«Սողոմոնն իսկ.... չկարողացավ նրանցից մեկի նման գեղեցիկ հագնվել»
ՀԱՐԱՎԱՅԻՆ Աֆրիկայում հաճախ կարելի է ճամփեզրերին հանդիպել այսպիսի վայրի ծաղիկների, որ կոչվում են զարդենիներ։ Նրանց հայրենիքը Ամերիկայի արևադարձային գոտիներն են։ Այս վառվռուն ծաղիկները գուցե մեզ հիշեցնեն այն դասը, որ սովորեցրեց Հիսուսը։ Նրա ունկնդիրներից շատերն աղքատության մեջ էին ապրում ու մտահոգված էին իրենց ֆիզիկական կարիքներով՝ սննդով և հագուստով։
Հիսուսը հարցրեց. «Հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում։ Օրինա՛կ վերցրեք վայրի շուշաններից և տեսե՛ք, թե ինչպես են աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ հյուսում։ Հավատացե՛ք, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չկարողացավ նրանցից մեկի նման գեղեցիկ հագնվել» (Մատթէոս 6։28, 29 ԱՆԹ)։
Ինչ վերաբերում է վայրի ծաղիկների այն յուրահատուկ տեսակին, որի մասին հիշատակեց Հիսուսը, զանազան կարծիքներ են եղել։ Հիսուսը, սակայն, ընդամենը համեմատում էր դրանց հասարակ խոտերի հետ, երբ ասաց. «Իսկ թէ որ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ էգուց փուռն է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, չէ՞ որ շատ աւելի ձեզ, թերահաւատներ» (Մատթէոս 6։30)։
Թեև զարդենիները Իսրայելում տարածված չեն, սակայն դրանք իսկապես օգնում են հասկանալու այն դասը, որ Հիսուսը սովորեցրեց։ Հեռվից դիտես դրանց, թե մոտիկից զննես, միևնույն է, նրանք չեն կորցնում իրենց հրապույրը և լուսանկարիչների ու արվեստագետների ուշադրության առարկան են։ Իրոք, Հիսուսը չէր չափազանցնում, երբ ասաց, որ «Սողոմոնն իսկ.... չկարողացավ նրանցից մեկի նման գեղեցիկ հագնվել»։
Այսօր ի՞նչ ենք սովորում այս օրինակից։ Աստծուն ծառայող մարդիկ կարող են վստահ լինել, որ նա կօգնի բավարարելու իրենց կարիքները անգամ դժվար ժամանակներում։ Հիսուսը բացատրեց. «Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք [«շարունակաբար փնտրեք», ՆԱ], եւ այդ բոլորը [այնպիսի կարիքներ, ինչպիսիք են սնունդն ու հագուստը] կ’աւելանայ ձեզ» (Ղուկաս 12։31)։ Այո, Աստծո Թագավորությունը փնտրելը իսկապես որ օգուտներ է բերում։ Բայց գիտե՞ք արդյոք, թե ինչ է Աստծո Թագավորությունը, և ինչ է այն անելու մարդկության համար։ Եհովայի վկաները հաճույքով կօգնեն ձեզ Աստվածաշնչից գտնելու այս հարցերի պատասխանները։