ԳԼՈՒԽ 39
Դատապարտական խոսքեր է ասում անտարբեր սերնդին
ՄԱՏԹԵՈՍ 11։16–30 ՂՈՒԿԱՍ 7։31–35
ՀԻՍՈՒՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ Է ԱՍՈՒՄ ՈՐՈՇ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՄԱՐԴԿԱՆՑ
Հիսուսը մեծ հարգանքով է վերաբերվում Հովհաննես Մկրտչին։ Իսկ ինչպե՞ս է ժողովուրդը վերաբերվում Հովհաննեսին։ Հիսուսն ասում է. «[Այս սերունդը] նման է երեխաների, որոնք նստած են հրապարակներում և կանչելով իրենց խաղընկերներին՝ ասում են. «Մենք ձեզ համար սրինգ նվագեցինք, բայց դուք չպարեցիք, ողբացինք, բայց դուք կուրծք չծեծեցիք»» (Մատթեոս 11։16, 17)։
Ի՞նչ է ուզում ասել Հիսուսը։ Նա բացատրում է. «Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում է, ո՛չ խմում, և մարդիկ ասում են՝ դև ունի։ Մարդու Որդին եկավ, և՛ ուտում է, և՛ խմում, բայց մարդիկ ասում են. «Ահա որկրամոլ և գինի խմելուն անձնատուր եղած մարդ, հարկահավաքների և մեղավորների ընկեր»» (Մատթեոս 11։18, 19)։ Հովհաննեսը ապրում էր ուխտավորի կյանքով ու գինի չէր խմում, և մարդիկ ասում էին, թե նա դիվահար է (Թվեր 6։2, 3; Ղուկաս 1։15)։ Իսկ Հիսուսը ապրում է մյուս մարդկանց նման. չափավոր ուտում և խմում է, բայց նրան անվանում են որկրամոլ և հարբեցող։ Ակնհայտ է, որ մարդկանց գոհացնելն անհնար է։
Հիսուսն ասում է, որ այդ սերունդը «նման է երեխաների, որոնք նստած են հրապարակներում» և չեն ուզում պարել, երբ իրենց խաղընկերները իրենց համար սրինգ են նվագում, նաև չեն սգում, երբ ուրիշները ողբում են։ «Ինչևէ,— շարունակում է Հիսուսը,— իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթեոս 11։16, 19)։ Այո՛, «գործերը», այսինքն՝ Հովհաննեսի ու Հիսուսի ներկայացրած ապացույցները փաստում են, որ նրանց դեմ ուղղված մեղադրանքները անհիմն են։
Այս անտարբեր սերնդի մասին խոսելուց հետո Հիսուսը դատապարտական խոսքեր է ասում որոշ քաղաքների մասին, որտեղ նա զորավոր գործեր է արել. դրանք են Քորազինը, Բեթսայիդան և Կափառնայումը։ Հիսուսն ասում է, որ եթե այդ զորավոր գործերը Փյունիկիայի քաղաքներում՝ Տյուրոսում և Սիդոնում աներ, այդ քաղաքները կզղջային։ Հիսուսը նաև հիշատակում է Կափառնայում քաղաքի մասին, որը որոշ ժամանակ նրա գործունեության հիմնական վայրն է եղել։ Սակայն անգամ այդ քաղաքի բնակիչներն են անտարբերություն դրսևորում։ Այդ քաղաքի մասին Հիսուսն ասում է. «Սոդոմի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան քեզ համար» (Մատթեոս 11։24)։
Ապա Հիսուսը փառաբանում է իր Հորը այն բանի համար, որ նա թաքցրել է թանկարժեք հոգևոր ճշմարտությունները «իմաստուններից ու գիտուններից» և հայտնել է դրանք հեզերին, որոնք նման են մանուկների (Մատթեոս 11։25)։ Հիսուսը այսպիսի մարդկանց մի առանձնահատուկ հրավեր է անում՝ ասելով. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11։28–30)։
Իսկ ինչպե՞ս է Հիսուսը թարմություն տալիս մարդկանց։ Կրոնական առաջնորդները մարդկանց վրա բեռ են դրել՝ ստիպելով նրանց հետևել իրենց հնարած ավանդույթներին, ինչպիսիք են, օրինակ, Շաբաթի հետ կապված խիստ կանոնները։ Մինչդեռ Հիսուսը թարմություն է տալիս մարդկանց՝ նրանց սովորեցնելով Աստծու մասին ճշմարտությունը, որը զերծ է մարդկային ավանդույթներից։ Նա նաև փրկության ճանապարհն է ցույց տալիս նրանց, ովքեր ճնշված են քաղաքական առաջնորդների կեղեքումներից, և նրանց, ովքեր ընկճված են իրենց մեղքերի պատճառով։ Հիսուսը նման մարդկանց ցույց է տալիս, թե ինչպես նրանք կարող են մեղքերի ներում ստանալ և խաղաղություն ունենալ Աստծու հետ։
Բոլոր նրանք, ովքեր վերցնում են Հիսուսի լուծը, կարող են նվիրվել ու ծառայել Աստծուն՝ մեր կարեկից ու ողորմած երկնային Հորը։ Այդպես վարվելը բոլորովին էլ դժվար չէ, քանի որ Աստծու պատվիրանները ծանր չեն (1 Հովհաննես 5։3)։