Բաներ, որոնցից պետք է փախչենք
«Իժերի՛ ծնունդներ, ձեզ ո՞վ գլխի գցեց փախչել գալիք զայրույթից» (ՄԱՏԹ. 3։7)։
1. Փախչելու վերաբերյալ ի՞նչ օրինակներ կան Աստվածաշնչում։
«ՓԱԽՉԵԼ» բառը լսելիս ի՞նչ է միտդ գալիս։ Ոմանք գուցե հիշեն երիտասարդ Հովսեփին, որը փախավ Պետափրեսի կնոջ անբարո առաջարկներից (Ծննդ. 39։7–12)։ Մյուսներն էլ թերևս հիշեն այն քրիստոնյաներին, ովքեր 66 թ.–ին, հնազանդվելով Հիսուսի խոսքերին, փախան Երուսաղեմից։ Նա զգուշացրել էր. «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ բանակ դրած զորքերով շրջապատված, այն ժամանակ.... նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և նրանք, ովքեր քաղաքում են, թող հեռանան» (Ղուկ. 21։20, 21)։
2, 3. ա) Ի՞նչ նկատի ուներ Հովհաննեսը, երբ քննադատեց կրոնական առաջնորդներին։ բ) Ինչպե՞ս Հիսուսը ավելի ազդեցիկ դարձրեց Հովհաննեսի խոսքերը։
2 Այս օրինակները վերաբերում են բառացիորեն փախչելուն։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները, որոնք ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, պետք է ամեն ջանք անեն փախչելու, բայց ոչ բառացի իմաստով։ Հովհաննես Մկրտիչը «փախչել» բառը օգտագործեց փոխաբերական իմաստով։ Նրան տեսնելու եկած մարդկանցից էին հրեա ինքնահավան կրոնական առաջնորդները, որոնք կարծում էին, որ իրենք զղջալու կարիք չունեն։ Այդ առաջնորդները արհամարհում էին հասարակ մարդկանց, ովքեր մկրտվում էին՝ ի նշան իրենց զղջման։ Հովհաննես Մկրտիչը անվախորեն քողազերծեց կեղծավոր առաջնորդներին՝ ասելով. «Իժերի՛ ծնունդներ, ձեզ ո՞վ գլխի գցեց փախչել գալիք զայրույթից։ Ուրեմն զղջմանը արժանի պտո՛ւղ բերեք» (Մատթ. 3։7, 8)։
3 Հովհաննեսը նկատի չուներ բառացի փախուստը։ Նա խոսում էր գալիք դատաստանի՝ ցասման օրվա մասին։ Հովհաննեսը կրոնական առաջնորդներին հասկացրեց, որ եթե նրանք ուզում են փրկվել այդ օրը, ուրեմն պետք է այնպիսի պտուղ բերեն, որը կփաստի իրենց զղջումը։ Հիսուսը ևս դատապարտեց կրոնական առաջնորդներին։ Վերջիններիս մարդասպան տրամադրվածությունը ցույց էր տալիս, որ իրականում նրանց հայրը Բանսարկուն է (Հովհ. 8։44)։ Անվանելով նրանց «իժերի ծնունդներ»՝ Հիսուսը Հովհաննեսի ասածը ավելի ազդեցիկ դարձրեց՝ հարց տալով. «Ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատաստանից» (Մատթ. 23։33)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը «գեհեն» ասելով։
4. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը «գեհեն» ասելով։
4 Գեհենը Երուսաղեմի պարսպից այն կողմ գտնվող մի ցածրադիր վայր էր, որտեղ մարդիկ թափում էին աղբն ու սատկած կենդանիների մարմինները և այրում։ Հիսուսը «գեհեն» բառն օգտագործեց որպես հավերժական մահվան խորհրդանիշ (տե՛ս էջ 27)։ Գեհենից փախչելու մասին նրա տված հարցը ցույց էր տալիս, որ այդ կրոնական առաջնորդները՝ որպես ամբողջություն, արժանի են հավիտենական կործանման (Մատթ. 5։22, 29)։
5. Ինչպե՞ս է պատմությունը փաստել Հովհաննեսի և Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը։
5 Հրեա կրոնական առաջնորդները իրենց մեղքերին ավելացրին նաև այն, որ հալածեցին Հիսուսին և նրա հետևորդներին։ Տարիներ անց, ինչպեսև զգուշացրել էին Հովհաննեսն ու Հիսուսը, Աստծու զայրույթի օրը եկավ։ Այդ ժամանակ «զայրույթը» անդրադարձավ միայն Երուսաղեմի և Հրեաստանի վրա, ուստի մարդիկ կարող էին բառացի իմաստով փախչել։ Զայրույթը դրսևորվեց նրանով, որ քաղաքը և տաճարը 70 թ.–ին ավերվեցին հռոմեական զորքերի կողմից։ Այդպիսի «նեղություն» Երուսաղեմը մինչ այդ երբեք չէր տեսել։ Շատերը գերվեցին կամ սպանվեցին։ Սա նախապատկերում է այն ավելի մեծ կործանումը, որ սպասում է քրիստոնեական աշխարհի և մյուս կեղծ կրոնների անդամներին (Մատթ. 24։21)։
Գալիք զայրույթ, որից պետք է փախչենք
6. Վաղ քրիստոնեական ժողովում ի՞նչ առաջ եկավ։
6 Առաջին դարում որոշ քրիստոնյաներ դարձան հավատուրացներ և ոմանց իրենց հետևից տարան (Գործ. 20։29, 30)։ Քանի դեռ Հիսուսի առաքյալները կենդանի էին, նրանք ծառայում էին որպես «արգելք» ընդդեմ այդ հավատուրացության։ Սակայն նրանց մահից հետո բազմաթիվ քրիստոնեական աղանդներ առաջ եկան։ Այսօր քրիստոնեական աշխարհում կան հարյուրավոր իրարամերժ կրոններ։ Աստվածաշունչը կանխագուշակել էր քրիստոնեական աշխարհի հոգևորականության առաջ գալը։ Աստծու Խոսքը նրան հավաքական իմաստով անվանում է «անօրենության մարդ» և «կործանման որդի», որին «Տեր Հիսուսը կվերացնի.... և որին ոչնչի կվերածի իր ներկայության հայտնվելով» (2 Թեսաղ. 2։3, 6–8)։
7. Ինչո՞ւ է «կործանման որդի» արտահայտությունը տեղին քրիստոնեական աշխարհի հոգևորականության համար։
7 Քրիստոնեական աշխարհի հոգևորականությունը անօրեն է, քանի որ մոլորեցրել է միլիոնավոր մարդկանց ոչ սուրբգրային ուսմունքներով և տոնակատարություններով, Աստվածաշնչին հակասող վարք հանդուրժելով և խրախուսելով։ Հիսուսի կողմից դատապարտության արժանացած կրոնական առաջնորդների պես՝ մերօրյա հոգևորականները, որոնք «կործանման որդու» մաս են կազմում, կկործանվեն առանց հարության որևէ հույսի (2 Թեսաղ. 1։6–9)։ Իսկ ի՞նչ է սպասում այն մարդկանց, ովքեր մոլորվել են քրիստոնեական աշխարհի և մյուս կեղծ կրոնների հոգևորականների կողմից։ Այս հարցին պատասխանելու համար քննենք այն դեպքերը, որոնք հաջորդեցին Երուսաղեմի՝ մ.թ.ա. 607–ի կործանմանը։
«Փախէք Բաբիլոնի միջիցը»
8, 9. ա) Ի՞նչ կարևոր պատգամ հաղորդեց Երեմիան Բաբելոնում գտնվող հրեա գերիներին։ բ) Այն բանից հետո, երբ մարերն ու պարսիկները գրավեին Բաբելոնը, հրեաները ի՞նչ իմաստով էին փախչելու։
8 Երեմիա մարգարեն կանխագուշակեց Երուսաղեմի՝ մ.թ.ա. 607–ի կործանումը։ Նա ասաց, որ Աստծու ժողովուրդը կտարվի գերության, բայց «յոթանասուն տարի» անց կվերադառնա հայրենիք (Երեմ. 29։4, 10)։ Բաբելոնում գտնվող հրեա գերիներին Երեմիան կարևոր պատգամ ուներ հաղորդելու. նրանք չպետք է պղծվեին Բաբելոնի կեղծ կրոնական սովորույթներով։ Վարվելով այդպես՝ նրանք պատրաստ կլինեին վերադառնալու Երուսաղեմ և վերականգնելու ճշմարիտ երկրպագությունը, երբ նշանակված ժամանակը գար։ Դա տեղի ունեցավ կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ մարերն ու պարսիկները մ.թ.ա. 539–ին նվաճեցին Բաբելոնը։ Պարսից թագավոր Կյուրոս II–ը հրովարտակ արձակեց և հրեաներին թույլ տվեց վերադառնալ Երուսաղեմ ու վերակառուցել Եհովայի տաճարը (Եզր. 1։1–4)։
9 Հազարավոր հրեաներ, օգտվելով այս հնարավորությունից, վերադարձան հայրենիք (Եզր. 2։64–67)։ Այս վերադարձով կատարվեց Երեմիայի մարգարեությունը, համաձայն որի՝ նրանք բառացի իմաստով փախչելու էին՝ տեղափոխվելով մեկ ուրիշ վայր (կարդա՛ Երեմիա 51։6, 45, 50)։ Հանգամանքները թույլ չտվեցին բոլոր հրեաներին կատարել այդ երկար ճանապարհորդությունը։ Բաբելոնում մնացածները, օրինակ՝ տարեց Դանիել մարգարեն, կարող էին ունենալ Աստծու օրհնությունները, եթե, իհարկե, ամբողջ սրտով աջակցեին ճշմարիտ երկրպագությանը, որի կենտրոնը Երուսաղեմն էր, և հեռու մնային բաբելոնյան կեղծ պաշտամունքից։
10. Ի՞նչ «նողկալի բաների» համար է պատասխանատու «Մեծ Բաբելոնը»։
10 Այսօր միլիարդավոր մարդիկ դավանում են այնպիսի կրոններ, որոնց արմատները հասնում են մինչև հին Բաբելոն (Ծննդ. 11։6–9)։ Միասին այդ բոլոր կրոնները կոչվում են «Մեծ Բաբելոն, պոռնիկների ու երկրի նողկալի բաների մայրը» (Հայտն. 17։5)։ Կեղծ կրոնը դարեր շարունակ աջակցել է այս աշխարհի քաղաքական ղեկավարներին։ Նա պատասխանատու է այնպիսի «նողկալի բաների» համար, ինչպիսիք են բազմաթիվ պատերազմները, որոնց պատճառով հարյուր միլիոնավոր մարդիկ «մորթվել են երկրի վրա» (Հայտն. 18։24)։ Մյուս «նողկալի բաներից» են մանկապղծությունը և սեռական վարքի այլ անբարո ձևեր, որ դրսևորում են հոգևորականները, իսկ եկեղեցական ղեկավարները այդ ամենը հանդուրժում են։ Մի՞թե զարմանալի է, որ Եհովա Աստված շուտով Երկիր մոլորակը կմաքրի կեղծ կրոնից (Հայտն. 18։8)։
11. Ի՞նչ պարտականություն ունեն ճշմարիտ քրիստոնյաները, քանի դեռ Մեծ Բաբելոնը չի կործանվել։
11 Ճշմարիտ քրիստոնյաները, ովքեր գիտեն, թե ինչ է շուտով լինելու, պարտավոր են Մեծ Բաբելոնի անդամներին զգուշացնել այդ մասին։ Նրանք դա անում են՝ տարածելով Աստվածաշնչեր և Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն։ Այդ գրականությունը հրատարակում է «հավատարիմ և իմաստուն ծառան», որին Հիսուսը հանձնարարել է հոգևոր «կերակուր տալ ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45)։ Եթե մարդիկ հետաքրքրվում են բարի լուրով, ապա միջոցներ են ձեռնարկվում, որ նրանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի և այդպիսով օգնություն ցույց տրվի։ Մենք հույս ենք ունենում, որ նրանք կհասկանան, որ հարկավոր է «փախչել Բաբելոնի միջից», քանի դեռ ուշ չէ (Հայտն. 18։4)։
Փախիր կռապաշտությունից
12. Ի՞նչ տեսակետ ունի Աստված պատկերներ և կուռքեր պաշտելու վերաբերյալ։
12 Մեծ Բաբելոնում տարածված մեկ այլ նողկալի սովորություն է պատկերներ և կուռքեր պաշտելը։ Աստված դրանք անվանում է «գարշելի բաներ» և «աղբոտ կուռքեր» (ՆԱ) (Բ Օրին. 29։17)։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են հաճելի լինել Աստծուն, պետք է խուսափեն կռապաշտությունից, ինչը ներդաշնակ կլինի Աստծու հետևյալ խոսքերին. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը. եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին» (Ես. 42։8)։
13. Կռապաշտության ի՞նչ աննկատ ձևեր կան, որոնցից պետք է խուսափենք։
13 Աստծու Խոսքը նաև բացահայտում է կռապաշտության աննկատ ձևերը։ Դրանցից է, օրինակ, ագահությունը։ Աստվածաշնչում այդ հատկությունը կոչվում է «կռապաշտություն» (Կող. 3։5)։ Ագահությունը ինչ–որ արգելված բան ցանկանալն է, օրինակ՝ անհատի ունեցվածքը (Ելից 20։17)։ Այն հրեշտակը, ով դարձավ Բանսարկու Սատանա, ագահաբար ցանկացավ նմանվել Բարձրյալին և երկրպագության արժանանալ (Ղուկ. 4։5–7)։ Քանի որ նա իր մեջ այդպիսի ցանկություն զարգացրեց, հետևանքը եղավ այն, որ նա ապստամբեց Եհովայի դեմ ու Եվային դրդեց ագահաբար ցանկանալու այն, ինչ Աստված արգելել էր։ Ինչ–որ իմաստով Ադամը ևս կռապաշտական գործողություն արեց և, եսասիրություն դրսևորելով, թույլ տվեց, որ իր կնոջ ընկերակցությունը ավելի կարևոր դառնա իր սիրառատ երկնային Հոր հանդեպ հնազանդությունից։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են փախչել Աստծու ցասման օրից, պետք է բացարձակապես նվիրված լինեն նրան և մերժեն ագահության ցանկացած դրսևորում։
«Փախե՛ք պոռնկությունից»
14–16. ա) Ինչո՞ւ է Հովսեփը բարոյականության հարցում լավ օրինակ։ բ) Ի՞նչ պետք է անենք, եթե մեր մեջ անմաքուր սեռական ցանկություն է արթնանում։ գ) Ինչպե՞ս կարող ենք փախչել պոռնկությունից։
14 Կարդա՛ 1 Կորնթացիներ 6։18։ Երբ Պետափրեսի կինը փորձեց գայթակղել Հովսեփին, վերջինս բառացիորեն փախավ նրանից։ Նա հիանալի օրինակ է թողել և՛ ամուսնացած, և՛ չամուսնացած քրիստոնյաների համար։ Հովսեփի խիղճը թույլ չտվեց նրան անբարոյություն գործել։ Այդ երիտասարդը, անշուշտ, խորհրդածել էր անցյալում տեղի ունեցած այն դեպքերի շուրջ, որտեղ Աստված ցույց էր տվել իր վերաբերմունքը անբարոյության հանդեպ։ Եթե ցանկանում ենք հնազանդվել «փախե՛ք պոռնկությունից» պատվիրանին, պետք է խուսափենք այն բաներից, որոնք կարող են մեր մեջ սեռական ցանկություն արթնացնել այն անձնավորության նկատմամբ, ով մեր կողակիցը չէ։ Մեզ խորհուրդ է տրվում. «Սպանե՛ք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է։ Այս բաների պատճառով Աստծու ցասումը գալիս է» (Կող. 3։5, 6)։
15 Ուշադրություն դարձրու, որ ասվում է՝ «Աստծու ցասումը գալիս է»։ Աշխարհում շատերը թույլ են տալիս, որ իրենց մեջ անպատշաճ սեռական ցանկություններ արթնանան, և ձգտում են դրանք բավարարել։ Ուստի մենք՝ քրիստոնյաներս, պետք է Աստծուց աղոթքով խնդրենք օգնություն և նրա սուրբ ոգին, որպեսզի անմաքուր սեռական ցանկությունները չղեկավարեն մեզ։ Բացի այդ, Աստվածաշունչ ուսումնասիրելը, քրիստոնեական հանդիպումներին հաճախելը և բարի լուրը քարոզելը կօգնեն մեզ «շարունակելու ընթանալ ոգով»։ Այդպիսով «մարմնական ոչ մի ցանկություն չենք կատարի» (Գաղ. 5։16)։
16 Անշուշտ, եթե պոռնկագրություն ենք դիտում, չենք կարող ասել, որ «ընթանում ենք ոգով»։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է զգույշ լինի, որ չկարդա, չդիտի կամ չլսի այնպիսի բաներ, որոնք սեռական ցանկություն են առաջացնում։ Բացի այդ, Աստծու «սուրբ» ժողովրդի անդամները սխալ վարված կլինեն, եթե հաճելի համարեն նման բաների շուրջ կատակելը կամ դրանք իրար հետ քննարկելը (Եփես. 5։3, 4)։ Այդպիսով մենք մեր սիրառատ Հորը ցույց ենք տալիս, որ իսկապես ցանկանում ենք խուսափել նրա գալիք ցասումից և ապրել արդար նոր աշխարհում։
Փախիր «փողասիրությունից»
17, 18. Ինչո՞ւ պետք է փախչենք «փողասիրությունից»։
17 Տիմոթեոսին ուղղած իր առաջին նամակում Պողոսը կենտրոնացավ որոշ սկզբունքների վրա, որոնցով պետք է առաջնորդվեին այն քրիստոնյաները, ովքեր ծառա էին։ Նրանցից ոմանք իրենց քրիստոնյա տերերից նյութական օգուտներ էին ակնկալում։ Մյուսները գուցե փորձում էին սեփական շահի համար օգտագործել հավատակիցների հետ ունեցած կապերը։ Պողոսը զգուշացրեց այն մտայնությունից, ըստ որի՝ «Աստծու հանդեպ նվիրվածությունը [նյութական] շահ ստանալու միջոց է»։ Խնդրի արմատը գուցե «փողասիրությունն» էր, որը կարող էր վատ ազդեցություն թողնել ցանկացածի վրա՝ թե՛ հարուստի, թե՛ աղքատի (1 Տիմոթ. 6։1, 2, 5, 9, 10)։
18 Կարո՞ղ ես հիշել աստվածաշնչյան այնպիսի կերպարների, ովքեր վնասել են Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները՝ «փողասիրություն» դրսևորելով կամ սիրելով ոչ անհրաժեշտ բաները, որոնք կարելի է ձեռք բերել փողով (Յեսու 7։11, 21; Դ Թագ. 5։20, 25–27)։ Պողոսը Տիմոթեոսին հորդորեց. «Դո՛ւ, ո՛վ Աստծու մարդ, փախի՛ր սրանցից և հետևի՛ր արդարության, Աստծու հանդեպ նվիրվածության, հավատի, սիրո, տոկունության, մեղմության» (1 Տիմոթ. 6։11)։ Այս հորդորին ականջ դնելը խիստ կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են վերապրել գալիք զայրույթի օրից։
«Փախի՛ր երիտասարդական ցանկություններից»
19. Ինչի՞ կարիքն ունեն բոլոր տղաներն ու աղջիկները։
19 Կարդա՛ Առակաց 22։15։ Երեխայի սրտի հիմարությունը հեշտությամբ կարող է մոլորեցնել նրան։ Սակայն դրանից խուսափելու համար նա պետք է դաստիարակվի Աստվածաշնչով։ Շատ քրիստոնյա տղաներ և աղջիկներ, որոնց ծնողները չեն ընդունում նրանց հավատը, ջանում են սովորել սուրբգրային սկզբունքներ և կիրառել դրանք։ Մյուսները օգուտ են քաղում ժողովի հոգևորապես հասուն մարդկանց խորհուրդներից։ Անկախ նրանից, թե ով է աստվածաշնչային խորհուրդ տվողը՝ դրան հետևելը կարող է երեխային երջանկություն բերել այժմ և ապագայում (Եբր. 12։8–11)։
20. Ինչպե՞ս կարող են երիտասարդները օգնություն ստանալ անմաքուր ցանկություններից փախչելու համար։
20 Կարդա՛ 2 Տիմոթեոս 2։20–22։ Շատ երիտասարդներ, ովքեր աստվածաշնչային կրթություն չեն ստացել, սկսել են ընթանալ «հիմար» ուղիներով. նրանց մեջ զարգացել է մրցակցության ոգի, ագահություն, նրանք պոռնկություն են գործել, դարձել են փողասեր և հաճոյապաշտ։ Այս ամենը այն «երիտասարդական ցանկություններից» են, որոնցից, ինչպես Աստվածաշունչն է կոչ անում, պետք է փախչենք։ Եթե քրիստոնյա երիտասարդը ուզում է փախչել դրանցից, նա պետք է զգուշանա անառողջ ազդեցություններից՝ անկախ այն բանից, թե որտեղից են դրանք ծագում։ Հատկապես օգտակար է հետևել աստվածաշնչյան այն խորհրդին, համաձայն որի՝ պետք է զարգացնենք աստվածային հատկություններ «նրանց հետ, ովքեր մաքուր սրտով են կանչում Տիրոջը»։
21. Ի՞նչ հրաշալի բան խոստացավ Հիսուս Քրիստոսը իր հեզ ու խոնարհ հետևորդներին։
21 Անկախ նրանից՝ երիտասարդ ենք, թե ծեր՝ եթե մերժենք մեզ մոլորեցնել ցանկացող մարդկանց, ցույց կտանք, որ ուզում ենք լինել Հիսուսի հեզ ու խոնարհ այն հետևորդներից, ովքեր «փախչում են օտարների ձայնից» (Հովհ. 10։5)։ Սակայն Աստծու զայրույթի օրից խուսափելու համար ավելին է անհրաժեշտ, քան պարզապես վնասակար բաներից խուսափելը։ Մենք պետք է ձգտենք ունենալ դրական հատկություններ։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն դրանցից յոթը։ Իրոք արժե այդ հատկությունները քննել, որովհետև Հիսուսը մի հրաշալի բան խոստացավ. «Ես [իմ ոչխարներին] հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք երբեք չեն կործանվի, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց» (Հովհ. 10։28)։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչի՞ց զգուշացրեց Հիսուսը կրոնական առաջնորդներին։
• Ի՞նչ վտանգավոր իրավիճակում են հայտնվել միլիոնավոր մարդիկ։
• Կռապաշտության ի՞նչ աննկատ ձևեր կան, որոնցից պետք է խուսափենք։
[նկարներ 8–րդ, 9–րդ էջերի վրա]
«Փախչել» բառը լսելիս ի՞նչ է միտդ գալիս