Տունդ ավազի՞ վրա ես կառուցում, թե՞ վեմի
ՀԱՃՈՒՅՔՈ՞Վ ես Աստվածաշունչ ընթերցում։ Միգուցե ժամանակ ես տրամադրում, որպեսզի այն կանոնավորաբար ուսումնասիրես Եհովայի վկաների օգնությամբ։ Եթե այդպես է, ապա դու անկասկած ձեռք ես բերել գիտելիքներ, որոնք օգնում են քեզ հասկանալու, թե ինչու այսքան շատ խնդիրներ կան աշխարհում (Հայտնություն 12։9, 12)։ Բացի այդ, Աստվածաշնչի որոշ հատվածներ մխիթարում են այս դժվար ժամանակներում, ինչպես նաև հույս են ներշնչում ապագայի հանդեպ (Սաղմոս 145։14; 147։3; 2 Պետրոս 3։13)։
Աստվածաշնչային ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով՝ անհատն առաջին քայլն է կատարում Քրիստոսի հետևորդ դառնալու համար։ Սակայն ճշմարիտ քրիստոնյա մնալու համար, հատկապես երբ փորձության է ենթարկվում հավատը, Աստվածաշունչ ուսումնասիրողը մի կարևոր քայլ ևս պիտի կատարի։ Իսկ ո՞րն է այդ քայլը։ Այս հարցին պատասխանելու համար, կարող ենք համառոտ քննել Լեռան քարոզը։ Դա այն ելույթն է, որը Հիսուսը ներկայացրել է Գալիլեայի Ձիթենյաց լեռան վրա (Մատթեոս 5։1, 2)։
Երկու տուն
Գիտե՞ս, թե ինչի մասին է Լեռան Քարոզը։ Դու կարող ես կարդալ այս հայտնի ելույթը Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում (Մատթեոս 5։1–7։29; Ղուկաս 6։20–49)։ Ամբողջ ելույթը կարելի է ընթերցել ընդամենը 20 րոպեում, սակայն ընթերցելիս դու կհանդիպես ավելի քան 20 մեջբերումների Եբրայերեն Գրություններից և 50–ից ավել պատկերավոր արտահայտությունների։ Պատկերավոր խոսքի առանձնահատուկ մի օրինակ է վեմի և ավազի վրա կառուցված տների մասին առակը, որով Հիսուսը եզրափակեց իր ելույթը։ Եթե հասկանաս այդ առակի իմաստը, դու կշարունակես մնալ որպես Քրիստոսի հետևորդ՝ անկախ այն բանից, թե հավատդ ինչ փորձությունների կենթարկվի։
Հիսուսն ասաց. «Նա, ով լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, նման է մի խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց։ Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և ուժգին հարվածեցին այդ տանը, բայց այն փուլ չեկավ, քանի որ վեմի վրա էր հիմնված։ Իսկ նա, ով լսում է իմ այս խոսքերը և չի կատարում դրանք, նման է մի անմիտ մարդու, որն իր տունը ավազի վրա կառուցեց։ Անձրևը հորդեց, հեղեղները եկան, քամիները փչեցին և հարվածեցին այդ տանը, և այն փուլ եկավ, ու նրա փլուզումը մեծ էր» (Մատթեոս 7։24–27)։
Մարդ, որը «փորեց, խորացրեց»
Ի՞նչ կարևոր բան սովորեցրեց Հիսուսը իր աշակերտներին այս օրինակով։ Եկեք քննենք Հիսուսի խոսքերը։ Նկատեցի՞ր, որ երկու տներին էլ հարվածեց բնական աղետը։ Երկուսն էլ իրար նման էին և կառուցված էին նույն տեղում, նույնիսկ կողք կողքի, սակայն մեկը կառուցված էր ավազի, իսկ մյուսը՝ վեմի վրա։ Ինչպե՞ս։ Խոհեմ մարդը հողը «փորեց, խորացրեց», որպեսզի հասնի քարի շերտին (Ղուկաս 6։48)։ Արդյունքում նրա տունը կանգուն մնաց։
Ի՞նչ էր ուզում Հիսուսը սովորեցնել այս առակով։ Նա ցանկանում էր ուշադրություն դարձնել ոչ թե տեղանքի, արտաքին տեսքի կամ բնության տարերային ուժերի, այլ կառուցողների գործողությունների վրա։ Նրանցից մեկը հողը խորը փորեց, իսկ մյուսը ոչինչ չարեց։ Ինչպե՞ս կարող ես նմանվել խոհեմ մարդուն և նրա պես «հողը խորը փորել»։ Ամփոփելով՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք ինձ «Տե՛ր, Տե՛ր» կոչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Ամեն ոք, ով գալիս է ինձ մոտ և լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք, ես ցույց կտամ ձեզ, թե ում է նման։ Նա նման է.... մի մարդու, որը փորեց, խորացրեց և հիմքը վեմի վրա դրեց» (Ղուկաս 6։46–48)։
Աստվածաշնչի ուսմունքների մասին միայն լսելը կամ տանը Աստվածաշունչ կարդալը նման է ավազի վրա տուն կառուցելուն։ Բայց Քրիստոսի ուսմունքներով ապրելու համար ջանքեր ու վճռականություն է պահանջվում։ Այսինքն՝ պետք է խորը փորել, որպեսզի հասնենք քարի շերտի։
Քրիստոսի հետևորդ կմնաս, թե ոչ՝ կախված է այն բանից, թե կկիրառե՞ս արդյոք սովորածդ։ Եթե առօրյա կյանքում կիրառես այն, ինչ սովորում ես, դու կնմանվես խոհեմ մարդուն, որը «խորը փորեց»։ Ուստի յուրաքանչյուր Աստվածաշունչ ուսումնասիրող պետք է իրեն հետևյալ հարցերը տա. «Լսո՞ւմ եմ խոսքը, թե՞ նաև կատարում եմ այն։ Միայն կարդում և ուսումնասիրո՞ւմ եմ Աստվածաշունչը, թե՞ որոշումներ կայացնելիս հետևում եմ սուրբգրային հորդորներին»։
«Խորը փորելու» արդյունքները
Քննենք Խոսեի օրինակը։ Չնայած որ ծնողները դաստիարակել էին նրան Աստվածաշնչի բարոյական սկզբունքների համաձայն, սակայն նա երբեք Աստծու Խոսքը ինքնուրույն չէր ուսումնասիրել։ Խոսեն պատմում է. «Երբ արդեն մենակ էի ապրում, փորձում էի լավը լինել, բայց ընկերակցում էի վատ մարդկանց հետ։ Ժամանակի ընթացքում սկսեցի թմրանյութեր օգտագործել և անբարո կյանքով ապրել։ Գրեթե միշտ կռիվների մեջ էի»։
Վերջապես Խոսեն որոշեց փոխել իր ապրելակերպը և սկսեց լրջորեն Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա ասում է. «Մի շարք բաներից մեկը, որ օգնեց ինձ փոփոխություններ անելու, Հիսուսի Լեռան քարոզն ուսումնասիրելն ու հասկանալն էր։ Սակայն ժամանակ պիտի անցներ, որ փոխվեի։ Սկզբում վախենում էի, թե ինչ կմտածեն իմ մասին ընկերներս, սակայն կարողացա հաղթահարել այդ զգացումը։ Այլևս սուտ չէի խոսում, անպարկեշտ բառեր չէի օգտագործում։ Կանոնավորաբար հաճախում էի Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին։ Հասկացա, որ, ինչպես Հիսուսը սովորեցրեց, պարզ կյանքով ապրելն ու Աստվածաշնչի խորհուրդները կիրառելն է իրականում հարատև երջանկություն բերում» (Մատթեոս 5։3–12)։
Ի՞նչ կլինի արդյունքը, եթե «խորը փորես», այսինքն՝ ջանասիրաբար կիրառես այն, ինչ կարդացել ես Աստծու Խոսքում։ Հիսուսն ասաց. «Երբ ջրհեղեղ եղավ, գետը հարվածեց այդ տանը, բայց բավականաչափ ուժ չուներ, որ շարժեր, որովհետև այն լավ էր կառուցված» (Ղուկաս 6։48)։ Ինչ խոսք, եթե «տունը լավ կառուցես»՝ սովորածդ կիրառես, փոթորկանման փորձությունները ոչ միայն չեն քանդի «քո տունը», այլև նույնիսկ չեն շարժի այն։ Որքա՜ն մխիթարական է այս միտքը։
Հիսուսի եղբայր Հակոբոսը խոսեց մեկ այլ օրհնության մասին, որը կստանան Աստվածաշունչ ուսումնասիրողները, եթե Աստծու Խոսքը ոչ միայն լսեն, այլ նաև կատարեն։ Հակոբոսը գրեց. «Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն լսողներ .... նա, ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքի մեջ և հարատևում է նրանում, քանի որ մոռացկոտ լսող չեղավ, այլ գործը կատարող, երջանիկ կլինի՝ այն կատարելով» (Հակոբոս 1։22–25)։
Անշուշտ, նրանք, ովքեր կիրառում են Աստվածաշնչի խորհուրդները, իսկապես երջանիկ են։ Այդ երջանկությունն է, որ Հիսուսի հետևորդներին ուժ է տալիս՝ դիմագրավելու փոթորկանման խնդիրները։ Այդ ժամանակ փորձվում է նրանց հավատը, ինչպես նաև այն, թե որքան նվիրված են Աստծուն։
Ինչպե՞ս կվարվես
Լեռան Քարոզի ժամանակ Հիսուսը շեշտեց, որ Եհովային ծառայել նշանակում է կա՛մ այս, կա՛մ այն, ոչ թե և՛ այս, և՛ այն։ Օրինակ՝ Հիսուսը սովորեցրեց, որ մարդ ունի կա՛մ պարզ, կա՛մ չար աչք, կարող է ծառայել կա՛մ Աստծուն, կա՛մ հարստությանը, քայլել կա՛մ նեղ, կա՛մ լայն ճանապարհով (Մատթեոս 6։22–24; 7։13, 14)։ Իսկ Լեռան Քարոզի վերջին օրինակում Հիսուսը իր հետևորդներին ընտրության երկու հնարավորություն տվեց. վարվել կա՛մ խոհեմ մարդու, կա՛մ անմիտ մարդու պես։
Եթե շարունակես ամբողջ սրտով կիրառել այն ամենն, ինչ սովորել ես Աստվածաշնչի ուսումնասիրությունից, դու խոհեմությամբ կվարվես։ «Վեմի վրա խորը փորելով»՝ շատ օրհնություններ կունենաս թե՛ հիմա, թե՛ապագայում (Առակաց 10։25)։
[նկար 30–րդ էջի վրա]
Հաստատ կանգնելու համար պիտի կիրառենք մեր սովորածը