Օրհնյալ են Աստծուն փառք տվողները
«Երկրպագութիւն կ’անեն քո առաջին, Տէր. եւ քո անունին փառք կը տան» (Սաղմոս 86։9)։
1. Ինչո՞ւ ենք մենք ի վիճակի Աստծուն փառաբանելու այն ձևերով, որոնք շատ ավելի բարձր են անկենդան արարչագործության փառաբանելու ձևերից։
ԵՀՈՎԱՆ արժանի է փառաբանության իր բոլոր արարչագործությունների կողմից։ Նրա անկենդան ստեղծագործությունները լուռ կերպով են փառաբանում, այնինչ մենք՝ մարդիկս, օժտված ենք տրամաբանելու, հասկանալու, երախտագիտություն արտահայտելու և երկրպագելու ունակությամբ։ Սաղմոսերգուն մեզ է դիմում՝ ասելով. «Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ։ Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա անունի գովութիւնը» (Սաղմոս 66։1, 2)։
2. Ովքե՞ր են արձագանքում Աստծո անվանը փառք տալու պատվերին և ինչո՞ւ։
2 Մարդկության մեծամասնությունը չի ցանկանում ճանաչել Աստծուն կամ փառաբանել նրան։ Այդուհանդերձ, 235 երկրներում ավելի քան վեց միլիոն Եհովայի վկաներ իրենց գործերով ցույց են տալիս, որ տեսնում են Աստծո «աներևույթ հատկանիշները» (ԱՆԹ) նրա ստեղծած բաների միջոցով և «լսում» են արարչության լուռ վկայությունը (Հռովմայեցիս 1։20; Սաղմոս 19։2, 3)։ Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ նրանք նաև ճանաչել ու սիրել են Եհովային։ Սաղմոս 86։9, 10–ում հետևյալ մարգարեությունն է տրվում. «Ամեն ազգերն, որ արիր, կ’գան եւ երկրպագութիւն կ’անեն քո առաջին, Տէր. եւ քո անունին փառք կը տան։ Որովհետեւ դու մեծ ես ու հրաշք գործող. դու ես միայն Աստուած»։
3. Ինչպե՞ս է ‘շատ ժողովուրդը’ «ցերեկ եւ գիշեր» պաշտում Աստծուն։
3 Նման ձևով, Յայտնութիւն 7։9, 15 համարներում խոսվում է «մի շատ ժողովուրդ» կազմող երկրպագուների մասին, որոնք «պաշտում են [Աստծուն] ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ»։ «Ցերեկ եւ գիշեր» պաշտել չի նշանակում, թե Աստված իր երկրպագուներից պահանջում է բառացիորեն փառաբանել իրեն առանց դադարի։ Իրողությունն այն է, որ նրա ծառաները կազմում են մեկ համաշխարհային կազմակերպություն։ Ուստի երբ երկրագնդի մի կողմում գիշեր է, մյուս կողմում, որտեղ ցերեկ է, Աստծո ծառաները զբաղված են լինում քարոզչությամբ։ Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ արևը երբեք մայր չի մտնում Եհովային փառաբանողների վրա։ Շուտով «ամեն շունչ ունեցողը» իր ձայնը կբարձրացնի՝ Եհովային փառաբանելու համար (Սաղմոս 150։6)։ Բայց ի՞նչ կարող ենք անձամբ մենք անել ներկայումս, որպեսզի փառք տանք Աստծուն։ Ի՞նչ դժվարություններ կարող են լինել, և ի՞նչ օրհնություններ են սպասում Աստծուն փառք տվողներին։ Այս հարցերին պատասխանելու համար եկեք քննենք մի աստվածաշնչային դրվագ իսրայելական Գադ ցեղի վերաբերյալ։
Դժվարություն անցյալում
4. Ի՞նչ դժվարության առջև էր կանգնած Գադի ցեղը։
4 Մինչև Ավետյաց երկիր մտնելը իսրայելական Գադ ցեղի անդամները խնդրեցին, որ իրենց թույլատրվի բնակություն հաստատել Հորդանան գետի արևելյան կողմում, որը հարուստ էր արոտավայրերով (Թուոց 32։1–5)։ Այդ տարածքում ապրելը կնշանակեր լուրջ խնդիրներ ունենալ։ Իսրայելի մյուս ցեղերը, բնակվելով Հորդանանի հովտի արևմտյան հատվածում, բնական խոչընդոտ կունենային թշնամու հարձակման դեմ (Յեսու 3։13–17)։ Ինչ վերաբերում է Հորդանանի արևելյան կողմում գտնվող երկրներին, Ջորջ Ադամ Սմիթը գրում է. «[Նրանք] գրեթե ոչ մի բնական խոչընդոտ չունեին թշնամական ներխուժումների դեմ մինչև Հյուսիսային Արաբիայի սարավանդները։ Հետևաբար քաղցած քոչվորները ցանկացած ժամանակ կարող էին ազատ ներխուժել երկիր, ինչը և ամեն տարի անում էին քոչվոր ցեղերից մի քանիսը՝ նոր արոտավայրեր գտնելու նպատակով» («The Historical Geography of the Holy Land»)։
5. Հակոբը Գադի հետնորդներին խրախուսեց ինչպե՞ս վարվել թշնամու հարձակման դեպքում։
5 Ինչպե՞ս էր վարվելու Գադի ցեղը, եթե նրա վրա հարձակվեին։ Դարեր առաջ նրանց նախահայր Հակոբը մահվան անկողնում մարգարեացավ. «Գադը՝ մի գունդ կ’յարձակէ նորա վերայ, բայց ինքը կ’յարձակուի ետեւից» (Ծննդոց 49։19)։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սրանք մռայլ խոսքեր էին։ Իրականում, սակայն, այդ խոսքերը նշանակում էին հրաման, որ Գադի ցեղի մարդիկ պատասխան հարված տային։ Հակոբը վստահեցրեց նրանց, որ եթե նրանք իր ասածի պես անեն, ապա ասպատակիչները ստորացուցիչ պարտություն կկրեն, և Գադի ցեղի մարդիկ ‘կհարձակվեն ետևից’։
Դժվարություններ, որոնք խոչընդոտում են այսօր մեր երկրպագությանը
6, 7. Ինչպե՞ս է քրիստոնյաների կացությունն այսօր նման Գադի ցեղի կացությանը։
6 Այսօր մենք՝ քրիստոնյաներս, Գադի ցեղի պես, ենթարկվում ենք Սատանայի համակարգի կողմից եկող ճնշումների, ընդ որում հրաշքի ձևով պաշտպանություն չենք ստանում այդ պայքարում (Յոբ 1։10–12)։ Շատերս ստիպված ենք զանազան խնդիրներ դիմագրավել դպրոցում, ինչպես նաև ապրուստի միջոցներ հայթայթելու և երեխա դաստիարակելու առնչությամբ։ Չպետք է անտեսել նաև անձնական բնույթի խնդիրները։ Ոմանք պայքարում են ‘մարմնի խայթի’ դեմ, որը կարող է լինել լուրջ առողջական խնդիր կամ տկարություն (Բ Կորնթացիս 12։7–10)։ Ոմանց տանջում է թերարժեքության զգացումը։ «Թշուառութեան օրերը» կարող են խոչընդոտել տարեց քրիստոնյաներին, այնպես որ նրանք չկարողանան ծառայել Եհովային նախկին կայտառությամբ (Ժողովող 12։1)։
7 Բացի այդ, Պողոս առաքյալը հիշեցնում է, որ ‘մենք պատերազմում ենք’ «այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են» (Եփեսացիս 6։12)։ Մեզ վրա մշտապես փորձում է ներգործել աշխարհի ոգին՝ ապստամբության ու բարոյական այլասերվածության ոգին, որը Սատանան իր դևերի հետ մեկտեղ ջատագովում է (Ա Կորնթացիս 2։12; Եփեսացիս 2։2, 3)։ Աստվածավախ Ղովտի պես՝ մենք նույնպես գուցե տանջվում ենք այն անբարո բաների պատճառով, որ մարդիկ ասում և անում են (Բ Պետրոս 2։7)։ Նաև մենք ենթակա ենք Սատանայի ուղղակի հարձակումներին։ Նա պատերազմ է մղում օծյալ մնացորդի անդամների դեմ, որոնք «Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի Քրիստոսի վկայութիւնն ունին» (Յայտնութիւն 12։17)։ Հիսուսի ‘ուրիշ ոչխարները’ նույնպես ենթարկվում են Սատանայի հարձակումներին արգելքների ու սահմանափակումների տեսքով (Յովհաննէս 10։16)։
Անձնատո՞ւր լինել, թե՞ հակահարված տալ
8. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատասխանը Սատանայի հարձակումներին և ինչո՞ւ։
8 Ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատասխանը Սատանայի հարձակումներին։ Գադի ցեղի պես՝ մենք պետք է հոգևորապես ուժեղ լինենք ու հակահարված տանք նրան՝ Աստծո հրահանգներին ներդաշնակ։ Ցավոք, ոմանք կյանքի ճնշումների ներքո սկսել են իրենց դիրքերը զիջել՝ անուշադրության մատնելով իրենց հոգևոր պատասխանատվությունները (Մատթէոս 13։20–22)։ Մի Եհովայի վկա հետևյալն է ասում այն մասին, թե ինչու է իրենց ժողովում հանդիպումների հաճախելիությունը ցածր. «Եղբայրները պարզապես հոգնում են։ Նրանք մեծ ճնշումների են ենթարկվում»։ Ինչ խոսք, մարդիկ մեր օրերում հոգնածություն են զգում բազմաթիվ պատճառներով։ Ուստի հեշտությամբ կարելի է մտածել, որ Աստծո երկրպագությունն էլ մի ճնշում է, ծանր պարտականություն։ Արդյո՞ք դա առողջ, ճիշտ մտայնություն է։
9. Քրիստոսի լուծն առնելը ինչպե՞ս կարող է հանգստություն բերել։
9 Խորհենք այն խոսքերի շուրջ, որ Հիսուսն ասաց կյանքի ճնշումների տակ կքած բազմություններին. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ»։ Արդյո՞ք Հիսուսն ուզում էր ասել, որ մարդիկ այդ հանգստությունը կստանային, եթե պակասեցնեին Աստծուն մատուցվող իրենց ծառայությունը։ Ընդհակառակը՝ Հիսուսն ասաց. «Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք»։ Լուծը փայտե կամ մետաղյա գործիք է, որը հնարավորություն է տալիս մարդուն կամ կենդանուն ծանր բեռ տանել։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ցանկանանք նման լուծ վերցնել մեզ վրա։ Մի՞թե արդեն իսկ ‘բեռնավորված’ չենք։ Դա ճիշտ է, սակայն հունարեն բնագրում այս տեղը կարող ենք կարդալ նաև հետևյալ կերպ. «Մտեք ինձ հետ իմ լծի տակ»։ Միայն պատկերացրո՛ւ. Հիսուսն առաջարկում է մեզ իր օգնությունը՝ բեռը տանելու համար. ամենևին էլ հարկ չկա, որ մենք փորձենք մեր ուժերով դա անել (Մատթէոս 9։36; 11։28, 29; Բ Կորնթացիս 4։7)։
10. Ի՞նչ արդյունքներ կարող են լինել, եթե ջանք թափենք փառք տալ Աստծուն։
10 Հիսուսի աշակերտ լինելու լուծը մեզ վրա առնելով՝ մենք պայքարի ենք դուրս գալիս Սատանայի դեմ։ «Հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից»,— խոստանում է Յակոբոս 4։7–ը։ Սա չի նշանակում, որ Սատանային դիմադրելը հեշտ գործ է։ Ճիշտ է, բավականաչափ ջանքեր են հարկավոր Աստծուն ծառայելու համար (Ղուկաս 13։24)։ Բայց Աստվածաշունչը Սաղմոս 126։5–ում հետևյալն է խոստանում. «Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն»։ Այո՛, այն Աստվածը, որին երկրպագում ենք, ապերախտ չէ։ Նա «իրան խնդրողներին վարձահատոյց» է լինում և օրհնում է իրեն փառք տվողներին (Եբրայեցիս 11։6)։
Փառաբանենք Աստծուն որպես Թագավորության քարոզիչներ
11. Ինչպե՞ս է քարոզչական ծառայությունը պաշտպանում մեզ Սատանայի հարձակումներից։
11 Հիսուսը պատվիրեց. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք»։ Աստծուն «օրհնութեան պատարագ», կամ՝ «գովաբանության զոհ» (ՆԱ) մատուցելու գլխավոր ձևը քարոզչական գործին մասնակցելն է (Մատթէոս 28։19; Եբրայեցիս 13։15)։ Մեր «ոտները կօշիկ հագ[նելը] խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը» մեր ‘սպառազինության’ անփոխարինելի մասն է. դա պաշտպանություն է մեզ համար ընդդեմ Սատանայի հարձակումների (Եփեսացիս 6։11–15)։ Ծառայության մեջ Աստծուն գովաբանելը գերազանց միջոց է սնուցելու մեր հավատը (Բ Կորնթացիս 4։13)։ Դա օգնում է մեզ վանել բացասական մտքերը (Փիլիպպեցիս 4։8)։ Քարոզչական ծառայությանը մասնակցելը նաև մեզ հնարավորություն է տալիս կերտիչ ընկերակցություն վայելել հավատակիցների հետ։
12, 13. Ինչպե՞ս կարող են ընտանիքները օգուտներ ստանալ՝ կանոնավորաբար մասնակցելով քարոզչական ծառայությանը։ Բացատրեք։
12 Բացի այդ, քարոզչական ծառայությունը ընտանիքների համար կարող է լինել բարերար ու օգտակար գործունեություն։ Իհարկե, երեխաները չափավոր զվարճության կարիք ունեն։ Բայցև ընտանիքով ծառայելը չպետք է ձանձրալի լինի։ Ծնողները կարող են ծառայության ժամանակը հաճելի դարձնել երեխաների համար՝ նրանց սովորեցնելով, թե ինչպես ավելի արդյունավետ ձևով քարոզել մարդկանց։ Չէ՞ որ երեխաներին դուր է գալիս, երբ իրենք ինչ–որ բան լավ են անում։ Հավասարակշռված լինելով, երեխաներից չպահանջելով ավելին, քան նրանք ի վիճակի են անել՝ ծնողները կարող են օգնել նրանց ուրախություն գտնել ծառայության մեջ (Ծննդոց 33։13, 14)։
13 Բացի այդ, երբ ընտանիքը միասնական ձևով է փառաբանում Աստծուն, նրա անդամների միջև կապն է՛լ ավելի է ամրանում։ Քննենք մի քրոջ դեպքը, որի անհավատ ամուսինը լքել էր նրան ու հինգ երեխաների հոգսը թողել նրա ուսերին։ Քույրը ստիպված էր աշխատանքի ընդունվել, որպեսզի պահեր իր երեխաներին։ Արդյո՞ք նա այնքան զբաղված էր, որ անտեսեր իր զավակների հոգևոր կարիքները։ Նա հիշում է. «Աստվածաշունչը և Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունը ջանասիրաբար ուսումնասիրում էի ու փորձում իմացածս կիրառել կյանքում։ Կանոնավորապես երեխաներին տանում էի հանդիպումների ու տնետուն ծառայության։ Եվ այսօր իմ բոլոր հինգ երեխաները մկրտված են»։ Լիակատար ձևով ծառայությանը մասնակցելը քեզ նույնպես կարող է օգնել երեխաներին «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» դաստիարակելու մեջ (Եփեսացիս 6։4)։
14. ա) Ինչպե՞ս կարող են պատանիները փառք տալ Աստծուն դպրոցում։ բ) Ի՞նչը կօգնի պատանիներին ‘ամոթ չհամարել ավետարանը’։
14 Պատանինե՛ր, եթե ձեր երկրի օրենքները թույլ են տալիս, փառաբանո՞ւմ եք Աստծուն դպրոցում, թե՞ տեղի եք տալիս մարդավախությանը (Առակաց 29։25)։ Պուերտոռիկացի մի 13–ամյա Վկա գրում է. «Ես երբեք չեմ ամաչել դպրոցում քարոզելուց, քանի որ գիտեմ, որ սա է ճշմարտությունը։ Դասաժամին միշտ ձեռք եմ բարձրացնում ու պատմում, թե ինչ եմ իմացել Աստվածաշնչից։ Եթե ազատ ժամանակ եմ ունենում, գնում եմ գրադարան ու կարդում «Երիտասարդների հարցերը» գիրքը։a Օրհնե՞լ է Եհովան այս քրոջ ջանքերը։ Նա ասում է. «Երբեմն համադասարանցիներս հարցեր են տալիս ինձ և նույնիսկ այդ գրքից խնդրում»։ Եթե ինչ–որ բան քեզ ետ է պահում վկայություն տալուց, թերևս կարիք ունես, փութաջանորեն անձնական ուսումնասիրություն կատարելով, հավաստիանալու, «թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ Եթե համոզված լինես, որ այն, ինչ գիտես, ճշմարտություն է, ապա երբեք ‘ամոթ չես համարի ավետարանը’ (Հռովմայեցիս 1։16)։
«Դուռ է բացուած» ծառայության համար
15, 16. Ի՞նչ ‘մեծ և արդյունավոր դռնով’ են որոշ քրիստոնյաներ մտել, և ի՞նչ օրհնություններ են նրանք ստացել՝ այդ քայլը անելով։
15 Պողոս առաքյալը գրեց. «Մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ» (Ա Կորնթացիս 16։9)։ Կարո՞ղ են քո հանգամանքները հնարավորություն տալ քեզ մտնելու այդ դռնով ու զբաղվելու լրացուցիչ գործունեությամբ։ Օրինակ՝ ընդհանուր ռահվիրայություն կամ ենթառահվիրայություն վերցնելը նշանակում է ամսական համապատասխանաբար 70 և 50 ժամ տրամադրել քարոզչական գործին։ Բնականաբար, ռահվիրաները բարձր գնահատանքի են արժանանում հավատակիցների կողմից իրենց հավատարիմ ծառայության համար։ Բայց այն, որ նրանք մյուսների համեմատությամբ ավելի շատ ժամանակ են անցկացնում ծառայության մեջ, չի նշանակում, թե նրանք կարող են իրենց այնպես պահել, կարծես թե ավելի բարձր են կանգնած իրենց եղբայրներից ու քույրերից։ Հակառակը՝ նրանք իրենց մեջ զարգացնում են այն մտայնությունը, որը Հիսուսը քաջալերեց ունենալ. «Մենք անպիտան ծառաներ ենք. որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու» (Ղուկաս 17։10)։
16 Ռահվիրայությունը պահանջում է ինքնակարգապահություն, կազմակերպվածություն և զոհողություններ անելու պատրաստակամություն։ Սակայն արժե ջանքեր գործադրել, քանի որ ի վերջո մեծ օրհնություններ կլինեն։ «Աստծո ճշմարտության Խոսքը ուղիղ մատակարարել կարողանալը մեծ օրհնություն է»,— ասում է պատանի ռահվիրա Տամիկան։ «Ռահվիրայությունը քեզ հնարավորություն է տալիս հաճախակի դիմել Աստվածաշնչին։ Այժմ երբ տնից տուն եմ գնում, կարող եմ խորհել այն համարների շուրջ, որոնք հարմար կլինեն յուրաքանչյուր բնակչի համար կարդալ» (Բ Տիմոթէոս 2։15)։ Իսկ Միկա անունով մի ռահվիրա քույր ասում է. «Սեփական աչքով տեսնելը, թե ինչպես են մարդիկ ճշմարտության ազդեցությամբ փոխում իրենց կյանքը, մեկ այլ հիասքանչ օրհնություն է»։ Մեթյու անունով մի պատանի նման միտք է հայտնում. «Ուրախալի է, երբ ինչ–որ մեկը ճշմարտության ճանապարհն է բռնում։ Ուրիշ ոչ մի ուրախություն չի կարող փոխարինել այդ ուրախությանը»։
17. Ինչպե՞ս մի քրիստոնյա հաղթահարեց իր բացասական մոտեցումը ռահվիրայական ծառայության նկատմամբ։
17 Կարո՞ղ ես դու էլ ռահվիրայության դռնով մտնել։ Թերևս ցանկանում ես ծառայել որպես ռահվիրա, բայց կարծում ես, որ այդ ծառայությունը քեզ համար չէ։ «Ես բացասական մոտեցում ունեի ռահվիրայական ծառայության նկատմամբ,— խոստովանում է Քենյաթի անունով մի պատանի քույր։— Ես ինձ ընդունակ չէի համարում։ Չգիտեի, թե ինչպես խոսակցություն սկսել ու Աստվածաշնչի հիման վրա մարդկանց հետ տրամաբանել»։ Երեցները մի հասուն ռահվիրա քրոջ խնդրեցին, որ օգնի նրան։ «Շատ հաճելի էր նրա հետ ծառայելը,— հիշում է Քենյաթին։— Ի վերջո իմ մեջ ցանկություն առաջացավ սկսելու ռահվիրայական ծառայություն։ Եթե քեզ էլ քաջալերեն ու մարզեն, ապա գուցե դու էլ ցանկանաս ծառայել որպես ռահվիրա։
18. Ի՞նչ օրհնություններ կարող են ստանալ նրանք, ովքեր միսիոներական ծառայություն են սկսում։
18 Ռահվիրայությունը կարող է դուռ բացել ծառայության մեջ այլ առանձնաշնորհումների։ Օրինակ՝ որոշ ամուսնական զույգեր կարող են միսիոներական կրթություն ստանալ, որպեսզի այնուհետև քարոզեն օտար երկրում։ Միսիոները պետք է կարողանա հարմարվել նոր երկրի պայմաններին՝ նոր լեզու, նոր մշակույթ, նոր սնունդ։ Սակայն առատ օրհնությունները ստվերում են թողնում նման անհարմարությունները։ Բազմափորձ միսիոներ Միլդրեդը, որ ծառայում է Մեքսիկայում, ասում է. «Երբեք չեմ զղջում, որ միսիոներ եմ դարձել։ Դեռ երեխայությունից դա իմ իղձն է եղել»։ Ի՞նչ օրհնություններ է նա ստացել։ «Իմ հայրենիքում դժվար էր գտնել մեկին, որը կցանկանար Աստվածաշունչ ուսումնասիրել։ Իսկ այստեղ ես ունեցել եմ չորս ուսումնասիրող, որոնք միաժամանակ են սկսել ծառայել Աստծուն»։
19, 20. Ինչպե՞ս են Բեթելի ծառայությունը, միջազգային շինարարական ծրագրերին մասնակցելը, Ծառայության կատարելագործման դպրոցը օրհնություններ բերում շատերին։
19 Մեծ օրհնություններ են ստանում նաև նրանք, ովքեր Բեթելի ծառայություն են սկսում Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։ Գերմանացի երիտասարդ եղբայր Սվենը այսպես է արտահայտվում Բեթելում կատարած իր աշխատանքի մասին. «Իմ կարծիքով՝ այն, ինչ անում եմ, տևական օգուտ է բերում։ Իմ ընդունակությունները կարող էի օգտագործել աշխարհում։ Բայց դա նման կլիներ գումար դնելուն այնպիսի բանկում, որն ուր որ է պիտի սնանկանա»։ Ճիշտ է, ծառայել որպես չվարձատրվող կամավոր նշանակում է զոհողություն անել։ Այդուհանդերձ, Սվենը ասում է. «Երբ տուն ես գնում աշխատանքից հետո, գիտես, որ այդ օրը ինչ արել ես, արել ես Եհովայի համար։ Եվ դա քեզ չքնաղ զգացումներով է պարուրում»։
20 Որոշ եղբայրներ ու քույրեր միջազգային ծառայության օրհնությունները վայելել են՝ մասնակցելով մասնաճյուղերի շինարարությունների տարբեր երկրներում։ Մի ամուսնական զույգ, որ ծառայել է ութ օտարերկրյա նշանակումներում, գրել է. «Այստեղի եղբայրներն ուղղակի հրաշալի են։ Մեծ ցավ կլինի մեզ համար նրանցից հեռանալը. արդեն ութերորդ անգամ ենք այդ ցավը զգում։ Ի՜նչ չքնաղ օրեր ենք անցկացրել նրանց հետ»։ Ծառայությունն ընդլայնելու մեկ այլ հնարավորություն է տալիս Ծառայության կատարելագործման դպրոցը։ Այդ դպրոցում հոգևոր կրթություն կարող են ստանալ համապատասխան որակավորում ունեցող ամուրի եղբայրները։ Ահա թե ինչ է գրում մի շրջանավարտ. «Բառ չեմ գտնում իմ խորին շնորհակալությունը հայտնելու ձեզ այս զմայլելի դպրոցի համար։ Ուրիշ ո՞ր կազմակերպությունն է այդքան ջանքեր թափում նման մարզում տալու նպատակով»։
21. Ո՞րն է բոլոր քրիստոնյաների խնդիրը Աստծուն ծառայելու մեջ։
21 Այո, գործունեության շատ դռներ են բացված։ Ինչ խոսք, մեծամասնությունս հնարավորություն չունի ծառայելու Բեթելում կամ օտար երկրում։ Հիսուսն ինքը ընդունեց, որ քրիստոնյաները իրենց տարբեր հանգամանքների պատճառով տարբեր քանակի «պտուղ» էին բերելու (Մատթէոս 13։23)։ Ուստի մեր՝ քրիստոնյաներիս խնդիրն է մեր իրավիճակից լավագույն ձևով օգտվել՝ ինչքան հնարավոր է ամբողջությամբ մասնակցել Եհովայի ծառայությանը՝ հաշվի առնելով մեր հանգամանքները։ Վարվելով այսպես՝ մենք փառք ենք տալիս Եհովային ու կարող ենք վստահ լինել, որ նա ուրախանում է դրանով։ Օրինակ՝ Էթել անունով մի տարեց քույր, որ ապրում է ծերանոցում, կանոնավորաբար վկայություն է տալիս ծերանոցի բնակիչներին, ինչպես նաև հեռախոսով է քարոզում։ Չնայած իր սահմանափակ հնարավորություններին՝ նա բոլորանվեր ծառայություն է կատարում (Մատթէոս 22։37)։
22. ա) Ուրիշ ի՞նչ ձևերով կարող ենք փառք տալ Աստծուն։ բ) Ի՞նչ չքնաղ ժամանակներ են սպասում մեզ։
22 Հիշենք, սակայն, որ քարոզչությունը Եհովային փառք տալու ձևերից ընդամենը մեկն է։ Օրինակելի վարք ու հագուկապ ունենալով աշխատավայրում, դպրոցում ու տանը՝ մենք կուրախացնենք Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։ Առակաց 28։20–ում ասվում է. «Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են»։ Ուստի պետք է ‘առատությամբ սերմենք’ Աստծո ծառայության մեջ՝ իմանալով, որ առատ օրհնություններ կհնձենք (Բ Կորնթացիս 9։6)։ Դա անելով՝ մենք պատիվ կունենանք տեսնելու այն չքնաղ ժամանակները, երբ «ամեն շունչ ունեցողը» Եհովային փառք կտա, ինչին նա մեծապես արժանի է (Սաղմոս 150։6)։
[ծանոթագրություններ]
a «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս է Աստծո ժողովուրդը Եհովային ծառայում «ցերեկ եւ գիշեր»։
• Ի՞նչ դժվարության առջև կանգնեց Գադի ցեղը, և ի՞նչ են դրանից սովորում քրիստոնյաներն այսօր։
• Ինչպե՞ս է քարոզչական ծառայությունը պաշտպանում մեզ Սատանայի հարձակումներից։
• Ի՞նչ ‘բացված դռնով’ են ոմանք մտել ու ի՞նչ օրհնություններ են ստացել։
[նկար 15–րդ էջի վրա]
Ինչպես որ Գադի ցեղն էր պայքարում ասպատակիչների դեմ, այնպես էլ քրիստոնյաները պետք է պայքարեն Սատանայի դեմ
[նկար 17–րդ էջի վրա]
Ծառայության մեջ մենք կերտիչ ընկերակցություն ենք վայելում
[նկարներ 18–րդ էջի վրա]
Ռահվիրայությունը կարող է դուռ բացել ծառայության մեջ այլ առանձնաշնորհումների, ինչպիսիք են՝
1. Միջազգային ծառայությունը
2. Բեթելի ծառայությունը
3. Միսիոներական ծառայությունը