդար ցանկությունները (Սաղմոս 37։4, 34)։ Ուստի նույնիսկ այսօր նրանք իսկապես երջանիկ են։ «Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կ’կորչի» (Առակաց 10։28)։
18, 19. ա) Ի՞նչում է Եհովան սիրով վստահեցնում մեզ։ բ) Ինչպե՞ս ենք մենք Եհովային մեր ‘աջ կողմը’ պահում։
18 Երբ փոքրիկ տղան քայլում է իր հոր ձեռքը բռնած, նա իրեն ապահով ու անվտանգ է զգում։ Նմանապես, մենք մեզ ապահով ու անվտանգ ենք զգում, երբ քայլում ենք մեր երկնային Հոր ձեռքը բռնած։ Եհովան իսրայելացիներին ասաց. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ.... նաեւ օգնել եմ քեզ Որովհետեւ ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը [«բռնել եմ քո աջ ձեռքից», ԷԹ]. որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ» (Եսայիա 41։10, 13)։
19 Որքա՜ն հուզիչ պատկեր են ստեղծում այս խոսքերը. Եհովան բռնում է անհատի ձեռքից։ Դավիթը գրեց. «Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ» (Սաղմոս 16։8)։ Ինչպե՞ս ենք մենք Եհովային մեր ‘աջ կողմը’ պահում։ Առնվազն երկու կերպերով։ Նախ՝ մենք թույլ ենք տալիս, որ նրա Խոսքը առաջնորդի մեզ մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում և երկրորդ՝ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այն փառահեղ մրցանակի վրա, որ Եհովան պատրաստել է մեզ համար։ Սաղմոսերգու Ասափը երգեց. «Միշտ քեզ հետ եմ. դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։ Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ» (Սաղմոս 73։23, 24)։ Այսպիսի համոզվածությամբ մենք կարող ենք վստահությամբ դիմավորել ապագան։
«Ձեր փրկութիւնը մօտ է»
20, 21. Ի՞նչ ապագա է սպասում նրանց, ովքեր իրենց հույսը դնում են Եհովայի վրա։
20 Յուրաքանչյուր օր ավելի հրատապ է դառնում այն, որ մենք Եհովային մեր աջ կողմում պահենք։ Շուտով, կեղծ կրոնի կործանման պահից սկսած, Սատանայի աշխարհը այնպիսի մեծ նեղություն կունենա, որի նմանը երբեք չի եղել (Մատթէոս 24։21)։ Վախը կհամակի անհավատ մարդկությանը։ Սակայն այդ քաոսային ժամանակներում Եհովայի քաջ ծառաները կուրախանան իրենց հույսով։ Հիսուսն ասաց. «Երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է» (Ղուկաս 21։28)։
21 Ուստի եկեք ուրախանանք Աստծու տված հույսով և չխաբվենք Սատանայի՝ վարպետորեն քողարկված ծուղակներով ու չընկնենք դրանց մեջ։ Միևնույն ժամանակ եկեք ջանք թափենք զարգացնելու հավատ, սեր և աստվածավախություն։ Այդպես վարվելով՝ մենք քաջաբար կհնազանդվենք Եհովային բոլոր հանգամանքներում և կհակառակվենք Բանսարկուին (Յակոբոս 4։7, 8)։ Այո՛, «քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել» (Սաղմոս 31։24)։
[ծանոթագրություն]
a Չնայած Հունարեն Գրություններում «հույս» բառը հաճախ օգտագործվում է օծյալ քրիստոնյաների երկնային ժառանգության առնչությամբ, սակայն այս հոդվածում կքննարկվի «հույս» բառի ընդհանուր իմաստը։
Կարո՞ղ եք պատասխանել
• Ինչպե՞ս հույսն օգնեց Հիսուսին քաջություն դրսևորել։
• Ինչպե՞ս են հավատն ու հույսը կապված իրար հետ։
• Ինչպե՞ս կարող է հույսը հավատի հետ միասին քրիստոնյաներին քաջություն տալ, որ ճիշտ առաջնահերթություններ դնեն։
• Ինչո՞ւ նրանք, ովքեր ‘սպասում են Տիրոջը’, կարող են վստահությամբ նայել ապագային։
[նկար 28-րդ էջի վրա]
Անկախ այն բանից՝ երիտասարդ ես, թե տարեց՝ պատկերացնո՞ւմ ես քեզ դրախտում