Հիսուս. կատարյալ օրինակ, որին արժե հետևել
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ես ավելի լավ անձնավորություն դառնալ։ Պետրոս առաքյալը բացատրեց, թե ինչպես է դա հնարավոր. «Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 Պետրոս 2։21)։ Հիսուս Քրիստոսը բացառիկ հատկություններ ուներ, և մենք շատ բան կարող ենք սովորել նրանից։ Նրան ընդօրինակելով՝ մենք, վստահաբար, ավելի լավ անձնավորություն կդառնանք։ Տեսնենք, թե որոնք են այդ մեծագույն մարդուն բնորոշ հատկություններից մի քանիսը և թե ինչ օգուտներ կարող ենք քաղել նրա օրինակից։
Հիսուսը հավասարակշռված մարդ էր։ Թեև Հիսուսն ասաց, որ «մի տեղ չունի, որ իր գլուխը դնի», սակայն նա այդպիսով չէր խրախուսում ապրել ճգնավորի կյանքով (Մատթեոս 8։20)։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Հիսուսը խնջույքների էր մասնակցում (Ղուկաս 5։29)։ Ավելին, նրա կատարած առաջին հրաշքը (երբ հարսանիքի ժամանակ ջուրը գինու վերածեց) ցույց է տալիս, որ նա ճգնավոր չէր (Հովհաննես 2։1–11)։ Այնուհանդերձ, Հիսուսը հստակ մատնանշեց, թե ինչն էր կարևոր իր համար։ Նա ասաց. «Իմ կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտեմ» (Հովհաննես 4։34)։
□ Քննե՞լ ես քո կյանքը՝ պարզելու համար, թե ինչպես կարող ես հավասարակշռել նյութականը և հոգևորը։
Հիսուսը մատչելի էր։ Աստվածաշունչը նկարագրում է Հիսուսին որպես ջերմ ու ընկերասեր մարդու։ Նա չէր բարկանում, երբ մարդիկ իր մոտ էին գալիս իրենց խնդիրները պատմելու։ Եվ չէր նյարդայնանում, երբ իրեն շփոթեցնող հարցեր էին տալիս։ Մի անգամ երբ ամբոխը շրջապատել էր նրան, մի կին, որը 12 տարի շարունակ տառապում էր անբուժելի հիվանդությամբ, դիպավ նրա հագուստին՝ հուսալով, որ կբուժվի։ Հիսուսը չդատապարտեց նրան այդ արարքի համար, թեև շատերի կարծիքով՝ դա հանդգնություն էր։ Ընդհակառակը՝ նա բարյացակամորեն ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ» (Մարկոս 5։25–34)։ Երեխաները նույնպես իրենց ազատ էին զգում Հիսուսի հետ և չէին վախենում նրանից (Մարկոս 10։13–16)։ Իսկ իր աշակերտներին Հիսուսը վերաբերվում էր որպես ընկերների, և նրանք անկաշկանդ էին հաղորդակցվում իրենց ուսուցչի հետ (Մարկոս 6։30–32)։
□ Մատչելի՞ անձնավորություն ես։
Նա կարեկից էր։ Հիսուսի մեծագույն արժանիքներից մեկն էլ այն էր, որ նա հասկանում էր, թե ինչ են զգում ուրիշները, և պատրաստ էր օգնելու նրանց։ Հովհաննես առաքյալը պատմում է, որ երբ Հիսուսը տեսավ Մարիամին լաց լինելիս, քանի որ նրա եղբայրը՝ Ղազարոսը, մահացել էր, իր «հոգու խորքում հառաչեց և հուզվեց», ու նրա «աչքերից արցունքներ հոսեցին»։ Մարդիկ կարող էին հեշտությամբ հասկանալ, թե ինչքան շատ էր Հիսուսը սիրում այդ ընտանիքին և չէր թաքցնում իր զգացմունքները։ Հարություն տալով Ղազարոսին՝ նա կարեկցանք դրսևորեց իր ընկերոջ նկատմամբ (Հովհաննես 11։33–44)։
Բորոտությամբ տառապող մի մարդ, որը ստիպված էր ապրել բոլորից մեկուսացած, մի առիթով աղաչեց Հիսուսին. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարո՛ղ ես մաքրել ինձ»։ Հիսուսը մեկնեց իր ձեռքը, դիպավ նրան ու ջերմորեն արձագանքեց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր» (Մատթեոս 8։2, 3)։ Աստծու Որդին մարդկանց չէր բուժում միայն այն պատճառով, որ մարգարեությունները կատարվեն։ Նա ցանկանում էր սրբել նրանց արցունքները։ Ցանկացած բան անելիս Քրիստոսը առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով. «Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք նրանց» (Ղուկաս 6։31)։
□ Քո գործերով ցույց տալի՞ս ես, որ կարեկցում ես ուրիշներին։
Հիսուսը խորաթափանց էր։ Հիսուսը սխալներ չէր գործում և ուրիշներից էլ կատարելություն չէր ակնկալում, ուստի մարդիկ նրա ներկայությամբ իրենց ճնշված չէին զգում։ Նա լիովին հասկանում էր, թե ինչ են զգում մարդիկ։ Մի անգամ մի կին, «որն այդ քաղաքում ճանաչված էր որպես մեղավոր», ցույց տվեց իր հավատն ու գնահատանքը Հիսուսի հանդեպ՝ նրա ոտքերը արցունքներով մաքրելով։ Ի զարմանս տան տիրոջ, որն իր սրտում խստորեն դատապարտեց կնոջը՝ Հիսուսը թույլ տվեց նրան դա անել։ Նա չդատապարտեց վերջինիս իր մեղքերի համար, քանի որ նկատեց նրա անկեղծ զղջումը։ Ուստի ասաց. «Քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։ Հիսուսի ջերմ արձագանքի արդյունքը եղավ այն, որ այդ կինը հավանաբար թողեց իր նախկին ապրելակերպը (Ղուկաս 7։37–50)։
□ Ավելի շատ գովո՞ւմ ես, թե՞ քննադատում ես մարդկանց։
Նա անկողմնակալ ու հարգալից էր։ Քանի որ Հիսուսը և նրա աշակերտ Հովհաննեսըa ազգականներ էին ու նաև շատ մտերիմ էին իրար հետ, հավանաբար այդ պատճառով Հիսուսը առանձնահատուկ ձևով էր սիրում նրան։ Այնուհանդերձ, նա տարբերություն չէր դնում Հովհաննեսի և մյուս աշակերտների միջև (Հովհաննես 13։23)։ Երբ Հովհաննեսն ու իր եղբայր Հակոբոսը խնդրեցին, որ Հիսուսը Աստծու Թագավորության մեջ առանձնաշնորհյալ դիրք շնորհի իրենց, նա պատասխանեց. «Իմ աջ և ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ» (Մարկոս 10։35–40)։
Հիսուսը միշտ հարգանքով էր վերաբերվում մարդկանց։ Նա կանխակալ կարծիք չուներ իր օրերի մարդկանց մասին։ Օրինակ՝ այդ ժամանակներում կանայք ստորադաս էին համարվում։ Սակայն Հիսուսը հարգում էր նրանց արժանապատվությունը։ Նա առաջին անգամ բացահայտ կերպով ասաց, որ ինքն է Մեսիան սամարացի մի կնոջ հետ զրուցելիս, այն դեպքում, երբ հրեաները արհամարհում էին սամարացիներին և անգամ չէին էլ բարևում նրանց (Հովհաննես 4։7–26)։ Ուշագրավ է նաև այն, որ հարություն առնելուց հետո Հիսուսը առաջինը կանանց երևաց (Մատթեոս 28։9, 10)։
□ Անաչառորե՞ն ես վերաբերվում տարբեր ռասայի, սեռի, ազգի պատկանող մարդկանց։
Աջակցող որդի և հոգատար եղբայր։ Ակներևաբար, Հովսեփը մահացավ այն ժամանակ, երբ Հիսուսը դեռ պատանի էր։ Շատ հավանական է, որ Հիսուսը ատաղձագործությամբ զբաղվեց, որպեսզի օգնի իր մորը՝ հոգ տանելու փոքր եղբարներին ու քույրերին (Մարկոս 6։3)։ Իսկ կյանքի վերջին րոպեներին նա իր մոր խնամքը հանձնեց իր աշակերտ Հովհաննեսին (Հովհաննես 19։26, 27)։
□ Հոգ տանո՞ւմ ես ընտանիքիդ։
Հիսուսն իսկական ընկեր էր։ Նա չէր հրաժարվում իր ընկերներից զուտ այն պատճառով, որ նրանք անընդհատ նույն սխալներն էին գործում։ Ավելին, ցույց էր տալիս, որ նրանց ընկերն է՝ կենտրոնանալով լավ հատկությունների վրա։ Հիսուսը երբեք վատ մղումներ չէր վերագրում նրանց (Մարկոս 9։33–35; Ղուկաս 22։24–27)։ Նաև իր տեսակետը չէր պարտադրում աշակերտներին, հակառակը՝ խրախուսում էր ազատորեն արտահայտվել (Մատթեոս 16։13–15)։
Ամենակարևորը, Հիսուսը սիրում էր իր ընկերներին (Հովհաննես 13։1)։ Ինչքա՞ն։ Նա ասաց. «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկը իր հոգին տա իր ընկերների համար» (Հովհաննես 15։13)։ Կարո՞ղ է որևէ մեկը սեփական կյանքից ավելի թանկ բան տալ իր ընկերներին։
□ Շարունակո՞ւմ ես ընկերություն անել, երբ ուրիշները բարկացնում կամ վիրավորում են քեզ։
Հիսուսը քաջ ու առնական տղամարդ էր։ Նա բոլորովին նման չէր այն թույլ ու խեղճ մարդուն, որին պատկերում են որոշ նկարիչներ։ Ավետարաններում նա նկարագրվում է որպես ուժեղ և աշխույժ տղամարդ։ Օրինակ՝ երկու անգամ Հիսուսը առևտրականներին վռնդեց տաճարից (Մարկոս 11։15–17; Հովհաննես 2։14–17)։ Իսկ երբ ամբոխը եկավ նրան ձերբակալելու, վերջինս իր աշակերտներին պաշտպանելու համար համարձակորեն առաջ եկավ և ասաց. «Ե՛ս եմ։ Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ սրանք գնան» (Հովհաննես 18։4–9)։ Հիսուսը քաջություն դրսևորեց նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն ձերբակալեցին ու վատ վերաբերվեցին։ Ուստի զարմանալի չէ, որ Պոնտացի Պիղատոսը, դա տեսնելով, ասաց. «Ահա՛ այն մարդը» (Հովհաննես 19։4, 5)։
□ Երբ գիտես, թե ինչ պետք է անել, քաջ ու վճռակա՞ն ես։
Իսկապես, Հիսուսը կատարյալ օրինակ է մեզ համար։ Եթե հետևենք նրան, ապա ավելի լավ անձնավորություն կդառնանք։ Այս պատճառով Պետրոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին սերտորեն հետևել Հիսուսի հետքերին։ Իսկ դու ջանո՞ւմ ես այդպես անել։
Ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Հիսուսն ասաց. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Նա սովորեցրեց Աստծու մասին ճշմարտությունը և այդպիսով ճանապարհ բացեց Աստծուն մոտենալու համար, ինչպես նաև հավիտենական կյանքի հեռանկար տվեց հավատարիմ մարդկանց (Հովհաննես 3։16)։
Ինչո՞ւ Հիսուսը երկիր եկավ։ Նա ասաց. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը որպես փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որպեսզի անհատապես օգտվենք այդ զոհաբերությունից։ Հիսուսը բացատրեց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։
Այո՛, Հիսուսի մասին գիտելիքներ ձեռք բերելով, նրան ընդօրինակելով և նրա զոհաբերական մահվան հանդեպ հավատ դրսևորելով՝ կարող ենք հավիտյան ապրելու հույս ունենալ։ Հետևաբար կարող ես ժամանակ հատկացնել Աստվածաշունչ ուսումնասիրելու համար ու ձգտել կիրառել այն, ինչ գրված է այնտեղ, ինչպես որ արեց Հիսուսըb։
Ուսումնասիրելով Հիսուսի կյանքը՝ սովորում ենք, թե ինչ հատկություններ պետք է զարգացնենք լավ անձնավորություն դառնալու համար։ Նրա զոհաբերական մահը կարող է ազատել մեզ մեղքից ու մահից (Հռոմեացիներ 6։23)։ Առանց Հիսուս Քրիստոսի զորեղ ազդեցության՝ մենք անհույս վիճակում կմնայինք։ Ուստի երբեք թույլ մի տուր, որ կյանքի դժվարությունները և անհանգստությունները խանգարեն քեզ սերտորեն հետևելու երբևէ ապրած մեծագույն մարդու՝ Հիսուս Քրիստոսի օրինակին։
[ծանոթագրություններ]
a Հովհաննեսի մայր Սաղոմեն հավանաբար Հիսուսի մոր՝ Մարիամի քույրն էր։ Համեմատի՛ր Մատթեոս 27։55, 56–ը Մարկոս 15։40; Հովհաննես 19։25 համարների հետ։
b Հիսուսի երկրային կյանքի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ/նկարներ 7–րդ էջի վրա]
◼ Հիսուսը անկողմնակալ ու հարգալից էր
◼ Նա իսկական ընկեր էր
◼ Նա քաջ էր
Ջանո՞ւմ ես սերտորեն հետևել Հիսուսի հետքերին
[նկարներ 5–րդ էջի վրա]
Հիսուսը հավասարակշռված,
մատչելի,
կարեկից էր