Եհովայի խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Մատթեոս» գրքից
ՄԱՏԹԵՈՍԸ առաջինն է գրել Հիսուսի երկրային կյանքի ու ծառայության մասին։ Նա Հիսուս Քրիստոսի մտերիմներից էր և ժամանակին մաքսահավաք էր եղել։ Մատթեոսի Ավետարանը սկզբում գրվել է եբրայերենով, իսկ հետագայում թարգմանվել է հունարեն։ Ավետարանի գրությունն ավարտվել է 41 թ.–ին։ Աստվածաշնչի այս գիրքը Եբրայերեն Գրությունները կապում է Քրիստոնեական Հունարեն Գրությունների մյուս գրքերի հետ։
Ակնհայտ է, որ այդ հետաքրքիր և իմաստալից գիրքը նախատեսված է եղել գլխավորապես հրեաների համար։ Այն ցույց է տալիս, որ Հիսուսը խոստացված Մեսիան և Աստծու Որդին է։ Մատթեոսի Ավետարանը ուշադիր քննելով՝ մենք կամրացնենք մեր հավատը ճշմարիտ Աստծու, նրա Որդու, ինչպես նաև Նրա խոստումների հանդեպ (Եբր. 4։12)։
«ՄՈՏԵՑԵԼ Է ԵՐԿՆՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
Մատթեոսը առավել կենտրոնանում է Թագավորության թեմայի ու Հիսուսի ուսմունքների վրա և դեպքերը չի շարադրում ժամանակագրական կարգով։ Օրինակ՝ Լեռան քարոզը գրված է գրքի առաջին գլուխներում, թեև իրականում Հիսուսն այն ասել է իր ծառայությունը սկսելուց մոտ մեկ տարի անց։
Ծառայելով Գալիլեայում՝ Հիսուսը հրաշքներ է անում, ծառայության հետ կապված հրահանգներ է տալիս իր 12 առաքյալներին, խստորեն քննադատում է փարիսեցիներին և Թագավորության վերաբերյալ պատկերավոր օրինակներ է բերում։ Այնուհետև նա հեռանում է Գալիլեայից և «Հորդանանը անցնելով՝ [գնում է] Հրեաստանի սահմանները» (Մատթ. 19։1)։ Ճանապարհին Հիսուսը ասում է իր աշակերտներին. «Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան» (Մատթ. 20։18, 19)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
3։16 — Հիսուսի մկրտության ժամանակ ի՞նչ իմաստով «երկինքը բացվեց»։ Ըստ ամենայնի, դա նշանակում էր, որ Հիսուսը սկսեց հիշել իր ամբողջ կյանքը, երբ նա ոգեղեն էակ էր երկնքում։
5։21, 22 — Արդյո՞ք բարկությունն արտահայտելն ավելի լուրջ է, քան այն սրտում պահելը։ Հիսուսը զգուշացրեց, որ ով շարունակում է զայրացած մնալ իր եղբոր վրա, լուրջ մեղք է գործում։ Բայցևայնպես, բարկությունը անարգական խոսքով արտահայտելն ավելի լուրջ է, և անհատը դրա համար պետք է պատասխան տա ավելի բարձր ատյանի դատարանի առջև։
5։48 — Իսկապե՞ս հնարավոր է, որ մենք «կատարյալ լինենք, ինչպես որ մեր երկնային Հայրն է կատարյալ»։ Այո՛, բայց հարաբերական իմաստով։ Համատեքստում Հիսուսը խոսում է սիրո մասին, և նա իր ունկնդիրներին հորդորում է ընդօրինակել Աստծուն և կատարյալ, ամբողջական սեր դրսևորել (Մատթ. 5։43–47)։ Ինչպե՞ս։ Սիրելով նաև թշնամիներին։
7։16 — Ի՞նչ «պտուղներով» է բնորոշվում ճշմարիտ կրոնը։ Այդ պտուղները ներառում են ավելին, քան միայն մեր վարքը։ Դրանց մեջ մտնում են նաև մեր հավատալիքներն ու համոզմունքները։
10։34–38 — Արդյոք Աստվածաշո՞ւնչն է ընտանիքում բաժանություններ մտցնում։ Բոլորովի՛ն։ Բաժանությունները առաջանում են ընտանիքի անհավատ անդամների բռնած դիրքի պատճառով։ Նրանք կարող են դեմ լինել կամ հակառակվել քրիստոնեությանը, ինչը և բաժանություն է մտցնում ընտանիքում (Ղուկ. 12։51–53)։
11։2–6 — Քանի որ Հովհաննեսը լսել էր Աստծու ձայնը (որ Աստված հավանում է իր Որդուն), և գիտեր, որ Հիսուսն է Մեսիան, ապա ինչո՞ւ հարցրեց, թե արդյոք Հիսուսն է «այն Մեկը, որ պիտի գար»։ Հավանաբար, Հովհաննեսը ուզում էր անձամբ Հիսուսից լսել այդ մասին։ Բացի այդ, նա ցանկանում էր տեղեկանալ, թե արդյոք «մեկ ուրիշն» է գալու Թագավորական իշխանությամբ և իրականացնելու հրեաների բոլոր հույսերը։ Հիսուսի պատասխանից երևում է, որ իրենից հետո ուրիշ ոչ մեկը չէր գալու։
19։28 — Ովքե՞ր են «Իսրայելի տասներկու ցեղերը», որոնք պետք է դատվեն։ Խոսքը հոգևոր Իսրայելի 12 ցեղերի մասին չէ (Գաղ. 6։16; Հայտն. 7։4–8)։ Առաքյալները, ում հետ Հիսուսը խոսում էր, հոգևոր Իսրայելի մաս էին կազմելու և ոչ թե դառնալու էին նրա անդամների դատավորները։ Հիսուսը «ուխտ կապեց նրանց հետ թագավորության համար», և նրանք դառնալու էին «Աստծու համար թագավորություն ու քահանաներ» (Ղուկ. 22։28–30; Հայտն. 5։10)։ Հոգևոր Իսրայելի անդամները «դատելու են աշխարհը» (1 Կորնթ. 6։2)։ Հետևաբար «Իսրայելի տասներկու ցեղերը», որոնք պետք է դատվեն երկնային գահերին նստածների կողմից, ըստ ամենայնի, խորհրդանշում են աշխարհը՝ մարդկանց, ովքեր չեն պատկանում թագավորական և քահանայական այդ դասին։ Սրա նախապատկերն են 12 ցեղերը, որոնք հիշատակվում են Աստվածաշնչում Քավության օրվա հետ կապված (Ղևտացոց, գլ. 16)։
Դասեր մեզ համար
4։1–10. Այս հատվածից սովորում ենք, որ Սատանան իրական անձնավորություն է և ոչ թե չարության հատկությունը։ Նա մեզ փորձում է՝ օգտագործելով «մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը»։ Մինչդեռ սուրբգրային սկզբունքները կօգնեն մեզ հավատարիմ մնալ Աստծուն (1 Հովհ. 2։16)։
5։1–7։29. Գիտակցիր քո հոգևոր կարիքները։ Եղիր խաղաղարար։ Վանիր անբարո մտքերը։ Պահիր խոստումդ։ Թող աղոթքներիցդ երևա, որ հոգևոր բաները նյութականից վեր ես դասում։ Հարուստ եղիր Աստծով։ Նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրիր։ Մի դատիր ուրիշներին։ Կատարիր Աստծու կամքը։ Ի՜նչ գործնական մտքեր է պարունակում Լեռան քարոզը։
9։37, 38. Քանի որ մենք Տիրոջը խնդրում ենք «աշխատողներ ուղարկել իր հնձի համար», ուստի պետք է գործենք այդ խնդրանքի համաձայն, այսինքն՝ եռանդորեն մասնակցենք աշակերտներ պատրաստելու գործին (Մատթ. 28։19, 20)։
10։32, 33. Մենք չպետք է վախենանք մեր հավատի մասին խոսելուց։
13։51, 52. Թագավորության մասին ճշմարտությունները հասկանալն իր հետ պատասխանատվություն է բերում, այն է՝ այդ գանձանման ճշմարտությունները սովորեցնել ուրիշներին։
14։12, 13, 23. Ժամանակ առ ժամանակ առանձնանալը կարևոր է իմաստալից խորհրդածություն անելու համար (Մարկ. 6։46; Ղուկ. 6։12)։
17։20. Հավատը կօգնի մեզ հաղթահարել մեր հոգևոր առաջընթացը կասեցնող սարանման խոչընդոտները և դիմանալ դժվարություններին։ Մենք պետք է կերտենք և ամրապնդենք մեր հավատը Եհովայի ու նրա խոստումների հանդեպ։ Այս հարցին հարկավոր է լրջորեն վերաբերվել (Մարկ. 11։23; Ղուկ. 17։6)։
18։1–4; 20։20–28. Հիսուսի աշակերտները ապրում էին մի կրոնական միջավայրում, որտեղ մեծ կարևորություն էր տրվում դիրքին։ Մարդկային անկատարության և իրենց կրոնական պատկանելության պատճառով նրանք չափազանց շատ էին մտահոգվում բարձր դիրք ունենալով։ Մենք պետք է խոնարհություն մշակենք մեր մեջ և դա կարող ենք անել՝ պայքարելով մեղավոր հակումների դեմ, ճիշտ տեսակետ պահպանելով առանձնաշնորհումների և պատասխանատվությունների վերաբերյալ։
«ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒՆ ՄԱՏՆԵԼՈՒ ԵՆ»
Հիսուսը 33 թվականի նիսանի 9–ին, «էշի վրա նստած», գալիս է Երուսաղեմ (Մատթ. 21։5)։ Հաջորդ օրը մտնում է տաճար և մաքրում այն։ Նիսանի 11–ին նա սովորեցնում է տաճարում, խստորեն քննադատում է դպիրներին ու փարիսեցիներին։ Դրանից հետո աշակերտներին հայտնում է իր «ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը» (Մատթ. 24։3)։ Իսկ մյուս օրը նրանց ասում է. «Դուք գիտեք, որ երկու օր հետո Պասեքն է լինելու, և մարդու Որդուն մատնելու են, որ ցցին գամվի» (Մատթ. 26։1, 2)։
Նիսանի 14–ն է։ Հիսուսը շուտով մահանալու է։ Նա հաստատում է իր մահվան Հիշատակի երեկոն։ Այնուհետև նրան մատնում են, ձերբակալում, չարչարում և ցցին գամում։ Երրորդ օրը Հիսուսը հարություն է առնում։ Երկինք բարձրանալուց առաջ նա իր հետևորդներին պատվիրում է. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք» (Մատթ. 28։19)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
22։3, 4, 9 — Ե՞րբ է երեք անգամ հարսանեկան խնջույքի հրավեր տրվում։ Հարս դասակարգը հավաքելու նպատակով առաջին հրավերը տրվեց, երբ Հիսուսը և նրա հետևորդները 29 թ.–ից մինչև 33 թվականը սկսեցին քարոզել։ Երկրորդ հրավերը տրվեց՝ սկսած 33 թ.–ից, երբ Պենտեկոստեին սուրբ ոգին թափվեց աշակերտների վրա, մինչև 36 թվականը։ Այս երկու հրավերները ուղղված էին հրեաներին, հուդայականություն ընդունածներին (պրոզելիտներին) և սամարացիներին։ Երրորդ հրավերը, սակայն, տրվեց քաղաքից դուրս ճանապարհների մոտ եղող մարդկանց, այսինքն՝ անթլփատ ոչ հրեաներին՝ սկսած 36 թ.–ից, երբ հռոմեական բանակի հարյուրապետ Կոռնելիոսը դարձի եկավ, մինչև մեր օրերը։
23։15 — Ինչո՞ւ էր նորահավատը, կամ՝ պրոզելիտը, «կրկնակի անգամ ավելի գեհենի բաժին» դառնում, քան փարիսեցին։ Ոմանք, ովքեր նորահավատ էին դարձել փարիսեցիների միջոցով, նախկինում, հնարավոր է, մեծ մեղքեր էին գործել։ Ընդունելով փարիսեցիների ծայրահեղական հայացքները՝ նրանք ավելի վատ ընթացք բռնեցին, ավելի ծայրահեղ դարձան, քան իրենց ուսուցիչները, որոնց Հիսուսը խստորեն քննադատեց։ Ուստի, այդ նորահավատները հրեա փարիսեցիներից երկու անգամ ավելի արժանի էին «գեհենի բաժին» դառնալու։
27։3–5 — Ի՞նչը մղեց Հուդային խղճի խայթ զգալու։ Ոչինչ չի խոսում այն մասին, որ դա իսկական զղջում էր։ Աստծու ներողամտությունը հայցելու փոխարեն՝ նա իր մեղքը ավագ քահանաներին ու երեցներին հայտնեց։ Գործելով «մեղք, որ մահվան է տանում»՝ Հուդան, բնականաբար, համակվեց մեղավորության ու վհատության զգացումով (1 Հովհ. 5։16)։ Նա խղճի խայթ զգաց, որովհետև անհույս վիճակի մեջ էր հայտնվել։
Դասեր մեզ համար
21։28–31. Եհովայի համար կարևորն այն է, որ մենք կատարենք իր կամքը։ Օրինակ՝ պետք է եռանդորեն մասնակցենք Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին (Մատթ. 24։14; 28։19, 20)։
22։37–39. Երկու մեծագույն պատվիրանները ամփոփ ձևով ցույց են տալիս, թե ինչ է Աստված պահանջում իր երկրպագուներից։
[նկար 31–րդ էջի վրա]
Եռանդորեն մասնակցո՞ւմ ես հնձի գործին
[թույլտվությամբ]
© 2003 BiblePlaces.com
[նկար 31–րդ էջի վրա]
Մատթեոսը կենտրոնանում է Թագավորության թեմայի վրա