Շարունակենք բարիք անել
«Շարունակե՛ք.... բարիք անել» (ՂՈՒԿ. 6։35)։
1, 2. Հաճախ ինչո՞ւ է դժվար բարի գործեր անել ուրիշների համար։
ՈՒՐԻՇՆԵՐԻ համար բարի գործեր անելը հեշտ չէ։ Այն մարդիկ, ում հանդեպ սեր ենք ցուցաբերում, գուցե նույն ձևով չարձագանքեն։ Թեև ջանում ենք մարդկանց հոգևորապես օգնել՝ քարոզելով «երջանիկ Աստծու [և նրա Որդու] փառավոր բարի լուրը», նրանք գուցե անտարբեր կամ անշնորհակալ լինեն (1 Տիմոթ. 1։11)։ Ուրիշներն էլ «Քրիստոսի տանջանքի ցցի թշնամիներ» են (Փիլիպ. 3։18)։ Լինելով քրիստոնյաներ՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց։
2 Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին ասաց. «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին, բարիք անել» (Ղուկ. 6։35)։ Եկեք մանրակրկիտ քննենք այս հորդորը և տեսնենք, թե ինչ օգուտ կարող ենք ստանալ։ Կքննենք նաև Հիսուսի ասած այլ մտքեր ուրիշներին բարիք անելու մասին։
«Սիրեք ձեր թշնամիներին»
3. ա) Քո բառերով ինչպե՞ս կարտահայտես Մատթեոս 5։43–45-ում Հիսուսի ասած խոսքերը։ բ) Առաջին դարի հրեա կրոնական առաջնորդների մեջ ի՞նչ տեսակետ էր ձևավորվել հրեաների և ոչ հրեաների մասին։
3 Հռչակավոր Լեռան քարոզում Հիսուսն իր ունկնդիրներին հորդորեց սիրել թշնամիներին և աղոթել հալածողների համար (կարդա՛ Մատթեոս 5։43–45)։ Այդ քարոզը լսողները հրեաներ էին, ուստի նրանք լավ գիտեին Աստծու հետևյալ պատվերը. «Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս» (Ղեւտ. 19։18)։ Առաջին դարի հրեա կրոնական առաջնորդները կարծում էին, որ «քո ժողովրդի որդիներ» և «քո ընկեր» արտահայտությունները վերաբերում են միայն հրեաներին։ Մովսիսական օրենքը պահանջում էր, որ իսրայելացիները հեռու մնան մյուս ազգերից, սակայն ժամանակի ընթացքում ձևավորվեց այն տեսակետը, որ բոլոր ոչ հրեաները թշնամիներ են, որոնցից յուրաքանչյուրին հարկավոր է ատել։
4. Ինչպե՞ս պետք է Հիսուսի աշակերտները վարվեին թշնամիների հետ։
4 Բայց Հիսուսն ասաց. «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթ. 5։44)։ Նրա աշակերտները պետք է սեր ցուցաբերեին բոլոր նրանց նկատմամբ, ովքեր թշնամություն էին անում իրենց։ Ըստ ավետարանագիր Ղուկասի՝ Հիսուսն ասաց. «Ձեզ, որ լսում եք, ասում եմ. շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին, բարիք անել ձեզ ատողներին, օրհնել ձեզ անիծողներին և աղոթել ձեզ վիրավորողների համար» (Ղուկ. 6։27, 28)։ Առաջին դարի անհատների պես, ովքեր իրենց կյանքում կիրառում էին Հիսուսի ասածները՝ մենք պետք է «բարիք անենք մեզ ատողներին»՝ նրանց թշնամությանը բարությամբ պատասխանելով։ Մենք «օրհնում ենք մեզ անիծողներին»՝ նրանց հետ սիրալիր խոսելով։ Նաև աղոթում ենք նրանց համար, ովքեր, ֆիզիկական ուժ գործադրելով և վիրավորական խոսքեր ասելով, հալածում են մեզ։ Այդ բոլոր խնդրանքներով մենք դրսևորում ենք մեր սերը թշնամիների հանդեպ՝ հուսալով, որ նրանց սրտի վիճակը կփոխվի, և նրանք այնպիսի գործեր կանեն, որոնցով կարժանանան Եհովայի բարեհաճությանը։
5, 6. Ինչո՞ւ պիտի սիրենք մեր թշնամիներին։
5 Ինչո՞ւ պիտի սիրենք մեր թշնամիներին։ «Որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է»,— ասաց Հիսուսը (Մատթ. 5։45)։ Եթե հետևենք այս խորհրդին, ապա կդառնանք Աստծու «որդիներ» այն իմաստով, որ կընդօրինակենք Եհովային, ով «իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում ինչպես արդարների, այնպես էլ անարդարների վրա»։ Իսկ Ղուկասի Ավետարանում գրված է, որ Աստված «բարի է ապերախտների և չարերի հանդեպ» (Ղուկ. 6։35)։
6 Թշնամիներին շարունակաբար սիրելու կարևորությունը շեշտելով՝ Հիսուսն ասաց. «Եթե սիրեք ձեզ սիրողներին, էլ ի՞նչ վարձատրություն կունենաք։ Մի՞թե մաքսահավաքներն էլ նույնը չեն անում։ Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ի՞նչ մի արտասովոր բան արած կլինեք։ Մի՞թե ուրիշ ազգերի մարդիկ էլ նույնը չեն անում» (Մատթ. 5։46, 47)։ Նույնիսկ մաքսահավաքները, որոնք սովորաբար արհամարհված էին, սիրում էին իրենց սիրողներին (Ղուկ. 5։30; 7։34)։ Ուստի եթե մենք սահմանափակվենք սիրելով միայն նրանց, ովքեր մեզ են սիրում, Աստծուց որևէ «վարձատրություն» չենք ստանա, այսինքն՝ չենք արժանանա նրա հավանությանը։
7. Ինչո՞ւ արտասովոր բան արած չենք լինի, եթե բարևենք միայն մեր «եղբայրներին»։
7 Իրար ողջունելիս հրեաները օգտագործում էին «խաղաղություն» բառը (Դատ. 19։20; Հովհ. 20։19)։ Այդպիսով բարևողը ցույց էր տալիս, որ դիմացինին ցանկանում է առողջություն, բարօրություն և բարգավաճում։ Ոչ մի «արտասովոր բան» արած չենք լինի, եթե բարև տանք միայն նրանց, ում համարում ենք մեր «եղբայրները»։ Հիսուսն ասաց, որ «ուրիշ ազգերի մարդիկ» էլ են այդպես անում։
8. Ի՞նչ էր խրախուսում Հիսուսը՝ ասելով. «Կատարյա՛լ եղեք»։
8 Ժառանգած մեղքի պատճառով Քրիստոսի աշակերտները չէին կարող լինել անթերի և կատարյալ (Հռոմ. 5։12)։ Հիսուսը, սակայն, իր ելույթի այս մասը եզրափակեց՝ ասելով. «Ուստի կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ» (Մատթ. 5։48)։ Այս խոսքերով նա իր ունկնդիրներին խրախուսում էր նմանվել իրենց «երկնային Հորը»՝ Եհովային, այսինքն՝ աշակերտները պետք է կատարելագործեին իրենց սերը։ Այն ամբողջական կդառնար, եթե նրանք սիրեին թշնամիներին։ Նույնը ակնկալվում է մեզանից։
Ինչո՞ւ պիտի ներենք
9. Ի՞նչ է նշանակում՝ «ների՛ր մեզ մեր պարտքերը»։
9 Մենք բարիք կանենք, եթե ողորմածաբար ներենք այն մարդուն, ով մեր դեմ մեղք է գործել։ Հիսուսի տիպար աղոթքում նաև ասվում է. «Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին» (Մատթ. 6։12)։ Անշուշտ, այստեղ խոսքը չի վերաբերում ֆինանսական պարտքերը ներելուն։ Ղուկասի Ավետարանը ցույց է տալիս, որ «պարտքեր» ասելով Հիսուսը նկատի ուներ մարդու մեղքերը։ Կարդում ենք. «Ների՛ր մեզ մեր մեղքերը, որովհետև մենք ինքներս էլ ներում ենք ամեն մեկին, ով պարտք է մեզ» (Ղուկ. 11։4)։
10. Ինչպե՞ս կարող ենք ներելու հարցում ընդօրինակել Աստծուն։
10 Մենք պետք է ընդօրինակենք Աստծուն, ով մեծահոգաբար ներում է զղջամիտ մեղավորներին։ Պողոս առաքյալը գրեց. «Մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ձեզ ներեց» (Եփես. 4։32)։ Սաղմոսերգու Դավիթն ասաց. «Բարեգութ եւ ողորմած է Տէրը. երկայնամիտ եւ բազմագութ.... Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ.... Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։ Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։ Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղ. 103։8–14)։
11. Ո՞ւմ է Աստված ներում։
11 Մարդիկ կարող են Եհովայից ներում ստանալ միայն այն դեպքում, եթե արդեն ներել են իրենց դեմ մեղանչողներին (Մարկ. 11։25)։ Այս միտքը շեշտելով՝ Հիսուսն ասաց. «Քանզի եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների, բայց եթե չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները» (Մատթ. 6։14, 15)։ Այո՛, Աստված ներում է միայն նրանց, ովքեր մեծահոգաբար ներում են ուրիշներին։ Պողոսը նույնպես այս մասին խորհուրդ տվեց՝ ասելով. «Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, նույնն էլ դուք արեք» (Կող. 3։13)։
«Մի՛ դատեք»
12. Ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը ուրիշներին դատելու մասին։
12 Մենք կարող ենք բարիք անել մեկ ուրիշ ձևով ևս։ Հիսուսը Լեռան քարոզում իր ունկնդիրներին հորդորեց չդատել ուրիշներին։ Այնուհետև նա մի ազդեցիկ օրինակ բերեց շեշտելու համար այդ միտքը (կարդա՛ Մատթեոս 7։1–5)։ Եկեք քննենք, թե ինչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով. «Մի՛ դատեք»։
13. Հիսուսի ունկնդիրները ինչպե՞ս կարող էին «շարունակել թողնել»։
13 Մատթեոսի Ավետարանում Հիսուսի խոսքերը գրված են այսպես. ««Մի՛ դատեք [«Դադարե՛ք դատելուց», ծնթ.], որ չդատվեք» (Մատթ. 7։1)։ Իսկ Ղուկասի Ավետարանում Հիսուսն ասաց. «Մի՛ դատեք և բնավ չեք դատվի, մի՛ դատապարտեք և բնավ չեք դատապարտվի։ Շարունակե՛ք թողնել և կթողնվի ձեզ» (Ղուկ. 6։37)։ Առաջին դարի փարիսեցիները խստորեն դատում էին մարդկանց՝ հիմնվելով ոչ սուրբգրային ավանդույթների վրա։ Հիսուսի այն ունկնդիրները, ովքեր այդպես էին վարվում, պետք է «դադարեին դատելուց»։ Փոխարենը՝ նրանք պետք է «թողնեին», այսինքն՝ ներեին դիմացինին։ Ներելու վերաբերյալ նման խորհուրդ տվեց նաև Պողոս առաքյալը, ինչպես նշվեց վերևում։
14. Ներողամտություն ցուցաբերելով՝ Հիսուսի աշակերտները ինչի՞ էին մղելու ուրիշներին։
14 Ներողամտություն ցուցաբերելով՝ Հիսուսի աշակերտները մղելու էին ուրիշներին նույն ոգին դրսևորել։ «Ինչ դատաստանով որ դատում եք, նույն դատաստանով էլ կդատվեք,— ասաց Հիսուսը,— և ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ կչափեն» (Մատթ. 7։2)։ Այո՛, ուրիշների հետ վերաբերվելու հարցում ևս գործում է այն սկզբունքը, որ կարդում ենք Գաղատացիներ 6։7–ում. «Մարդ ինչ որ ցանում է, այն էլ կհնձի»։
15. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ սխալ է չափից շատ քննադատող լինել։
15 Հիսուսը ցույց տվեց, որ չափից շատ քննադատող լինելը սխալ է։ Այս միտքը ընդգծելու համար նա ասաց. «Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «թո՛ւյլ տուր հանեմ աչքիդ միջի շյուղը», երբ քո աչքում գերան կա» (Մատթ. 7։3, 4)։ Քննադատելու հակված մարդը նկատում է իր եղբոր «աչքի» աննշան թերությունը։ Նա կարծում է, թե իր եղբայրը առողջ դատել չի կարող։ Չնայած սխալը փոքր է՝ մի փոքր շյուղի նման, քննադատը առաջարկում է «հանել աչքի միջի շյուղը»։ Նա ձևացնում է, թե ուզում է օգնել իր եղբորը ձեռք բերել առողջ դատողություն։
16. Ինչո՞ւ կարելի է ասել, որ փարիսեցիների աչքում «գերան» կար։
16 Ուրիշներին քննադատելու մեջ առավել աչքի էին ընկնում հրեա կրոնական առաջնորդները։ Օրինակ՝ երբ մի կույր մարդ, որին Քրիստոսը բուժել էր, ասաց, որ Հիսուսը, ըստ ամենայնի, ուղարկված է Աստծուց, փարիսեցիները զայրացած պատասխանեցին. «Ամբողջովին մեղքերի մեջ ես ծնված և դեռ դո՞ւ ես մեզ սովորեցնում» (Հովհ. 9։30–34)։ Փարիսեցիները ամենևին էլ չունեին հստակ հոգևոր հայացք և ճիշտ դատելու կարողություն։ Նրանց աչքում «գերան» կար, և նրանք լիովին կույր էին։ Հետևաբար, Հիսուսն ասաց. «Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել» (Մատթ. 7։5; Ղուկ. 6։42)։ Եթե ուզում ենք բարիք անել և ուրիշների հետ լավ վարվել, մենք չենք լինի խիստ քննադատներ, ովքեր ամեն ժամանակ մարդկանց աչքում «շյուղ» են փնտրում։ Փոխարենը՝ կընդունենք, որ անկատար ենք, ուստի կխուսափենք հավատակիցներին քննադատելուց։
Ինչպես պիտի վերաբերվենք ուրիշներին
17. Համաձայն Մատթեոս 7։12–ի՝ ինչպե՞ս պետք է վարվենք ուրիշների հետ։
17 Լեռան քարոզում Հիսուսը նշեց, որ Աստված հայրաբար է վերաբերվում իր ծառաներին՝ պատասխանելով նրանց աղոթքներին (կարդա՛ Մատթեոս 7։7–12)։ Ուշագրավ է, որ Հիսուսը վարքի հետևյալ կանոնը սահմանեց. «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 7։12)։ Միայն այն դեպքում կփաստենք, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն ենք, եթե մեր հավատակիցների հետ վարվենք այդ կանոնի համաձայն։
18. Ուրիշների հետ վարվելիս ինչպե՞ս կարող ենք գործել Օրենքի ոգուն ներդաշնակ։
18 Հիսուսը այնուհետև ասաց. «Իրականում հենց սրանում են Օրենքը և Մարգարեները»։ Երբ ուրիշների հետ վարվում ենք Հիսուսի ասած ձևով, մենք գործում ենք «Օրենքի» ոգուն ներդաշնակ. այդ Օրենքը Աստվածաշնչի առաջին հինգ գրքերն էին՝ «Ծննդոց»–ից մինչև «Երկրորդ Օրինաց»։ Այս գրքերը հայտնում են, որ Եհովան նպատակ է դրել առաջ բերել սերունդ, որը վերացնելու է չարությունը։ Բացի այդ, դրանք պարունակում են այն Օրենքը, որը Աստված մ.թ.ա. 1513 թ.–ին Մովսեսի միջոցով տվեց Իսրայել ազգին (Ծննդ. 3։15)։ Այլ բաների թվում, Օրենքը նաև ասում էր, որ իսրայելացիները պետք է լինեն արդար, անաչառ և բարիք անեն ընչազուրկներին և պանդուխտներին (Ղեւտ. 19։9, 10, 15, 34)։
19. Ինչպե՞ս են «Մարգարեները» ցույց տալիս, որ պետք է բարիք անենք ուրիշներին։
19 «Մարգարեներ» ասելով՝ Հիսուսը նկատի ուներ Եբրայերեն Գրությունների մարգարեական գրքերը։ Այդ գրքերում կան Մեսիայի մասին մարգարեություններ, որոնք կատարվեցին Հիսուսի վրա։ Դրանք նաև ցույց են տալիս, որ Եհովան օրհնում է իր ժողովրդին, երբ նրանք աստվածահաճո վարք են դրսևորում և ուրիշների հետ պատշաճորեն են վարվում։ Օրինակ՝ Եսայիայի մարգարեության միջոցով իսրայելացիները հետևյալ խորհուրդը ստացան. «Այսպէս է ասում Տէրը, իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք.... Երանի այն մարդին, որ կ’անէ, այս, եւ այն մարդի որդիին, որ պինդ կ’բռնէ այս.... եւ իր ձեռքը կ’պահէ որ եւ իցէ չարութիւն անելուց» (Ես. 56։1, 2)։ Այո՛, Աստված իր ծառաներից ակնկալում է, որ նրանք շարունակեն բարիք անել։
Միշտ բարիք անենք ուրիշներին
20, 21. Ի՞նչ տպավորություն թողեց Լեռան քարոզը մարդկանց վրա, և ինչո՞ւ պետք է խորհրդածես դրա շուրջ։
20 Մենք քննարկեցինք միայն մի քանիսը այն կարևորագույն մտքերից, որոնք ասաց Հիսուսը իր անզուգական Լեռան քարոզում։ Այդուհանդերձ, կարող ենք հասկանալ նրա ունկնդիրների արձագանքը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ Հիսուսը վերջացրեց այս խոսքերը, ժողովուրդը ապշած էր մնացել նրա սովորեցնելու կերպի վրա, որովհետև իշխանություն ունեցողի նման էր սովորեցնում նրանց և ոչ թե իրենց դպիրների նման» (Մատթ. 7։28, 29)։
21 Անկասկած, Հիսուս Քրիստոսն է այն «Սքանչելի Խորհրդականը», որի մասին կանխագուշակվել էր Աստվածաշնչում (Ես. 9։6, ՆԱ)։ Լեռան քարոզի միջոցով մենք ակնհայտ տեսնում ենք, որ Հիսուսը շատ լավ գիտեր, թե ինչ տեսակետ ունի իր երկնային Հայրը տարբեր հարցերի վերաբերյալ։ Մեր քննարկած նյութից բացի, Լեռան քարոզում խոսվում է նաև այն մասին, թե ինչպես հասնել իսկական երջանկության, խուսափել անբարոյությունից, ինչպես արդարություն անել, ապահով և ուրախ ապագա ունենալ և այլն։ Մենք կարող ենք մեկ անգամ ևս ուշադիր կարդալ Մատթեոս 5–7-րդ գլուխները։ Աղոթքով մտածիր Հիսուսի հրաշալի խորհուրդների շուրջ և կիրառիր դրանք կյանքում։ Այդ ժամանակ դու կկարողանաս ավելի շատ հաճեցնել Եհովային, մարդկանց հետ ճիշտ վարվել և շարունակել բարիք անել։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր թշնամիներին։
• Ինչո՞ւ պիտի ներենք։
• Ի՞նչ ասաց Հիսուսը ուրիշներին դատելու մասին։
• Համաձայն Մատթեոս 7։12–ի՝ ինչպե՞ս պետք է վարվենք ուրիշների հետ։
[մեջբերում 10–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչու Հիսուսն ասաց. «Մի՛ դատեք»
[նկար 8–րդ էջի վրա]
Ինչո՞ւ պետք է աղոթենք մեզ հալածողների համար
[նկար 10–րդ էջի վրա]
Ուրիշների հետ միշտ վարվո՞ւմ ես այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն